Առավոտը քեզ կրկնեց իմ մեջ

***

Առավոտը քեզ կրկնեց իմ մեջ
եւ ճանապարհը,
որպես կապույտ հավք, թեւերը բացեց։
Ես շունչ քաշեցի
խորքից դարերի։
Քո շունչը իմ մեջ բարձրացրեց ինձ,
դու հպարտ լույսի ճառագայթի պես
ընկար իմ դեմքին
ու գեղեցկություն պարգեւեցիր ինձ։
Չգիտեմ՝ ես ինչ անեմ քեզ համար,
չգիտեմ՝ ինչպես զոհաբերվեմ քեզ,
քո բարությանը,
քո երկնային սուրբ առաքելությանը։
Միակն ես, գուցե, դու այս աշխարհում
որը, հիրավի,
անտեղյակ է իր գեղեցկությանը՝
                        անկրկնելի, մեծ,
եւ դրա համար
ամենասիրուն աղջիկը դու ես։
Առավոտն այսօր լուսացրեց ինձ։
Արի, ետ, բեր դու՝ ինչ դեռ չի կորել,
ինչ շնորհված է առավոտներիս...
Քո սեւ վարսերից թել է մնացել
զգեստիս վրա,
տեսնեիր՝ ոնց է
քեզնով բուրում...
Հալվեմ՝ լույս դառնամ առավոտի մեջ։