Իմ մայրը հանդերով անցնելիս,
աչքերից թափվել են սուրբ երգեր,
եւ ինքը դա չի էլ նկատել։
Իմ հայրը հանդերով անցնելիս,
ձեռքերից թափվել են սուրբ երգեր,
եւ ինքը դա չի էլ նկատել։
Ես հիմա անցնում եմ հանդերով,
ժողովում երգերը ադամանդ
եւ շնորհ եմ բերում բոլորիդ։
Մենք՝ մանուկ, երգը հեր ու մեր է,
այդ մենք ենք, այդ դուք եք երգերը,
երգեցեք՝ երգերը չմեռնեն...
ՈՒրա՞խ եք՝ երգեցեք,
տխո՞ւր եք՝ երգեցեք,
երգեցեք...
Թե հանկարծ
պատահի
ձեզ մի օր
ոչ տխուր, ոչ ուրախ լինեք դուք,
չերգելը ափսոս է առավել,
առավել երգը երգ այդ պահին...
Երգեցեք՝ հանդերը կանաչեն,
թե զոհված պապերը տուն գան,
չտեսած թոռներին,
չտեսած ծոռներին
չզոհված երգերով ճանաչեն...
Երգեցեք՝ աշխարհը կանաչի...