ԱՌԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

                    Այժմ ամեն ինչ միշտ հիմա է։
                                          ԷԼԻՈԹ

Երկինքը իմ թեւն էր մտել, եւ լեռները թռչում էին։
Երջանկաբար անգետ էի եւ անխռով,
սիրտս ծաղիկ էր՝ վաղ մաքրության ցողը վրան։
Եվ լռությունն էր մնում միայն նախընտրելին,
երբ սերն անուշ էր, ցավը՝ հաշտարար։
Օրերը դարձան ապառաժ քարեր իմ հոգու վրա։
Եվ հիմա ծանր է այս մասին խոստովանելը,
բայց եւ չխոստովանելը՝ ծանր է ավելի։
Եվ լռությունն է մնում նորից նախընտրելին,
երբ սերն անուժ է, ցավը՝ վշտարար։

Աշխարհ եկա, սակայն ոչինչ չհասկացա աշխարհից։
Եվ գնում եմ՝ չիմանալով ինչ աշխարհից եմ գնում,
աչքերս փակ եկել էի եւ գնում եմ աչքերս փակ։
Եվ լռությունն է մնում էլի նախընտրելի,
երբ սերը հուշ է, ցավը՝ հուշարար։