Օհան որնչպարի տղի հեքիաթը

Ժամանակով մի ռընչպար կար, անըմը Օհան էր. մի հատ ասսու հ'էրեսից ընկած տղա ուներ: Հերը տեհավ, որ էտ տղիցը խելքը բան չի կտրըմ, ասեց. — Լավ կըլի, որ գլխիցս ռատ անեմ: — Հենց էտ մի տղեն ուներ:

Ասեց. — Կնի՛կ, տղեն պըտի վեր ունեմ, տանեմ տամ փեշակի:

Ասեց. — Տար:

Վե կալավ, գնաց: Տղեն էլ ընդար հասած չէր՝ ջահել տղա էր:

Շատ գնացին, քիչ գնացին, աստված ա գիտըմ, գնացին մի դուզ տեղ վեր էկան, տեհան ըտեղ մի ձեռք տուն կա:

Տղեն ասեց. — Ափու, էս ինչ լավ էլավ, քշերն ըստեղ կկենանք: — Բանից էլ խաբար չի խեղճը, թե ինչ տեղ ա:

Նի մտան նեքսև: Տեհան քառսուն հարամի նստած:

— Էս ի՜նչ լավ էլավ, — ասեցին հարամիքը, — մենք ընկել ենք սար ու ձոր՝ ավի ենք ման գալի, ավը հ'իրա ոտով էկավ: Ա՜յ մարթ, ի՞նչ մարթ ես:

— Ես էս տղեն բերել եմ տամ ձեզ հ'աշկերտ:

Հարամիքը ծիծաղացին:

— Վե կունենք, բիձա. մեր արհեստն ի՞նչ ա, որ դու կարոտըմ ես մեր արհեստին:

— Ի՞նչ ուզըմ ա ըլի, դուք ըսօր ապրըմ եք էտ արհեստով, թո՛ղ էս էլ ձեզ պես ապրի: — Դե, բիձա՛, առավոտը վե կա՛ց գնա. տղեն որ արհեստը սարվեց, մենք վե կունենք, կբերենք կտանք քեզ:

— Ա՛յ տղա, — ասեցին, — դորակը[1] վե կալ, ըստի մոտիկ ախպուր կա, լքցրու բեր:

Տղեն դորակը վե կալավ, գնաց դըբա ախպուրը, ջուրը լքցրուց, ուզեց որ քաշի՝ տեհավ դորակը գալիս չի, մըն էլ թափ տվուց՝ մի սիպտակ բիլակ էրևաց. մի ձեռով դորակը բռնեց, մի ձեռով էլ բիլակը: էտ բիլակատերը ճղղաց ու մի հատ թաս վրա արուց դըբա էտ տղեն. բիլակը բաց թողուց, դորակը լիքը վե կալավ, էկավ թասի կուշտը, թասը ֆողոտ էր, սրփեց, դրուց ծոցը, վե կալավ գնաց հարամու տունը: Հարամիքը մնացին զարմացած, իրար էրես թամաշ արին:

— Ա՛յ տղա, էտ ջուրը ո՞րդիան բերիր:

— Ձեր տան կշտի ախպրիցը: Դորակը կոխեցի ջուրը, որ ջուր հանեմ, դորակը դուս չէր գալի, ուժով քաշեցի՝ մի հատ բիլակ դուս էկավ, ընդար սիպտակ էր՝ կասենաս ձին ըլներ, ետո որ բիլակը բռնեցի, էն մի ձեռը տարավ ծոցը, մի թաս հանեց, քցեց. բիլակը թողի, հասա թասին. հրե՛ս, ծոցիս ա:

Հարամբաշին առավ թասը, թամաշ արուց, խելքը գնաց, ասեց. — էս թասին գին չունի: — Վե կացավ ու տղի ճակատը պաչեց. — Տղա՜, հալալ ա քեզ:

— Դե՛ տղեք, էլ մեզ հարամութունը հարամ ա. տանենք էս թասը խուրդենք, քանի սաղ ու կենդանի ենք՝ ուտենք, հատնիլ չի: Դե, — ասեց,— ձիս դուս քաշեք, էթամ խուրդեմ, փողը բերեմ կես անենք, ամեն մարթ իրա փողը վեր ունի, էթա իրա տունը:

Հարամբաշին ձին նի'լավ գնաց քաղաք, տարավ մի սարաֆի կուշտ, որ խուրդի: Սարաֆն ասեց. — Մեր բանը չի էտ, էտ որ խուրդի՝ ֆլան ջհուդ սարաֆը կխուրդի:

Վե կալավ տարավ էտ երևելի ջհըդի կուշտը. — Առ, — ասեց, խուրդա էս թասը:

Ջհուդն առավ թասը ձեռը, պտըտեց, տեհավ որ անգին բան ա, ասեց. — Տանենք թաքավորի կուշտը, ա՜յ տղա, թասը գնահատա, փողը տամ: Գնացին թաքավորի կուշտը, ջհուդն ասեց. — Թաքավոր, էն տարին որ իմ լալ ու ջավահիր դուքանը կտրեցին, էտ թասը դուքանըմն էր, հըմի գողը բռնել եմ, խնթրեմ վճռես՝ իմ ապրանքը առնես, տաս:

— Այ տղա, էս թասը քու ձեռին ո՞րդիան ա ընկել:

— Թաքավորն ապրած կենա, մեզ մի հ'աշկերտ ունենք, նա ա բերել ախպրիցը:

— Դուք ի՞նչ փեշակի մարթ եք, որ հ'աշկերտ ունեք. դուզն ասա՛, թե չէ գլուխդ կթռցնեմ:

— Որ արթարն ասեմ՝ մենք քառսուն հարամի ենք. մեզ մի նոր հ'աշկերտ բռնեցինք, էտ թասը նա՛ ա բերել:

Թաքավորը մարթ ղրկեց եռսընիննը ընկերներին ու աշկերտին վե կալան բերին:

Հ'աշկերտն էկավ, թաքավորին օխտն անքամ գլուխ տվուց, ասեց. — Թաքավորն ապրած կենա, էտ թասը բերողը ես եմ. թե որ էտ թասիցը տասնըմեկն էլ բերի՝ անումը ջհուդ քու քաղաքըմը չպըտի մնա, որ չբերի՝ առաչ իմ շլինքը քաշա, ետո հընկորտանցս:

— Դե՛ տարեք էս քառսուն մարթին էլ բռնեցեք, թող էս տղեն էթա էտ թասիցը բերի:

Տղեն հարամբաշու ձին նի էլավ, թասն առավ, որ ըտենց տասնըմինն էլ բերի, ու գնա՜ց, գնաց:

Շատ գնաց, թե քիչ գնաց, աստված գիտի, գնաց մի թաքավորանիստ քաղաքի ռաստ էկավ: Գնաց նի մտավ մի տուն: Տեհավ ըտեղ մի մենձ կնիկ կա. ընդար ա նոթերը կիտած, կախ, որ լուն ունքիցը վեր ընկնի՝ հարիր կտոր կըլի:

— Նանի՛, նոթերդ խի՞ ես կիտել ըտենց:

— Օ՜ֆ, ինձանից բան չունիս, հացդ կե, քեզ հըմար նստի:

— Աստված սիրես, նանի, խի՞ ես նոթերդ կիտել, ասա՛, բալքի քու դարդին դարման եմ անըմ:

— Ա՜յ բախտավոր, քե պես տղա ա գնացել մուղաթ կացել՝ կարացել չի իլլաճ անի:

— Ի՞նչ ա, նանի, ասա՛:

— Մեր թաքավորին մի շատ լավ տղա ուներ, մեռել էր, տարանք թաղեցինք, ցերեկը թաղած ա մնըմ, քշերը հանըմ են, դնըմ գեննի էրեսը, պատանք-մատանք ճըղճըղած:

— Դե՛ նանի, արի հացը վե կալ, էլ հաց չեմ ուտըմ: — Ա՛յ տղա, խի՞ չես ուտըմ, կե՛ր, կե՛ր:

— Չեմ ուտըմ, վե կալ, հարամ ըլի՛:

Պառավը էտ տղին վե կալավ, տարավ թաքավորի կուշտը, ասեց, որ. — Էս տղեն ասըմ ա. «Ես գերեզմանին ընենց մուղաթ կկենամ, որ քար չեռա, թե որ մուղաթ չկացա՝ իմ շլինքը կտրա»:

Թաքավորը ասեց. — Գնա՛ մուղաթ կաց:

Գնաց գերեզմանից հեռու նստեց, թամաշ արուց: Էկավ քշերվա կեսը, որ ղշերն էլ ին քնած, տեհավ իրեք հատ աղունիկ վեր էկան, խրխիքը հանեցին, դառան իրեք հատ շատ սիրուն ախչիկ, մինը մընի հետ խոսաց, ասեց.— Հաց ուտենք, թե թաքավորի տղեն բերենք, նոր հաց ուտենք:

— Ա՜յ տունդ շինվի՞, էնթավուր տղեն ընտեղ քնած՝ մենք հա՞ց ուտենք, հացը կուլ կէթա՞:

Մինը մեչքից դաստախունը ետ արուց, մի կարմիր, թըպըլխի ճիպոտ առավ ձեռը, տվուց դաստախընին, ասեց. — Դե՛ բացվի, դաստախուն:

Դաստախունը բացվեց, հ'ամեն բան միչին:

Ետո վե կացան, գնացին գերեզմանի կուշտը, մինը ճիպոտով տվուց քարին, ասեց. — Քա՛ր, բացվի: — Քարը բաց էլավ:

— Ֆո՛ղ, բացվի:

Ֆողը բաց էլավ: Վե կալան մեռելը, դրին գեննի հ'էրեսին, ճիպոտով տալուն պես օյանմիշ էլավ՝ նստեց: Մի ձեռք շոր բերին հաքցրին տղին ու տարան դաստախընի գլխին նստացրին, հ'իրանք էլ ջերկով դեմը նստեցին:

Տղեն թամաշ արուց, տեհավ որ իրեք ախչիկը մի սրի են նըստած, տղեն սուփրի ճակատումն ա նստած, ասեց. — Էս շատ լավ էլավ, նետս ընենց քցեմ, որ իրեքին դիպչի, տղին դիպչի ոչ:

Նետը քցեց, քցելուն պես խառնվեցին հ'իրար, դաստախունն էլ թողին, ճիպոտն էլ թողին, խրխիքը անջաղ հաքան ու թռան: Տղեն էկավ թաքավորի տղի կուշտը թուրը ձեռին, ասեց.— Բար'րիկուն, թաքավորի որթի:

— Աստծու բարին, հազար բարին, ա՜յ տղա:

— Ես քու հոր պահապանն եմ, նստենք, մի քիչ հաց ուտենք:

Հացները կերան, տղեն ասեց. — Դե՛, արի քեզ դնեմ տեղը:

— Ա՜յ ջանըմ, անջաղ եմ ազատվել, արի էթանք մեր տունը:

— Չէ՛, պըտի մննես տեղդ: Դաստախունը կապեց մեչքը, ճիպոտը վե կալավ, տեսավ մի մատանիք էլ դաստախնի պռնկին ա՝ վե կալավ, դրուց մատը:

— Դե՛ մտի տեղդ:

Տղեն մտավ տեղը, ճիպոտով տվուց՝ հ'ամեն բան հ'իրա տեղն առավ:

Էկավ լիսը բաց էլավ. մարթ էկավ տեհավ, որ գերեզմանի քարը եռացել չի, ոնց որ կար՝ էնենց կա: Նազիրը գնաց թաքավորին ասեց. — Թաքավո՛ր, հ'աշկդ լիս ըլի, ոնց որ թողել ենք ընենց մնացել ա, քար չի եռացել:

Տղեն էկավ թաքավորի կուշտը, թաքավորն ասեց. — Ա՛յ տղա, ո՞նց ես պահել գերեզմանը:

— Գնանք թաքուհու հետ, տեհե՛ք:

Վե կացան՝ թաքավորը, թաքուհին, նազիրն ու էտ տղեն գնացին գերեզմանը:

— Թաքավոր, տեհա՚՞ր հ'աշկովդ որ քար չի եռացել. որ տղիդ սաղ-սալամաթ հանեմ տամ քեզ, ինձ ի՞նչ կտաս:

— Ի՞նչ ուզես կտամ:

— Դե դուք գնացեք ձեր տունը, ես էս հրոպպըմը հանեմ, բերեմ:

Թաքավորն ու թաքուհին նազրի հետ գնացին տուն, տղեն հանեց տղին, բիլակը բռնեց, խոսալով բերեց թաքավորի տունը:

— Ա՛ռ քու որթին, թաքավոր:

Հ'ուրախացան: Աշխարքն հ'աշկալիս էկան թաքավորին:

— Ուզա՛ տամ,— ասեց թաքավորը:

Տղեն հանեց թասը, ասեց. — Էս թասից տասնըմին թաս եմ ուզում: Իմ քառսուն ախպերտինքը սրա հըմար բռնված են:

— Ըտուց չունեմ, որթի ջան, ախչիկ ուզա՝ տամ, խազնա ուզա՝ տամ, քաղաք ուզա՝ տամ, մենակ ըտուց չունեմ ինձ:

Տղեն ձին նի էլավ, ասեց. — Զատ չեմ ուզըմ քեզնից, — ու գնաց:

Գնաց, գնաց, շատն ու քիչը աստված գիտի, գնաց մի թաքավորի քաղաքի ռաստ էկավ: Ծովի ղրաղըմն էր էտ քաղաքը: Նի մտավ մի տուն էտ տղեն, տեհավ տան տերը նոթերը շատ կիտած ա:

— Ախպե՛ր, դե ղոնաղ ես էկել՝ հազար բարի ես էկել, որ հաց չկա դնեմ հ'առաչդ ուտես, ես ի՞նչ անեմ:

— Ինձ հաց շատ ունեմ, ախպեր ջան, քեզ էլ կուտացնեմ, դու դարդ մի անիլ: Դաստախունը հանեց, ճիպոտով տվուց՝ հ'ամեն բան բացվեց:

— Էրեխանցը կանչե՜ս, գան մի պինդ ուտեն, լիանան:

էկան կերան, կշտացան:

— Դե՛, ասա՛ տենեմ, էս ի՛նչ բան ա. ձեր քաղաքըմը խի՞ չի հաց կա. հող չունե՞ք՝ վարեք-ցանեք, հնձեք, բերեք կառավորվեք:

— Մենք վար ու ցանքի տեղ չունենք, ախպեր ջան:

— Բա՛ ձեր հացը ի՞նչ տեղից ա գալի:

— Մենք գյամով ծովի էն ղրաղիցն ենք բերիլ տալի:

— Բա խի՞ չեք բերիլ տալի:

— Ա՜յ մարթ, մի ձեռն ա դուս էկել ծովի մեչտեղիցը, ըստիան էթալուն բան չկա, էթըմ ենք ցորեն, ալիր բարձըմ ենք գալի էտ տեղը, էտ ձեռը քաշըմ ա գյամիքը սաղ բաթմըշ անըմ. հնար չենք քթնըմ, որ ձեռիցը պրծնենք:

— Որ էթամ էտ ձեռին հնար անեմ, գյամին լիքը բերեմ, աշխարը լիացնեմ, թաքավորը իմ ուզածը կտա՞:

— Այ հա՜յ, ընենց կտա՜, լիզուդ ինչ պըտտի՝ կտա:

— Դե՛ վե, էթանք թաքավորի կուշտը:

Վե կացան, գնացին թաքավորի կուշտը, տղեն ասեց.— Թաքավոր, ինչ կտաս, որ էթամ գյամիքը բերեմ, լիացնեմ ձեր երկիրը:

— Ինչ ուզես՝ կտամ:

— Լավ, — ասեց: — Նի մտավ ղայեղը, գյամիքը եննուցը քշեցին: Քառսուն գյամի ցորեն, ալիր լիքը լքցրին, ղայեղը հ'առաչ քցեց, էկավ ձեռի կուշտը. տեհավ մի սիպտակ ձեռը՝ ոսկե բիլազուկը արմնկին, ջրի մեչը ֆըռֆռըմ ա: Ձեռով բիլակը ղայիմ բռնեց, թափ տվուց, թափ տալուն պես՝ բիլազուկը ձեռին մնաց, բիլակատերը թռավ: Յան տվուց գյամիքը, էկան հ'անց կացան, անվնաս էկան քաղաքը: Լիութունը ընկավ քաղաքը:

Տղեն էկավ թաքավորի կուշտը, ասեց. — Դե՛ թաքավոր, իմ ուզածը տուր, էթամ:

Թաքավորն ասեց. — Ի՞նչ ես ուզըմ:

Տղեն հանեց թասը, ասեց. — Տասնըմին ըսենց թաս եմ ուզըմ քեզնից:

— Այ հա՜յ, — ասեց թաքավորը, — էտ իմ սաղ կարողութունը աժի, ես էտենց տասնըմինը ո՞րտեղից տամ: Ուզա ախչիկս՝ տամ թաքավորութունս՝ տամ, քաղաք՝ տամ:

— Չէ՛, մի զատ էլ հարկավոր չի, իմ քառսուն ախպերը բռնված են, իմ քունը չի տանըմ, ըտենց տասնըմինը պըտի տանեմ, որ ազատեմ:

— Դե որ ըտենց ա, ես մի նավապետին տենամ, — ասեց թաքավորը, — հ'առավոտենց քեզ մի ջուղաբ կտամ:

Թաքավորը կանչեց նավապետին. — Հուրի թաքավորի ախչկերանց ճաշարանի տեղը գիտե՞ս:

— Գիտե՛մ:

—Լա՛վ, մի տղա կա, նրան կտանես շանց կտաս:

Կանչեց տղին, ասեց. — Գնա՛, էս նավապետը քեզ շանց կտա Հուրի թաքավորի ախչկերանց ճաշատունը, ընտեղ կքթնես էտ թասիցը:

Ձին թողուց էն մարթի տանը, հ'ինքը նի էլավ ղայեղը ու գնաց: Օխտն օր, օխտը քշեր գնաց, գնաց հասավ ծովի ղրաղը: Տեհավ մի պուճուր դուռը կա էրկաթից: Նավապետն ասեց. — Էս ա դուռը, բալամ: Դու ե՞փ պըտի դուս գաս, որ գնամ գամ էթանք:

Ասեց. — Մի տասնըհինգ օրից ետո:

Դուռը բռթեց, նի մտավ նեքսև: Տեհավ մի ծեր հալիվոր մարթ, ձեռները քշտած կիրակուր ա էփըմ:

— Բար'աջողըմ,— ասեց,— ափու ջան:

— Ասսու բարի՜ն, հազար բարի, իսան օղլի:

Համա էն տեսակ սիրուն էր էտ հալիվորը, որ էրկու ղանատ [2]կարալ չիր հ'էրեսին թամաշ անես:

— Ա՜յ տղա, օձը հ'իրա պորտովը, ղուշը հ'իրա թևովը ըստեղ գալ չէր, դու ո՞նց ես էկել:

— Ձեր սերն ա բերել ինձ:

— Սերըմ, սովբաթըմ կենաս, ա՛յ տղա: Դե,— ասեց,— հ'արի մտի յորղան-դոշակի տակը. ժամանակն ա, հուրիները կգան, կտենեն քեզ, վնաս կտան, ափսոս ես:

Տղեն մտավ յորղան-դոշակի մեչ, տազ արուց:

Մի քիչ հ'անցավ, Հուրի թաքավորի ախչկերքն էկան:

— Հը՛, էս ի՞նչ իսանի ֆոտ ա գալի ըստեղ:

— Ա՛յ քու տունը շինվի,— ասեց կիրակուր էփողը, — մենք իսան ենք՝ մեզնից ա գալի:

— Չէ, ղարիբ մարթի ֆոտ ա գալի: — Գլխներդ վկա՝ չէ՛:

— Է՛հ, ճաշը հազիր ա՛:

Սուփրեն բերին քաշեցին, իրեք քիրն էկան, նստեցին: Նստելու վախտը Հուրի թաքավորի նազիրը մի նամակ ձեռին ուզեց նի մննի: Ասեցին.– Համփերա, թող ճաշ անենք՝ նոր:

Ճաշին մենձ քիրը գինին ածեց, ասեց. — Ես մի կենաց պըտի խմեմ. ես խմըմ եմ էն տղի կենացը, որ քառսուն հարամին կարեցան ոչ օխտը տարի իմ ջրի համը տենեն, էն տղեն էկավ տարավ: Էն անիծածը ընենց հուփ տվուց բիլակս, որ ծոցիս թասը հանեցի, վրա արի, որ հոքիս ազատեցի: Կեցցե՜ էն տղեն:

Էն մի քիրը ծիծաղաց.— Բալքի իմն եմ ասըմ:

— Քունն էլ ասա՛:

Էլեդ ստաքանները լքցրին:

— Ես խմըմ եմ էն տղի կենացը, որ սուփրեն ու ճիպոտը խլեց ինձնից, ու իմ մեռցրած մեռլին հարութուն տվուց: Կեցցե՜ էն տղեն:

Պստիկ քիրը ծիծաղաց. — Ես էլ խմըմ եմ էն տղի կենացը, որ բիլակս հուփ տվուց, քառսուն գյամին հացով տարավ, լիացրուց աշխարքը: Կեցցե՜ էն տղեն:

Կիրակուր էփողն ասեց.— «Չըլի էս տղեն էլած ըլի, որ սիրտ արուց նի մտավ ըստեղ»: Ասեց.— էտ տղեն որ ըստեղ գար ի՞նչ կտայիք:

— Ինչ որ ուզեր կտայինք, — ասեցին իրեքն էլ:

Մըն էլ բիրդան տղեն յորղան-դոշակի միչից դուս էկավ, կաննեց, ասեց. — Բարև ձեզ, հուրի մալաքներ:

Ախչկերանց պռունկները պատռեց: Ասեցին.— Հ'արի, հ'արի հաց ուտենք:

Նստեցին, հաց կերան:

Էտ վախտը նազիրը նի մտավ, օխտը անքամ գլուխ տվուց, նամակը տվուց մենձ ախչկան, ձեռը կապեց, կաննեց:

Նամակը բաց արուց, կարթաց, սկսեց հ'աշկերիցը հեղեղի պես հ'արտասունք թափիլ: Միչնեկը ձեռիցն առավ կարթաց՝ նա էլ ըտենց. պուճուրն առավ՝ պուճուրը դհա շատ:

— Էտ նամակի մեջ ի՞նչ ա գրած, որ ըդար լաց ե՛ք ըլըմ, — ասեց տղեն:

Ասեց. — Պատմե՞նք:

Ասեց. — Պատմա՛: Գնաց տոլապը բաց արուց, մի պատկեր հանեց, բերուց դրուց տղի հ'առաչ ասեց. — Մի ախպեր ունեմ, էսա օխտը տարի ա Ազրայիլի ձեռին բռնըված ա, կարըմ չենք իլլաճ անիլ, թե իլլաճ անես՝ դու կանես, ինչ ուզես կտանք:

Ասեց. — Կեթամ կբերեմ:

— Որ բերես՝ դու կբերես, մարթ չի կարալ բերիլ:

— Բա՛ իմ քառսուն ախպերը, որ բռնված են, դրանց իլլա՞ճը:

— Դրա իլլաճը հեշտ ա, քեզ օր ու ճաշում կհասցնենք տեղ:

— Տեղ հասնիլը հեշտ ա, ինձ ըսենց տասնըմին թաս ա պետքը:

— Ը՛հ, տնաշեն, քսանը կտանք, էտ էլ բան ա՞:

— Դե էթանք թաքավորի կուշտը:

Գնացին թաքավորի կուշտը: Տղեն օխտը հետ գլուխ տվուց, ձեռը կապեց, կաննեց:

Թաքավորն ասեց.— էս իսան օղլուն խի՞ ես բերել:

— Բերել եմ, որ էթա ախպորս ազատի:

— Է՜հ, էս պըտի ազատի՜: Կարա՞ս ազատի:

— Ասսանով:

— Դե՛ լավ, գնա՛ ազատի. Ազրայիլը տեհե՞լ ես:

— Չէ՛:

— Լա՜վ կբերես: Ի՛նչ ես ուզըմ, որ բերես:

— Մննեմ թավլիդ մեչը, իմ սրտի ուզած ձին դուս քաշեմ, քու վրի թուրը քցեմ իմ շլինքը, մի հատ էլ ղալխան՝ նետը հետը քցեմ ուսս, մի հատ էլ գուրզ առնեմ ձեռս՝ կէթամ կբերեմ:

— Ըտոնք հազիր ա, դու բան ուզա:

— Մարթ էլ ուզըմ եմ, որ տանի Ազրայիլի սարը ինձ շանց տա:

— Գնա՛, աստված քեզ հետ, տենենք ինչ կըլի:

Տղեն նի մտավ գոմը, մի շատ լավ ձի դուս քաշեց, հեչ արեգակի հ'էրես չէր տեհել, աստղերի հետ հաղըմ էր. թուրը քցեց շլինքը, նետն ու ղալխանը քցեց հ'ուսը, գուրզն առավ ձեռը, էկավ թաքավորի դռան հ'առաչին կաննեց: Ձին մղկըտալով խրխնջաց: Թաքավորը դուս էկավ, որ տղին տեհավ, օհ է՜, ջանը դող ընկավ, ասեց. — Շան որթին կբերի տղին:

— Դե՛, — ասեց, — նազրին ասա՛ գա ձին նի'լի, էթանք:

Նազիրը նի էլավ հ'առաչ ընկավ, գնացին: Գնացի՜ն Ջանջավազ սարի տակին կաննեցին:

— Ընչանք ըստի իրավունք ունեի գալու, — ասեց նազիրը: — Դե մնա՛ս բարով, — ասեց տղեն ու քշեց:

Քշեց գնաց նի էլավ էտ սարը, տեհավ մի բանցր տներ կա ըտեղ. մի բարակ ճվոց ա գալի:

— Տների տե՛ր, — գոռաց, — դուս հ'արի, ղանլի եմ ուզում:

Էրկու հատ արաբ դուս էկան, ասեցին, — Ի՞նչ մարթ ես:

— Ղանլի եմ ուզում:

Էկան մեյդանի գլուխը կտրեցին, ասեցին. — Էս ի՞նչ զատ ա, որ մեր աղին քնահարամ անենք, վե կացնենք:

Տղեն տեհավ, որ ճամփեն կտրել են, թուրը քաշեց դրանց էրկըսի շլինքն էլ կտրեց, վեր էկավ ձիուցը՝ գլխները վե կալավ, շպըրտեց բալկոնը:

Թխկոցին Ազրայիլը վե կացավ. էկավ բալկոնը, տեհավ՝ մի դալի-ղանլի գոռում ա, ի՜նչ ջուռա ա կանչըմ:

— Կա՛ց, — ասեց, — գալիս եմ, մենձ թիքեդ հ'անգաջդ կթողամ:

Վեր էկավ, ձին հազրեց ու նի էլավ, էկավ մեյդանի գլուխը կտրեց:

— Բարո՜վ, հազար բարի էկար, ա՜յ տղա, գրզի սրեն-նոբաթն ու՞մն ա:

— Քունն ա, քցա՛, ես ղոնաղ եմ. օխտը գուրզ ունես, օխտը նետ ունես, օխտն էլ թուր՝ քցա՛, աստված յա քե կտա, յա ինձ:

Ազրայիլը քցեց գուրզը, սար ու ձոր դողաց, վրա պրծավ տղեն, գուրզը կալավ, ասեց. — Հանաքի վախտ չի, առ գուրզդ կարգին քցա:

Օխտը գուրզ քցեց՝ տղին հեչ բան չարուց, օխտը նետ քցեց՝ բան չբաշարեց, օխտը հատ էլ թուր քցեց՝ քարերին դիպավ, մեչտեղից կտրեց:

— Սրեն քունն ա, — ասեց, կաննեց:

Տղեն ձին քշեց: Ձին շատ քրտնեց, հ'աշկերիցը քրտինքը կթաց[3]: Գնաց մեյդանի գլուխը, թամքի միջին կաննեց ու գուրզը քցեց՝ Ազրայիլի գլուխը ջնջխեց, ջանդակը վեր ընկավ: Էկավ գլուխը կտրեց, տեհավ հ'ինքն հ'իրան գլուխը թոլ էլավ գնաց:

— Տո՛, — ասեց, — էս գլուխն հ'ո՞ւր ա էթըմ,— թուրը քաշեց՝ մի տվուց, մեշտեղիցը երկու էլավ:

— Տղա՛, մըն էլ, — ասեց գլուխը: — Չէ՛, — ասեց, — իմ մորից ես մի հետ եմ էլել: Ձին կապեց դռնիցը ու նի մտավ նեքսև: Գնաց տեհավ Հուրի թաքավորի տղեն օթախըմը ժնջլով ղայիմ կապած ա:

Ժնջիլը ետ արուց, ասեց.— Դե՛ արի էթանք, հասցընեմ քու հորը:

Վեր էկավ թաքավորի տղեն, նի էլավ ձին, քշեցին: Էկան հասան քաղաքին մոտիկ, էտ թաքավորի տղեն ասեց. — Ա՛յ տղա, որ ինձ տանես հորս կուշտը, կասես պուճուր ախչիկդ եմ ուզըմ, մըն էլ մատիդ մատանիքը:

Էկան տուն: Հերը, մերը, քվորտանքը փաթըթվեցին տղին, լաց, էլան:

Թաքավորն ասեց. — Ուզա՛ տամ, որթի՛:

Ասեց. — Քու ջանի սաղութունը:

Ասեց. — Ուզա՛, ուզա՛:

Ասեց. — Ուզըմ եմ քու պուճուր ախչիկը, քու մատի մատանիքը, տասնըմին հատ էլ թաս:

— Տվի, տա՛ր, խերը տենես:

Օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղին ու ախչըկան պսակեցին, տարան դրին մի օթախ: Տղեն հանեց թուրը, դրուց մեչտեղ:

Ախչիկն ասեց,— Ինձ հավան չե՞ս, թե իմ հորը, որ թուրդ դրիր մեր մեչտեղը:

Ասեց. — Ախար իմ քառսուն ախպերն ա բռնված:

Հ'աոավոտը վե կացան, տասնըմին թասը առան, գնացին իրանց հ'երկիրը: Տարավ էտ ախչիկը իրենց տանը վե դրուց, հերը մնաց զարմացած, հ'ինքը գնաց թաքավորի կուշտը, հանեց տասներկու թասն էլ դրուց թաքավորի հ'առաչը:

Կանչեցին ջհուդին. — Հ'արի տենենք քու թասը ո՞րն ա, ճանանչի:

Ջհուդը որը վե կալավ, տեհավ մինը մնիցը լավ, հ'իմացավ ոչ ո՞րն ա հ'իրանը:

Թաքավորը տեհավ, որ ծռնութունը ջհըդըմն ա, բերիլ տվուց քառսուն ախպորը, մեր ղասաբին[4] կանչեց կուշտը, քոմմա ջհըդներին քամեց, քոմմեքին էլ ղիմա-ղիմա արուց: Նազրի մինը թաքավորին ասեց. —Էտ տղի հետ մի ախչիկ էլ էկավ, հլա կանչա տես:

Հ'ինքն էլ ծեր թաքավոր էր, ժառանգ էլ չուներ, կանչեց էտ ախչկան, տեհավ՝ մաթալ մնաց, ձեռ ու ոտը գեննից կտրվեց:

Ասեց. — Ախչի ջա՛ն, ու՞մ ախչիկն ես:

Ասեց. — Հուրի թաքավորի:

— Էս տղին առե՞լ ես:

— Առել եմ:

— Կուս անարա՞տ ես:

Կանչեց ժողովրթին, ասեց.— Ես իմ հոժար կամքով իմ թաքավորութունը տալիս եմ էս տղին, հոժա՞ր եք:

Բիրադի գոռացին. — Հոժար ենք: — Հ՚իրա մատի մատանիքը հանեց, դրուց տղի մատը:

— Որ էս թաքավորութունը ինձ տվիր, ես էլ էս թաքավորի մատանիքն եմ բախշում քեզ, — ասեց տղեն, ու Հուրի թաքավորի մատանիքը տվուց թաքավորին:

Տղեն դառավ թաքավոր, էտ քառսուն հարամուն էլ շինեց նազիր, վազիր:

Նրանք հասան հ'իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Երկնքից իրեք խնձոր վե ընկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողին:


  1. Փոքրիկ կուժ,(ծանոթ. բանահավաքի)
  2. անգամ,(ծանոթ. բանահավաքի)
  3. կաթեց, (ծանոթ. բանահավաքի)
  4. Դահիճ, (ծանոթ. բանահավաքի)