— Այդպե՛ս է. ես պնդում եմ. նրանք օգնություն կստանան, կազատվին և դուք, հոռետեսներդ, կամաչեք այն ժամանակ... — եռանդով բացականչեց օրիորդ Սևիկյանը և արագ յուր տեղը նստելով՝ երեսը դարձրեց դեպի ուսուցչանոցի այն պատը, որի վրա կախված էր դպրոցի հիմնադրի սևաներկ պատկերը։

Օրիորդն այլևս չէր կամենում նայել յուր պաշտոնակիցների վրա, որոնք, կարծես դիտմամբ, զայրացնում էին իրան։ Այդ պատճառով նա աչքերը սևեռեց հաստափոր հիմնադրի ուռած երեսին և ծալ-ծալ ծնոտին, որոնք ներկայացնում էին կուշտ կերած ու խմած մի մարդու, որ պատրաստվում է քնել։ Եվ սակայն, չնայելով պատկերի այդօրինակ արտահայտությանը, նա կարողացավ ոգևորել օրիորդին, որ մի քանի վայրկյան նրան դիտելուց հետո, նորեն վեր թռավ տեղից և ձեռքը դեպի պատկերն ուղղելով հանդիսաբար բացականչեց.

— Պարոննե՛ր և օրիորդնե՛ր. այս պատկերը նախատում է ձեզ՝ ձեր աններելի թերահավատության համար... նայեցեք սրա պատկառելի դեմքին, սրա կրակոտ աչքերին և ասացեք. արդյոք չե՞ք ճնշվում սրա առաջ, արդյոք ամոթահար չէ՞ անում սա ձեզ...

Իմ ընթերցողները, իհարկե, գուշակեցին, որ այս խոսակցությունը տեղի էր ունենում հայոց դատարկ մնացած դպրոցներից մինում, ուր այդ օրը դիպվածո՞վ, թե՞ կանխավ սահմանած ժամադրությամբ, հավաքվել էին հայոց պարապ մնացած ուսուցիչներն ու վարժուհիները «հոգեզվարճ բամբասանքով» զբաղվելու, կամ, ինչպես իրենք էին ասում՝ «ազգային նորություններից» խոսելու:

Օրիորդ Սևիկյանի վերջին բացականչությունը, որ, ըստ երևույթին, յուր հոգվո ամենաքնքուշ լարերի ձայնն էր, և այդ պատճառով էր նրա շարժուն ու կենդանի դեմքի վրա մի թեթև շառագույն բերավ, ոչ միայն ցանկալի ազդեցություն չարավ պաշտոնակիցների վրա - այլև շատերի ծիծաղը շարժեց:

Դրանցից մինն էր պ. Մեհերյանը։ Սա թեպետ մեծ խելքի տեր չէր, բայց որովհետև ավելի շատ լռում էր, քան թե խոսում, այդ պատճառով օրիորդները վախենում էին նրանից՝ իբրև խորագետ մարդուց։

— Ի՞նչի համար եք ծիծաղում, պարոն Մեհերյան,— ձայն տվավ օրիորդ Լազարյանը, իբր թե Սևիկյանին պաշտպանել կամենալով, բայց նա իսկապես ցանկանում էր վարժապետի ծիծաղի պատճառն իմանալ, որպեսզի ինքն էլ ծիծաղեր։

— Ես չեմ ծիծաղում,— ասաց Մեհերյանը։

— Ոչ, ծիծաղում էիք. ես այդ տեսա,— պնդեց օրիորդը։

— Այո՛, այո՛, ծիծաղում էիք. մենք տեսանք, ինչո՞ւ համար եք ծիծաղում,— ձայն տվին այս ու այն կողմից մի քանի վարժուհիներ, գրեթե ճչալով։

— Դեհ, լավ, ծիծաղում էի. ի՞նչ եք ուղում այժմ,— խոսեց Մեհերյանը կարծես բարկացած։

— Կամենում ենք, որ ձեր ծիծաղի պատճառը բացատրեք,— պատասխանեց օր. Լազարյանը։

— Ծիծաղում եմ նրա համար, որ օր. Սոփին (Սևիկյան) այս պատկերի աչքերում կրակ է գտնում և կամենում է, որ մենք նրանով ոգևորվենք։

— Ի՞նչ, ուրեմն դուք կրակ չե՞ք գտնում,— ճչալով հարցրեց օր. Լազարյանը, աշխատելով յուր ծիծաղը բռնել:

— Ինձ թվում է թե՝ այդ աչքերի չորս կողմից երկու ֆունտ ճարպ կհանեին, եթե մեռած ժամանակ անդամատեին...— պատասխանեց պ. Մեհերյանը և նորից ծիծաղեց, հավատալով որ շատ սրամիտ դիտողություն է արել։ Բայց որովհետև վարժուհիներն էլ այդ կարծիքին էին, ուստի նրանք Էլ սկսան ծիծաղել։

Օրիորդ Սևիկյանը նորից վեր կացավ, դառնությամբ նայեց յուր շուրջը, և նորից խոսեց.

— Պարոննե՛ր, գուցե ես սխալվեցա որ կրակ գտա այս բարերարի աչքերում. ներողություն եմ խնդրում այդ մասին: Բայց այն, որ ասացի թե՝ սա ամոթահար պիտի անե ձեզ, իրավացի էր: Դուք ձեր հոռետեսությամբ չար ապագա եք գուշակում մեր տաճկահայ եղբարց համար։ Ասում եք թե՝ բռնության երեսից փախչողներն ու մեզ ապավինողները՝ քաղցից ու մերկությունից պիտի կոտորվին, իսկ բուն հայրենիքում մնացողները՝ բարբարոսների սրածությունից։ Այդպիսով ուրեմն, եթե ձեզ հավատանք, տաճկահայերի համար երկու ելք է մնում, կամ ազգովին կորուստ, կամ հավիտենական ստրկություն։ Իսկ ես ասում եմ, որ դուք ամենքդ էլ չարաչար սխալվում եք։ Մի ազգ, որ ունի յուր մեջ այնպիսի հարուստ ու կարող անձինք, որպիսին մեր ազգն է, անկարելի է, որ թույլ տա յուր որդվոցը այդ ձևով անհետանալ։ Մեր հարուստները, այո՛, սիրտ ունին, հոդի ունին և ճգնաժամի միջոցին՝ բախտի ձեռքը չեն թողնիլ օգնության կարոտ եղբորը։ Իբրև ապացույց՝ բերում եմ ձեզ ահա այս պատկերը...։ Ո՞վ է սա. մի հարուստ, գուցե և տգետ հայ, բայց յուր բոլոր կարողությունը կտակել է ազգին, նրա միակ կամքը փրկել է հարյուրավոր մանուկներ տգիտության ճանկերից։ Արդ, եթե մի հասարակ հարուստ կարողացել է այս անել, ինչեր չեն անիլ այժմ մեր միլիոներները, որոնց թիվը, բարեբախտաբար, հետզհետե աճում է — շնորհիվ Բաքվի ինքնաբուխ ոսկիների...

Ասում եք թե՝ ընդհանուր գաղթականների կարիքը հոգալու, նրանց նորեն հայրենիք վերադարձնելու, կամ Հայաստանում մնացող սովալլուկների դրությունը բարվոքելու համար բավական է հինգ հարյուր հազար ռուբլի։ Այդ, մի՞թե հայ ազգը այնքան ընկել, նվաստացել է, որ նրա հարուստները իրանց եղբարց փրկության համար չեն կարող այդ փոքրիկ գումարը հայթայթել... — Փոքրի՞կ. 500 000-ը փոքրի՞կ գումար է,— ճչալով հարցրեց վարժուհիներից մինը։

— Այո, մի ընդհանուր կարոտություն դարմանելու համար շատ փոքր է,— շարունակեց ճառախոս օրիորդը,— և այդ գումարը կարող է հայթայթել հենց մեր այսօրվա հարուստներից մինը...

— Եթե կամենա,— ընդհատեց Մեհերյանը։

— Եվ անպատճառ կկամենա,— հարեց օրիորդը եռանդով։

— Երևակայեցեք, որ մենք այսօր այնպիսի հարուստներ ունինք, որոնց օրեկան եկամուտը հասնում է տասը, քսան և, մինչև անգամ, երեսուն հազարի...

— Երեսուն հազա՞ր... ի՞նչ եք ասում, հեղե՞ղ է այդ, թե՞ կարկուտ, որտե՞ղ են պահում այդ փողերը,— ընդհատեց օրիորդին մի հաստ վարժուհի և աչքերը չռեց նրա վրա։

— Այո՛, օրեկան երեսուն հազար, այդպես է ասում հայրս, որ լավ տեղյակ է Բաքվի հարուստների առասպելական եկամուտներին։ Եվ, նրա ասելով՝ հենց այդ է պատճառը որ մի միլիոն ռուբլին, որ մինչև այսօր 60 կամ 70 տարվա մեջ էին աշխատում, այժմ մարդիկ գանձում են մի քանի ամսվա ընթացքում։ Արդ, մի՞թե չէ կարելի հուսալ՝ թե կգտնվեն մեր մեջ չորս-հինգ այդպիսի հսկա հարուստներ, որոնք կժողովեն իրանց մեջ պահանջված հինգ հարյուր հազարը և կբարվոքեն դրանով մի ամբողջ ազգի թշվառ կացությունը։

Պարոն տեսուչը որ, թեև նոր էր մտել ուսուցչական սենյակը, բայց լսել էր օրիորդ Սևիկյանի բոլոր ճառախոսությունը, իրավունք տվավ նրան այդպիսի գեղեցիկ հույսերով իրան պարուրելու: Բայց որպեսզի համոզեր, նաև, մյուս թերահավատներին, հետևյալն ասաց.

— Փաստը, հարգելի օրիորդ, ամենից զորավոր միջոցն է թերահավատներին հավատի բերելու համար։ Եթե Քրիստոս Թովմայի մատնեքը յուր կողը խրած չլիներ, մինչև այսօր էլ խեղճ առաքյալը անհավատների շարքը կդասվեր։ Եկեք մի շոշափելի փաստ տվեք այս անհավատների ձեռքը, եթե կամենում եք, արդարև ամոթահար անել նրանց։

— Ուրիշ ի՞նչ փաստ կարող եմ տալ, մի՞թե դպրոցի հիմնադրի այս պատկերը բավական զորավոր փաստ չ՞է ձեր առաջ։

— Դա հին է. դուք ավելի նոր, ավելի շոշափելի փաստ կարող եք ձեռք բերել, եթե կամենաք։

— Օրինա՞կ:

— Իսկույն կասեմ։ Այստեղ, Թիֆլիսում, ինչպես գիտեք, ապրում են այդ նավթային կրեսոսներից մի երեքը, չորսը։ Եկեք դիմեցեք դուք նրանց։ Այս րոպեին ես ինձ մոտ ունիմ պատշաճավոր իշխանության կողմից տրված ժապավինյալ մատյան։ Վերցրեք ձեզ հետ այդ մատյանը և դիմեցեք հիշյալ հարուստներից մինին և նպաստ խնդրեցեք գաղթականների օգտին։ Եթե այդ հսկա հարուստներից մինը միանվագ 100 ռ. ստորագրեց ձեր մատյանում, այդ կնշանակե թե՝ նա հազարներ կստորագրե, եթե ավելի կշիռ ունեցող անձինք ներկայանան նրան, իսկ եթե ոչ...

— Ես հավատացած եմ որ 1000 էլ կստորագրե,— եռանդով բացականչեց օր. Սոփին՝ ընդհատելով տեսչին։

— Եթե այդպես է, վերցրեք մատյանը և հենց այս րոպեին էլ դիմեցեք նրանցից մեկին։

— Ամենայն սիրով, տվեք ինձ մատյանը։

— Իսկ դուք առաջ որի՞ն կդիմեք։

— Որն ուզում է լինի, ինձ համար միևնույն է։

— Ես խորհուրդ կտայի գնալ Փիլարյանի մոտ։ Նա թեպետ միլիոներ, բայց գավառացի է. հետևապես թե ավելի զգայուն սիրտ կունենա և թե կցանկանա յուր առատաձեռնությամբ շլացնել թիֆլիսցի վարժուհուն։

Այս ասելով տեսուչը վերադարձավ յուր սենյակը և ժապավինյալ մատյանը բերելով հանձներ օր. Սևիկյանին։

Վերջինս գործը այն աստիճան հաջողված էր համարում, որ ուսուցչանոցից ելնելու ժամանակ կարևոր համարեց պահանջել, որ եթե ինքը վերադառնա Փիլարյանի տնից մի կլորիկ գումարով, պ. Մեհերյանը պիտի չոքե ուսուցչանոցում և ներողություն խնդրե յուր խոսքերը ծաղրելուն համար։

— Այո՛, այո՛,— գոչեցին այս ու այն կողմից վարժուհիներն ու վարժապետները։

Բայց պ. Մեհերյանը, որ շատ թանկ էր գնահատում յուր պատիվը, համաձայնվեց այ պահանջին միայն մի պայմանով, այն է, որ Սևիկյանը ստանար Փիլարյանից առնվազն 500 ռուբլի. հակառակ դեպքում օրիորդն ինքը պիտի չոքեր ուսուցչանոցում ։

Սոփին պետք է վախենար այս պայմանից, բայց նա այն աստիճան էր հավատում միլիոներ Փիլարյանի առատաձեռնության, որ սիրով ընդունեց այս պայմանը և մատյանը կռան տակն առնելով՝ հեռացավ։

Մի քառորդ ժամից ետ նա արդեն կանգնած էր Փիլարյանի տան առաջ։ Հազիվ օրիորդը յուր քնքշիկ մատով էլեկտրրիկ հնչակի կոճակը խթեց, և ահա դուռը բացվեցավ, և նրա առաջ արձանացավ «կռոյի» դեմքով, բայց բարապանական կատարյալ համազգեստով մի դռնապան, որ անշնորհք քաղաքավարությամբ հայտնեց օրիորդին թե՝ տիկին և պարոն Փիլարյանները հենց իսկույն դուրս պետք է ելնեն տնից՝ այցելության գնալու համար։

Եվ արդարև, հազիվ դռնապանը յուր զեկուցումը տվավ, և ահա մի փայլուն ու փառավոր կառք, լծված անգլիական ահիպարանոց ձիերով՝ եկավ ու կանգնեց տան մուտքի առաջ։

«Անհարմար ժամանակ եկա», մտածեց ինքն իրան օրիորդը և չկամենալով պատահել այստեղ տանտերերին խույս տվավ դեպի մերձակա փողոցը, որոշելով այցելել նրանց մի երկու ժամից։

Հեռանալու ժամանակ նրա ուշադրությունը գրավեց Փիլարյանի շքեղ կառքը յուր փայլուն արտաքինով, մետաքսազարդ ներքինով և անգլիական ահավոր նժույգներով, որոնց աչքերից կրակ՝ իսկ ռունգերից ծուխ էր դուրս գալիս։

— Անկարելի է, որ այս հոյակապ տան մեջ ապրող և այս փառավոր կառքով պտտող մարդիկ փոքր ու գծուծ հոգի ունենան...— մտածեց օր. Սևիկյանը և հեռացավ։

Մի քանի վայրկյանից Փիլարյանների կառքը յուր ռետինե, անձայն անիվներով և ամեհի, արագաքայլ նժույգներով սլացավ վարժուհու առջևից։ նրա մեջ ձգված ամուսինների վրա օրիորդը նայեց բարեհաճ աչքով (որովհետև հավատում էր նրանց վեհանձնության) և ինքը յուր մեջ որոշեց, թե արդարև Փիլարյանները արժանի էին այն ամենին, ինչ որ աստված պարգևել է նրանց։

Չնայելով, որ երկու երկար ժամեր ուներ յուր տրամադրության ներքո, այնուամենայնիվ, օրիորդը չկամեցավ վերադառնալ տուն — քանի դեռ սպասված գումարը չէր ստացել: Այդ պատճառով նա ուղղվեց դեպի բազմամարդ պրոսպեկտը, ուր օրվա այդ ժամին զբոսնում էր պարապորդների մեծ բազմություն, որի 8/10-ը հարկավ, կանայք էին։ Օր. Սևիկյանի համար, իհարկե, դժվար չէր ընկերուհի գտնել զբոսնող բազմության մեջ, բայց նա դրա համար չմտածեց, որովհետև յուր ուղեղը ավելի ծանրակշիռ խնդրով էր զբաղված։

«Ի՞նչ պիտի անեմ, եթե հանկարծ մերժեն ինձ և կամ 1000, 500 ոուբլու փոխարեն՝ միայն 100 ստորագրեն... Մի՞թե պիտի չոքեմ ուսուցչանոցում և ներողություն խնդրեմ պ. Մեհերյանից...» ։

Այս միտքը, որ անսպաս կերպով ծնունդ առավ օրիորդի գլխում, դող հանեց նրա սիրտը. Սոփին երկչոտ չէր. բայց հպարտ էր և պատվասեր։ Նա, արդարև, չէր կարող մինչև այդ կետն ստորանալ։ Ինչո՞վ պիտի ուրեմն վերջանար գործը, եթե ձեռնունայն վերադառնար Փիլարյանների տնից։ Այս մտածությունը շատ պիտի տանջեր օրիորդին, եթե, բարեբախտաբար, մի ավելի մխիթարական միտք չհաջորդեր առաջինին։

«Ի՞նչ իրավունք ունիմ ես կասկածելու այնպիսի մարդկանց առատաձեռնության վրա, որպիսին են Փիլարյանները, կշտամբեց ինքն իրան օրիորդը, մարդիկ, որոնք օրեկան առնվազն տասը հազար եկամուտ ունեն, մի թե կարող են մերժել իրանց օրվա եկամտի մի տասանորդը հայ վարժուհուն, որ ողորմություն է խնդրում յուր մերկ ու թշվառ հայրենակիցների համար։ Ոչ, անկարելի է։ Նրանք էլ հայեր են. նրանք էլ սիրտ ունին. նրանք հո չեն կարող հանգիստ հոգով վայելել աստծո տված այդ մեծափարթամ հարստությունը, եթե առատորեն բաժին չհանեն իրենց մերկ, քաղցած և անպատսպարան ազգակիցներին։ Բոլոր հայությունն զբաղված է այսօր հալածական հայ գաղթականներին խնամելու և պատսպարելու հոգսերով, նույնիսկ բազմանդամ ընտանիքների աղքատ հայրերը ազատ չեն համարում՝ իրենց այդ թշվառներին օգնելու պարտավորությունից, օտարներն անգամ ձեռք են կարկառում նրանց, մի՞թե, ուրեմն, միլիոնատեր Փիլարյանները անտարբեր պիտի մնան դեպի թշվառության այս զոհերը.., հարկավ, ոչ։ Հարստությունը, որ շատ վայելչության հետ է ծանոթացնում մարդկանց, անշուշտ Փիլարյաններին էլ ծանոթացրած կլինի այն քաղցր ու անսահման հաճույքի հետ, որ մարդ արարածն զգում է յուր կարոտ նմանին օգնած ժամանակ...»։

Այս մտածություններն այն աստիճան էին գրավել օրիորդ Սոփիին, որ նա չէր կարողացել նկատել թե՝ վաղուց արդեն հեռացել է պրոսպեկտից և թափառում է Վերայի փողոցներում։ Ուստի երբ սթափվեց, նայեց ժամացույցին, տեսավ, որ երկու ժամն արդեն անցել է։ Ուստի շտապեց դեպի անցնող ձիաքարշը և նստելով նրա վրա, դիմեց դեպի Փիլարյանների տունը։

Այս անգամ արդեն համազգեստ հագած «կռոն» խիստ սիրալիր ժպիտով ընդունեց օրիորդին և, բացի այդ, կարևոր համարեց հայտնել, որ «աղջիկ պարոնն ու աղան հենց նոր վերադարձան այցելատեղից»:

Վերին հարկում օրիորդին ընդունեց մաքուր հագնված մի սպասավոր, որ առաջնորդեց այցելուին դեպի նախասենյակը և այդտեղ գտնվող հնչակը խթելով՝ հայտնեց ում որ անկ էր նորեկ հյուրի մասին։

Երևեցավ իսկույն մի նորատի սպասուհի, որ շնորհաշուք կերպով ողջունելով օրիորդին, լսեց նրա զեկուցումը՝ թե կամենում է տեսնել տիկին Փիլարյանին։ Առաջնորդելով հյուրին դեպի ընդունարանը, սպասուհին շտապեց տիրուհու մոտ, հարկ եղածը նրան հայտնելու։ Ապա նորեն վերադառնալով՝ ավետեց օրիորդին թե՝ տիկինը կբարեհաճե ընդունել իրան մի քանի վայրկյանից:

Օրիորդը, որ մինչև այն նստած էր փոքրիկ ծակոտկեն աթոռի վրա, կարծես, համարձակություն առնելով այդ հայտարարությունից, երբ սպասուհին հեռացավ, ինքն էլ վեր կացավ տեղից և առաջանալով դեպի փափուկ թավշապատ բազկաթոռը, ձգվեցավ նրա մեջ և սկսավ դիտել ընդունարանի հարուստ զարդարանքները, որոնք բոլորն էլ փարիզական արհեստի արտադրություններ էին։

Մինչդեռ նա հանգիստ նայվածքով և թաքուն հիացմամբ դիտում էր իրեն շրջապատող ճոխությունները, հանկարծ նրա ականջին զարկեց տիկին Փիլարյանի ձայնը։ Նա վիճում էր ընտանիքի անդամներից մեկի հետ։

Օրիորդը, որ լավ ականջ ուներ, լսողությունը լարեց։

— Ասում եմ, որ պետք է անպատճառ կտրել... այդպես թողնել անկարելի է...— բարկացած և հրամայող ձայնով խոսում էր տիկինը։

— Իսկ ես ասում եմ, որ թույլ չպիտի տամ... կտրել անկարելի է...— պատասխանում էր ավելի հանդարտ, բայց հաստատուն ձայնով մի տղամարդ, որ ըստ երևույթին պ. Փիլարյանն էր։

— Ինչպե՞ս թե թույլ չես տալ։ Դու ուրեմն կամենում ես, որ փողոց դուրս եկած ժամանակ մեզ ծաղրեն...

— Ո՞վ պիտի ծաղրե, ա՛յ կին, ինչեր ես խոսում։ Ամբողջ Թիֆլիսում որի՞նն է կտրած որ մենք կտրենք։

— Դու թիֆլիսցիների ընկերը չես, Թիֆլիսումն էլ շատ միլիոներներ չկան, բայց դու միլիոներ ես... բացի այդ, ո՞վ ունի այստեղ ճաշակ, ո՞վ է ծանոթ Եվրոպայում ընդունված նորություններին։ Դու նայիր թե՝ ինչպես են անում Փարիզում, Լոնդոնում և նույնիսկ Պետերբուրգում. ամեն տեղ էլ կտրում են։ Այդ է այժմյան ընդունված ձևը, որ գործնականապես էլ օգտավետ է, այսինքն փոշուց ու ցեխից ազատ է մնում։

— Ավելնորդ են այդ խոսակցությունները, ասում եմ որ չեմ կտրիլ, և թույլ չեմ տալ որ կտրեն։ Նորաձևության հետևեցեք դուք որքան կարող եք։ Եթե ցանկանում եք, պատվիրեցեք, որ փետուրների փոխարեն աշտարակներ կանգնեցնեն ձեր գլխարկների վրա. ես ընդդիմանալու բան չունիմ։ Բայց խնդրում եմ, որ թույլ տաք չորքոտանիներին ապրել աշխարհում այնպես, ինչպես որ ստեղծել է նրանց աստված, այսինքն, առանց նորաձևության, առանց մոդաների...

— Օ՜, տգիտություն, տգիտություն, ի՞նչ չարիքներ չես գործում,— բացականչեց ողբերգական ձայնով տիկին Փիլարյանը և լռեց։

Ըստ երևույթին նա հեռացավ ուրիշ սենյակ:

«Ի՞նչ վեճ է այս, տեր աստված,— մտածեց ինքն իրեն օրիորդ Սևիկյանը.— մի՞թե միլիոների տանն էլ են վիճում... մի՞թե նրանք է՞լ ունին ցավեր...»։

Այս հարցին, սակայն, նա չկարողացավ պատասխանել: Բայց հիշեց իմաստունների այն խոսքը թե՝ «Աշխարհում ոչ ոք է երջանիկ...»։

Վերջապես մի քառորդ ժամից ետ ընդունարանի դուռը հուշիկ բացվեցավ և երևաց տիկին Փիլարյանը։

Նա միջահասակ, գիրուկ մարմնով, բայց դալկադեմ մի կին էր։ Ուներ մեծ-մեծ աչքեր, որոնց մեջ սակայն մարած էր երիտասարդական կրակը, մեծ և կիսաբաց բերան, որ եզերված էր հաստ շրթունքներով, դրանցից վերինը քաշված լինելով դեպի ռունգը՝ արտահայտում էր մշտական դժգոհություն։ Նրա երկու ականջներից կախված էին երկու խոշոր ադամանդներ, իսկ կրծքի ու մատների վրա շողում էին գույնզգույն գոհարներ։ Տիկնոջ հագուստը շքեղ էր և հարուստ, բայց նա գեղեցկություն չէր տալիս նրա հասակին։ Փոքրիկ կուրծքն ու կարճ թիկունքը, որոնք ամփոփված էին ավելի ևս կարճ սեղմիրանի մեջ, կազմում էին հակակշիռ նրա մարմնի ներքին մասին, որ ավելի երկար էր։ Այդ պատճառով և մետաքսյա հագուստը, որ կարված էր ըստ վերջին տարազու, չէր գեղեցկացնում նրան։ Ուռած ու փքված թևերը, որ փարիզեցի արվեստագետները հնարել են, երևի իրենց գեղեցկուհիներին հրեշտակների կերպարանք տալու համար, տիկին Փիլարյանին նմանեցնում էին ուռած հնդկահավի, որ ճեմում է յուր մարիների մեջ:

Ծանր քայլերով մոտեցավ տիկինը օրիորդին, որ արդեն ոտքի էր ելել և հպարտ գլուխը աննշմարելի կերպով խոնարհելով՝ ողջունեց նրան:

— Դուք կամեցել էիք ինձ տեսնե՞լ, — հարցրեց նա օրիորդին առանց նստել առաջարկելու։

— Այո՛, մեծապատիվ տիկին, ես կամենում էի առաջարկել ձեզ... Օրիորդը խոսքը վերջացնելու փոխարեն ձեռքի մատյանը երկարացրեց դեպի առաջ և մեկ էլ նորեն ետ ամփոփեց նրան:

— Այդ ի՞նչ է, ստորագրության մատյա՞ն:

— Այո՛, ինչպես գիտեք, գաղթականների թիվը հետզհետե ավելանում է քաղաքումս, օգնության հասնող ձեռքերը սակավաթիվ են. իսկ ձեռք բերված նպաստներն՝ աննշան.. հարյուրավոր տղամարդիկ, կանայք ու մանուկներ թափառում են փողոցներում քաղցած, բոկոտն և անպատսպարան... դրանք բոլորն էլ կարոտ են զորավոր ձեռքի օգնության, աննշան նվերները չեն կարող ընդհանուր աղետը դարմանել... այս մատյանը հանձնված է ինձ մասնաժողովի կողմից...

Օրիորդը տակավին շարունակում էր յուր ճառը, երբ տիկ. Փիլարյանը յուր արդեն բաց բերանը մի փոքր էլ բանալով, ընդհատ և, կարծես, ակամայից խոսող ձայնով ասաց.

— Ցավում եմ, որ անհարմար ժամանակ եք եկել... այժմ ես զբաղված եմ մի ընտանեկան ծանր խնդրով, որի անհաջող լուծումը մեծ հոգս պիտի պատճառե ինձ... բարեհաճեցեք վաղը շնորհ բերել... եթե ձեր բախտից հիշածս խնդիրը ըստ իմ ցանկության լուծումն ստանա, գուցե ավելի մեծ գումար ստորագրեմ...:

— Ներեցեք, խնդրում եմ... ես չգիտեի... ներեցեք... ես կերթամ. աստված տա, որ այդ ընտանեկան ծանր հոգսը ամենահաջող լուծումն ստանա...Եթե կհրամայեք, ես կարող եմ գալ մի քանի օրից...

— Ոչ. վաղը շնորհ բերեք։ Խնդիրը մինչև այն լուծված կլինի, — ասաց տիկինը։

Օրիորդ Սևիկյանը խոնարհ հարգանոք և շնորհալի ժպիտով ողջունեց տիկնոջը և դուրս գնաց։

— Ամեն ընտանիք ունի յուր հոգսերը, — մտածում էր նա սանդուղքից իջնելով. — Մենք այնպես ենք կարծում թե միլիոնատերը հոգս ու ցավ չունի, թե ամեն օր նրան շրջապատում են հրճվանք, խնդություն ու ծիծաղ: Բայց, ընդհակառակը, մեծ սարի վրա մեծ էլ ձյուն է նստում... ով գիտե ի՞նչ դժվարատար վիշտ է ծանրանում այժմ տիկին Փիլարյանի սրտին... և որքան զորավոր է այդ վիշտը, որ միլիոնը չի կարողանում նրան մեղմել...: Այս մտածությամբ դուրս գնաց օր. Սևիկյանը Փիլարյանների տնից, որոշելով վերադառնալ այդտեղ հետևյալ օրը, միևնույն ժամին։

Այդ ավուր երեկոյան Սոփին գնաց, մինչև անգամ, եկեղեցի և, իբրև հայոց բարեպաշտ վարժուհի, երկու հատ 10 կոպեկանոց մոմեր վառեց ս. աստվածածնի առաջ, խնդրելով նրան` հաջող լուծումն տալ տիկին Փիլարյանի ընտանեկան մեծ խնդրին, որպեսզի նա յուր ստորագրության մատյանում 1000 ռուբլի ստորագրելով՝ թե գաղթականներին զգալի մի օգուտ բերե և թե իրեն ուսուցչանոցի մեջ չոքելուց ազատե։

Եվ հետևյալ օրը, մևնույն ժամին, օրիորդ Սևիկյանը Փիլարյանի տան հնչակը քաշեց։

Համազգեստով «կռոն» դարձյալ դուռը բացավ և վերին դստրիկոնում միևնույն ձևով ընդունեցին օրիորդին և առաջնորդեցին դեպի ընդունարան։

Միակ նորությունը, որին հանդիպեց այսօր վարժուհին, այդ յուր նախկին ընկերուհիներից մինին, օրիորդ Լուսիկ Փամբուկյանին այդտեղ տեսնելն էր:

Վերջինս խիստ մտերմությամբ և սիրաժպիտ ողջունեց վարժուհուն և բազմեցրեց նրան ընդունարանի ամենից գեղեցիկ և ամենից զարդարուն բազկաթոռի վրա, կամենալով հասկացնել ընկերուհուն՝ թե՝ ինքն էլ որոշ իրավունքներ է վայելում այդ միլիոների տանը։

— Լուսի՛կ, ի՞նչ ես շինում դու այստեղ,— հարցրեց Սոփին հետաքրքրությամբ։

— Երեխաներին հայերեն դաս եմ տալիս,— պատասխանեց Փամբուկյանը։

— Մի՞թե, ես այդ չգիտեի, իսկ երեխաներ շա՞տ ունին սրանք։

— Ահա՛, նայիր, դրանք բոլորը Փիլարայանինն են...— Այս ասելով օր. Փամբուկյանը մատնացույց արավ ընկերուհուն դեպի պատշգամբը, ուր այդ միջոցին խաղում էին մի քանի զույգ երեխաներ. նրանց հետ կանգնած էին մի խումբ գեղեցիկ հագնված զանազան տիպերի կանայք։

— Իսկ սրա՞նք ովքեր են,— հարցրեց Սոփին։

— Դրանք էլ վարժուհիներ ու դաստիարակչուհիներ են: — Այսքան բազմությո՞ւն...։

— Այո՛, ամեն մի երեխա մի դաստիրակչուհի և մի սպասուհի ունի։ Տեսնո՞ւմ ես այս բարձրահասակ ու շիկահեր կինը։ Դա անգլուհի է, որ դաստիարակում է երեխաներից մինին և, միևնույն ժամանակ, անգլերեն սովորեցնում բոլորին։ Իսկ այս գեղեցիկ երիտասարդուհին, որ խաղում է երեխաների հետ, ֆրանսուհի է, որ վարում է նույնպիսի պաշտոն։ Այս կողմը կանգնած առողջ դեմքով ու խաժ աչքերով աղջիկը գերմանուհի է։ Այս անցուդարձ անողը ռուս է, մյուսները՝ սպասուհիներ են։

— Աստված իմ. և այս երեխաների ուղեղը չի շփոթվում ամեն օր դաստիարակչուհիների և սպասուհիների այսքան բազմություն տեսնելով կամ նրանց լսելո՞վ...

— Ամեն ոք պարապում է որոշ ժամերում, շփոթություն չի լինում։

— Իսկ դու օրվա ո՞ր ժամերումն ես պարապում։

— Ես ունիմ շաբաթվա մեջ միայն երկու ժամ։

— Միայն երկու ժա՞մ... Եվ ի՞նչ ես սովորեցնում այդ երկու ժամում։

— Միայն խոսել։

— Ինչպե՞ս թե խոսել, ուրեմն այդ երեխաները հայերեն խոսել չգիտե՞ն։

— Բնավ. տիկինը համոզված է, որ մինչև անգամ հարկավոր չէ նրանց հայերեն սովորել, «երեխաների լեզուն կկոպտանա, հայերենը գռեհիկ լեզու է, կոշտ է հնչում», ասում է նա։

— Բայց ինչպե՞ս է, որ հրավիրել են քեզ:

— Ինձ հրավիրել է ամուսինը, նա գավառացի լինելով դեռ մի փոքր հայություն ունի յուր մեջ, պահանջում է, որ որդիքը հայերեն սովորեն, տիկինը, իհարկե, չի հակառակում, որովհետև գիտե, որ ամուսինը կամակոր է, նրան համոզել չի կարող, բայց դրա փոխարեն ինքն էլ որդվոց հետ հայերեն չի խոսում։

— Հապա ինչերե՞ն է խոսում:

— Յուր չգիտցած լեզուներով:

— Այսինքն։ — Ռուսերեն, ֆրանսերեն:

— Բայց եթե չգիտե, ինչպե՞ս է խոսում։

— Օրվա մեջ հազիվ է յուր երեխաներին մի քանի վայրկյան տեսնում, իսկ այդ վայրկյանների համար մեծ պաշար չէ հարկավոր: Մի երկու զույգ «մայա-տվայա», մի քանի հատ «բոնջուր-մոնժուր» և այդպիսով նրա զրույցը վերջանում է:

Օրիորդ Փամբուկյանի տված տեղեկությունները անհաճո տպավորություն արին Սևիկյանի վրա, նա սկսավ վախենալ «քիչ ստանալու» համար, և մտածում էր տիկնոջ փոխարեն՝ յուր խնդիրն առաջարկել պարոն Փիլարյանին։

Երբ նա այս մասին ընկերուհուն հարցրեց, Լուսիկը պատասխանեց.

— Փողի խնդրում տիկինն ավելի առատաձեռն է. նա մեծ հաճույքով նպաստներ է բաժանում իրեն դիմող երիտասարդներին: Ամուսինը է ընդհակառակը, ատում է ընդհանրապես նպաստ խնդրողներին։

Այս միջոցին տիկին Փիլարյանը, որին հայտնել էին արդեն այցելու օրիորդի մասին, ներս մտավ ընդունարանը մի ծրար ձեռքին։

Այսօր նա հագած էր ավելի համեստ զգեստ, որն և ավելի քիչ էր տգեղացնում նրան։ Բայց դեմքը նույնպես տխուր էր, ինչպես էր երեկ։ Մոտենալով վարժուհուն՝ նա ողջունեց նրան մի բռնազբոսիկ ժպիտով և ասաց.

— Ցավում եմ, որ ինձ հոգս պատճառող խնդիրը իմ ցանկության համեմատ չլուծվեցավ. այդ բանը ծանր վիշտ պատճառեց ինձ... Այսուամենայնիվ դուք կարող եք մի բան տանել մեր կողմից ձեր դժբախտ գաղթականների համար։

Այս ասելով նա ծրարը մեկնեց դեպի վարժուհին։

Վերջինս, որ արդեն շփոթվել էր տիկնոջ տխուր հայտարարությունը լսելով, քիչ էր մնում, որ ծրարը չընդուներ. նա ցանկացավ, մինչև անգամ, մի քանի մխիթարական խոսքեր ասել տիկնոջը՝ նրա ընտանեկան խորհրդավոր վշտի նկատմամբ, բայց լեզուն չհպատակվեց իրեն։ Դրա փոխարեն, հայտնի չէ թե ինչու, նա մատյանը պարզեց դեպի տիկինը և խնդրեց նրան՝ ստորագրել յուր նվերը մատյանի մեջ։ — Թեպետ ավելորդ է, բայց հոգ չէ, տվեք. մեր ստորագրությունը կարող է ուրիշներին էլ խրախուսել....— ասաց տիկինը և վերցնելով մատյանը, մոտեցավ սենյակի անկյունում դրված փոքրիկ, թավշապատ գրասեղանին, որի վրա փայլում էր արծաթե սիրուն կաղամար՝ ոսկե գրչով և ստորագրեց մատյանի մեջ տված նվերը:

Տիկնոջ վերջին խոսքը թե՝ «մեր ստորագրությունը կարող է ուրիշներին էլ խրախուսել», օրիորդ Սևիկյանի սիրտը ուրախությամբ լցրեց, «Ծրարի մեջ ուրեմն բավական բան կա» մտածեց նա ինքն իրեն և առանց տիկնոջ ստորագրությանը նայելու՝ առավ մատյանը՝ սրտագին շնորհակալություն անելով դուրս գնաց:

Օրիորդ Փամբուկյանը հետևեց ընկերուհուն մինչև նախասենյակը։

— Լուսի՛կ. ասա՛ խնդրում եմ, ի՞նչ ընտանեկան ծանր խնդիր է, որի մասին երեկ և այսօր ակնարկեց տիկինը և որի անհաջող լուծումը վիշտ է պատճառել նրան, հարցրեց օր. Սևիկյանը ընկերուհուն, երբ նրանք նախասենյակն անցան։

— Ընտանեկան խնդի՞ր... ծանր վի՞շտ... ի՞նչ ասեմ, սիրելիս, ամաչում եմ... լավ է որ չիմանաս։

— Խնդրում եմ ասա՛, բաց արա ինձ այդ գաղտնիքը,— թախանձեց Սոփին։

— Բայց ախր անմիտ բան է, է՜...

— Միևնույն է, ասա, ես սաստիկ հետաքրքրվում եմ։

— Դու տեսել ես դրանց կառքն ու ձիերը։

— Այո՛, երեկ տեսա։

— Այդ կառքն ու ձիերը նոր են բերել տվել Պետերբուրգից: Տիկինը ցանկանում և պահանջում էր, որ ձիաների արտաքինը եվրոպական տարազով լինի, այսինքն որ նրանց պոչերի 2/3 մասը կտրվեն, ինչպես այդ անում են եվրոպական մեծ քաղաքներում, իսկ ամուսինը հակառակում է։

— Լուսիկ, դու կատա՞կ ես անում,— վիրավորվելով հարցրեց Սոփին։

— Ոչ, սիրելիս, ես իսկությունն եմ հայտնում։

— Բայց անկարելի է, որ այդ լինի հիշված ընտանեկան հոգսը։ — Այդ է. դրա մասին էր ամուսինների այս երկու օրվա վեճը։

— Եվ ուրեմն մեր այս դժբախտության օրերում, երբ մի կողմից կոտորում և մյուս կողմից հալածում են մեր թշվառ հայրենակիցներին՝ ձիերի պոչովն են զբաղված այդ միլիոներները։

— Այո՛, ինչպես տեսնում ես։ Օրիորդ Սևիկյանր չէր հավատալ ընկերուհու խոսքերին, եթե նախընթաց օրը յուր ականջով լսած չլիներ «կտրել կամ չկտրելու» մասին եղած վիճաբանությունը: Նա մի վայրկյան մնաց սառած և ապուշ-ապուշ նայում էր ընկերուհու աչքերին:

Ապա հանկարծ մտաբերեց տիկնոջ նվերը և շտապով մատյանը բացավ տեսնելու համար, թե ի՞նչ է ստորագրվել։ Եվ որքան եղավ նրա զարմանքը, երբ այդտեղ ստորագրած գտավ միայն 10 ռուբլի: Օրիորդը, կարծես, չհավատաց յուր աչքերին և շտապեց ծրարը բանալ, որ հաստ թղթից լինելով՝ բազմապարունակ էր թվացել իրեն։ Եվ սակայն այդտեղ էլ՝ մի ուրիշ ծալած թղթի մեջտեղում, դրված էր միայն երկու 5-անոց, որոնց գումարը, ինչպես հայտնի է մաթեմատիկոսներին, դարձյալ լինում էր 10 ռուբլի։

Օրիորդ Սևիկյանը հիշեց իսկույն ուսուցչանոցում արած վիճաբանությունը, պ. Մեհերյանի հետ բռնած գրազը և ամոթից ու բարկությունից շառագունեց։ Չկարողանալով այլևս խոսել ընկերուհու հետ, նա ծրարը դրավ մատյանի մեջ և «մնաս բարև» ասելով արագ-արագ իջավ սանդուղքից։

— Սո՛փիա, Սո՛փիա, լսիր ինձ, խոսք եմ ասում,— կանչեց Լուսիկը նրա հետևից, բայց Սոփիան առանց ետ նայելու դուրս թռավ փողոց։

Հազիվ նա հասավ Երևանյան հրապարակը և ահա՛, կարծես դիտմամբ, նրա դեմը ելավ օրիորդ Լազարյանը։

— Հա՛, Սոփի, ի՞նչ արիր, ստացա՞ր հազար ռուբլին. մերոնք այսօր էլ հավաքված են, քեզ են սպասում։

— Ի՞նձ...

— Այո՛, դեռ էլի շարունակում են վիճաբանությունը։ Պ. տեսուչը քո կողմն է և հույս ունի, որ Մեհերյանին պիտի չոքացնես ուսուցչանոցում... Այդ խոսքերը կարծես հարվածներ իջեցրին Սոփիի գլխին. նա ընդհատեց ընկերուհուն.

— Լսի՛ր, Վարդուհի, ես էլ ուսուցչանոց չեմ մտնիլ, վերցրու այս մատյանն ու միջի ծրարը և տար հանձնիր տեսչին...

— Ինչո՞ւ ինքդ չես տանում, ի՞նչ է այս, հապա տեսնենք, ո՞րքան է ստորադրել... իրար ետևից հարցրեց Վարդուհին ու շտապով մատյանը բանալով մեջը նայեց.

— Այս ի՞նչ է... տասը ռուբլի... կատա՞կ է այս...

Նա գլուխը բարձրացրեց Սոփիին նայելու, բայց վերջինս էլ չկար. նա շտապ-շտապ հեռանում էր դեպի Միջին փողոցը։

— Ա՛յ դու թշվառական, փախչում ես, հա՞ ... չե՞ս ուզում ուսուցչանոցում չոքել. բայց մենք քեզ կգտնենք ու կչոքացնենք,— չարախնդությամբ ասաց Վարդուհին փախչողի ետևից։

Բայց օրիորդ Սևիկյանը էլ այնուհետև չերևաց ուսուցչանոցում, չնայելով որ փափագելով փափագում էր մասնակցել երբեմն վարժուհիների «հոգեզվարճ բամբասանքներին»։ Բացի այդ, նա սկսած այդ օրից, այլևս ոչ մի տեղ չի վիճաբանում այն մասին՝ թե հայ թշվառները կարող են երբևիցե ազատվել իրենց ճակատագրից կամ հասնել բարօրության...: