Առօրյա զրույցներ
1
ՆԱԽԿԻՆ ԱԶԳԱՍԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Ձեզանից շատերը չգիտեն, թե վիպասանները երբեմն ի՞նչ տարօրինակ նախապաշարումներ են ունենում։ Մարդկային սրտի խորքը թափանցելու անժույժ ցանկությունը շատ անգամ նրանց մոլորության ծայրն է տանում։
Բայց արի տես, որ նրանցից ոչ ոք չէ խոստովանում տյդ։ Այս մասին ես հաճախ վիճել եմ իմ լավ բարեկամ և, միևնույն ժամանակ, երդվյալ վիպասան պարոն Սեղբոսյանի հետ. բայց և այնպես, չեմ կարողացել համոզել նրան։
— Մենք հոգեբաններս (նա միշտ այդ անունն է տալիս իրան), սխալվել չենք կարող,— ասում է նա,— որովհետև երկնքից տված է մեզ շնորհ՝ գուշակելու այն ամենը, ինչ որ կատարվում է մարդկային սրտի ծածուկ խորշերում։ Մի քաղցր ժպիտ, մի կրակոտ հայացք, մի թույլ դիմախաղ... և գաղտնիքների վարագույրը բացված է մեր առաջ... թող ոչ ոք չփորձե մեզ խաբել կամ մեր հայացքը մոլորեցնել։ Մենք գիտենք թե ով է երջանիկ և որի սրտումն է դարանում դժոխքը...
Այս համոզմունքն ունենալով յուր մասին, պ. Սեղբոսյանը շատ անգամ տարօրինակ եզրակացություններ է հանում ամենապարզ իրողություններից։ Այսպես օրինակ, եթե պատահում է մի տիկնոջ, որ տխուր և մտախոհ գնում է յուր ճանապարհով, նա իսկույն կանգ է առնում փողոցի մեջ և ցուցամատը դնում ճակատին: [ 26 ]— Այս կինը վիշտ ունի... այո՛, ծանր և, գուցե, անբուԺելի վիշտ։ Նրա մասին մենք պարտավոր ենք մտածել և գրել...:
Այս ասելով պ. Սեղբոսյանը կամաց ֊ կամաց հետևում է տիկնոջը, հուսալով թե՝ շուտով նրա դեմքի վրա պիտի կարողանա կարդալ երևակայած վիշտը և հյուսել նրանից մի գորովաշարժ «պատկեր»։
Բայց տիկինը, որ հասարակ մահկանացուներից մինն է լինում, հասնում է տուն սովորական կարգով ու քայլերով, դեմքի միատեսակ արտահայտությաշմբ և առանց հետաքրքրվելու պ. Սեղբոսյանի անձնավորությամբ, մտնում է ներս և դուռը փա կում։
Վիպասանը չկարողանալով «վիպական» մի գյուտ անել տիկնոջ «տխուր» դեմքի վրա, համոզվում է, որ նա անշուշտ պատկանում է հասարակ դասակարգին և ուրեմն զուրկ է «վիպական վիշտ» ունենալու առավելությունից։ Այս պատճառով զղջալով, որ տիկնոջ նկատմամբ քնքուշ զգացմունքներ է տածել՝ վերադառնում է յուր տեղը՝ առանց այլևս նրա մասին մտ ածելու։
Պատահում է երբեմն, որ նա հանդիպում է մի արբեցողի: Բաքոսի երկրպագուն փող է խնդրում իրանից մի բաժակ «կենաց ջուր» վայելելու համար։
Վիպասանը փոխանակ պապակող բերանին «կենարար արբեցումն» մատուցանելու, դարձյալ մատը դնում է ճակատին.
— Օ՜, վիշտը, դառը և ողբերգական վիշտն է այն մարդուն մղել դեպի արբեցություն... և այդ վիշտը, հարկավ, կապ է ունեցել մի դժբախտ սիրո, կամ անդարձ կորած մի երջանկության հետ... մտածում է նա և ապա նրբազնին հոգեբանին վայել կարեկցությամբ մոտենում արբեցողին։
— Բարեկամ, որքա՞ն ժամանակ է, որ դժբախտ ես դու,— հարցնում է նա։
— Դժբա՞խտ... ո՞վ ասաց քեզ, թե դժբախտ եմ ես,—բացականչում է արբեցողը զարմացած։
— Ե՛ս։
— Իսկ դու ո՞րտեղից գիտես: [ 27 ]— Այնտեղից, որ ահա տեսնում եմ քեզ արբած։
— Հա՛, հա՛, հա՛. մի՞թե ուրեմն արբելը դժբախտություն է,— հարցնում է խոսակիցը ծիծաղելով...
— Անշուշտ։
— Իսկ դու չե՞ս արբում։
— Երբեք։
— Օ՜ , որքա՜ն թշվառ ես։ Կնշանակե կյանքիդ մեջ բնավ երջանիկ ժամեր չես վայելում...
— Դու ուրեմն երջանի՞կ ես զգում քեզ․— հարցնում է վիպասանը խորամանկությամբ, և, իբր թե, թափանցելով որոնած գաղտնիքների մեջ։
Անշուշտ, երբ հոգնում եմ սովորական կյանքից, կամ ձանձրանում քեզ նման մարդկանց զրույցներից, ես դիմում եմ իսկույն գինետուն։ Բարերար թագավորի մեզ տված ազատության շնորհիվ՝ դեռ գինետունը չհասած՝ ես գոռում եմ փողոցից.
— Է՛յ, բարեկա՛մ, լցրու բաժակն անմահական ջրով, այսօր պիտի խմեմ բոլոր հիմարների կենացը... Եվ ես տեսնում եմ թե ինչպե՜ս խնամքով բացվում է տակառի ծորակը, ի՜նչ անուշ ձայնով, մաքուր փրփուրով, և պղպջալով լցվում է բաժակը... Ես մոտենում եմ տակառին ջերմեռանդությամբ. ձեռքս եմ առնում օղին... Ոչ երկնային ցողը և բացականչում. «Ո՜վ հիմարներ, դուք, առանց որոնց կյանքը չունի ոչ մի հրապույր, առանց որոնց իմաստունը չի կարող յուր արժեքը չափել, ապրեցեք աշխարհում այնքան, մինչև որ հավասարությունը տիրե երկրի վրա, այսինքն, մինչև որ իմաստունները համոզվեն թե՝ ոչնչով ավելի չեն իրանց հիմար եղբայրներից... Եվ ես բարեկամ, խմում եմ այդ ժամանակ ձեր թանկագին կենացը»։
Պ. Սեղբոսյանը անհանգիստ շարժումն է անում և, մինչև անգամ, շառագունում։
— Բայց ի՞նչ երջանկություն ես զգում դու այդ կենաց բաժակը դատարկելով,— հարցնում է նա, սակայն, փիլիսոփա արբեցողին։
— Այն, որ մի քանի այդպիսի կենացներ դատարկելուց ետ՝ գտնում եմ ինձ հավասար ոչ միայն ձեզ, որ անշուշտ [ 28 ]իմաստուններից մինն եք, այլև պ. Մարկոսովին, որ քաղաքի առաջին հարուստն է։ Եվ ահա այդ հավատը երջանկացնում է ինձ։
— Բայց դա խաբուսիկ երջանկություն է։
— Դա է իսկական երջանկությունը, որովհետև դրա հետ հոգսեր չեն կապված։
— Հոգսե՜ր... ա՜, դու ուրեմն վախենում ես հոգսերից,— բացականչում է Սեղբոսյանը, իբր մեծ գյուտ անելով... Դեհ, բարեկամ, այժմ խոստովանիր, որ հոգսերն են քեզ արբեցություն մղել. և առաջին հոգսդ անշուշտ, կորած սիրո պատճառով է եղել։
— Ես աշխարհում ունեցել եմ միայն մի սիրուհի — օղին, և նա ինձ երբեք չի դավաճանել, — պատասխանում է արբեցողը լրջությամբ։
— Անկարելի է. մի՞թե դու ոչ մի կին չես սիրել։
— Կի՞ն... ինչի՞ համար սիրեի։ Աշակերտությանս ժամանակ մեր վարժապետն ասում էր թե՝ աշխարհի առաջին կինը, Եվան, խաբել է Ադամին, մեր խեղճ նախահորը, և պատվիրում էր մեզ հեռու լինել կանանցից։ Այդ օրից ահա ես չեմ մոտեցել նրանց։
Սեղբոսյանը տեսնելով, որ արբեցողի մեջ էլ չի գտնում «վիպական վիշտ», հեռանում է։ Բայց և այնպես նա յուր հույսը չի կորցնում, որ երրորդ կամ չորրորդ պատահողի մեջ պիտի գտնե անշուշտ որոնածը և նրանից հյուսե ցանկացած «պատկերը»։
Այս էր պատճառը, որ մի երկու շաբաթ առաջ նա շտապ-շտապ քաշում էր իմ զանգը։
— Հա՞, ի՞նչ ունիս Սեղբոս աղբար, հուզված ես երևում,— հարցրի ես նրան դուռը բանալով։
— Օ՜, վշտեր, վշտեր... աշխարհը լի է նրանցով,— բացականչեց բարեկամս և ներս վազեց դեպի տուն։ Ես հետևեցի նրան։
— Հա, ի՞նչ նոր գաղտնիք է բացվել.— հարցրի հետաքրքրությամբ և նստա վիպասանի հանդեպ։
— Գաղտնի՞ք... այո՛, լավ ասացիր, իրավ որ գաղտնիք» իսկական և զարհուրելի գաղտնիք... բայց թույլ տուր որ [ 29 ]շունչ առնեմ, ես հոգնած եմ. բոլոր ճանապարհը անցել եմ խորասուզված, մտածողության և հոգեկան վրդովմունքների մեջ... Օ՜հ, աստված իմ։ Ինչո՞ւ աշխարհը լցրել ես ունայնությամբ, ինչո՞ւ երջանկությունը դարձել է փախստական, կամ ճիշտն ասած՝ աներևույթ մի գաղափար...
Այս ասելով պ. Սեղբոսյանը հանեց թաշկինակը, սրբեց քրտնաթոր դեմքն ու ճակատը և ապա մեջքը թիկնաթոռին հենելով՝ շարունակեց.
— Երբեք չէի կարծիլ թե՝ վիշտը կարող է մարդկային հոգին այդպես այլանդակել... թե նա կարող է սրտեր քարացնել, զգացմունքներ մեռցնել... բայց, nil admirari![1] չի պիտի զարմանանք, ամեն բան կարող է պատահել աշխարհում։
— Ի՞նչ է պատահել, չե՞ս կարող ասել,— հարցրի ես անհամբերությամբ։
— Ինչո՞ւ չէ, բայց թող որ շունչ առնեմ... և դու սովորիր մի քիչ համբերել. Rien ne sert de courir[2]. Ես լռեցի։ Մի քանի րոպեից ետ պ. Սեղբոսյանը շարունակեց.
— Ճիշտ որ աշխարհում չկա ոչինչ հաստատուն, ամեն ինչ անցողական է. ծառերը չորանում, ծաղիկները թառամում ծնվածները մեռնում են։ Ավա՜ղ բնության օրենքն է այդ tout passe, tout casse, tout lasse[3] ... Բայց ինչո՞ւ արդյոք առաքինին՝ մոլի, ազնիվը՝ անարգ և ազգասերը՝ ազգատյաց է դառնում, դա անբնական փոփոխություն է։ Նյութապես հարուստը կարող է աղքատանալ, իսկ բարոյապես հարուստը ինչո՞ւ պիտի յուր գույքը կորցնե...։
— Ո՞ւմ մասին է խոսքդ,— ընդհատեցի ես։
— Պարոն Մարջանյանի. ճանաչո՞ւմ ես դու նրան։
— Ինչպե՞ս չէ. նա մեր հայտնի ազգասերն է, ո՞վ չի ճանաչիլ նրան,— պատասխանեցի ես։
— Հա՛, ուրեմն ամենքն են ճանաչում։ Ութսունական թվականներին, հիշում եմ, նա մեր նշանավոր գործիչներից [ 30 ]մինն էր, եթե չասեմ առաջինը։ Չկար մի ազգային գործ, որին նա չմասնակցեր, կամ որի օգտին եռանդով չաշխատեր. չկար մի ժողով, որին ներկա չլիներ, կամ ազգային մի ճաշ, ուր չճառախոսեր, չոգևորվեր և չոգևորեր։ Այդպե՞ս է, թե՞ ոչ:
— Այդպես է։
— Բայց ի՞նչ է դարձել այժմ նա, կարո՞ղ ես երևակայել։
— Ի՞նչ է դարձել, կարծեմ նույն մարգն է ինչ որ առաջ:
— Սխալվում ես. չարաչար սխալվում. նա այժմ փոխվել, այլանդակվել է. դու այլևս չես ճանաչիլ նրան։ Այսօր պատահմամբ խոսեցի նրա հետ մի քանի վայրկյան, ե. տեր աստված, ապշեցա, սառեցա...
— Ի՞նչ է պատահել։
— Ասում եմ՝ չես կարող երևակայել։
— Լավ չեմ երևակայիլ, բայց ասա որ իմանամ:
— Սերը, բարեկամ, սարսափելի բան է. գիտե՞ս թե ոչ:
— Ոչ չգիտեմ։
— Լավ է որ չգիտես, ուրեմն չես տանջվիլ մեզ, թշվառ հոգեբաններիս նման... Այո. սերը սարսափելի Է, բայց սիրուց առաջացած վիշտը՝ զարհուրելի։ Այնսպե՞ս է, թե ոչ:
— Չգիտեմ։
— Ավելի լավ, բախտավոր ես։
— Բшյց դու Մարջանյանի մասին էիր խոսում, մոռացա՞ր,— հարցրի ես։
— Ոչ. և ինչպե՞ս կարող եմ մոռանալ։ Այո, խոսում էի Մարջանյանի մասին, և դեռ երկար պիտի խոսեմ, հատորներ պիտի գրեմ... Այս դեպքի համար չէ ասված օ, tacuisses, philosophus mansisses![4] ընդհակառակը, խոսելով պիտի ցույց տամ աշխարհին, թե ի՞նչ սարսափելի բան է սերը, թե ինչպես պետք է փախչել նրանից և մանավանդ թե՝ սիրուց առաջացող վշտերից... Եվ թող ընդդիմախոսեն ինձ. դատափետեն իմ գրվածքը. կռվեն, պայքարեն, վնաս չունի. Vivere militare cst[5]. ես սիրում եմ առաջ գնալ կռվելով և Վոլտերի պես ասել հպարտությամբ՝ ma vie est սո combat[6]... [ 31 ]— Բայց ի՞նչ է պատահել, սիրելի բարեկամ, ասա վերջապես, համբերությունս հատավ,— ընդհատեցի ես, գրեթե բարկությամբ։
— Ա՛յն, որ մեր Մարջանյանը, մեր երդվյալ ազգասերը, մեր բարեգործական ընկերությունների աստղը ընկել, մեռել, խավարել է հավիտյան։
— Այլաբանությունները թող, իրողության մասին խոսիր։
— Քանի օր առաջ գրագետների մի ժողովում խոսք բացվեցավ նրա մասին։ Ասացին թե՝ վաղուց է ինչ դադարել է ազգային գործերով զբաղվելուց, թե այլևս չէ հաճախում ընկերական ժողովներ, չէ մասնակցում այդ հիմնարկության օգտին տրվող ներկայացման կամ երեկույթներին, չէ ընդունում յուր տանը հին ընկերներին, որոնք ոչ այլ ոք էին, եթե ոչ զտարյուն ազգասերներ և ազգային գործիչներ, միով բանիվ, թեպետ ապրում է Թիֆլիսում, բայց կարծես փակված է բանտի մեջ. դուրս է գալիս տանից միայն երեկոները և ծանոթի կամ բարեկամի պատահելուց աշխատում է խույս տալ նրանցից... Այս ամենը, արդարև ինձ տարօրինակ թվացին։ Այդպիսի մի վառվռուն, եռանդոտ և անձնվեր գործ չի հասարակական ասպարեզից հանկարծ հեռանալը՝ չէր կարող կապ չունենալ որևէ մի խորհրդավոր, մի mysterieux գաղտնիքի հետ... Այդպե՞ս է թե ոչ։
— Չգիտեմ. գուցե։
— Այո՛, այդպես է։ Եվ ես իմ ընկերներին առաջարկեցի լուծել այդ հարցը։
— Ի՞նչ հարց։
— Թե արդյոք պ. Մարջանյանի այդ տարօրինակ վարմունքը կապ ունի՞ մի խորախորհուրդ գաղտնիքի հետ, թե՞ ոչ։
— Հետո՞։
— Այդ հարցը չկարողացան լուծել իմ ընկերները, չնայելով որ դրանք բոլորն էլ պատկանում էին հոգեբանների կարգին։
— Վե՞րջը։
— Ես լուծեցի, այսինքն նախ գուշակեցի և հետո հասու [ 32 ]եղա որ արդարև պ. Մարջանյանը հեռացել է ազգային գործերից մի սարսափելի, մի զարհուրելի գաղտնիքի պատճառով:
— Ի՞նչ գաղտնիքի,— վախեցած հարցրի ես:
Պ. Սեղբոսյանը վեր կացավ տեղից և մոտենալով ինձ՝ կամացուկ շշնջաց ականջիս, (թեպետ ինձանից և իրենից զատ ոչ ոք չկար սենյակում)։
— Ընտանեկան, բարեկամ, ընտանեկան։
— Այսի՞նքն,— հարցրի ես հետաքրքրությամբ։
— Բոլոր փաստերն ապացուցանում են, որ նա հեռացել է հասարակական ասպարեզից՝ ամուսնանալուց մի, թե երկու տարի հետո։
— Ի՞նչ է նշանակում այդ:
— Ի՞նչ է նշանակում... օ՜. դժվար է ձեզ, հասարակ մահկանացուներիդ համար թափանցել գաղտնիքների այն աշխարհը, որին մենք, հոգեբաններս, տիրապետում ենք երկնքից մեզ տրված շնորհների շնորհիվ։
— Այդ իմացանք. բայց ի՞նչ ընտանեկան գաղտնիք է այդ, որը սարսափելի, զարհուրելի ես անվանում դու։
— Պարոն Մարջանյանը դժբախտ է յուր սիրո մեջ. Ամուսնությունը նրան բերել է ոչ թե արքայություն, այլ դժոխք...
— Ո՞րտեղից գիտես այդ։
— Ո՞րտեղից... ա՜. այդ հարցին չեն պատասխանում վիպասանները։ Նրանք միայն ասում կամ գրում են։
— Ի սեր աստուծո մի՛ գրգռիր երևակայությունդ, այդպիսի բան ես դեռ չեմ լսել ոչ ոքից:
— Բայց ինձանից լսում ես։
— Դու երևակայում ես։
— Ոչ, ես ինքս տեսնվեցա պ. Մարջանյանի հետ։
— Եվ հարցրիր նրան այդ խնդրի մասի՞ն,— զարմանալով բացականչեցի ես։
— Իհարկե ոչ. մենք՝ հոգեբաններս, այդպիսի անհամեստ հարցեր չենք անում, մենք միայն պարզ կերպով խոսում ենք, բայց և զրույցի միջոցին կարդում ենք մեր խոսակցի սիրտը, առանց որ նա այդ իմանար։
— Եվ ուրեմն ի՞նչ կարդացիր Մարջանյանի սրտում: [ 33 ]— Մի՛ շտապիր, բոլորը կլսես:
— Բայց ախր դու իմ համբերությունը հատցնում ես։
— Մի շտապիր ասում եմ. chi va piano, va sano, chi va sano, va iontano[7] առածները ճշմարտություններ են պարունակում իրանց մեջ, պետք է լսել նրանց։
Քիչ էր մնում, որ գլխարկս առնելով դուրս գնայի սենյակից։ Բայց ի՞նչ արած, գտնվում էի իմ տան մեջ. հետևապես անքաղաքավար չգտնվելու համար, պարտավոր էի համբերությունս կրկնապատկել։
— Այո՛, տեսնվեցա Մարջանյանի հետ և խոսեցի,— շարունակեց պ. վիպասանը.— նա շատ դժվարությամբ էր վարագուրում յուր ներքին վյիշտը։ Իմ հարցին թե՝ պ. Մարջանյան, ինչո՞ւ այլևս չեք զբաղվում ազգային գործերով. նա պատասխանեց.— «է՜հ, բարեկամ, ես շատ եմ գործել, այժմ թող ուրիշները գործեն...»։ Բայց եթե տեսնեիր թե՝ այդ խոսքերը ի՞նչ տխուր ձայնով արտասանվեցան. եթե տեսնեիր թե՝ ի՞նչ դառը ժպիտ խաղաց այդ վայրկենին նրա շրթունքի վրա, այն ժամանակ Օվիդիոսի պես կասեիր թե արդարև littore quot conchae, tot sunt in amore dolores:[8]
— Ախր, տեր աստված, ի՞նչ ունի սերը այդ գործի մեջ.բացատրիր վերջապես—բացականչեցի ես անհամբերությամբ։
— Ա՜, այդտեղ է իսկապես գաղտնիքը, որ անհասկանալի է մնում հասարակաստեղծ մարդուն։ Եթե պ. Մարջանյանը խաբված չլիներ սիրո մեջ, եթե ամուսնությունը դժոխք չբերեր նրա տունը, այն ժամանակ, բնականաբար, նա ավելի եռանդով, սիրով ու անձնվիրությամբ կշարունակեր զբաղվիլ ազգային գործերով և դեռ ամուսնուն էլ գործակից կաներ իրան: Բայց որովհետև տխուր հիասթափության պատճառով նրա սիրտը կոտրվել, հույսերը փշրվել և իդեալները ցնդել են օդի մեջ, ուստի նա առայժմ դարձել է ոչ միայն հոռետես, այլև անտարբեր դեպի ամեն մի քնքուշ և գաղափարական զգացմունք...» [ 34 ]— Բայց դու այդ բոլորը ինչի՞ց ես ենթադրում,— զարմանալով հարցրի ես։
— Հենց այն մի քանի խոսքերից, որ նա արտասանեց. ապա նրա դեմքի տխրությունից և վերջապես այն վարմունքից, որ նա հանկարծ ու առանց որոշ պատճառի հեռացել է յուր սիրած ազգային գործերից:
— Շատ տարօրինակ և կարի անխորհուրդ եզրակացության ես եկել. եթե քո բոլոր գրվածքների մեջ էլ դու այդպիսի ենթադրություններով ես առաջնորդվում, վայ մեր ընթերցողների գլխին,— ասացի ես բարեկամիս։
— Այդպիսի բարակ, նուրբ հոգեբանական խնդիրների մասին խոսելն ու դատելը բնավ քո գործը չէ,— նկատեց պ. վիպասանը.— Շուտով ես ահա՛ կգրեմ այս դեպքի մասին և իմ գրվածքը կարդալուց հետո միայն կհամոզվես, որ իմ հայացքները ավելի քան correct են։
— Ի՞նչ պիտի գրես,— հարցրի ես։
— Վեպ. գեղեցիկ, ընդարձակ վեպ, որի հերոսը պ. Մարջանյանը, իսկ հերոսուհին նրա կինը պիտի լինի։
— Ի սեր աստծու, այդպիսի հիմարություն չանես։ Ի՞նչ գործ ունիս դու մարդկանց ընտանեկան գաղտնիքների հետ, նամանավանդ որ դու քո համոզմունքները հիմնում ես լոկ ենթադրության վրա։
— Անկարելի է, պիտի գրեմ, հրաշալի նյութ է սա. ափսոս է, որ այն ուրիշ գրողները հափշտակեն, մանավանդ, հետադեմ բանակին պատկանողները։
— Թո՛ղ այդ զառանցանքը․ ուրիշ տեղ որոնիր քո վեպերի նյութը,— նկատեցի ես ավելի լրջությամբ։
— Անկարելի է, ասում եմ քեզ, պիտի գրեմ, ողջ աշխարհը պիտի հուզեմ, si c՛est possible, c’est fait, si c’est inpossible cela se fera![9],— բացականչեց պ. վիպասանը այնպիսի եռանդով, որ աչքերի մեջ, մինչև անգամ, կրակի պես մի բան ցոլաց։
Ի՞նչ մեղքս թաքցնեմ. ես միշտ այն կարծիքին եմ եղել, [ 35 ]որ իմ այդ բարեկամի ուղեղի ծալքերում մի ինչ-որ թերություն կա և սիրել եմ նրան ոչ թե յուր խելքի, այլ լավ սրտի համար: Այդ պատճառով էլ միշտ աշխատել եմ ետ կասեցնել նրան անզգույշ քայլերից: Բայց որովհետև այդ օրը նրա երևակայությունը ավելի քան գրգռված էր և ես, ընդդիմախոսելով կամ հակառակելով չպետք է համոզեի նրան՝ թողնել յուր դիտավորությունը, իսկ եթե նա սկսեր այդ նյութի վրա գրել, պետք է ուրեմն և տպագրել տար, (որովհետև գրողներն առհասարակ որքան էլ հիմար բաներ լինին գրած, դարձյալ ցանկանում են, որ ուրիշները կարդան իրանց գրվածքը), իսկ այդ բանն, իհարկե, կարող էր Մարջանյանի պատիվը շոշափել, ուստի ես որոշեցի մի ուրիշ հնարքով ետ դարձնել վիպասանին յուր դիտավորությունից:
— Դու ծանոթ ես Մարջանյանի կնոջ հետ,— հարցրի ես նրան:
— Ոչ. բայց կցանկանայի ծանոթանալ,— պատասխանեց վիպասանը:
— Այո՛, բայց քանի որ որոշել ես այդպիսի բան գրել, անհրաժեշտ է, որ քո հերոսուհուն ուսումնասիրես,— ասացի ես:— Արի ուրեմն տանեմ քեզ նրա մոտ և հետը ծանոթացնեմ, նա թեպետ իմ հեռավոր ազգականուհին է, բայց այցելում է մեզ հաճախ, մենք լավ բարեկամներ ենք. նա գոհ կլինի հայ վիպասանի հետ ծանոթանալով.
Բարեկամս վեր թռավ տեղից և վազելով փարեց իմ պարանոցին:
— Ահա՛ թե ինչպես պետք է ոգևորել վիպասանին...— բացականչեց նա ուրախությամբ,— merci, mon cher, grand merci! քո այդ բարիքը ես չեմ մոռանալ իմ կյանքում. և, եթե ցանկանաս, նույնիսկ իմ վեպի առաջաբանում ակնարկ կանեմ այդ մասին...
— Չէ, ակնարկ հարկավոր չէ. գնանք, ես քեզ կծանոթացնեմ իմ ազգականուհու հետ,— պատասխանեցի ես:
Իմ դիտավորությունը, իհարկե, այն էր, թե պ. Սեղբոսյանը ծանոթանալով այդ կնոջ հետ, գուցե, յուր խոսակցության միջոցին, լսե նրանից այնպիսի խոսքեր, որոնք համոզեն [ 36 ]իրեն, թե արդարև ինքը սխալված է։ Բայց դժբախտարար, իմ հույսը չարդարացավ։
Հետևյալ օրը մենք պ. Մարջանյանի տանն էինք: Մեզ ընդունեց ինքը տիկինը, որովհետև ամուսինը բացակա էր։
Դեռևս հեռվից նկատելով տիկնոջը. պ. Սեղբոսյանը կամացուկ բացականչեց.
— Quelle charmante!
— Բայց երբ ծանոթացրի նրան ազգականուհուս հետ. սկսավ քաղաքավարությամբ բացատրել թե. ի՞նչ մեծ պատիվ է համարում իրեն ծանոթանալ հայ ազգի մեջ յուր անկեղծ հայրենասիրությամբ հայտնի պ. Մարջանյանի «շնորհաշուք» և «ազնվամեծար» ամուսնու հետ, թե ինչպե՜ս վաղուց փափագում էր վայելել այդ ուրախությունը, սակայն հանգամանքները չէին Ներում և այլն և այլն։
Տիկին Մարջանյանը, որ մանկամարդ, շնորհաշուք և կարի գեղեցիկ մի կին էր, ուներ նաև լավ խոսելու և զբաղեցնելու ընդունակություն։ Պ. վիպասանը մի առ ժամանակ գրավվեցավ նրա զրույցներով և, կարծես, մռոացել էր թե ի՞նչ նպատակով է այցելել տիկնոջը։ Ես ուրախացա. և հավատալով թե Սեղբոսյանի «հոպոպները» անցել են արդեն, վերցրի սեղանի վրայից ալբոմը և սկսա մեջը եղած պատկերները նայել։ Մի փոքր ժամանակ մտքերս գրավվեցան այդ պատկերներով։
Չգիտեմ ի՞նչն էր տեղի տվել, մեկ էլ հանկարծ լսեցի պարոն Սեղբոսյանի մի տարօրինակ հարցը.
— Տիկին, դուք սիրո՞ւմ եք ձեր ամուսնուն։
Ես դեն դրի իսկույն ալբոմը և աչքերս հառեցի վիպասանի վրա։ Նա չէր նայում ինձ. որովհետև տիկնոջ ուրախ ծիծաղը գրավել էր նրան։
— Ինչպես թե սիրում եմ. հապա կինը յուր ամուսնուն չի՞ սիրիլ, — քաղցր ժպտալով նկատեց տիկինը։
— Ինչո՞ւ եք զարմանում. շատերը չեն սիրում,— պատասխաննեց Սեղբոսյանը։
— Եվ շատ վատ են անում։ Բայց ես սիրում եմ, շատ եմ սիրում։ Եվ թեպետ չպետք է ձեզ ասեմ, բայց որ հարցնում, եք, ասում եմ, իհարկե սիրում եմ: [ 37 ]Ես աչքերով, հոնքերով նշաններ էի անում, որ Սեղբոսյանը այդպիսի հիմար հարցեր չանե, բայց նա անուշադիր դեպի ինձ, զբաղված էր տիկնոջով և նայում էր նրա վրա, ինչպես մի բժիշկ, որ պատրաստվում է անդամատել յուր հիվանդին։
— Իսկ ձեր ամուսինը սիրո՞ւմ է ձեզ,— հարցրեց նա նորեն և աչքերը հառեց տիկնոջ վրա։
Վերջինս դարձյալ քահ-քահ ծիծաղեց և զգացած զվարճությունից շառագունած պատասխանեց.
— Ոչ միայն սիրում, այլև պաշտում է, նա խելագարված է ինձ վրա։
Այդ խոսքերը, ըստ երևույթին գրգռեցին պ. Սեղբոսյանին։ Նա անպատճառ կամենում էր, որ հակառակ և յուր ենթադրությունները արդարացնող պատասխաններ լսեր տիկնոջից, ուստի ինքն իրան հաշիվ չտալով նկատեց.
— Այդ ամենը, տիկին, ես տարօրինակ եմ գտնում. անկարելի է, որ այդ այդպես լինի... այստեղ հակասություն կա... կամ գաղտնիք...։
— Ի՞նչ հակասություն, ի՞նչ գաղտնիք, պ. Սեղբոսյան, ես ձեզ չեմ հասկանում, մի՞թե ճշմարիտ չէ որ ես սիրում եմ իմ ամուսնուն, կամ թե սո՞ւտ է այն' որ նա պաշտում է ինձ,— ասաց տիկինը շարունակ ծիծաղելով։
— Ոչ, ո՛չ... բայց ինչի՞ համար... ճշմարիտ որ այս բոորը տարօրինակ է... ես կարծում էի թե...։
Տեսնելով, որ վիպասանը կորցրել է իրան և վախենալով թե՝ միգուցե ավելի մեծ մի հիմարություն անե, ես օգնության հասա իսկույն, խառնեցի նրանց խոսակցությունը և զրույցը անտարբեր նյութերի վրա դարձնելով՝ վերջավորեցի մի կերպ և դուրս տարա իմ հոգեբանին։
Երբ փողոց ելանք պ. Սեղբոսյանը նորեն յուր զառանցանքներն սկսավ։
— Տեսա՛ր, բարեկամ․ իմ կասկածները արդարացան,— ասաց նա ինձ.— թեպետ շատ ճարպիկն է քո այդ ազգականուհին, բայց և այնպես չկարողացավ իմ հոգու աչքերը փակել։ Քանի եղանակներով խոնարհեց «սիրում եմ» բայը, այդպես են անում բոլոր «ատողները»։ Եվ ի՜նչ կեղծ ծիծաղով [ 38 ]աշխատում էր թաքցնել յուր սրտի գաղտնիքը. այսինքն այն, ինչ որ կնճռում է խեղճ Մարջանյանի պատվասեր ճակատը...
— Դու էլի՞ զառանցում ես. ուրեմն չհամոզվեցա՞ր, որ իզուր ես կասկածում,— հարցրի ես բարկությամբ»:
— Ընդհակառակը, ավելի ամրացա իմ համոզմունքների մեջ: Մեր այս այցելությունը կավելացնե իմ վեպի մեջ մի քանի ուրիշ գլուխներ։
Պ. վիպասանի այս համառությունը այն աստիճան գրգռեց ինձ, որ ես որոշեցի ոտնահար անել ամեն պատշաճից օրենք և քարշ տալ նրան նորեն տիկին Մարջանյանի մոտ և, հայտնելով նրան գործի էությանը, խնդրել, որ հաճի բուժել մի բանով իմ խելագարին։ Այդ որոշումն արի նրա համար, որովհետև գիտեի, որ նման հանգամանքներում կանայք ավելի հնարագետ են լինում։
Երբ ես իմ միտքը հայտնեցի Սեղբոսյանին, նա ասաց.
— Ի՞նչ կարծիք կկազմե այդ կինը իմ մասին. արդյոք չի՞ ասիլ, թե խելագարին մեկն է սա...
— Ոչինչ չի ասիլ, գնանք, նա սրտաբաց կին է և կհասկանա ինձ, երբ ամեն բան բացատրեմ նրան անկեղծորեն։
Սեղբոսյանը մտածեց մի փոքր և ապա գլուխը վեր առնելով և հաստ ձեռնափայտը գետնին խփելով, ասաց.
— Գնանք, ես ոչ ոքից չեմ քաշվում։ Ես վիպասան եմ և ճշմարտություն եմ որոնում։ Թող թեկուզ դրա համար քարկոծեն ինձ մարդիկ. վաղուց հայտնի է, որ bonit honesta fert exitlum veritas[10]:
Այս ասելով, պ. Սեղբոսյանը քայլերն ուղղեց դեպի Մարջանյանի տունը։
Ազգականուհիս նախ զարմացավ մեզ տեսնելով. և ապա, երբ ես անկեղծորեն ամեն ինչ պատմեցի, չելնելով, իհարկե քաղաքավարության և պատշաճից օրենքի սահմանից, նա սկսավ սրտանց և երկար ծիծաղել։
Ապա դառնալով Սեղբոսյանին՝ ասաց.
— Ինչպե՞ս համոզեմ ձեզ, պ. վիպասան, որ ձեր ունեցած [ 39 ]կարծիքը հիմնովին սխալ է. չեմ կարող հավատ ներշնչել ձեզ զոռով, բայց...
Տիկինը լռեց մի վայրկյան և ապա, կարծես մի գյուտ անելով, բացականչեց:
— Սպասեցեք, սպասեցեք, ես իսկույն պիտի համոզեմ ձեզ։
Այս ասելով, նա վեր կացավ տեղից և մտնելով ընդունարանին կից սենյակը, սկսավ այդտեղ քրքրել մի գզրոց։
— Դու տիկնոջ երկար, իստերիկական ծիծաղը տեսա՞ր,— հարցրեց ինձ Սեղբոսյանը կամացուկ աչքերը խորախորհուրդ ինձ վրա հառելով...
— Տեսա, ի՞նչ կա։
— Դիմակ. կեղծիք... հասկանո՞ւմ ես. այդ ծիծաղի տակ թաքնված էր արտասուք...։
— Թող, ի սեր աստծու, դու արդեն չափը տարար,— նկատեցի ես բարկությամբ։
Այդ միջոցին մտավ տիկինը մի ծալած թուղթ ձեռին։
— Ես այնպիսի մի զորեղ փաստ պիտի ներկայացնեմ ձեզ, որ դուք միանգամից համոզվեք, թե մոլորված եք սաստիկ,— ասաց նա ժպտալով,— բայց նախ ազնիվ խոսք տվեք, որ այս մասին ոչ մի տեղ չի պիտի խոսեք ոչինչ։
— Je vous donne ma parole d’honneur[11],— բացականչեց վիպասանը՝ առանց հոգալու, թե տիկինը հասկանո՞ւմ է իրեն, թե ոչ.— այդպիսի դեպքերում ես ասպետ եմ, տիկին. կարող եք վստահանալ ինձ վրա։
— Առ, պարոն ազգական. կարդա՛ այս նամակը, ահա , այս պարբերությունը, մնացյալը մեր ընտանեկան գործերին է վերաբերում. կարդա ի լուր պարոն Սեղբոսյանի,— ասաց տիկինը և հանձնեց ինձ յուր ամսունու մի նամակը, որը վերջինս գրել էր կնոջը Բաքվից մի քանի ամիս առաջ՝ յուր այնտեղ գտնված միջոցին։
Պարբերությունը հետևյալն էր.
«Ինչ վերաբերում է քո այն հարցին թե՝ ինչու ես խորհուրդ չեմ տալիս քեզ շատ մոտենալ մեր ազգային գործերին։ [ 40 ]ու գործիչներին, որոնցից ինքս հեռացած եմ արդեն, դրա պատճառը, սիրելի Շուշիկ, այն է, որ ես չեմ կամենում վտանգել մեր փոքրիկ ու աննշան հարստությունը։ Ես առաջ աղքատ էի և ոչինչ չունեի ազգին նվիրելու, ուստի արձակ համարձակ աշխատում էի նրա օգտին, խլելով ուրիշներից զանազան նվերներ: Բայց երբ ամուսնացա՝ ամենքն իմացան, որ դու բերել ես քսան հազար ռուբլի օժիտ. եթե ես առաջվա նման սկսեմ մոտենալ ազգային գործերին, ստիպված պիտի լինեմ զոհել նույն ձևով, ինչ ձևով որ ես առաջարկում էի ուրիշներին՝ զոհել։
Բայց մենք զգույշ պիտի լինինք. մենք չենք կարող զոհել. դեռ որդիք պիտի ունենանք, ընտանիք պիտի կազմենք...»։
Կարծես մի ծանր հարված իջավ Սեղբոսյանի գլխին, փայփայած «վիպական գաղտնիքը» ցնդել էր օդի մեջ...
Նա վեր կացավ տեղից և ճակատի քրտինքը սրբելով՝ խոնարհությամբ ասաց.
— Mille pardon, madame[12]. ես սխալված էի։
Տիկին Մարջանյանը, որ յուր անունը վիպասանի ոգևորության նյութ չդարձնելու համար բարվոք էր համարել սիրած ամուսնու և «նախկին ազգասերի» գաղտնիքը մեզ հայտնել, ճանապարհ դրավ մեզ դարձյալ ժպտադեմ։
Երբ իջանք փողոց վիպասանն ասաց.
— Մեզ մեղադրում են թե՝ ինչու՞ վեպ չեք գրում մեր առօրյա կյանքից, ի՞նչ կարող ենք գրել, քանի որ մեր կյանքը աղքատ է այս աստիճան։ Հազիվ էի մի նյութ գտել, այն էլ ձեռքիցս խլվեցավ...։
2
Կաղապար:'''Կենտրոն Պարոն Մաստակյանի ճաշն անցավ ուրախ և առանց միջադեպի։ Բարի տանտիկինը, որ դեռ մի ժամ առաջ դողում էր թե՝ միգուցե յուր ամուսնու դյուրագրգիռ բնավորության [ 41 ]շնորհիվ անհաճո հետևանք ունենա սկսված վիճաբանությունը, և հյուրերից մեկն ու մեկը վիրավորվի այդ առթիվ, հանգիստ շունչ քաշեց՝ երբ ճաշը վերջացավ: Վեր կենալով տեղից և հյուրերից մի քանիսի շնորհակալությունն ընդունելով՝ նա առաջնորդեց բոլորին դեպի հովահար պատշգամբը։ Ապա խնդրելով ամուսնուն, որ քնքշությամբ վարվի հյուրերի հետ մինչև յուր վերադարձը, նա ներս մտավ տուն՝ սև սուրճի պատրաստության հրամանը տալու։
Բшյց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տասը րոպեից հետ վերադառնալով՝ գտավ ամուսնուն արդեն գրգռված։
— Ի՞նչ պատահեց սրան,— հարցրեց նա հյուրերին, ծիծաղելով։
— Վեճը նորոգվեցավ, տիկին, բայց այս անգամ իրավունքը ձեր ամուսնու կողմն է,— պատասխանեց մի երիտասարդ, որ թեպետ ազատամիտ, բայց ցանկանում էր պահպանողական Մաստակյանի համակրությունը գրավել։
— Ինչպե՞ս թե նորոգվեցավ. չէ՞ որ մենք փակեցինք այդ վեճը,— հարցրեց տիկինն անուշ ժպտալով։
— Այո, սիրելիս, փակեցինք,— դարձավ Մաստակյանը ամուսնուն,— բայց ինչպե՞ս փակեցինք։ Դուք բոլորդ համակերպեցիք երեք բանաձևի, առաջին՝ թե կանայք կարող են ամեն սրտի տիրել. երկրորդ՝ թե նրանք են իսկապես մեզ կառավարողը և երրորդ՝ թե ֆրանսիական այն առածը, որ ասում է՝ «Մարդը մտադրում է, իսկ աստված կարգադրում», պետք է փոխել այսպես՝ «Մարդը մտադրում է, իսկ կինը կարգադրում»։ Այդպե՞ս է, թե ոչ։
— Այո, այդպես է. հետո՞։
— Էհ, ես համաձայնվեցա ձեր առաջին բանաձևի հետ ըստ ամենայնի. երկրորդի համար՝ բացասաբար, իսկ երրորդը բոլորովին մերժեցի։ Այնպե՞ս է, թե ոչ։
— Այնպես է։
— Արդ՝ պարոն Միսակյանը ինձ առաջարկում է՝ տալ մի մարդու անուն, որի համար կարելի լինի ասել թե՝ կինը չի կարող նրա վրա ազդել կամ նրա մտադրությունները հեղաշրջել։ [ 42 ]— Էհ լավ, դու էլ տուր. ինչո՞ւ ես բարկանում,— նկատեց տիկինը ժպտալով։
— Տալիս եմ, ա՛յ կին, բայց չեն ընդունում, հակառակում են...
— Որի՞ անունն ես տալիս։
— Պետրոս Փուլշատյանի։
— Հա՛, մեր Փուլշատյանի։
— Այո՛, դու հո ճանաչում ես նրան։ Միթե կին արարածը կարո՞ղ է նրա վրա ազդել, ազդել այն աստիճան, որ նրա որոշումներն ու մտադրությունները խանգարե՞։
— Չգիտեմ, ես լավ չեմ ճանաչում Փուլշատյանին,— պատասխանեց տիկինը և սկսավ յուր ձեռքով բաժանել հյուրերին սուրճի գավաթները, որոնց ծառան մոտեցրել էր իրան արծաթե մատուցարանի վրա:
— Դու չես ճանաչում և խոստովանում ես. այդ լավ է. դրա համար կարելի է շնորհակալ լինել քեզ։ Բայց այս պարոնները և չեն ճանաչում, և պնդում են թե՝ նա մինն է այն մարզիկներից, որոնց կինը կարող է քարշ տալ յուր ետևից, ուր էլ որ կամենա։
— Դրանք իրենց կարծիքն են հայտնում. էլ ինչո՞ւ ես նեղանում։
— Ո՞նց չնեղանամ, այ կին, մի՞թե կարելի է չիմացած բանի համար վիճել...։
— Ես այդպես եմ ճանաչում Փուլշատյանին, իսկ եթե դու փաստեր ունիս, որոնցով կարող ես ինձ համոզել, թվիր այդ փաստերը։ Ես կփոխեմ իմ կարծիքը,— նկատեց Միսակյանը լրջությամբ։
— Փաստե՞ր, այս րոպեին, միայն թե համոզվես։
Այս ասելով տանուտերը նստեց սեղանի առաջ և յուր գավաթն առնելով՝ մի ումպ խմեց և ապա շարունակեց.
— Պարոն Փուլշատյանը, բարեկամ, օրինակելի մարդ է. կանայք նրա վրա այնքան կարող են ազդել, որքան քամին՝ ժայռերի վրա։ Նա ունի հաստատուն բնավորություն և երկաթե կամք, իսկ դրանք այնպիսի ուժեր են, որոնց դեմ մրցել չի կարող կինը, ոչ յուր նազերով և ոչ հրապույրներով։ Ապրելով և գործելով առևտրական աշխարհում, նա սովորել [ 43 ]է մանկությունից յուր շահերը խնամել, իսկ ով յուրացրել է այդ բնավորությունը, նա թույլ չի տալ կանանց մոտենալ իրեն, որվհետև նրանք թշնամի են, առհասարակ, «անհատական» կոչված մեր բոլոր շահերին։ Ունենալով հարաբերություն ամեն երկրների նշանավոր տների հետ, նա վաստակել է մեծ հավատարմություն, և ուրեմն նրա « այո»-ն այո է և «ոչը»՝ ոչ: Հետևապես, կինը չի կարող «ոչ» ասել տալ նրան այն բանի համար, որի մասին նա կանխավ ասել է «այո՜»։ Եթե դրա վրան էլ ավելացնենք այն, որ պ. Փուլշատյանը ոտք է դրել արդեն «վաթսունամյա» կոչված պատկառելի տարիքին, մի հասակ, որ մարդուն տալիս է փորձառություն և իմաստություն, որ վարժեցնում է նրան համբերության ու խոհեմության, որ չափավորում է բնական աշխույժն ու ցանկական կրքերը, այն ժամանակ արդեն կհամոզվեք թե, արդարև, Փուլշատյանի անունը տալով՝ ես մատնացույց եմ արել հենց այն տղամարդուն, որի վրա կինը չի կարող ազդել։ Իսկ այդպիսի տղամարդիկ շատ կան աշխարհում։
— Այսուամենայնիվ դուք առաջ չբերիք և ոչ մի փաստ. դուք միայն գովեցիք Փուլշատյանին, իսկ այդ չի կարող մեզ համոզել,— նկատեց Միսակյանը ծիծաղելով։
— Ի՞նչ. ուրեմն սրանք փաստեր չէին. ուրիշ ի՞նչ եք կամենում,— բացականչեց պ. Մաստակյանը այնպիսի մի տոնով, որ տանտիրուհին վախեցած թողեց յուր սուրճը և վազելով ամուսնու մոտ՝ խնդրեց նրան չափավորել յուր հուզմունքը։
Տիկնոջ միջնորդությունը անհետևանք պիտի մնար, եթե հյուրերից մինը, որ այդ րոպեին պատշգամբի մի կողմը քաշված՝ սև սուրճի փոխարեն՝ դեռևս կարմիր գինի էր վայելում և ընդնմին Հավաննայի սիգարը ծխում, օգնության չհասներ խաղաղասեր տանտիկնոջը։ Դա պարոն Արտոսյանն էր, տեղական լրագրերից մինի խմբագիրը, որ սիրում էր հաճախ կարդալ խմբագրական հոդվածներ յուր մտերիմների շրջանում:
— Որովհետև խնդիրը փաստերի վրա է, թույլ տվեք ինձ, պարոններ, ներկայացնել ձեզ մի իսկական փաստագիր,— [ 44 ]մեջ մտավ պարոն խմբագիրը, սիգարը կանխավ մոխրամանի կողքին դնելով և ձեռքը դեպի ծոցը տանելով։
— Փաստագի՞ր, ի՞նչ փաստագիր պիտի ներկայացնեք դուք,— հարցրեց նրան տիկինը սիրալիր ժպիտով։
— Այո՛, փաստագիր,— կրկնեց Արտոսյանր.— սա մի տարօրինակ զուգադիպություն է, որ, անշուշտ, պիտի զարմացնե ձեզ։ Այսօր առավոտ իմ աշխատակիցներից մինը հանձնեց ինձ մի ֆելիետոն, որ ամբողջապես նվիրված է պարոն Փուլշատյանին...
— Պարոն Փուլշատյանի՞ն. դա շատ զարմանալի է, — բացականչեց տիկինը։
— Այո՛, Փուլշատյանին։ Բայց որովհետև այս ֆելիետոնը չէի կամենում իսկույն տպագրել, ուստի տպարան էլ չուղարկեցի։ Այժմ ես կկարդամ այն ձեր առաջ և դուք կգտնեք նրա մեջ մի զորավոր փաստ, որ կապացուցանե ձեզ, թե արդարև կան աշխարհում մարդիկ, որոնց սրտի և հոգու վրա ոչ մի ազդեցություն չէ անում կնոջ հրապույրը, որքան էլ նա զորավոր լինի...
— Կարդացե՛ ք, ի սեր աստծու, կարդացե՛ ք։ Դա, արդարև, տարօրինակ մի զուգադիպություն է։ Մենք այստեղ խոսում ենք Փուլշատյանի մասին և դուք ձեր ծոցից հանում եք նրան նվիրված ֆելիետոն։ Ինչպե՞ս բացատրել այդ,— խոսեց պ․ Մաստակյանը։
— Հույս ունիմ, որ ինձ ձեռնածվի տեղ չեք դնիլ. ֆելիետոնը ես այսօր ստացել եմ իմ աշխատակցից․ դուք կտեսնեք նրա ստորագրությունը։
Կարդացե՛ք, կարդացե՛ ք, այստեղ անհավատալի ոչինչ չկա. զարմանալի է միայն զուգադիպությունը,— հարեց պ. Մաստակյանը։
Եվ պ. խմբագիրը հանելով ծոցից թերթիկների մի կույտ, դրավ սեղանի վրա և ապա մի-մի հատ վերցնելով նրանից՝ սկսավ ի լուր բազմականների կարդալ հետևյալը.
«Մոտ օրերս լուծված մի գաղտնիք ապացուցանում է մեզ հարյուրերորդ անգամ, թե նորատի կնոջ սիրուն աչքերի, սիրալիր Ժպիտի և խարտյաշ խոպոպների մեջ թաքնված է [ 45 ]ավեքի ուժ' քան մեր ժամանակակից ըմբիշ Կուլա Գլդանեցու։ Թերահավատողը թող կարդա այս զրույցը։
Դուք անշուշտ ճանաչում եք փաստաբան Մարուքյանին և գիտեք, որ նա քաջ օրենսգետ է, ընդնմին և հզոր ատենաբան։ Այղ երկու գլխավոր առավելության շնորհիվ՝ նա այսօր Թիֆլիսում աոաջին տեղն է բռնում, գրեթե բոլոր փաստաբանների մեջ, նրա մասին ասում են թե՝ մինչև այսօր չէ կորցրած յուր պաշտպանած դատերից ոչ մինը, որքան էլ այդ դատը զուրկ լիներ պաշտպանության տարրական հիմքերից։ Այս է պատճառը, որ ամեն դատ ունեցող դիմում է Թիֆլիսում միայն Մարուքյանին. և որքան էլ սա անխիղճ վարձ չպահանջե, այսուամենայնիվ, նրան դիմողը վճարում է հոժարակամ. հավատացած լինելով, որ Մարուքյանը պիտի ջախջախե յուր հակառակորդին, թեկուզ դատավորները պաշտպանեն նրան եռանդով։
Այսպիսի բարեմասնություններով օժտված լինելով պարոն Մարուքյանը, հարկավ ունի ոչ միայն մեծ եկամուտ, այլև նախանձելի անուն ու պատիվ։ Եվ հենց այս պատճառով մեր ամենամեծ հարուստները ողջունում են նրան հարգանքով. իսկ նրանցից մեծագույնները ձեռք են պարզում մտերմաբար։
Բայց մի՞թե դուք կարող եք հավատալ, թե այդ նշանավոր փաստաբանի փառքը պիտի նսեմացնե մի... ի՞նչ եք կարծում ո՞վ... մի հասարակ կին. մի թույլ արարած․ և այն էլ ինչո՞վ.— սիրուն աչքերի մի անմեղ հայացքով և ավելի ևս անմեղ ժպիտով...։ Բայց մենք եղելությունը պատմենք։
Մի ամիս առաջ լուր տարածվեցավ, թե փաստբան պ. Մարուքյանը կորցրել է Վլադիկավկազի հաշտարար դատարանում 1500 ռուբլու մի դատ։ Ինչպես տեսնում եք գումարը մեծ չէր և այժմյան առևտրականների հաշվով դա իսկի գումար էլ չէ, բայց խնդիրն այդ չէ։ Դատը վերաբերում է մի խեղճ այրիի, որի համար այդ գումարը մահու և կյանքի արժեք պիտի ունենար։ Բայց որովհետև դրա ստացումը կապ է ունեցել մի քանի փոքրիկ բարդությունների հետ, ուստի նա գործը հանձնել է Մարուքյանին, իսկ ինքը հանգիստ նստել յուր ճախարակի մոտ։ [ 46 ]Եվ սակայն երկու սիրուն աչքեր դարձրել են այրիի բախտի անիվը։ Ինչպե՞ս է պատահել այդ. ոչ ոք չգիտեր։ Նույնիսկ պ. Մարուքյանը երկար ժամանակ տանջվում էր այն մտածությամբ, թե ի՞նչը արդյոք պատճառ դարձավ յուր անհաջողության։ Եվ սակայն գաղտնիքը լուծվեցավ միայն երկու օր սրանից առաջ, այսինքն, երբ պ. Փուլշատյանը վերադարձավ Մոսկվայից»։
— Պարոն Փուլշատյա՞նը. ինչպե՞ս, ի՞նչ ուներ նա այդ գործում,— բացականչեց հանկարծ տանուտերը և աչքերը մեծ բանալով մոտեցավ պ. խմբագրին։
— Նստի՛ր տեղդ և լսի՛ր,— նկատեց Արտոսյանը և ձախ ձեռքով ետ հրելով անհամբեր տանտիրոջը, նորեն յուր ընթերցումը շարունակեց.
Դատարանի կոչնագիրը հանձնել էին պ. փաստաբանին մայիսի 5-ին, իսկ գործը պիտի քննվեր նույն ամսու 20-ին։ Պ. Մարուքյանը կարող էր Վլադիկավկազ հասնել ամենաուշը երկու օրվա մեջ։ Ուրեմն նրա տրամադրության ներքո մնում էր դարձյալ 13 օր, որոնց նա, ամենայն իրավամբ, կարող էր գործադրել Թիֆլիսում՝ եթե ոչ ի հաշիվ դատարանական պարապմանց, գեթ ի հաճույս յուր նոր բարեկամուհի Մարիա Իվանովնայի, որ մայիսյան օրերը Թիֆլիսում անցնելու համար եկած գեղեցկուհիների մեջ, գրեթե առաջինն էր:
Ո՞վ էր Մարիա Իվանովնան, ո՞րտեղացի էր, ի՞նչ «ֆանտի» տեր էր — այս հարցերը, կարծեմ, չեն ուղղիլ է մեզ ընթերցողները։ Եվ եթե ուղղեն իսկ, չենք կարող բավականություն տալ նրանց հարցասիրության և այդ՝ ոչ թե նրա համար, որ փոքրիկ զրույցի ծավալը չի ներիլ մեզ, այլ այն՝ որ միջոց չենք ունեցել այդ գեղեցկուհու կենսագրությանը ծանոթանալու։ Արդեն հերիք է այն, որ ասացինք թե՝ նա եկել էր Թիֆլիս մայիսյան օրերը այդտեղ անցնելու համար։ Այս մի երկու խոսքից խելոք մարդիկ շատ բան են հասկանում, իսկ բամբասասերը շարադրություն է հորինում։ Բայց թե՝ ի՞նչ գեղեցկուհի էր Մարիա Իվանովնան, այդ կարող ենք ասել, հավատարմությամբ մեջ բերելով պ. Փուլշատյանի խոսքերը, որ հաղորղել է մեզ նրա մտերիմներից մինը։
— Ես, առհասարակ, Ժողովարան չեմ հաճախում,— ասել [ 47 ]է Փուլշատյանը այդ մտերմին,— բայց երեքշաբթի օրր ցանկացա ներկա լինել տեղի ունեցող ընտանեկան երեկույթին, հետաքրքրական ոչինչ չգտա այդտեղ. նույն փորերն ու գլուխները, նույն հաստ ու բարակ կեկելները: Թողեցի և դուրս եկա։ Բայց հազիվ սանդուղքներին հասա և ահա տեսա պ. Մարուքյանին, որ ներս էր մտնում մի անծանոթ գեղեցկուհու հետ։ Բայց ի՜նչ գեղեցկուհի, ասես երկնքից իջած։ Բարձր հասակ, նազիկ իրան, հարուստ կուրծք, մարմարե դեմք, կրակոտ աչքեր, ի՜նչ երկարացնեմ, մինն այն գեղեցկուհիներից, որոնց բերանի վրա ծաղկում է վարդ, երբ Ժպտում են և աչքերում վառվում է կրակ, երբ նայում են քեզ Իսկույն շուռ եկա, որովհետև որոշեցի ծանոթանալ այդ կնոջ հետ։ Եվ պետք է ծանոթանայի հենց այդ երեկո, հետաձգելն անկարելի էր։ Երբ բախտավոր Մարուքյանը ներս մտավ դահլիճ, բոլորի աչքերն ուղղվեցան գեղեցկուհու վրա, բյուրեղյա ջահերի պայծառ լույսը կրկնապատկել էր նրա գեղեցկությունը։ Իմ կյանքում ոչ ոքի չեմ նախանձել, որովհետև ոչ մի բանում պակասություն չեմ զգացել, բայց այդ վայրկյանին նախանձեցի Մարուքյանին. և կարծեմ ես միակը չէի, ինձ հետ միասին շատերը նախանձեցին։
Երկար ժամանակ փաստաբանը ճեմում էր դահլիճում յուր գեղեցկուհու հետ և զվարճանում այդ հարստությամբ, մանավանդ, երբ տեսնում էր, որ երիտասարդները անժույժ հայացքներ էին ուղղում նրան։ Այդ իսկ պատճառով նա յուր աչքերը փախցնում էր ծանոթ դեմքերի ողջույնը չընդունելու համար, որպեսզի այդ առիթ չտար հանդուգն երիտասարդներից մինին՝ մոտենալ իրան և զոռով ծանոթանալ յուր գեղեցկուհու հետ։ (Իսկ երբ ուրիշները ծանոթանում են քո սեփական գեղեցկուհու հետ, հայտնի է թե այնուհետև ինչ է պատահում...) Ես ևս, ի՜նչ մեղքս թաքցնեմ, հարմար վայրկյան էի որոնում նրան մոտենալու համար, և ահա բախտը ինձ հաջողեց։ Գեղեցկուհին մտավ կանանց զգեստարանը, երևի ճակատի խոպոպները ուղղելու կամ զգեստը հարդարելու համար։ Եվ ահա այդ ժամանակ առաջինը ես մոտեցա պ. Մարուքյանին... [ 48 ]— Բարեկամ, ի՞նչ դիցուհի է սյս, ո՞րտեղից եք հրապուրել,— հարցրի ես կատակով։
— Զգույշ եղեք այս տիկնոջ վերաբերմամբ, խնդրում եմ. նա նշանվոր ընտանիքից է և եկել է Կովկաս ճանապարհորդելու,— պատասխանեց Մարուքյանը լրջությամբ։
— Շատ ուրախ եմ, բայց դուք պիտի ծանոթացնեք ինձ նրա հետ,— հարեցի ես անկեղծորեն։
— Անկարելի է, Պյոտր Ալեքսեիչ. նա չէ կամենում ծանոթանալ որևէ մի մարդու հետ։
— Այդ ֆոկուսները թողեք և ծանոթացրեք ինձ,— կրկնեցի ես հաստատ ձայնով։
— Հավատացեք որ չեմ կարող. նա ինձ խնդրել է չընդունել այդպիսի առաջարկություն, — պնդեց փաստաբանը։
— Առաջին անգամ էի հանդիպում իմ կյանքում այսօրինակ մերժման,— ասել է Փուլշատյանը յուր մտերմին.— և այդ մերժումը այն աստիճան գրգռեց ինձ, որ ես թողեցի ժողովարանի դահլիճը և դուրս եկա։
Այս միջանկյալ պատմությունը անելուց հետո, ես կդառնամ այժմ իմ զրույցի շարունակության։
Պ. Մարուքյանը Մարիա Իվանովնայի երանական ընկերակցությունը տասներկու օր շարունակ վայելելուց հետ, հանկարծ հիշում է յուր պարտքը— որ էր՝ շտապել Վլադիկավկազ և նշանակած օրը ներկա լինել դատարանում։ Եվ ահա նա կառքը նստելով շտապում է փոստային կայարանը ճեպընթացի տոմսակ վերցնելու։ Բայց որքան մեծ է լինում նրա զարմանքն ու երկյուղը, երբ իմանում է, որ բոլոր տոմսակներն սպառված են. ուրեմն և նա հետևյալ ավուր ճեպընթացով Վլադիկավկազ ճանապարհվել չի կարող։
— Այդ անկարելի է. ես անհրաժեշտ գործ ունիմ, ամսույս 20-ին դատ պիտի պաշտպանեմ, եթե չներկայանամ՝ դատը կկորցնեմ.— հուզված խոսում էր պ. փաստաբանը։
Բայց տոմսակ վաճառողն, որ մի չորացած ծերուկ էր, անտարբերությամբ էր լսում նրան: Նա մինչև անգամ գլուխը չբարձրացրեց փաստաբանին նայելու համար։ Այլ միայն կամացուկ հետևյալը նկատեց.
— Եթե գործ ունեիք, տոմսակի համար պիտի հոգայիք մի [ 49 ]քանի օր առաջ, որովհետև գիտեք որ երթևեկությունը մեծ է լինում այս օրերում, բայց որ չեք արել, իհարկե, կվնասվեք, իսկ այդ բանում հանցավոր չենք մենք։
— Լավ, մի խրատիր ինձ. այդ արդեն գիտեմ առանց քո ասելուն։ Դու այժմ այն ասա թե՝ ինչպե՞ս անեմ որ նշանակած օրը Վլադիկավկազ հասնեմ։
— Կարող եք սայլակ վերցնել։
— Չեմ կարող, նա զսպանակ չունի, իսկ զսպանակ չունեցող կառքը վնասում է հիվանդության։
— Ուրե՞մն...
— Ուրեմն ի՞նչ։
— Ոչինչ... ուզում էի ասել թե՝ ուրեմն մեր սայլակը կմնա մեզ։
— Բայց ախր կատակի ժամանակ չէ։
— Գիտեմ։
— Այդ ձևով չեն խոսիլ, մարդ աստծու, մի խորհուրդ տվեք ինձ, գոնե։
— Երկտեղանի կառքով վաղը գնում է Վլադիկավկազ պարոն Փուլշատյանը։ Նա միայնակ է։ Եթե կարողանաք շնորհ գտնել նրա առաջ...։
— Իրա՞վ պ. Փուլշատյանը գնում է, և այն էլ միայնակ.— շուտով ընդհատեց ծերուկին փաստաբանը։
— Այո. բայց մի՞թե դուք հույս ունիք արժանանալ Փուլշատյանի ընկերակցության,— այս անգամ գլուխը բարձրացնելով հարցրեց ծերուկը։
Բայց պարոն փաստաբանը արդեն վազել էր դեպի յուր կառքը։
Գըռ...ըռռ... տասն րոպեից ետ, ահագին դղրդյունով, կանգ առավ Մարուքյանի կառքը պ. Փուլշատյանի տան առաջ։
— Պյոտր Ալեքսեիչ, ինձ պիտի փրկեք, ապա թե ոչ՝ կխայտառակվեմ. մեծ հույսով եմ դիմել ձեզ, աղաչում եմ չմերժել խնդիրս... Այս խոսքերով դիմեց իրավաբանը պ. Փուլշատյանին և նրա ձեռքը մտերմաբար սեղմելով՝ նստեց առաջարկված աթոռի վրա։
— Ինչո՞վ կարող եմ պիտանի լինել ձեզ,— հարցրեց Փուլշատյանը սիրալիր կերպով։ [ 50 ]— Ահա՛ թե ինչով...— Եվ պարոն փաստաբանը արտասանեց մի փոքրիկ ճառ, որով լիուլի ծանոթացրեց Փուլշատյանին յուր արդի դրության և ապագայում գալիք հավանական անհաջողության հետ և ի վերջո, խնդրեց նրան՝ թույլ տալ իրան օգտվել յուր կառքի պարապ տեղից։
— Օ՜, ամենայն ուրախությամբ. շնորհ արեք միայն ընկերակցել ինձ. դրանով դուք շատ մեծ հաճույք կպատճառեք ինձ...— պատասխանեց Պյոտր Ալեքսեիչը և սիգարի տուփը մեկնեց դեպի փաստաբանը։
Գործը վերջացած էր։ Մնում էր միայն որոշել ժամը՝ թե ե՞րբ պիտի գնան կայարան։
— Վաղը, ժամը 2-ին ես այնտեղ կմտնեմ իմ պատվերը կրկնելու, որպեսզի չմոռանան ձիեր պահել մեզ համար․ այդպիսի զանցառություններ անում են նրանք,— խոսել սկսավ պ. Փուլշատյանը.— իսկ 5-ին նորից կգամ՝ ճանապարհվելու համար։ ճիշտ այդ ժամին էլ հաճեցեք դուք գտնվել կայարանում, որպեսզի չուշանանք։
— Ես կգամ քառորդ ժամ աոաջ,— պատասխանեց Մարուքյանը և սրտագին շնորհակալություններ անելով Պյոտր Ալեքսեիչին, դուրս եկավ նրա մոտից։
«Ահա՛ թե ի՞նչ դեպքի համար են ասել՝ «Нет худа без добра» մտածեց ինքն իրան պ. փաստաբանը և շնորհակալ լինելով յուր բախտից՝ քայլերն ուղեց դեպի յուր գեղեցկուհու Մարիա Իվանովնայի բնակարանը։
Նա այդտեղ պատմեց սիրուհուն թե՝ ի՞նչ վտանգ էր սպառնում իրեն ժամ առաջ, և թե ի՞նչ եղանակով ինքն այդ վտանգի առաջն առավ։ Միևնույն ժամանակ նա պարծեցավ, որ պ. Փուլշատյանը, այդ նշանավոր հարուստը, մեծ պատիվ համարեց իրեն՝ ուղեկից ունենալ պ. փաստաբանին.— նա ծանոթ է իմ ուժի հետ և գիտե թե՝ ի՞նչ բանում կարող եմ փրկության հրեշտակ լինել յուր համար ավելացրեց Մարուքյանը:
— Բայց մի՞թե դու այդքան մտերիմ ես այդ մեծատան հետ,— հետաքրքրությամբ հարցրեց Մարիա Իվանովնան։
— Ինչպե՞ս չէ. մենք մինչև անգամ եզակի ենք խոսում իրար հետ,— պատասխանեց փաստաբանը պարծենալով․ և, [ 51 ]ընդնմին, պատմեց սիրուհուն մի քանի սուտ ու ղորթ պատմություններ, որոնք վերաբերում էին յուր և Փուլշատյանի մտերմական հարաբերությանը։ Առիթ առնելով այդ նյութը՝ նա պատմեց նաև այն թե՝ ինչպես այդ կրեսոսը խնդրում, աղաչում էր ժողովարանում ծանոթացնել իրան Մարիա Իվանովնայի հետ, և թե ինչպես ինքը, փաստաբանը, բացեիբաց մերժել էր նրան այդ շնորհը:
— Ինչպե՞ս. նա խնդրել է քեզ ծանոթացնել ինձ յուր հետ և դու մերժե՞լ ես նրան... մի՞թե կարելի էր այդպես խիստ վարվել,— հարցրեց գեղեցկուհին։ —
Ուրիշ կերպ չէի կարող վարվել. նրա հարստությունը իրավունքների սահման չի ճանաչում։
— Ների՛ր, բարեկամ. այդտեղ արդեն ինձ էր մնում թույլ տալ նրան անցնել յուր իրավունքի սահմանը կամ ոչ. քո հովանավորությունն այդ դեպքում կարծեմ ավելորդ էր։
— Այս է եղածն, ինչ որ պատմեցի. եթե հանցավոր եմ, ներիր:
— Հանցավո՞ր... ոչ։ Բայց դու ասա՛ ինձ. նա, ուրեմն, խնդրում էր, որ դու ծանոթացնեիր ինձ նրա հետ։
— Ոչ թե խնդրում, այլ աղաչում էր։
— Օ՜, ուրեմն քո վարմունքը մինչև անգամ անքաղաքավար է եղել, դու գոնե, այդ դեպքում իմ կամքը պիտի հարցնեիր։
— Բայց ինչո՞ւ հարցնեմ. միթե ես չգիտե՞մ որ կանայք սիրով են նոր ծանոթներ որոնում։
— Սակայն դու պիտի իմանաս, որ ինձ համար նշանակություն չունի... (նա կամենում էր ասել՝ «քո դրած արգելքը, երբ ցանկանամ կծանոթանամ նրա հետ», բայց զգուշանալով լռեց)։
— Ին՞չ էիր ուզում ասել,— հարցրեց փաստաբանը հետաքրքրությամբ։
— Ոչինչ. ուզում էի ասել թե՝ ինձ համար նշանակություն չունի հարուստների բարեկամությունը, ես ազնիվ սիրտ, քնքուշ զգացմունք և կիրթ ճաշակ եմ որոնում, և այդ ամենը գտել եմ արդեն քո մեջ։
Պարոն փաստաբանը քիչ մնաց որ հիացմունքից հալվեր։ [ 52 ]Նա բռնեց գեղեցկուհու գողտրիկ ու սպիտակ ձեռքը և ջերմագին համբույրներով ծածկեց նրան:
— Վաղը վերջին անգամ ես կգամ քեզ հետ ճաշելու և այստեղից էլ կճանապարհվեմ,— ասաց նա Մարիա Իվանովնային խիստ զգացված տոնով։
— Օ՜ , եթե իմանայիր, թե որքա՜ն դժբախտ եմ... — բացականչեց հանկարծ գեղեցկուհին։
— Ինչո՞ւ, սիրելիս, — վախեցած հարցրեց փաստաբանը։
— Վաղը ես չեմ կարող քեզ ինձ սեղանակից անելու քաղցրությունը վայելել...
— Ինչո՜ւ։
— Մինչև անգամ չեմ կարող քեզ ընդունել..։
— Բայց պատճա՞ռլ։...— զարմացած հարցրեց փաստաբանը։ — Պատճա՜ռը... ա՜խ, մի հարցնիր այդ։
— Անկարելի է, հետաքրքրությունից կմեռնեմ։
— Օ՜ հ, ինչպես խիստն ես...
— Շուտ, աղաչում եմ։
— Վաղը իմ սովորական հիվանդության օրն է... իսկ այդ ժամանակ ես ոչ միայն պառկած, այլև, սաստիկ գրգռված եմ լինում... չափազանց գրգռված, ոչ ոքի տեսնել կամ հետը խոսել չեմ կարող... ի՞նչ արած, սիրելիս, ջղային կանանց հետ այդ բանը պատահում է միշտ...
— Ուրեմն ես վաղը քեզ չի՞ պիտի տեսնեմ։
— Ոչ. բայց մի՛ բարկանա ր, աղաչում եմ։
— Այդ անկարելի է։
— Ընդունի՛ր թե այսօր ես ճանապարհվել․ աստուծով 3—4 օրից դարձյալ կտեսնվինք։
Շատ աշխատեց պ. փաստաբանը այս տարօրինակ արգելքը բառնալու, բայց հնար չեղավ․ գեղեցկուհին մնաց անդրդվելի։ Նա, մինչև անգամ, դժգոհության նշաններ ցույց տվավ՝ տեսնելով որ սիրահարը շատ է ձանձրացնում իրան։
Պ. Մարուքյանը ստիպված էր խոնարհվել անողոք ճակատագրի առաջ և յուր ջերմագին «մնաք բարևների» ու գրկախառնության հանդեսը կատարել այդ երեկոյան: [ 53 ]Հետևյալ օրը, յուր միայնության ձանձրույթը փարատելու նպատակով նա խոհարարին պատվիրեց պատրաստել հարուստ ճաշ և հրավիրելով յուր մոտ մի քանի մտերիմներ, քեֆ արավ նրանց հետ փառավորապես, և Մարիա Իվանովնայի կենացը խմեց շամպանիայով։ Ժամի 4-ին մոտ նա գրեց գեղեցկուհուն, նաև, մի նամակ, որի մեջ բանաստեղծական լեզվով, բայց փաստաբանական տրամաբանությամբ նկարագրում էր յուր տանջանքը՝ անգութ սիրուհուց այդ կերպ բաժանվելուն համար։
Ժամը 4 1/2-ին Մարուքյանի իրեղենները կապված, վերջացած էին: Նա վառեց յուր սիգարը և մտերիմ սեղանակիցների հետ միասին կառք նստելով՝ սլացավ փոստի կայարանը:
Փուլշատյանը դեռ չէր եկել․ նույնիսկ նրա կառքը չէր երևում բակում.— «Մենք շտապեցինք, Պյոտր Ալեքսեիչը ինձ խնդրել էր գալ ճիշտ ժամը 5֊ին. դարձավ փաստաբանը ընկերներին, պետք չէր մեղանչել նրա ժամադրության դեմ»։
— Այո՛, նա ճշտապահ մարդ է... բայց հոգ չէ. մենք կսպասենք մի քառորդ ժամ,— պատասխանեց ընկերներից մեկը։
Սակայն նրանք սպասեցին կես ժամ, մի ժամ. արդեն վեցի քառորդն էր և պ. Փուլշատյանը դեռ չկար։ Փաստաբանը սկսավ անհանգստանալ։
— Ինչո՞ւ պ. Փուլշատյանի կառքը չեք լծում՝,— դարձավ նա, վերջապես, կայարանի սպասավորներից մինին։
— Փուլշատյանի կա՞ռքը... բայց ձեր ինչի՞ն է հարկավոր նրա կառքը։
— Երևի հարկավոր է, որ հարցնում եմ, болван, բարկացավ փաստաբանը։
— Մենք վաղուց ենք լծել նրա կառքը,— պատասխանեց սպասավորը գլուխը քորելով։
— Հապա ո՞ւր է։
— Նստեց մեջը և գնաց։
— Ինշպե՞ս թե գնաց,— զարմացած բացակտնչեց փաստարանը։
— Գնաց էլի:
— Ո՞վ գնաց, տո՛ւ։ [ 54 ]— Պ. Փուլշատյանը։
— Ե՞րբ, ո՞ր ժամին։
— Ժամը 2-ին։
— Անկարելի է. երևի գնացողը ուրիշ է եղել:
— Պ. Փուլշատյանին քնած տեղս կճանաչեմ, նա ինքն էր գնացողը և ինձ էլ մի ռուբլի նվիրեց, որովհետև կառքը լծեցի տասն րոպեի մեջ։
Պ. փաստաբանը մնաց ապշած և նայում էր ընկերների վրա անմիտ հայացքով։
— Այստեղ, անշուշտ, մի թյուրիմացություն կա. Փուլշատյանը չէր կարող ձեզ խաբել. գնա ստուգիր,— առաջարկեց ընկերներից մինը։
Մարուքյանը, որ այդ րոպեին ինչ անելիքը չէր իմանում, համաձայնվեցավ և կառքը նստելով՝ սլացավ դեպի Փուլշատյանի տունը։ Բայց ավա՜ղ, այստեղ էլ նա իմացավ նույնը, ինչ որ լսել էր կայարանի ծառայից. Պյոտր Ալեքսեիչը, արդարև, դուրս էր եկել Թիֆլիսից ճիշտ ժամը 2-ին։
— Ի՞նչ հանելուկ է այս. ինչո՞ւ այդ մարդը այդպես անխղճաբար խաբեց ինձ. ի՞նչ շահ ուներ նա այդ բանում, չէ որ ազնիվ խոսք տվավ, ժամանակ նշանակեց... Միգուցե նա կամեցավ վրեժխնդիր լինել ինձ ու... բայց այդ անկարելի է, մի հասարակ ծանոթության պատճառով վրեժխնդիր լինել այսօրինա՞կ... անկարելի է. չեմ հավատում... այսպիսի մտքերով տանջում էր իրան Մարուքյանը և, միևնույն ժամանակ, կառքը քշել տալիս։
Դառնալով կայարան՝նա հայտնեց ընկերներին որ, արդարև «ազնիվ խոսքի» տեր Փուլշատյանը խաբել է իրան անարգաբար։ Ուստի չգտնելով այլևս եղածն ուղղելու մի միջոց, պատվիրեց իսկույն լծել յուր համար փոստային սայլակ, թեկուզ դրանով նա վնասեր յուր առողջության։ Կայարանի վերակացուն հայտնեց որ սայլակը չի կարող նշանակած ժամին տեղ հասցնել իրան, որովհետև մեծ երթևեկության պատճառով ամեն կայարանում սպասեցնում են ճանապարհորդներին։ Բայց փաստաբանը լսել անգամ չէր կամենում նա պիտի հասներ Վլադիկավկազ նշանակած ժամին: [ 55 ]հակառակ դեպքում դատը կկորցներ և դրա հետ միասին էլ այրիի փողերը:
Երբ սայլակը բերին, նա շտապ-շտապ թռավ նրա Վրա և «рубль тебе на чаек» գոչելով՝ հրամայեց կառապանին թռչել քամու պես:
Մեր ընթերցողներն արդեն գուշակում են, որ Մարուքյանը հասավ Վլադիկավկազ մայիսի 20-ին, երեկոյան 4 ժամից 30 րոպե անց. այսինքն, այնպիսի մի ժամանակ, երբ հաշտարար դատավորը յուր գործը վերջացրած՝ հանգիստ ճաշում էր յուր տանը։ Պարզ է, որ նա դատարանում չտեսնելով բողոքարկուին, մերժել էր նրա խնդիրը և գործը դադարեցրել։
Մարուքյանը սրտի նեղությունից ուզում էր տրաքվել. և եթե այդ րոպեին նրա ձեռքը տային Փուլշատյանին, նա կպատառոտեր նրան։
Թեպետ հետևյալ օրը նա դիմեց պ. դատավորին և յուր հետ պատահած ձախորդությունը պատմելով՝ աշխատեց համոզել նրան մի կերպ ուղղել գործը, սակայն դատավորը ոչ միայն մերժեց նրա խնդիրը, այլև ծիծաղեց փաստաբանի վրա՝ նկատելով՝ որ նա ինքը լինելով օրենսգետ՝ այդպիսի անհեթեթ բան էր առաջարկում իրան։ Մարուքյանը, իհարկե, գիտեր յուր առաջարկության ապօրինի լինելը, բայց «խեղդվողր ձեռքը պարզում է ցողունին»։
Ինչևէ, Վլադիկավկազում մնալու էլ գործ չէր մնում։ Պ. փաստաբանը վերադարձավ Թիֆլիս, որ, գոնե, Մարիա Իվանովնայի սիրահամբույր ընկերակցության մեջ մոռանա յուր սրտնեղությունը։ Բայց որքա՞ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ բնակարանի տիրուհին հայտնեց թե՝ «տիկինը հեռացել է թիֆլիսից մի քանի օր առաջ»։
— Ինչպե՞ս, ո՞ւր է հեռացել,— զարմացած ու շվարած հարցրեց Մարուքյանը։
— Չգիտեմ, պարոն, մեզ չհայտնեց գնալու տեղը։ Մինչև անգամ այստեղ բերել են նրա հասցեին ուղղած մի նամակ, որ ես չգիտեմ թե ինչպես պիտի հասցնեմ նրան,— ասաց տանտիրուհին։
— Ի՞նչ նամակ է, չէի՞ք հաճիլ ցույց տալ ինձ։
— Ինչո՞ւ չէ. միայն թե չբանաք։ [ 56 ]Այս ասելով տանտիրուհին ներս մտավ տուն և նամակը բերելով հանձնեց փաստաբանին։
Վերջինս ծրարը տեսնելուն պես մի խոր հառաչ արձակեց։ Դա յուր այն նամակն էր, որ Թիֆլիսից դուրս գալու օրը գրել էր գեղեցկուհուն, յուր սիրազեղուն զգացմունքները նրան արտահայտելու համար։
Մարուքյանը վերադարձավ տուն և այդ օրից սկսած գրեթե ամբողջ ամիս տանջվող անհամբերությամբ սպասում էր պ․ Փուլշատյանին։ Նա հույս ուներ ոչ միայն ստանալ նրանից յուր կորցրած դրամի վնասը, այլև տեղեկություններ առնել յուր սիրուհու մասին, որի փախուստը, ինչպես գուշակում էր ինքը, սերտ կապ ուներ Փուլշատյանի խոստմնազանցության հետ։
Եվ Փուլշատյանը եկավ։
— Պյոտր Ալեքսեիչ, այս ի՞նչ խաղ խաղացիք ինձ հետ, —. ներս ընկնելով բացականչեց պ. Մարուքյանը, երբ ընդունարանի դուռը բացվեցավ նրա առաջ։ Փուլշատյանը սկսավ ծիծաղել և ծիծաղում էր երկար, հիստերիկական ծիծաղով։
— Ես ձեզանից բացատրություն ու բավարարություն եմ պահանջում,— գոչեց փաստաբանը։
— Նստիր, բարեկամ, նստիր, բարկությունը վնաս է մարդու առողջության,— խոսեց Պյոտր Ալեքսեիչը եզակի և շարունակ ծիծաղելով.— աշխարհում ամեն ինչ պատահում Է, չպետք է զարմանալ։
— Բայց այս պատահար չէ, սա չարագործություն է. դուք մի խեղճ այրիի վերջին հույսը կործանեցիք... — Կամաց, սիրելիս, կամաց, ընտանիքս տանն է. զգույշ պետք է լինել մի փոքր։
— Բայց ախր...
— Ահա՛ քեզ քո վնասը, այդտեղ ուղիղ 1500 ռուբլի է։ Այս ասելով պ. Փուլշատյանը դրավ փաստաբանի առաջ մի կապ ծիածանագույն թղթադրամ։
— Այս ի՞նչ է,— աչքերր մեծ բանալով հարցրեց Մարուքյանը։
— Դա՞, ոչինչ։ Ես քեզ ճանապարհից զրկեցի և ահա քավում եմ իմ մեղքը։ [ 57 ]Փաստաբանի զայրույթն իջավ. ծիածանագույն հարյուրանոցները հանգստացնող ներգործություն ունեցան, հուզված հոգին խաղաղեց: Նա մինչև անգամ ժպտաց։
— Այո՛, ես հանցանք գործեցի. խոստովանում եմ,— կրկնեց Փուլշատյանը։
— Բայց ինչպե՞ս պատահեց այդ. ո՞վ ստիպեց ձեզ դրԺել ձեր խոստման,— հարցրեց պ. փաստաբանը, բայց այս անգամ ավելի մեղմ ձայնով։
— Մի հրաշալի գեղեցկուհի։
— Ինչպե՞ս...
— Եթե հիշում եք, ես ձեզ խոստացա ժամը 2-ին գնալ կայարան և պատվիրել որ ձիաներ պահեն մեզ համար:
— Հիշում եմ։
— Արդ, ճիշտ ժ. 2-ին ես այնտեղ էի։ Ինչ պատվեր հարկավոր էր տվի։ Հենց այն է ուզում էի վերադառնալ, տեսնեմ կայարանի բակը մտավ մի գեղանի օրիորդ, սիրուն հագնված ձեռքը փոքրիկ ճամպրուկ։
— Բարձրահասա՞կ էր նա,— ընդհատեց հանկարծ փաստաբանը։
— Թույլ տուր, որ շարունակեմ։
— Գոնե ասացեք, գանգրահե՞ր էր, թե՞ ոչ։
— Դու ինձ խանգարում ես։
— Եվ ոչ էլ ուրեմն խաժա՞կն։
— Ես կլռեմ, եթե կամենում ես։
— Լավ, լավ, շարունակեցեք. էլ չեմ ընդհատում։
— Հա՛. ներս մտավ այդ գեղանի օրիորդը, կամ տիկինը, չգիտեմ և յուր հրաշալի աչքերը այս ու այն կողմը հածելով, վերջապես մոտեցավ ինձ։
— Թույլ տվեք, պարոն, հարցնել ձեզ, արդյոք Վլադիկավկազ գնացող ուղեկցի տեղ չգիտե՞ք,— հարցրեց նա խիստ քնքշաբար։
— Դուք միայնա՞կ եք,— հարցրի ես։
— Այո՛, բոլորովին միայնակ,— պատասխանեց նա և սկսավ նայել վրաս այնպիսի սիրուն աչքերով, այնպիսի գողաթիկ ժպիտով որ սիրտս սկսավ հաշվել... ի՞նչ մեղքս թաքցնեմ, այդ րոպեին, ասես թե աշխարհը շուռ եկավ ինձ [ 58 ]համար... մոռացա և քեզ և քո դատն ու դատաստանը և տված խոսքս։ Դու հո չե՞ս մեղադրում ինձ այսպես անկեղծորեն խոսելուս համար...
— Ո՜չ, ո՜չ, շարունակեցեք։
— Ես ինքս ուղևոր եմ,— ասացի, — առանձին կառք ունիմ և կարող եմ ձեզ վերցնել ինձ հետ։
— Ա՜հ, իչքա՜ն բարի եք, պարոն,— բացականչեց գեղեցկուհին և փափուկ, սպիտակ ձեռքը, որ, չգիտեմ ինչու, ազատ էր ձեռնոցից, պարզեց ինձ շնորհակալ լինելու համար։
Ես սեղմեցի այդ հրաշալի ձեռքը և, ասես թե, Մահմեդի դրախտը մտա։
— Հետ՞ո, հետ՞ո,— անհանգստությամբ հարցրեց փաստաբանը։
— Հետո նա հարցրեց ինձ թե՝ արդյոք չե՞մ կարող իսկույն ևեթ ճանապարհվել, որովհետև ինքը իբր թե, շտապում էր։— Ինչո՞ւ չէ, թեկուզ այս րոպեին, պատասխանեցի ես, և հրամայեցի կառքը լծել։ Մի քառորդ, ժամից մենք արդեն սլանում էինք Վերայի կամուրջով։
— Բայց ո՞վ էր այդ գեղեցկուհին,— ասացեք վերջապես։
— Այդ գեղեցկուհի՞ն։
— Այո՜։
— Ես խոսք եմ տվել չարտասանել նրա անունը ոչ մի մարդու առաջ։ Այսքանը միայն կասեմ, որ նա նշանավոր ընտանիքից է և եկած է եղել Կովկաս ճանապարհորդելու համար:
— Ա՜, դուք իմ խոսքերն եք կրկնում. ուրեմն ձեզ ուղեկցել է Մարիա Իվա՞նովնան։
— Որ չէր կամենում Թիֆլիսի ժողովարանում ծանոթանալ ոչ ոքի հետ։
— Ձեր ծաղրը թունավոր է, Պյոտր Ալեքսեիչ։
— Եվ խնդրում էր, որ դուք չընդունեք ոչ ոքից ծանոթանալու առաջարկություն:
— Բավական է, խնդրում եմ։
— Ես վերջացրի։
Փաստաբանը մնաց լուռ։ Երբ շվարման վայրկյաններն անցան, հարցրեց. [ 59 ]— Այդ բանն, ուրեմն, դուք սարքել էիք ինձ վրեժխնդիր լինելու համա՞ր։
— Բնավ։ Երդվում եմ իմ գլխով։ Ես այդ կնոջ մասին չեմ մտածել երբեք։ Ընդհակառակը, դուք ինքներդ եք պատճառ դարձել այդ կոմեդիային։
— Ինչպե՞ս։
— Այնպես։ Գնալով նրա մոտ դուք մանրամասն պատմել եք մեր ժամադրության պայմանները, այսինքն թե՝ ժ. 2-ին ես պիտի լինեմ կայարանում, թե 5-ին անշուշտ պիտի ճանապարհվենք. թե ես ցանկացել եմ ծանոթանալ նրա հետ, իսկ դու արգելք ես եղել և այլն և այլն։ Եվ ահա քո գեղեցկուհին, իբրև փորձառու կին՝ օգտվել է քո խոստովանությունից, և որոշել՝ վրեժխնդիր լինել քեզ և անձամբ ծանոթանալ ինձ հետ: Եվ արդարև, մի ամիս շարունակ նա երանական հաճույք պատճառեց ինձ թե ճանապարհորդությանս միջոցին և թե Մոսկվայում։ Իսկ երբ բաժանվում էինք, նա հանձնարարեց ինձ ասել ձեզ՝ Rira bien, qui rira le dernier[13]
Փաստաբանը մի քանի վայրկյան մնաց լուռ, և ապա ձեռքը ճակատին զարկելով` շշնջաց.
— Հիմա՜ր. հիմա՜ր...»։
Երբ պ. խմբագիրը զրույցի ընթերցումն ավարտելով թերթերը ծալեց և ծոցը դրավ, Միսակյանը հարցրեց յուր հյուրնկալին.
— Հա՛, ի՞նչ կարծիք ունիք այժմ Փուլշատյանի մասին. կինը կարո՞ղ է խելքից հանել նրան, թե՞ ոչ։
— Եթե ճիշտ է այն բոլորը, ինչ որ կարդաց պ. խմբագիրը, ապա ուրեմն կանայք կախարդներ են.— պատասխանեց Մաստակյանը հաղթված ձայնով:
— Կանա՞յք, ուրեմն ես էլ նրանց հետ,— ճչաց տանտիկինը և՛ հուզվելով և՛ ժպտալով։
— Չէ, սիրելիս, դու գեղեցիկ չես,— պատասխանեց ամուսինը հանգստությամբ։
Տիկինը թեպետ մի փոքր շառագունեց, բայց դրանով հյուրերի ուրախ տրամադրությունը չխանգարվեցավ։
- ↑ Մի՛ զարմանար։
- ↑ Շտապելով ոչինչ չես առաջացնիլ։
- ↑ Ամեն ինչ անցնում, ամեն ինչ բեկանվում, ամեն ինչ թուլանում է։
- ↑ Եթե լռեիր, փիլիսոփա կլինեիր (կամ կհամարվեիր):
- ↑ Կյանքը պատերազմ է:
- ↑ Իմ կյանքը մի կռիվ է:
- ↑ Կամաց երթաս, ոզջամբ կերթաս. ողջամբ երթաս. երկար կերթաս:
- ↑ Որքան խեցիներ ծովափում, նույնչափ տանջանքներ սիրո մեջ:
- ↑ եթե հնարավոր է, արդեն արված, վերջացած է, եթե անհնարին է, պիտի արվի:
- ↑ Բարեսիրտների ազնիվ Ճշմարտասիրությունը կորուստ է պատճառում իրանց:
- ↑ Քեզ տալիս եմ իմ պատվո խոսքը
- ↑ Հազար ներողություն, տիկին:
- ↑ Կուշտ կծիծաղե նա, ով վերջը կծիծաղե: