Ասպետական
Ռապսոդիա
I
Մի հոգնած, տխուր տրուբադուր[1],
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի։
Երգում՝ էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ-կրակ,
Երգում էր սե՛րը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան։
II
Երգում էր կարոտն իր արթուն,
Երգում էր ամո՛թը այն սև,
Որ կարող է դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ։
Իր մռայլ օրերի բանտում,
Աշխարհի գո՜րշ ճամփեքին
Երգում էր hեգ մի տրուբադուր
Մահացու hարվածն իր տեգի...
III
«...Հոգնած ու թույլ մի խաչակիր՝
Ես մի օր այն դղյակը մտա.
Ասպետի լաթեր էր հագիս,
Զրահներս՝ ժանգոտած ու թաց։
Ես դառնում էի սուրբ Քաղաքից
Եվ սրտիս թագուհուն նվեր
Ես տանում էի ցա՛վը վերքիս
Ու կարոտս՝ բա՜րձր ու վեհ...
IV
Դարբասը շռինդով բացվեց.—
Մի զինվոր էր մառ ու մթին։
— Կտանես ողջո՜ւյնս ձեր վեհ
Ու խիզախ, անհաղթ ասպետին։
Ասացի, ու կրկին փակվեցին
Դարբասները մութ ու մռայլ։
Հոգնած խրխնջում էր իմ ձին
Այն օտար ճամփեքի վրա։
V
Ու նորից մռայլ շռինդով
Բացվեցին դարբասները վեհ...
Եվ ասաց.— Ալֆոնս Անդոն
Ձեզ, խոնարհ, խնդրում է վեր։
Ու բռնեց ձիուս սանձից,
Հանեց զրահներս թաց։
Եվ ահա, ես՝ թողած իմ ձին՝
Այն մռայլ դղյակը մտա։
VI
— Ողջո՜ւյն պիլիգրիմ[2] ասպետին.
Ձեր ծառա Ալֆոնս Անդո։
Ու իջավ գլուխս գետին
Մի անհուն ու խոր եռանդով։
Եվ երբ, շարժումով մի անփույթ,
Բարձրացրի աչքերս լուռ—
Ես տեսա աչքե՛րը նրա մութ
Ու մորուքը՝ ճերմակ ու սուր։
VII
Ծերունի էր Ալֆոնս Անդոն՝
Իննսուներեք տարեկան...
Բայց աչքերը՝ չոր ու անթով՝
Դեռ նայում էին չար ու ագահ։
Նա կարող էր լինել արքա
Մավրերի, կամ ցեղին Արաբ,
Նա կարող էր լինել բռնակալ—
Ամբո՛ղջ աշխարհի վրա։
VIII
Ծերունի էր Ալֆոնս Անդոն,
Բայց իրանը, պիրկ ու խիզախ՝
Նա պահում էր անմար խանդով
Բարձրահեռ, որպես սուր մի նիզակ։
Նա իր կուրծքը պահում էր հաստատ,
Պղնձե վահանի նման թեք,
Եվ իր քայլը՝ բիրտ ու վստահ—
Նժույգի քա՛յլք էր երկաթե։
IX
— Ընդունե՜ք հարկը դղյակիս
Որպես ձեր հարկն հարազատ...
Եվ տվեք մեզ սուրբ Քաղաքի
Օրհնությունը, իբրև ընծա։—
Ես նրան դրախտ ցանկացա,
Ես նրան տվեցի երկու խաչ,—
Եվ հանկարծ լսեցի երգի ձայն,
Հնչեցին քնար ու ծնծղա։
X
...Ու մտան երկու գեղանի
Աղջիկներ՝ հուր-հրեղեն...
Մոտեցան կլոր սեղանին,
Դրեցին գավաթներ հողե։
Ու ճկուն շարժումով մի պարե՝
Իրենց սեգ ողջույնը տվին...
Ուխտավո՛ր, նման մի արև
Մի՛ անգամ թող կյանքդ արևի։
XI
Ուխտավո՛ր, մի՛ անգամ կյանքիդ
Օրերում տխուր ու մռայլ
Թող ցոլա հրահուր ու անգին
Այդպիսի մի բախտ քո վրա։
Թող բացվի այդպիսի մի լույս
Երկրային կյանքում քո խավար—
Եվ ապա՝ տանջանքին հլու՝
Թող սիրտդ հավիտյա՛ն նվա։
XII
Երկու լույս էին վառ նրանք...
Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր հրաշքներ լուսե...
Մեկի բոյը— սեգ մինարեթ[3],
Մյուսինը— սև՛ մի սոսի.
Մեկը վառ, պայծառ մի արև,
Մեկը կաթ, արծաթ մի լուսին։
XIII
Բեդվինի[4] խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
Մյուսի աչքերը — տխուր
Միրաժներ էին անմեկին։
Մեկի կուրծքը մզկի՜թ էր սպիտակ,
Մյուսինը— սե՜գ մի տաճար.
Մեկը բիլ գազե՛լ էր կապուտաչ,
Մեկը հուր նժո՜ւյգ սևաչյա...
XVI
Մեկը թիռ[5] քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել...
Մյուսի քայլքն հրաթև—
Թռի՛չք էր դաշտերում ավազե...
Աշխարհում դեռ չի՛ երազել
Նման բախտ և ո՛չ մի արքա,—
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՜լ էր Անդոն չարկամ։
XV
Ու հոսում էր հուր-հրահուր,
Թափվում էր գինին սեղանին։
Ու տարփում էին բո՛ց մի մահու
Մարմինները նրանց գեղանի։
Ու քամում էր գավաթը հողե,
Ու նայում էր Անդոն չարկամ—
Կույսերին հուր-հրեղեն՝
Աչքերով չա՛ր ու ագահ։
XVI
Ու իջավ, որպես սև գիշեր
Իմ սրտին թախիծը մռայլ։
Ու մի ամպ՝ մութ-մշուշե՝
Ծանրացավ հոգուս վրա։
Ու ոռնաց մրրի՛կը իմ հոգում,
Ուրագանը[6] շաչեց ավազե—
Մի վա՛գր էր իմ սրտում մորմոքում,
Վիրավոր էր չա՜ր մի բազե։
XVII
Մոռացել էի արդեն ես
Իմ սրտի թագուհուն լուսե,
Որի դեմքը կյանքում հողմածեծ
Տարինե՜ր էի երազել։
Մոռացա կարոտը իմ վառ,
Մոռացա թագուհուն իմ անգին,
Որի մի՛ հայացքի համար
Ես դարձել էի խաչակիր։
XVIII
— Հանգի՜ստ ասպետիդ վաստակած—
Ու ոտքի ելավ Անդոն։
Մռայլ՝ բարձրացավ ու գնաց,
Հեռացավ, որպես հուշ անթով։
Ու նրա ետևից գնացին
Աղջիկները հո՛ւր-գեղանի...
Իսկ ես... մինչև լույս մնացի՝
Կռթնած կլոր սեղանին։
XIX
Մինչև լույս մնացի կիսաքուն
Կռթնած կլոր սեղանին,
Մինչև լույս պարեցին իմ հոգում
Այն կույսերը հուր-գեղանի։
Մինչև լույս, ինչպես ալվլան
Երկու բոց, սպիտակ ու սև՝
Իմ հոգում պարեցին նրանց
Մարմինները լո՜ւյս ու լուսե։
XX
Եվ, ինչպես հավաքվում է քամին
Դաշտերում մառ ավազե,
Կամ ինչպես չար թշնամուն
Մոտենում են քայլերն հովազի,
Կամ ինչպես բեդվինը չարկամ
Հարձակվում է հեռվից հանկարծ.—
Մի կարոտ խո՛ր ու ագահ
Իմ հոգում շաչեց ու ընկավ։
XXI
Մինչև լույս աղմկեց իմ հոգում
Այդ կարոտը, որպես ուրագան,
Մինչև լույս մռնչաց անքուն
Այդ կարոտը չա՛ր ու ագահ։
Մինչև լույս իմ հոգում շաչեց
Այդ կարոտը, որպես է՛գ մի հովազ,—
Ու ծեգին իմ սիրտը հողմածեծ
Անապա՜տ էր արդեն գորշավազ։
XXII
Անապատ էր արդեն գորշ ու շոգ
Իմ հոգին՝ տապ ու մթին,
Ուր անբավ կարոտը ճնշող
Հղանում էր տենդեր անմեկին։
Կախված էր իմ գլխին կարծես
Անշարժ ու շոգ մի արև—
Ու ծարավ արշավում էի ես
Դաշտերում անջուր— մոխիրե...
XXIII
Ու թվում էր, թե նորի՛ց, նորի՛ց
Ահա ես՝ խոլ մի խաչակիր—
Թռչում եմ դաշտերով մոխիրե՝
Ժանգոտած զրահներ հագիս։
Արշավում եմ անխոնջ ու ծարավ
Ու նորից եռանդ եմ ու վազք,—
Դաշտերով տոթ, գորշավազ
Արշավո՜ւմ եմ դեպի Դամասկ։
XXIV
Այն գիշերը ուշ լուսացավ,
Այն գիշերը տևեց մի դար։
Այն գիշերը անթի՜վ անգամ
Ես Կարմիր Քաղաքը մտա։
Այն գիշերը խեղդամահ արի
Իմ սրտում հազար սարացին[7],—
Եվ նայում էին ինձ խավարից
Այն կույսերը հուր-հրածին...
XXV
Առավոտը, մռայլ, բացվեց։
Դուրսը մութ էր, մրրիկ ու քամի։
Գլխիկոր՝ դեռ նստած էի ես՝
Կռթնած կլոր սեղանին։
Իմ սրտում անապատ էր արդեն,
Իմ սրտում կեսօ՛ր էր արդեն շոգ—
Երբ դղյակը դանդաղ զարթնեց.
Լսեցի հեռու մի շշուկ։
XXVI
Ու վագրի նման վիրավոր,
Ցատկեցի իսկույն ես տեղից՝
Ու թռա անհուն ծարավով,
Ինչպես նետ՝ պոկված աղեղից։
Ու իջա ես դղյակի
Ներքնահարկը մռայլ ու մութ.
Ու խեղդում էր արդեն իմ հոգին
Մի կարոտ՝ համր ու անգութ։
XXVII
Եվ ահա աչքերով բոցակեզ
Ու սրտի վագրային խանդով—
Ես տեսա` դանդա՜ղ այնպես,
Լուռ, գնում էր Ալֆոնս Անդոն։
Ու նրա քայլերին դանդաղ
Հետևում էին հեզանազ,
Օրորուն քայլերով խանդոտ—
Այն կույսերը փայլ ու երազ...
XXVIII
Ես նայում էի անկյունից։
Հեռանում էին համրաքայլ...
Ու թվաց, թե հո՜ւր մի գինի
Լցվում է սիրտս ագահ:
Եվ ահա ես տեսա, որ թեթև
Այն կույսերը հուր-գեղանի
Ծերունի ասպետի ետևից
Հեզանազ, մտան բաղանիք...
XXIX
Մի առյուծ էր, որ— իմ սրտում
Վիրավոր՝ խոլ մռնչաց։
Իմ հոգում փոթորիկ էր պայթում,
Ճարճատում էր մրրիկ մի չար։
Ես կանգնել էի քարացած,
Ես զգում էի, որ հիմա
Կծալվեն ոտքերս հանկարծ
Հողմածեծ շամբերի[8] նման։
XXX
Ես էլ չիմացա— ինչպես
Եվ հաջորդ վայրկյանին, խանդոտ—
Քարացել էի արդեն ես
Այն մռայլ, այն մութ դռան մոտ։
Եվ զգում էի ես միայն
Մի կարոտ՝ հուր-խելագար,
Որ մի էգ բորենու նման
Ուտում էր սիրտս ագահ։
XXXI
Ես կանգնել էի դռան մոտ,
Բայց տեսնում էի արդեն ես
Մարմինները նրանց խանդոտ,
Մարմինները լույս ու հրկեզ։
Եվ տեսնում էի, որ մռայլ
Ծերունու անկար խանդով
Հրեղեն մարմինները նրանց
Չարչարո՛ւմ է Ալֆոնս Անդոն...
XXXII
Ես տեսնում էի կույսերի
Մարմինները՝ երկու ա՛լ-կրակ,
Որ ծերի մութ գիշերին
Գալարվում էին ալվլան։
Ես տեսնում էի ծերունու
Մարմինը՝ չոր-հողագույն.
Մի ճիվա՛ղ էր սև-լրբենի,
Մի կարիճ էր Ալֆոնս Անդոն...
XXXIII
Ու փարվել էր Ալֆոնս Անդոն
Գալարուն ու տոթ կույսերին,
Ու խմում էր անհագ եռանդով
Քրտինքները նրանց ուսերի։
Քրտնքոտ ծնկներին էր փարում,
Ձեռքերով մարում էր երկու բոց,
Գրկում էր մեջքերը գալարուն,
Փարվում էր՝ չար ու անթով։
XXXIV
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
XXXV
Ես տեսնում էի մշուշում
Տարփանքով վառվող երկու բոց,
Երկուսի մեջտեղում— ծեր մի շուն.
Ու լալիս էր հոգիս հողմակոծ։
Որպես հուր երկու ժապավեն,
Երկու օձ՝ սպիտա՛կ ու սև—
Ծերունու մարմինը փաթաթել,
Գալարվում էին օձաձև։
XXXVI
Ես նայում էի հուսահատ
Ու ճչում էր հոգիս խանդից
Եվ ուզում էր հոգիս— նզովված
Տիեզերքն ու կյանքը քանդի։
Կուտակվում էր կրծքում իմ տոչոր,
Ահռելի ու սև մի սամում,—
Ես արդեն— մի վա՛գր էի չար,
Փոթորի՛կ էի ես անհուն։
XXXVII
Ես կարող էի բյուրավոր
Ոսոխներ խեղդել, հոշոտել,—
Հորդահոս արյան ծարավով
Արնաքամ դիակներ ուտել։
Որպես չար, արնախում բորենի
Ես կարող էի սի՛րտը հանել—
Թե ընկած լիներ ծերունին
Իմ ճանկերը պիրկ ու անել։
XXXVIII
Բայց կանգնել էի ես քարացած
Ու խղճուկ էի, որպես շուն։
Լսվում էր ներսից երգի ձայն,
Ու պարում էին մշուշում։
Ու պարում էին երկու հուր,
Երկու բոց՝ սպիտակ ու սև—
Ու փարվում էին ծերունուն
Գալարքով խոլ-օձաձև...
XXXIX
Պայթե՛ց փոթորիկը գլխիս
Եվ սիրտս ահեղ մռնչաց։
Մրրիկի պես շաչով մտա ներս,
Բորենու պես ագա՜հ ու չար։
Ու իջավ տեգս երկաթե
Նրա չոր կրծքին ծերուկ,—
Ու հաջորդ վայրկյանին արդեն
Թավալվում էր նա ա՜լ լճերում։
XL
Ու լցվեց բաղանիքը հանկարծ
Կանացի սուր ճիչերով.
Զգացի, որ կրծքիս ընկան,
Բռնեցին ինձ երկու ուրու։
Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու հուր հրեշներ է՛գ.
Երկու չար ոսոխներ օձաձև,
Երկու խոլ չարքե՛ր հուսաբեկ։
XLI
Ու վայում էին կատաղի,
Ու ծեծում էին ինձ նրանք։
Նրանց դեմքը դարձել էր դեղին
Ու հայացքը՝ օձ ալվլան։
Այդ վայրկյանը հուր-արյունի
Զառանցանք էր՝ խո՜լ միստերի[9].
Ու հոսում էր ալ մի գինի
Դեպի սիրտս նրանց զիստերից...
XLII
Ճանկռթում էին նրանք ինձ,
Գազազած՝ ձեռքերս կծում,
Ու թքում էին դեմքիս
Վահրով[10] դառն ու կծու։
Ու լուսե մատներով չարկամ
Իմ աչքե՜րն էին փորփրում,
Օ, մահու քա՜ղցր վայրկյան,
Օ, նզո՜վք, անե՛ծք, աններում։
XLIII
Զառանցանք էր, տենդ էր թվում
Այդ վրեժը չար էգերի։
Ու տրվել էի ես հլու
Նրանց չար, տանջող կամքերին։
Ու խփում էին երեսիս
Նրանք հուր-թեթև ոտքերով։
Ու անբույս, սև մի կսկիծ
Լցվում էր սիրտս խռով...
XLIV
Եվ հանկարծ թողեցին նրանք ինձ
Ու հասան մեռած ծերուկին։
Կախվեցին նրա չոր դեմքից,
Փարվեցին կրկի՛ն, կրկի՛ն։
Ու ներկում էր արյունը նրա սև,
Ծերունու արյունը մութ—
Մարմինները նրանց լուսե,
Մարմինները՝ դառն ու անգութ;
XLV
Համբուրում էին ծերուկի
Սպիտակ շրթերը նրանք։
Ու ճչում էին դառնագին,
Ու կանչում էին— նրան։
Ու սրբում էին վերքի
Արյունը մազերո՜վ իրենց սև։—
Ու ընկած էի ես մեջքիս՝
Մերժված, խե՜ղճ ու անսեր...
XLVI
Ո՜վ երկինք, պայթի՛ր գլխիս,
Փոթորի՛կ, մազերիս տեղա՛.
Տատասկնե՛ր թող բացվեն ճամփիս,
Կայծակնե՛ր գլխիս թող շողան։
Կուրանա՛ն, թող աչքերն իմ դաժան,
Չորանա՛ թող ձե՛ռքը իմ չար,
Թող գգվի ինձ մահ տարաժամ,
Թող հոգիս դժոխքո՛ւմ ճչա...
XLVII
Ինձ գցին բանտը դղյակի,
Ինձ համար սուսեր սրեցին։
Բայց էլի լիքն էր հոգիս
Այն սիրով հուր-հրածին։
Ու մռայլ բանտից ես փախա,
Որ կյանքի գո՛րշ ճամփեքին
Երգեմ իմ այս սե՛րն արնաքամ
Ու հատու հարվածը իմ տեգի։
XLVIII
Չուզեցի մեռնել բանտում
Ու թաղել սերս անհետ։
Ուզեցի լինել տրուբադուր,
Դղյակից-դղյակ թափառել։
Ուզեցի, որ լուռ չմնա,
Չմարի սիրտս հրկեզ,—
Ուզեցի ապրե՛լ մշտական,
Որ նրանց գովքը երգեմ։
XLIX
Երկու լույս էին վառ նրանք,
Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր-հրաշքներ լուսե։
Մեկի բոյը— սեգ մինարեթ,
Մյուսինը— սև մի սոսի.
Մեկը— վառ, անմար մի արև,
Մյուսը— կաթ, արծաթ մի լուսին։
L
Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
Մյուսի աչքերը — տխուր
Միրաժնե՜ր էին անմեկին։
Մեկի կուրծքը մզկի՜թ էր սպիտակ,
Մյուսինը— սե՛գ մի տաճար,
Մեկը— բիլ գազե՜լ էր կապուտաչ,
Մեկը— հուր-նժո՜ւյգ սևաչյա։
LI
Մեկը թիռ քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել.
Մյուսի քայլքն հրաթև—
Թռիչք էր դաշտերում ավազե։
Աշխարհում դեռ չի՛ երազել
Նման բախտ և ո՛չ մի արքա,
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՛լ էր Անդոն չարկամ...
LII
Ես կարող էի նրանց հետ
Աստծու գահին տիրանալ,
Դամասկի վրա հարձակվել
Մեն-մենակ՝ հաղթ ու անահ։
Ես կարող էի, որպես շուն,
Հավիտյան նրանց ո՛տքը լիզել.—
Օ, նրանց ոտքերի՛ փոշում
Ինձ համար դրա՜խտ էր լուսե։
LIII
Բայց ահա — հոգնած մի տրուբադուր.
Օրերի գորշ ճամփեքին
Երգում եմ հարվածը հատու,
Մահացու հարվածը իմ տեգի։
Երգում եմ նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ա՛լ-կրակ,
Երգում եմ սե՛րը նրանց սև
Ու վերքիս արյո՛ւնն ալվլան։
LIV
Երգում եմ կարոտն իմ արթուն,
Երգում եմ ամո՛թը այն սև,
Որ կարող էր դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ։
Ուխտավո՛ր, լսի՛ր հիմա դու.
Աշխարհի գո՜րշ ճամփեքին
Երգում է հեգ մի տրուբադուր
Մահացու հարվա՛ծը իր տեգի...»։
- ↑ տրուբադուր — միջնադարյան երգիչ հարավային Ֆրանսիայում (Պրովանսում), թափառող բանաստեղծ. փխբ. որևէ բան փառաբանող` գովաբանող մարդ:
- ↑ պիլիգրիմ — ուխտավոր, ուխտագնաց, օտարական, ճամփորդ:
- ↑ մինարեթ — մահմեդական մզկիթներին կից աշտարակ, որի վրա բարձրանում են մոլաները և բարձր երգաձայն աղոթքով հավատացյալներին աղոթքի հրավիրում, այստեղ` մինարեթի նման վեհ, սլացիկ:
- ↑ բեդվին — անապատաբնակ քոչվոր արաբ:
- ↑ թիռ — թռիչք, թռչելով, թռչկոտելով. փխբ. սահուն:
- ↑ ուրագան — բնստ. պտուտահողմ. փխբ. տարերքի նման անդիմադրելի` անկասելի իրադարձություն` երևույթ:
- ↑ սարացին (ներ), սարակինոս (ներ), (սարակինուհի) — միջին դարերում Եվրոպայի կամ Աֆրիկայի արաբներին և առհասարակ մահմեդականներին տրվող ընդհանուր անվանում:
- ↑ շամբ — եղեգնաբույս, եղեգ:
- ↑ միստեր — պարոն (անգլ.):
- ↑ վահր — թարախ, շարավ: