ԱՍՏԾՈ ԴՌՆԵՐԸ


Երեք անգամ քեզ համբուրեցի ծառի տակ,
եւ ծառի վրա երեք աստղ իջավ,
երեք անգամ քեզ համբուրեցի աստղերի վրա,
եւ ծառի տակ երեք ծաղիկ բացվեց,
երեք անգամ քեզ համբուրեցի ծաղիկների մեջ,
եւ ծառի ճյուղերին երեք հավք թառեց,
երեք անգամ քեզ համբուրեցի հավքի թեւերին,
եւ երեք դուռ բացվեց երկնքի վրա։և

Մեկը՝ սիրո։
     Ճամփան արցունքի նման է ծնվում։ Ձեռքից գնացած
     առվին հիշելով, ժայռը սփոփում է ինքն իրեն՝
     չհեռացող կարկաչները սեղմելով կրծքին, իսկ առուն
     որքան հեռանում է, ետընթաց հովը շշուկներն
                   այնքան մոտեցնում է։
     Մասրենին տառապեց հեռացող առվի համար, որը իր հետ
     վարդի թերթերից մեկն էր տանում նաեւ։ Մասրենին
     բավականացավ նրանով, որ թեպետ առուն հեռանում է,
                   բայց նրա երգը
     մշտապես մնում է իր արմատների ու շուրթերի վրա։
     Աշխարհի ամենավարդոտ եւ ամենափշոտ երգը, երեւի։

Մեկը՝ հավերժության։
      Թե ամեն ոք փրկի իր հոգին, կփրկվի աշխարհն, ուրեմն։
      Լռությունը անվստահություն է բառի հանդեպ։
      Ամեն վայրկյան արյան ճանապարհ է՝ դեպի արեւը։
      Մենք միասին (սա չի մոռացվի) տեսել ենք, թե ինչպես է
      հոսում ծովը։ Իսկ տառապանքը չունի ետնադուռ։

Մյուսը՝ դարձյալ սիրո։
      Վշտի դուռը հասածներից եւ ոչ մեկը
      այդ հասցեով չէր եկել։ Ես ինձ մոտենալու համար
      անընդհատ գալիս եմ դեպի քեզ։
      Պահը կրակե թեւեր ունի։ Ոչ մի ասող չի ասում։
      Ոչ մի լսող չի լսում։ Ոչ մի հասնող չի հասնում։

Երեք անգամ քեզ համբուրեցի ծառի տակ,
եւ ծառի վրա երեք աստղ իջավ,
երեք անգամ քեզ համբուրեցի աստղերի վրա,
եւ ծառի տակ երեք ծաղիկ բացվեց,
երեք անգամ քեզ համբուրեցի ծաղիկների մեջ,
եւ ծառի ճյուղերին երեք հավք թառեց,
երեք անգամ քեզ համբուրեցի հավքի թեւերին,
եւ երեք դուռ բացվեց երկնքի վրա,
եւ երկուսով միանգամից մենք ներս մտանք դռնով... երեք։