***

Առուն ձյունի փեշը քաշեց,
տարավ ձորը.
գետին թեքված քերծի վրա
                      ձնծաղկուհին
մնաց անշոր
ու մորեմերկ՝
սիրո՜ւն, սիրո՜ւն անասելի ու խիստ
շքեղ։
Ամաչելուց շիկնել է նա ու չգիտե՝
ինչ է անում
եւ, թվում է, թե ուր-որ է իրեն պիտի գետը նետի
ծկլթոցով...
Անհուն ձորի խոռոչներից մթացերեկ
իմ հայացքն է ձեռքի նման պարզվել վերեւ։