Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ

***

Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ,
խոսքեր է ասում միամիտ ու պարզ...
Եվ ոտից-գլուխ սեր է ու հմայք,
բայց ինքն այդ մասին դեռ բան չգիտե,
դեռ չեն հասցրել ասել այդ մասին։

Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ...
Կիսատ է թողնում բառերը հանկարծ
եւ շարունակում միտքը... ժպիտով.
մատչելի է ինձ ժպիտն ավելի,
եւ ավելի է իմն ու հայերեն։
Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ,
տեսնես ինչո՞ւ է այսքան ուշացել.
ասե՞մ, որ սիրուց ես գիժ եմ արդեն,
բայց նա... միամիտ, ինձ չի հասկանա
կնայի, գուցե կժպտա միայն։

Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ...
Հավք է, թե մեկնեմ ձեռքս՝ շոյելու,
վախենամ՝ ոստնի, թեւին տա, գնա,
եւ աչքերով եմ գգվում ես նրան,
նախանձում է իմ ձեռքը աչքերիս։

Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ.
երբ նորից նա գա... Կպահեմ ինձ մոտ
Մարիամից առած ժպիտը նրա՝
որպես չխամրող սիրո լուսամփոփ,
եւ իմ սենյակում միշտ լույս կլինի...

Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ...
սուրբ մաքրությունն է ասես այցելում.
իսկ ինձ թվում էր՝ սիրո դարձ չկա...
Վեր կենամ, գնամ դուռն Աստծո,
վեր կենամ, գնամ ներում հայցելու...

Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ։