Առյուծ և մարդ
ԱՌՅՈՒԾ ԵՎ ՄԱՐԴ
Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում»: Եվ նրանք ասացին. «Փախի՜ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը»: Եվ առյուծն ասաց. «Ո՞վ է մարդը, և ի՞նչ է նա, և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից»: Եվ նրանք ասացին. «Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի»:
Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. «Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին»: Եվ նա ասաց. «Այո՛, ես եմ»: Առյուծն ասաց. «Արի՛ կռվենք»: Մարդն ասաց. «Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը, և ապա կռվենք»: Առյուծն ասաց. «Երդվիր, կգաս, և ես կլսեմ քեզ»: Մարդը երդվեց, և առյուծն ասաց. «Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր»: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:
Եվ առյուծը գոչեց, «Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել»: