Արդի հայ դրամատուրգիան (1991-2008) ― Առանձնահատուկն ու ընդհանրականը

Առանձնահատուկն ու ընդհանրականը

Արդի հայ դրամատուրգիայի զարգացման օրինաչափություններն իրենց մեջ ներառում են բազմաթիվ հարակից խնդիրներ, որոնք թեպետ մեծ չափով չեն որոշարկում ժանրի ներկա դիմագիծը, սակայն որոշակի առանձնահատկություններ պայմանավորում են: Ուսումնասիրության այս գլխում հարկ ենք համարում քննության առնել դրամատուրգիական սեռին բնորոշ առանձնահատուկ` (թատրոն-դրամատուրգիա) և ընդհանուր գրական (թեմատիկ, հերոսի) խնդիրներ:

Թատրոն-դրամատուրգիա հարաբերություններից բխող, պիեսներում լրիվ այլ կերպ է արտահայտվում իրականության և երևակայության փոխադարձ կապն, ու թատերագրի մոտեցումը այս երևույթին:

Դրամատուրգիայի գրական սեռի առանձնահատկությունից, թատրոնի հետ նրա անմիջական առնչությունից, արդի հայ դրամատուրգիայում ձևավորվել են կյանքն ու թատրոնը միմյանց զուգահեռ ու միևնույն ժամանակ տարբեր հարթությունների մեջ դիտարկելու գրողների փորձերը: Այս երևույթը այնքան տիրապետող է, որ ոչ միայն քննաբանական վերլուծության հնարավորություն է տալիս, այլև դրա անհրաժեշտությունը կա:

Թեմատիկ և հերոսի խնդիրները որքանով որ առնչվում են դրամատուրգիային, նույնքան էլ գրական մյուս սեռերի համար (արձակ, պոեզիա) ընդհանրական են: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է ոչ այնքան գրական երկի ժանրասեռային նկարագրով, որքան ընդհանուր` գրական դաշտում առկա միտումներով: