Արգելքներ
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 50
ծ. ― էջ 571 Գրվել է «Մշակ» թերթի «Արգելքներ կյանքի մեջ» առաջնորդող հոդվածի առիթով։ Տպագրվել է «Տարազ» շաբաթաթերթում, 1896, N 38, էջ 599-601։
ԱՐԳԵԼՔՆԵՐ

Մի շատ նշանավոր խնդիր, մի անբուժելի խոց է շոշափում «Մշակի» № 104-ի առաջնորդող հոդվածը– «Արգելքներ կյանքի մեջ»։ Այդ գաղափարի և իրական կյանքի անհաշտությունն է, ծրագիրների և նրանց գործադրության տարբերությունն է, որ մենք ամեն օր տեսնում ենք մեր կյանքում։ Բացատրում են վարչական անկարգության վնասակարությունը, և սակայն հարատևում է այդ անկարգությունը, տգետ քահանաների դեմ են խոսում, և նրանք ևս առավել բազմանում են օրեցօր, դպրոցական կարգ ու կանոն են ցույց տալիս ու դարձյալ քմահաճույքն ու կամայականությանն են տիրում նրանց տեղ, և շարունակ համանման երևույթներ։

Հիրավի, ծանր արգելքներ են։ Սրանք են, որ եռանդ են մաշում, հոգի են հուսաբեկում, սիրտ են մեռցնում և հասարակության զարգացման գործը դանդաղեցնում են, ձգձգում են երկար տարիներով։ Սակայն որքան շատ են ցավեցնում՝ այնքան էլ հեշտ են բացատրվում այս տեսակ երևույթները։ Ընդհանրապես նա, որ գաղափարներ է քարոզում ու ծրագիրներ է մշակում, ոչ գործ ունի ձեռքին, ոչ գործելու իրավունք, իսկ նա, որ գործելու պաշտոն և մտքեր իրագործելու կարողություն ունի, չի ըմբռնում այն գաղափարները, որ կյանքի հառաջադիմությունն են պայմանավորում, չի ընդունում այն ծրագիրները, որ բարեկեցություն են պահանջում։ Գործերի վրա նա իր առանձին հասկացողությունն ու հայացքն ունի, որ առաջնորդում և արդարացնում են իրան։ Եվ դուք տեսնում եք, որ հառաջադիմաթյան այդ խոչ ու խութերը տգիտությունն ու խավարն են հարուցանում, հասկանում եք, որ կյանքի բնական ընթացքն է այդ։ Բայց ի՞նչ կասեք, որ գաղափարների պաշտոնյան և ծրագիրների մշակն է ստեղծում այդ արգելքները կյանքի մեջ, դարձնելով գաղափարի գործն ապարդյուն և իր առաքելությունն աղետաբեր․ ի՞նչպես կբացատրեք, որ այն մարդն է դառնում չարության գործիք, որը լավ է հասկանում ու տեսնում չարությունը և նրա ողբալի հետևանքը։

Լուսաբանության համար օրինակներ բերենք։

Մի ինտելիգենտ պարոն տողերիս գրողին հայտնում էր իր սրտի ցավը և վրդովված բողոքում էր, թե տգետ տիրացուներին կաշառքով ձեռնադրում են քահանա։ Նրան լսելիս չէր կարելի կասկածել, թե ճշմարիտ է այս մարդու զայրույթը, բայց իսկապես ճշմարիտն այն է, որ հենց այնտեղից նա գնացել էր նույն տեսակ մի գործ հաջողեցրել կաշառքով։

Սրա նման շատերին ենք ճանաչում։

Մի գյուղական ուսուցիչ էլ պատմում էր, թե կաշառքն ապականել ու քանդել է գյուղերը։ Նրա ռոճիկը տալու համար տանուտերը 35 ռ. կաշառք պահանջեց, հակառակ դեպքում չէր տալիս գրպանում դրած գումարը։ Ուսուցչին ասացին, որ անվայել է իրան՝ կաշառք տալը և կարգադրություն եղավ, որ եկեղեցու փողերից տան նրա ռոճիկը, իսկ տանուտերի հետ հասարակությունը հետո հաշիվ կտեսնի։ Այսուամենայնիվ ուսուցիչը իր խորհրդատուներից գաղտնի կաշառք էր տվել տանուտերին ու բանը վերջացրել։

Այս էլ հոգնակի երևույթ է։

Բայց ավելի լավը։

«Մշակի» նույն 104 համարում, հենց հիշված առաջնորդող հոդվածի տակ տպված է «Վերջին շունչը» — գյուղական ուսուցչի օրագրից մի պատկեր։ Ուսուցիչը պատմում է, թե ձմռան մի ցուրտ ու բուք օր դատավորն իրան կանչեց Օհանենց Ալեքսանի տունը։ Ալեքսանը — վաթսուն տարեկան մի ծերունի, իր տան միակ աշխատավորը, վերջին շունչի վրա էր։ Այդ օրհասական րոպեին նրա գլխի վերևը կտրել են գյուղական դատավորն ու վաշխառու Գրիգորը։ Գրիգորը երեք տարի առաջ 60 ռուբլի է տվել, այժմ եկել է այդ պարտքի տեղ Ալեքսանից պահանջում է նրա 200 ռուբլիանոց այգին։ Այդ առանց թղթի չի կարող լինել, և վարժապետը նրա համար է կանչված, որ այդ թուղթը գրի, դատավորն էլ վավերացնի իր կնիքով, թե այսուհետև Ալեքսանի այգին անցնում է Գրիգորին 150 ռ. պարտքի տեղ։

— Մի՞թե 90 ռ. է տոկոսը,— զարմանալով հարցրի ես,— ասում է ուսուցիչը։

— Մեր գյուղերում այդպես են հաշվում․․․— ասաց դատավորը ժպտալով։

Հարցնում են հիվանդին, թե համաձա՞յն է։ Հիվանդը չկարողացավ խոսալ, ձեռքով նշան արավ. չհասկացան ինչ էր ուզում ասել։ Ապա խոսեց հիվանդի՝ անկյունում կուչ եկած կինը, թե «գրի՛ր, վարժապետ, թեև այդ փողից միայն 30 ռ. ենք ստացել․․․»։

Ես գրեցի։

Հիվանդը վերջին շունչի վրա էր։ Նրանից հետո տասնամյա փոքրիկ որդին և մաշված ու հյուծված կինը պետք է մնային առանց մի կտոր հացի։

— Թշվառնե՜ր․․․

Հետո Ալեքսանը մեռավ, թաղվեց և այլն, այդ ոչինչ, դրան ասում են «մեռավ—մեռոնվեց»։ Նշանավորը վարժապետի հետևյալ երեք նախադասություններն են.

— Մի՞թե 90 ռուբլի է տոկոսը, զարմանալով հարցրի ես։

— Ես գրեցի։

— Թշվառնե՜ր․․․

Այս երեք նախադասության մեջ է դրաման, ահա հենց այստեղ է ամենամեծ արգելքը կյանքի մեջ։ Մարդն ուսուցիչ է, ինտելիգենտ մարդ է. նրա սովորած բոլոր գաղափարները դատապարտում են վաշխառությունը, նրա կարդացած բոլոր գրքերը բողոքում են վաշխառվի դեմ, գիտե, որ տերությունը մինչև անգամ խիստ օրենքներով մաքառում է այդ անիրավության դեմ, նրա իմացած բոլոր տեղեկությունները պատմում են, որ մի քստմնելի ոճիր է, որ կատարվում է մահամերձ աղքատի օջախում, նրա խիղճը ներսից աղաղակում է այդ անիրավության դեմ, և այսուամենայնիվ Գրիգորի ու դատավորի հետ նա կազմում է մի մռայլ երրորդություն, որ