ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԵՂԵԴԻ


Վարդը, վարդը, վարդը կարմիր։-
Ու շուրթերը չբացվեցին,
Ոչինչ, ոչինչ
չխոսեցին,
սուս մնացին,
սսկվեցին...

Վարդը, վարդը, վարդը կարմիր։-
Լինում է, չէ՞, երբ որ շատ է
ասելիքդ,
ոչինչ ասել չես կարենում
ու շիկնում ես,
կարկամում ես...

Վարդը, վարդը, վարդը կարմիր։-
Չտեսա՞վ, որ ես չեմ ասում
այն,
ինչը որ չի էլ ասվում,
չտեսա՞վ, որ դու չես ասում
այն,
        ինչը որ չի էլ ասվում,
չիմացավ,
որ խոսքն իրենն է...

Վարդը, վարդը, վարդը կարմիր-
Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ լռեց,
չէ՞ որ խոսքն այն,
որ ես ասել չէի կրող,
որ դու ասել չէիր կարող,
իր լեզվով էր,
սրտի լեզվով,
վարդի լեզվով... Վարդը չասված, չասվող խոսք է։

Վարդը, վարդը, վարդը կարմիր։-
Անցնում էիր,
ձեռքիդ սի՜րտ էր,
թե
վարդ կար
մի...