Առչի տղի նաղլը
Ժամանակով կար մի թաքավոր, էտ թաքավորին ուներ մի ախչիկ. էտ ախչկանից սավայի ըսկի բան չուներ։ Էտ ախչիկը օրեկան էթըմ էր իրանց բաղըմ ման գալու։
Օրերի մի օրը մի հատ առչ գալիս ա էտ ախչըկանը վերնըմ ա ու տանըմ։ Տանըմ ա, մի զաղի միչի պահըմ ա, շինըմ ա իրան կնիկ։
Անց ա կենըմ մի տարի։ Թաքավորի ախչիկը բերըմ ա մի հատ տղա։ Էտ տղի գոտկիցը վիրևը իսանի ա ըլըմ, իսկ ներքևը՝ առչի։
Մի վախտ անց ա կենըմ, էտ տղի լիզուն որ բացվըմ ա, մի օր իրա մորը հարցնըմ ա, ասըմ ա. — Ա՛յ ազի, մենք էս զաղըմը խի՞ ենք նստե։
Մերն ասըմ ա.— Տենը՞մ ես էս առչին, որ ըտե թեք ընկած ա, հրես սա ա մեզ բերե քցե էս զաղեն, որ սա չըլի, մենք ըստիան վեր կկենանք կէթանք, խի՞ ենք ըստե մնըմ։
Հենց էտ խոսքի վրա, էտ առչի տղեն վե կացավ մի եքա քար քցեց առչի գլխին, առչը ալբիալը տակին սատկեց։
Էտ էրեխեն ասեց. — Դե՛ վե կաց, էթանք։
Մերը վե կացավ, էրեխու կուռը բռնեց, գնաց էն տեղը, որդիան իրան առչը փախցրել էր։ Էտ քաղաքի լակոտները դրան որ տեհան, գնացին դուզ թաքավորի ամարաթը։
Ասեցին. Թաքավորն ապրած կենա, ձեր կորցրած ախչիկը հրե ձեր բաղըմը ման ա գալի։ Էտ թաքավորը մի թոփ ղադաք տվեց էտ լակոտներին։ Ետո մարթ ղրկեց բաղը, որ ախչըկանը վերնեն, բերեն տուն։ Էտ մարթիկը գնացին, էտ ախչկանը քթան, վե կալան բերին թաքավորի տուն։
Թաքավորն ուրախացավ, ետո ասեց.— Ա՛յ ախչի, բա էտ տղեն ո՞րդիան ես բերե։
Ասեց.— Ա՛յ հեր, առչն ինձ փախցրել էր, հըմի էս տղեն էն առչիցն ա, առչին էլ սըպանեցինք, վե կացանք էկանք։
Թաքավորն ասեց.— Է՛հ, որթի, որ ըտենց ա, բերեք էս էրեխուն կնքենք:
Մարթ կանչեցին, ուզըմ ին անըմներ դնեին, հըմա էտ անըմները չէին սազըմ. բռնեցին դրա անըմը դրին Առչի տղա (Այօղլի)[1]:
Մի քանի ժամանակ անց կացավ, էտ տղին ղրկին ուսումնարան. էտ տղեն ուսումնարանըմը կարթըմ էր, էրեխանց հետ հաղ էր անըմ, հըմա՝ արի տես, որ էտ Առչի տղեն որ էրեխուն որ ձեռ էր տալի հաղ անելուս, էտ էրեխանց յա ձեոն էր կոտրվում, յա ոտը, յա վեր ին ընգնըմ՝ մեռնըմ ին։
Քաղաքացիք տեհան որ, չէ, համը դուս ա գալի, գնացին թաքավորի կուշտը, ասին.— Թաքավորն ապրած կենա, յա էս առչին ըստիան հեռացրա, յա էլ չէ թաքավորութունից կքցենք քեզ, ըսենց բան չի ըլի։
Էտ թաքավորը մտածեց, ասեց.— Ի՞նչ անեմ, թե թաքավորութունիցս ընկնեմ մի էրեխու խաթեր, էտ էլ մի բան չի. արի՛, սրան մի գհով անեմ, էթա, թե չէ սա իմ գլուխը մի օյին կհանի։
Թաքավորը կանչեց իրա ախչկանը, ասեց.— Ա՛յ որթի, արի սրան ըստիան հեռացնենք։
Թաքավորի ախչիկն ասեց.— Դու գիտես, ա՛յ հեր, հեռացնըմ ես՝ հեռացըրա։
Ետո կանչեցին էտ տղին, թաքավորը դրան ճամփի ծախս տվեց, ասեց.— Գնա քու արևի ձենն ածա, – ա՛յ տղա։
Էտ տղեն առանց խոսալու վե կացավ ու ընկավ ճամփա։ Շատ գնաց, թե քիչ, աստված գիտա, թուշ էլավ էրկու մարթի։
Ասեց.— Ո՛ւր եք էթըմ, ա՛յ ախպրտինք։
Ասեցին.— Մենք էթըմ ենք գլուխ պահելու: Ասեց. — Որ ըտենց ա, ես էլ եմ գալի, էկեք հընգերանանք, էթանք։
Էտ մարթիկը իրար մատ կտրեցին, իրար մատից արին խմեցին-ախպերացան։
Էտ Առչի տղեն ասեց.— Թե իմ թուրը ժանգոտեց, կիմանամ որ ախպերտինքս նեղ տեղըմն են, կգամ, կհասնեմ, էն մեկն էլ ասեց.— Թե իմ մատանըքի ակը խավարի, կիմանամ, որ ախպերտինքս նեղ տեղն են ընկե, կգամ, կհասնեմ։
Էն մեկն էլ ասեց.— Ես գեննին անգաջ կդնեմ, հենց որ բայր-բույն էկավ, կիմանամ որ դուք լեն տեղըմն եք, հենց որ կտրվեց, կիմանամ որ նեղն եք ընկե, կգամ կհասնեմ։
Ըտե իրար հետ ախտուջարթ արեցին, խոսքը մին արին, որ ետո իրար հասնեն։
Դրանք մի ճամփա բռնեցին գնացին։ Գնացին, տեհան՝ հրես ճամփեն բաժանվըմ ա էրկսի. ճամփեքանցի մինը փորցանքով լիքն էր, հըմա էն մինը անփորցանք էր։
Առչի աղեն ասեց.— Ես էտ փորցանքոտ ճամփովը կէթամ, դուք էն մնովը գնացեք։
Ըտոնք իրարից բաժանվին, իրանց ճամփեն բռնին։
Թող էտ երկու ախպերն էթան, խաբարը տանք Առչի տղիցը։
Էտ Առչի տղեն գնաց, շատ ու քիչը աստված գիտա, տեհավ որ հրես իրա առաչը մի հատ իրեք գլխանի դև էկավ։
Դևն ասեց.— Վաղուց ա հողածնի միս չեմ կերե, քաղցր կըլնի, մի ուտեմ սրան։
Ասեց.— Կե՛ր։
Էտ դևը վրա պրծավ դրան, հըմա Առչի տղեն ըտրա շլինքը ընենց օլորեց դրեց տակը, ոնց որ հավի ճուտ։ Դրա անգաջները, քիթն ու մռութը կտրեց, լցրեց խուրջինը, ձին քշեց գնաց։
Գնաց, գնաց՝ ըռաստ էկավ մի վեց գլխանի դևի:
Ասեց.— է՜հ, վաղուց ա հողածնի միս չեմ կերե։
Դևը դրան, դա՝ դևին, էտ դևին էլ մորթեց, դրա քիթն ու մռութն էլ հավաքեց. լցրեց խուրջինն ու գնաց։
Մի քիչ էլ գնաց, դրան մի դև էլ ռաստ էկավ, էս հետ՝ օխտը գլխանի։ Էրկուսն էլ թուրները քաշին վրա պրծան իրար։ Թրով իրար ընդար տվին, ճար չէլավ։
Առչի տղեն ասեց.— Արի, կոխ կալնենք: Կոխ կալան, Առչի տղեն ըտրան վե կալավ, տվեց գետնովը։
Դրա դունչն ու մռութն էլ կտրեց, ածեց խուրջինը, ձին քշեց գնաց:
Գնաց, գնաց՝ հասավ մի ամարաթի. մտավ բախչեն, ձին բրախեց ու ինքը բալկոնի տակին քնեց։ Մի սհաթ մնաց, էտ ամարաթիցը մի կնիկ դուս էկավ։ Էտ կնիկը որ ձին իրանց բախչըմը տեհավ, զարմացավ։ Ասեց.— Էս ո՞նց ա իրեք գլխանի դևը սրան չի տեհե:
Տեհավ, այ'տա, հրես մի իսան էլ բալկոնի տակին քնած ա։
Տեհավ որ դրա էրեսին արև ա ընկե, փեշերով հով արեց, որ դինջ քնի: Մի սհաթ մնաց, էտ տղեն զարթնեց։
Ասեց.— Ա՛յ տղա, խի՛ ես ըստե քնե, վե կաց գնա, թե չէ որ իրեք գլխանի դևն էկել ա, մենձ թիքեդ անգաջդ կթողա։
Ասեց.— Ա՛ռ քո իրեք գլխանի դևի քիթ ու մռութը տամ քեզ։
Ասեց.— Որ ըտենց ա, դե արի վիրև, խի՞ ես ըտի քնե։
Էտ տղեն էր՝ վե կացավ մինչև քառասուն փիլաքյանը նի՚լավ վիրև, էտ ախչիկը չայ-մայը սաղ քցեց, հազրեց։ Տղեն նի մտավ նեքսև, չայ խմեց, հաց կերավ, էկավ քնելու վախտը, էտ դևի կնիկը տեղ քցեց, որ քնեն, տղեն էր՝ թուրը քաշեց դրեց իրանց արանքը, նոր քնեց։ Դևի կնիկը, թե՝ էտ խի՞ ըտենց արեցիր։
Ասեց.— Ինձ մուրազ ունեմ։
Ասեց.— Որ ըտենց ա, աստված մուրազդ կատարի։
Առավոտը վե կացան, հաց կերան, չայ խմեցին, նոր ըտե Առչի տղեն նի՚լավ իրա ձին, «մնաս բարով» ասեց, թողաց գնաց։
Գնաց պատահեց մի ամարաթի, նի մտավ բախչեն, ըտե ձին բաց թողաց, էտ ձին էլ որդի լավ ծաղիկ կար, էն էր ուտըմ։ Տղեն գնաց բալկոնի տակին վեր ընկավ, քնեց։
Գեժան գեժ, էտ ամարաթիցը մի կնիկ դուս էկավ, տեհավ հրեն մի ձի ա արածըմ իրանց բախչըմը, մի հատ տղա էլ իրանց բալկոնի տակին քնել ա. փեշը փռեց էտ տղի գլխին, հով արեց։
Մի կես սհաթ եդը տղեն վե կացավ։ — Ա՛յ տղա՛, ըտե խի՞ ես քնե,— վե կաց գնա, թե չէ որ վեց գլխանի դևն իմացել ա, մենձ թիքեդ անգաջգ կթողա:
Ասեց.— Ա՛ռ քու վեց գլխանի դևի քիթ ու մռութը։
Ասեց.— Թե ըտենց ա, էլ խի՞ ես ըստե վեր ընկե, վե՛ կաց, արի նեքսև։ Էտ վե կացավ, մինչի քառասուն փիլաքյան նի՚լնելը, էն կնիկը ամեն բանը հազրեց։
Տղեն էր՝ նի մտավ նեքսև, չայը խմեց, հացը կերավ, տեղ քցին, որ քնեն, տղեն էլը թուրը քաշեց դրեց իրանց մեչտեղը։
Կնիկն ասեց.— Խի՞ ըտենց արիր։
Ասեց.— Մուրազ ունեմ, թող մուրազս կատարեմ:
Ասեց.— Որ ըտենց ա, աստված մուրազդ կատարի։
Տղեն առավոտը վե կացավ, հաց կերավ, չայ խմեց, նի էլավ ձին, «Մնաս բարով» արեց, ընկավ ճամփա։
Գնաց թուշ էլավ մի էվելի լավ ամարաթի, էլը մտավ նեքսև, ձին բրախեց, ինքը վեր ընկավ քնեց: Էլը մի կնիկ դուս էկավ, անըմը Ծամթել, ընդար սիրուն գյոզալ, որ մարթ չէր ուզըմ ոչ ուտի, ոչ խմի, մենակ կայնի դրա շալ ու ջամալին թամաշ անի։ Դա էլ հով արեց էտ տղին, մինչև տղեն վե կացավ, մտքըմն ասեց. — Է՜, ինչ լավ ախչկա ռաստ էկա։
Ասեց.— Ա՛յ տղա, բա դու ըսկի օխտը գլխանի դևի անըմը չե՞ս լսե. օցն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ըստե չի կարըմ ոտ դնի, դու ո՞նց ես էկե։
Ասեց.— Հրես քու օխտը գլխանի դևի անգաջները։
Ասեց.— Ա՛յ տղա, դե որ ըտենց ա, վե կաց արի վիրև, խի՞ ես ըտե քնե։
Տղեն տեղիցը վե կացավ, մինչի քառասուն փիլաքյան նի՚լնիլը, կնիկը ամեն բան հազրեց։
Էկավ քնելու վախտը։
Ասեց էլ սրանի լավը ես խի՞ պըտի քթնեմ,— ասեց ու նի մտավ տեղը դրա հետ քնեց։
Ըտիան դրանք դառան մարթ ու կնիկ։ Տղեն ամեն օր էթըմ ավղուշ էր անըմ, բերըմ էր, կնիկը բան-ման էր էփըմ, ուտըմ ին։
Ընենց օր էր ըլնըմ, որ էտ տղեն դարտակ էր գալի տուն։
Ծամթելն ասըմ էր.— Խի՞ ես ըտենց դարտակ ետ դառնըմ տուն։
Ասեց.— Ընդուր որ, դու շատ ես սիրուն, հենց որ միտս ես ընկնըմ, խելքս էթըմ ա, թողըմ եմ գալի։
Ասեց.— Որ ըտենց ա, առ մազերիցս մինը տամ, հենց որ միտդ ընկնեմ, հանա թամաշ արա, էլեդ քու գործին կաց։ Տղեն էտ մազը վե կալավ գնաց։ Գնաց ավղուշի, սատանի քամին պտտեց, դրա ձեռիցը մազը խլեց Փոր-փոշման ետ դառավ, էկավ տուն։
Ասեց.— Քեզ ի՞նչ ա էլե էլի, խի՞ ես տխուր:
Ասեց.— Սատանի բուլուլագը ձեռիցս մազդ առավ քցեց ծովը:
Ասեց.— Որ ըտենց ա, առ մարքարտե շապիկս տամ, էն մենձ ա, քամին չի տանի։
Տղեն էտ շապիկն առավ ու գնաց։ Հանդըմը որ էլի միտն ընկավ, շապիկը հանեց, որ թամաշ անի, սատանի քամին էլի ձեռիցն առավ ու քցեց ծովը։
Թող ըտա էթա տուն, խաբարը տանք թոռչըքանցից։
Թոռ քցելու վախտը, թոռչիքը ղաֆիլ հանին Ծամթելի մազն ու մարքարտե շապիկը։
Ասին.— Էս ի՞նչ բան ա, էրնակ սրա տիրոնչը։
Դրին մի սինու մեչ, տարան դրին իրանց քաղաքի թաքավորի առաչը, թաքավորը որ էտ տեհավ, ասեց.— Ո՞վ կարա սրանց տիրոնչը բերի, ով բերի՝ իրա կշռքովը մին ոսկի կտամ։
Էն դհիցը մի ձըցըմ նի՚լնող պառավ էկավ դոշին տվեց, ասեց.— Ես կբերեմ։
Ասեց.— Որ կբերես՝ կշռքովդ մին ոսկի կտամ։
Էտ պառավն էր՝ գնաց իր ձըցըմը վե կալավ ու գնաց դըբա ծովը, մի հատ էլ սև օց վե կալավ հետը, ձըցըմը քցեց ծովը, նի՚լավ վրին, օցովը տվեց, մի սհաթըմը հասավ ծովի էն ղրաղը։
Ըտեղ դա ձըցըմը պահեց, ինքը գնաց ման գալու։ Իրիկնապահ էր, դա ծովի ղրաղին նստել էր։ Ղաֆիլ Առչի տղեն թուշ էլավ դրան,
Ասեց.— Ա՛յ նանի, էտ խի՞ ես ըտե նստե, բա դու մեխկը չե՞ս:
Ասեց.— Ա՛յ նանը ղադեդ առնի, նստիլն ես ասըմ, հընգերտինքս մուխսի գնացին, ես դեյին[2] փող չունեի, մնացի մաթալ։
Ասեց.— Ա՛յ նանի, որ ըտենց ա, վե էթանք մեր տուն, էս քշեր մեր տանը կկենաս։
Պառավը վե կացավ, ընկավ դրա եննուցը էկան տուն։ Հաց կե ոտն, իրիգունը տեղները քցին, որ քնեն։ Առավոտը որ վե կացան, էտ պառավը դրանց ընենց կեղծավորըթեն արեց, որ տղեն ասեց.— Մի էրկու շափաթ մեր տանը կաց, խեղճ պառավ ես։
Էտ պառավը զաթի էտ էր ուզըմ։ Տղեն որ ավղուշ էր էթըմ, պառավը յավաշ-յավաշ մոտի-մոտի արեց Ծամթելին, ախրը դոստացավ։
Մի օր, եփ տղեն ավղուշ էր գնացե, պառավն ասեց.— Դու ի՞նչ թավուր կնիկ ես, որ քու մարթի ֆոքու տեղը չես գիտըմ։
Ասեց.— Ա՛յ նանի, ի՞նչ պըտի իմանամ նրա ֆոքու տեղը։
Ասեց.— Որ ըտենց ա՝ հարցրա, քե կասի, որ չասի՝ ղաստահիվանդ տուր, բալքա ասի։
Ասեց.— Շատ լավ։
Էքսի օրը տղեն որ տուն էկավ, կնիկը կպավ յախեն: — Ա՛յ մարթ, դու ի՞նչ թավուր մարթ ես, որ քու ֆոքու տեղը քու կնկանը չես ասըմ։
Ասեց.— Է՜, ա՛յ կնիկ, էտ ի՞նչ ես ասըմ դու ինձ, ո՞նց թե ֆոքուդ տեղը, իմ ֆոքին հրեն էն ավիլն ա։
Թողաց գնաց էլեդ ավղուշ։
Պառավն էր, էտ ավիլը վե կալավ տարավ ծովի ղրաղին կրակեց, քյուլ շինեց քցեց ծովը։
Իրիկունը տղեն էլեդ էկավ տուն. էքսի օրը տղեն որ գնաց, պառավն ասեց.— Է՜հե, քեզ խափեց. էտ չէր ֆոքու տեղը։ Հիվանդացի, բալքի դրուստն ասի։
Իրիկունը մարթն էկավ տուն, տեհավ կնիկը վեր ընկած ծանր տնքըմ ա։
Ասեց.– Ա՛յ կնիկ, էտ ի՞նչ խաբար ա, խի՞ ես վեր ընկե։
Ասեց.— Դու էլ չըլնես, քու կնիկն էլ, ինձ խափըմ ես, ֆոքուդ տեղը չես ասըմ, էլ ի՞նչ մարթ ու կնիկ, հարամ ըլի էտ թավուր մարթ ու կնկությունը։
Ասեց.— Դրա հըմար ես հիվանդացե, թե ուզըմ ես ֆոքուս տեղն իմանաս, իմ թուրը իմ ֆոքին ա, թուրս որ հանեն՝ ես կմեռնեմ, որ խրեն տեղը՝ էլեդ կլավանամ։
Իրիկունը որ սաղ քնեցին, պառավը ուսուլով վե կացավ, ի՜նչ հալով թուրը տեղիցը հանեց, տարավ ու քցեց ծովը։
Ասեց.— Դե՛ գնա, մին քեզանի ասա, էրկու ինձանի։
Ըտիան ետ դառավ, էկավ արխեին քնեց։ Ծամթելն ու պառավը առավոտը վե կացան, տեհան որ արթեն տեղիցը ժաժ չի գալի։ Կնիկը գնաց որ վե կացնի, տեհավ որ՝ «Թե դրել ես՝ արի տար»[3], ո՛չ տղա կա, ո՛չ բան։
Կնիկը լաց էլավ։
Պառավն ասեց.— Բոլ ա լաց ըլես, թե՛զ արա, վե կաց է՛թանք, թե չէ մազերդ կպոկեմ։
Ասեց.– Դե լավ, մի թող դուս գամ դուռը։
Էս Ծամթելն էր՝ դուս էկավ, մի եքա գոք վարթ բերեց նեքսև, էտ տղի վրա շաղ տվեց։ Մի թուղթ էլ գրեց թե. «Պառավն ինձ տանըմ ա ֆլան թաքավորի հըմար, թե քառասուն օրվա վրա էկար՝ էկար, թե չէ՝ թաքավորը ինձ կնիկ պըտի շինի»։
Պառավն էր՝ դրան արեց առաչ, քշեց դըբա ծովը, ձըցըմը հանեց, ինքը լի՛լավ, ախչըկանն էլ քաշեց թարքը, սև օցովը ձըցըմին տվեց, ծովն անց կացավ էն դիհը։ Ախչկա կռնիցը բռնեց, տարավ տվեց թաքավորին։
Ասեց.— Թաքավորն ապրած կենա, հրե՛ս բերել եմ շապկի տիրոնչը։
Թաքավորը դրան իրա կշռքովը մին ոսկի տվեց։
Թող գա ըտեղ իրա քառասունքը պահի, խաբարը տանք Առչի տղի ախպորտանցից։
Մեկը իրա մատանքի ակին թամաշ արեց, մեկը գեննին անգաջ դրեց, տեհան որ իրանց ախպերը նեղ տեղըմն ա, էկան, որ հասնեն նրան. էտ էրկու ախպերը իրար քթան, իրար հետ ընկան ճամփա, էկան դրա հավարին։ Շատ էկան թե քիչ, աստված գիտա, դրանք էկան թուշ էլան մի հատ ամարաթի, էտ ամարաթիցը դուս էկավ մի հատ կնիկ։
Էտ տղեքն ասեցին.— Ա՛յ քիր, մի ըսենց տղա չե՛ս տեհել։
Ասեց.– Տեհել եմ, մի տարի կըլնի, էկավ դեսը գնաց:
Էտ ախպերտինքը դրա շանց տված ճամփեն բռնեցին ու գնացին, գնացին մի հատ էլ ամարաթի թուշ էլան։ Էտ ամարաթի դուռը ծեծեցին, ըտիան էլ դուս էկավ մի հատ ախչիկ։
Ասեցին.— Ա՛յ քիրա, մի ըսենց տղա չե՞ս տեհել։ Էտ ախչիկն ասեց.— Տեհել եմ, էս կըլնի մի տարի, դեսը գնացել ա։
Էտ տղեքը դրա շանց տված ճամփեն բռնին ու գնացին. գնացին թուշ էլան էլի մի ամարաթի։ Դուռը ծեծեցին, տեհան մա՜րթ-մադա՜թ չկա, մտան նեքսև. էս դիհն ընկան, էն դիհն ընկան, տեհան օթախների միջին մի վարթի գերեզման կա։
Էտ վարթին փետով բզեցին, տեհան հրես տակին մի մարթ. վարթը դեն տարան, տեհան հրես իրանց ախպերը տակին վեր ընկած մեռած։ Նոր ասին.— Ի՞նչ անենք, ի՞նչ չանենք,— տեհան որ իրանց ախպոր թրի զինը տեղըմն ա, թուրը չկա։
Ասին.— Կա՛, չկա, մեր ախպերը սրանից ա մեռե, արի սրա թրի տեղն իմանանք։
Իրար միչի մտածեցին, ասին.— Կա-չկա ծովըմն ա սրա թուրը։
Էկան լողվորի ման էկան, լողվորը քթան։ ՚ Ասին.— Ա՛յ մարթ, մի թուր կա ծովըմը, կա՞րաս հանես։
Ասեց.— Խի՞ չեմ կարա, մի լիդր կավահատի ձեթ բերեք, մի հատ պարան, մի հատ էլ ոչխարի թափան, հանեմ:
Գնացին ըտոնք բիրագի էլ բերին։ Էտ լողվորն էր՝ կտվահատի ձեթը շաղ տվեց ծովու էրեսը, ծովի տակն էրևաց։ Տեհան որ հրես մի վիշապ թուրը տարել ա դրե գլխատակը, վրին քնել ա։
Լողվորը թափանը կապեց գլուխը, պարանը կապեց մեշկը, ասեց. — Ինչ վախտ ես պարանը թափ կտամ, դուք եգին-եգին քաշեք։
Ասեց ու կախ էլավ ծովը. գնաց կամաց վիշապի գլխատակին նստեց, ուսուլով թրի կոթը կապեց պարանի ծերիցը, ինքը մի քառասուն զոլան վիրև լի՚լավ, նոր զոլանը թափ տվեց։ Տղեքը եդին-եդին պարանը քաշեցին։ Վիշապը զարթնեց օրոտըմը քցեց ծովը. է՛ս դիհը, է՛ն դիհը, էլ թուր չկար։
Էտ թուրը բերին թամուզ սրփին, դրին զինը, Առչի տղեն ալբիալը վե կացավ նստեց։
Ասեց.— Օ՜ֆ, էս ինչ շատ քնել եմ, Ծա՛մթել, մի ջուր բե։
Ասին.— Ի՜նչ Ծամթել, ի՜նչ բան, մեռած իր, անջախ ենք սաղացրե. թուրդ տարել ին քցե ծովը, անջախ որ հանինք։
Ասեց.՛— Կա-չկա, էն պառավն ա քցե։
Էտ տղեն դես ու դեն ընկավ, կնկա նամակը քթավ, կարթաց։
Ասեց.— Մնըմ ա էրկու օր, որ կնիկս պսակ էթա թաքավորի հետ։ Էլ խի՞ ենք բանդ էլե, է՛թանք: Վե կացան, մի գյամի բռնին, ծովն անց կացան, էկան հասան դուզ էտ քաղաքը, էկան մի պառավ կնկա տան ղոնաղ էլան։ Ըտե պառավիցը լսել ին, որ թաքավորի կնիկը հըլա պսակ չի էթըմ. ըտե Առչի տղեն մի մատանիք տվեց պառավին։
Ասեց.— Ա՛ռ, տար տու իրան, թո արխեին պսակ էթա։
Էտ պառավն էր՝ վե կացավ, գնաց դուզ թաքավորի պալատը։
Ասեց.— Դե՛ն՚եք, դե՛ն՚եք, ես պըտի դրան համոզեմ, էթա պսակ։
Պառավն էր՝ գնաց Ծամթելի կուշտը, մատանիքը թաքուն հանեց, տվեց էտ ախչկանը:
Ասեց.— Արխեին գնա՛ պսակ։
Ասեց.— Բա՛ սրա տերը ո՞րդի ա։
Ասեց.— Հրե մեր տանը։
Ասեց.— Որ ըտենց ա, ես կէթամ պսակ։
Պառավը վե կացավ, էկավ իրանց տուն։
Ախչիկը որ համոզվեց, թաքավորն ալբիալը զուռնեն ածիլ տվեց, որ էթան պսակ։
Էտ Առչի տղեն վե կացավ գնաց քաղաքի մեչը. մի տեղ կայնած էր, մըն էլ բիրդան մի աժդըհա մարթ իրան սիլլեց։
Թե.— Խի՞ ես ըստե կայնե։
Դու մի ասի, էտ տղեն իրիկվա իրանց պառավի տղեն էր. Գոմեշ ջարթող[4], ընդար ղվաթով, ջանավար, որ անըմը մարթ չէր դիմանըմ դրա դրբին։ Արի տես, որ Առչի տղի հըմար դրա սիլլեն հո էլած, հո չէլած: Գոմեշ ջարթողը էտ որ տեհավ, գնաց դուզ մոր կուշտը, սրտի հերսիցը քիչ էր մնըմ ճաքի։
Ասեց.— Ա՛յ նանի, ըսօր ես մնին մի սիլլա եմ տվե, քյար չի արե, էս ի՞նչ բան ա։
Ասեց.— Ա՛յ բալա ջան, ախըր էն քու մենձ ախպերն էր, դու նրան խի՞ իր սիլլըմ. բոնդի տարին որ կռիվն ընկավ, դա թողաց ըստիան գնաց, հըմի ետ ա դառե, էկե։
Էտ տղեն որ մորիցը էտ խոսքը լսեց, ուրախըթունիցը ոտերը տակին դողաց, վազեց գնաց դուզ էն տղի կուշտը։
Ասեց. — Բարո՛վ, ա՛յ ախպեր, ես մեղա ասսու, որ քեզ սիլլով տվեցի, հենց իմացա ուրիշ մարթ ես։ Նոր ըտե Առչի տղեն իրա էկածը դրան նաղլ արեց։
Ասեց.— Որ ըտենց ա, արի էթանք ժամը. պսակի վախտը սաղին կոտորենք, կնկանդ վերնենք, բերենք։
Դրանք վե կացան գնացին դուզ ժամը։ Էտ Գոմեշ ջարթողը գնաց տերտերիցն էլ վիրև կայնեց, դե՜ ո՞վ կարար դրա առաչին խոսա, կտար ջարթ ու փշուր կաներ։ Առչի տղեն էլ գնաց կաննեց լափ դռան տակին։ Էկավ վերչանալու վախտը, Գոմեշ ջարթողը վիրևիցը գոռաց.— Էլ ընչի՞ բանդն ես, սրփա գա:
Էրկսով էլ թրները սրփին, վրա պրծան դրանց։ Մինը վիրևից, մինը ներքևից, կես սհաթըմը սաղ ժամը արին շինին: Էկավ մնաց մենակ թաքավորը. թրով տվին նրա գլուխն էլ կտրեցին։
Վե կալան Ծամթելին, էկան դուզ պառավի տունը։ Առչի տղեն էր՝ էքսի օրը կանչեց իրա ախպորտանցը, պառավին մի զիլ փող տվին, Գոմեշ ջարթողի հետ էլ պռոշտի արեցին, ճամփա ընկան դըբա օխտը գլխանի դևի ամարաթը։ Մի գյամի բռնին ծովն անց կացան, էկան հասան դուզ ամարաթը։ Ըտե քշերը մնացին, առավոտը վե կացան, դևի ունեցած-չունեցածը բարցին ղաթրներին, ընկան ճամփա դըբա վեց գլխանի դևի ամարաթը։ Ըտե հաց կերան, չայ խմեցին, էտ քշերն էլ ըտե մնացին։ Առչի տղեն վեց գլխանի դևի կնկանը վե կալավ տվեց իրա մի հընգորը։ Առավոտը վե կացան դրա մալ ու դովլաթն էլ բարցեցին ղաթրներին, ընկան ճամփա դըբա իրեք գլխանի դևի ամարաթը։ Էկան իրիկունը հասան իրեք գլխանի դևի ամարաթը։ Էտ իրիկունն էլ ըտե չայ խմին, հաց կերան, ուզըմ ին որ քնեին։ Նոր ըտե Առչի տղեն էտ իրեք գլխանի դևի կնիկն էլ վե կալավ տվեց իրա էն մի հընգորը։ Քշերը ըտե դինջ քնեցին, առավոտը վե կացան, դրա էլած-չէլածն էլ բարցեցին իրա ղոբլա ղաթրներին, ճամփա ընկան իրանց տները գալու։
Էկան որ ճամփեն բաժանվըմ էր, նա ասեց.— Էթանք մեր տուն:
Նա ասեց.— Չէ՛, էթանք մեր տուն։
Էտ որ տեհավ Առչի տղեն, ասեց.— Չէ՛, թո ամեն մարթ էթա իրա տունը։
Ըտե ամեն մարթ գնաց իրանց տուն, էտ Առչի տղեն էլ գնաց իրա պապի տունը։ Գնաց հասավ պապի տունը, մինչի նրա գալը աչքալիսեք տարան պապին, նա էլ ձիավորներ ղրգեց իրա թոռի առաչը: Թոռին ըտենց պատվով բերին տուն։ Թաքավորը դրան տենալու րաշտան ուրախացավ, ասեց.— Փա՜ռք ասսու, որ իմ կորուստը քթա։
Առչի տղի մոր ուրախութունն էլ զաթի չափ ու հեսաբ չուներ։ Եդո բերին դրանց թազադան օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին։
Դրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:
Ըստե ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ անգաջ դնողին։