Շատ բան իմանալու համար, կան բաներ,
որ պետք չէ իմանալ՝ փորձում է հասկացվել
լռությունը։
Դատարկությունը չի անցնում՝ ինչով էլ
լցնես աշխարհը՝ ճգնում է արդարացվել
ժամանակը։
Պոռնկասիրուն բառերը միմիայն
բացիլակիրներ են՝ խայծ է նետում համառամիտ
խոսքը։
Թշնամու աչքով ում էլ որ նայես՝ անպայման
թշնամի է՝ հայտնախոսում է
պատմությունը։
Եթե դու չես կարող տանել ցավը,
այն ինքը քեզ կտանի՝ մեջ է ընկնում ոսկեբերան
Միշել Մոնտեն։
Բայց ինչպես աչքերը լցվեն չտեսնված աչքերով,
բայց ինչպես ժամադիր աստղի վրա ծառը
համբույրներով պտղի,
բայց ինչպես լեզուն խաղս ընկնի առվին
թեքված խոտերում,
բայց ինչպես հասնել ծաղկին, «որ օձուն
բերանն է բուսեր»,
երբ հացի մեջ տխրության միտքը ատամ չի կտրում։