Արմաշ
ԱՐՄԱՇ
Տափարակի հողերը տեղ-տեղ ճերմակին են տալիս, ասես աշունքվա առավոտը եղյամ է ցողել:
Շորաքյաթ հողեր են, ոռոգման կարոտ: Շուտով ջուրը կլինի, հողն սպունգի պես կծծի ջուրը, հողը կփափկանա, և այնտեղ, ուր այժմ փշեր են բուսել և ուղտի խոտ, կլինի բամբակ, արևի տակ կլցվեն ողկույզները խաղողի, ցորենն առատ բերք կտա:
Ավերակ գյուղեր են, քանդված ցեխապատեր: Առանց ծածկ, առանց դուռ ու լուսամուտ: Տարիներ առաջ տափարակի վրայով մահվան թաթառ է անցել և հրդեհել տները: Գյուղերի մոտ շամբուտները շատացել են, հասել գյուղին: Եղեգնուտն իր մեջ է առել շատ ավերակներ:
Տափարակի վրա վրաններ կան, տեղ-տեղ՝ հատ-հատ, տեղ-տեղ՝ խմբով: Դեղնագույն վրանների տակ ապրում են նրանք, որոնց ոտքերը տարագրության հազար վերստեր և շատ սահմաններ են կտրել, տեսել են ծովեր, անցել են ծովեր: Երբեմնի մշակներ են սրանք, հողի մարդիկ, որոնք ճամփան կորցրած երամի պես թռել են, հազար մղոն անցել և իջել տափարակի վրա, վրաններ զարկել:
Գարունքին վար ու ցանքս են արել, այժմ տներ են կառուցում. նոր գյուղեր են հիմնվում: Արմաշն այդ գյուղերից է, գյուղ՝ վրանների տակ, վրանների մոտ ավերակ տներ: Քանդում են ավերակները, կառուցում նոր տներ: Տունը պատրաստ լինելուց հետո մի ընտանիք թողնում է վրանը, տեղավորվում նոր տանը:
Վրանները լայն են և երկար: Մի քանի ընտանիք միասին են ապրում, մի վրանի տակ: Վրանի մի անկյունում օրորոցի մեջ երեխան է քնած, կողքին մայրը նստել, հետը քերած սերմերն է ջոկում, որ վաղը ցանի ստացած հողում: Վրանի առաջ վազվզում են երեխաները, մի պառավ կին ցեխից հավաբուն է շինում, հենց վրանի մոտ:
Մի ծեր մարդ, որի հագին տեսած երկրներից մի-մի կտոր շոր կա, հույն զինվորի շինելից մինչև ամերիկյան շլյապը, երեք սպիտակ գառնուկների խոտ է տալիս: Նստել է գառնուկների մոտ, նայում է նրանց և ուրախ է անսահման, որ կյանքի արևմուտին մի անգամ էլ դառներն իր քաղած խոտը կերան:
Վրանների մոտ գերաններ կան թափված: Տաշում են, սարքում, մի տեղ աղյուս են պատրաստում, մի ուրիշ տեղ քար են տաշում, ավերակ տները քանդում են, որ ավերակների տեղ աղյուսն աղյուսի վրա նոր տներ կառուցեն, նոր Արմաշ, և դադրած, տարիների տարագրությունից բեզարած մարմինները հանգստանան:
* * *
Տրակտորները հերկում են վաղուց չվարած արտերը, որտեղ եղեգն է բուսել և ուղտի խոտ, անմշակ մնալուց հողը շորաքյաթ է դարձել, ասես աշունքվա առավոտը եղյամ է ցողել: Տրակտորներ շատ կան, հերկում են լուսաբացից մինչև արևմուտը, վայրի խոտերն արմատահան են լինում, արևի տակ սևին են տալիս պարարտ ցելեր:
Թխսկան դնող պառավը, որ ցեխից հավաբուն է շինել, թիթեղյա տաշտի մեջ ծխախոտի սերմ է ցանել, իր հետ հեռուներից բերած ծխախոտի սերմ: Ծլել են սերմերը, պառավն անհամբեր է, շուտ-շուտ գնում է մոտակա ցելին նայում, թե ե՞րբ պիտի մարգեր կապեն, որ ինքը ցանած սածիլը տնկի:
— Ուշի ընկանք, — ասում է, — թեզ գայինք նե, հիմակ տուն ու տեղնիս հազիր կընեինք:
Եվ ինչքան անհամբեր է տուն ու տեղ հազիր անելու, ի՞նչպես է դիմացել տարիներ մինչև այսօր, երբ մյուսները գերաններն են տաշում, աղյուս են թրծում, երբ պառավը գիտե արդեն իր ապագա տան տեղը:
Վրանի մոտ մի փոքր տեղ պառավը փորել է բահով, երկու մարգ արել:
— Աստեղ աղվոր սխտոր կըլլա, — ասում է, ծիծաղում: Խոպան հողը չգիտեր, որ Կավալայից, Սիրիայի, ավազուտներից ծովերի վրայով մի օր մի պառավ պիտի գա սխտոր ցանելու: Կասկածում էր և պառավը, թե պիտի ուտի՞ իր ցանած սխտորն օրերից մի օր:
Վրանների մոտ տրակտորներ կան ընկած, բանած եզան նման ասես հանգստանում են շվաքում:
Գանգուր մազերով մի տղա ուլի նման ցատկոտում է տրակտորի վրա, մի ուրիշը փայտի կտորներից տուն է շինել, վազում է վրանից բերանով ջուր բերում, ցեխ անում, տրակտորի շվաքում շինած տան կտուրը ցեխելու:
Խոսեցնում եմ գանգուր մազերով տղային, անունն եմ հարցնում:
— Ան հայերեն չհասկնար, — ասում է տրակտորի շվաքում տուն շինող երեխան: Տաճկերեն եմ հարցնում:
— Ժիրայր, — ասում է. մայրը ձայն է տայիս վրանից, որ ջրի սայլը եկել է արդեն, թող ջրի գնա: Ժիրայրը թռնում է գնդակի պես:
Խմելու ջուրը հեռվից են բերում: Երբ Արմաշում էլ վրաններ չեն լինի, պառավը կշտանա սխտորից, սպիտակ գառնուկները մեծանան և ծնեն, երբ Արմաշը գյուղ դառնա, սարի աղբյուրից ջուրը խողովակներով կբերվի մինչև գյուղ:
Ջրի սայլի մոտ հերթի են կանգնում: Ամեն մեկի ձեռքին մի տեսակ ջրաման կա: Ահա մեկը, որ բենզինի դատարկ բակը հարմարեցրել է ջրամանի, մյուսը՝ Յուվայի կավե կուժ ունի, երրորդը՝ փայտե փոքրիկ տակառ, երկար շղթայով, չորրորդը՝ պղնձե սափոր:
Ջրի սայլի մոտ հերթի են կանգնել, ինչպես մեր գյուղերում աղբյուրի մոտ: Էլի այն զրույցները կան՝ ջրի մոտ՝ մի ջահել կին, ուրիշ վրանում ապրող իր բարեկամ կնոջից խորհուրդ է հարցնում.
— Տղաս կարմրուկ է հանել, — ասում է:
— Տաք պահե, փայտ չունես նե, եկե տար, — ասում է բարեկամ կինը, սափորը մոտեցնում ջրի տակառի ծորակին:
* * *
Արևը թեքվում է, իրիկունը հով է բերում, հովի հետ մի սառնություն է իջնում աղանձված դաշտերի վրա:
Վրանների առաջ իրիկվա կրակներն են վառվում: Ասես եկվորներ չեն, այլ սար բարձրացած գյուղացիք: Եթե իրիկվա հետ հանդից նախիրը գար, բառաչեին կովերը, կուրծքը լի լիզեին հորթերին, եթե նախիրի հետ աղմուկ գար արոտներից հեռավոր, շները հաչեին իրիկվա դեմ, կթվար այնպես, թե վրանների տակ ապրողները նորեկներ չեն՝ տարագրությունից բեզարած, այլ սարվորներ:
Վար ու ցանքսից վերադառնում են գյուղացիք, տրակտորներն աղմկում են մոտակա հողերում, կիսատ մնացած տեղերում: Տրակտորներն, ասես, հսկա թռչուններ են, պողպատ թևերով, իջել են եղեգնուտի մեջ, կռնչում են քնելուց առաջ և պառկում փափուկ բներում:
Հովին նստել են կրակի մոտ, հանդից են խոսում, վար ու ցանքսից: Թուրքեր կան, հարևան գյուղերից են, օգնում են նրանց, վար ու ցանքսին մասնակցում:
Նրանք տեղացի են, գիտեն, թե բամբակը ե՜րբ պիտի ցանել, գարին քանի՜ անգամ պիտի ջրել, ո՜ր հողում ցորենը լավ բերք կտա: Հովին նստել են կրակի շուրջ, զրույց են անում:
— Հեյդար, դու ինձի ան ըսե, գարին սեյրակ ցանե՞նք նե, թե ղալին, — հարցնում է մեկը և իսկույն ավելացնում.
— Մեր տեղն ըլլայինք ես գիտցածս կընեի, համա աս հողերուն վալադ (ծանոթ) չեմ:
Հեյդարը պատմում է, թե ինչո՞ւ պիտի խիտ ցանել, թե Արմաշի հողերում ինչո՜ւ է խիտ ցանածը բերք տալիս: Պատմում է, կարծես թե մի էպոսից անգիր կտորներ է ասում, դարերի փորձով ստուգված կանոններ գարու, բամբակի մշակության մասին:
— Ծըգարա մը վառե, Հեյդա՛ր, — ասում է մեկը և ծխախոտի քիսեն մեկնում նրան:
Հեյդարը ծխում է, գովում ծխախոտի համն ու հոտը: Հարցնում է, թե ո՞ր երկրում են մշակում:
— Աս թութունի սերմը հետս բերած եմ, — ասում է ծգարա տվողը, — պիտի ցանեմ ես...
Հեյդարը հարցնում է, թե Արմաշի հողերում կբուսնի՞ այդ ծխախոտը:
— Հելբեթ (իհարկե) կբուսնի...մինակ թե լեզուն գիտենալու է, — ասում է և Հեյդարին բացատրում, թե ի՜նչպես են ծխախոտ մշակում:
Խոսք է ընկնում մոծակի մասին: Պատմում է, որ իրենց այրած տեղերը՝
— Ասկից շատ շոգ էր, մենք շոգին կդիմանանք:
— Ճանըմ, մժեղը հարուստին կուտե, ան արյուն շատ ունի, մենք աղքատ ենք, — ասում է մեկը, կրակի մեջ նետում փայտի կտորներ:
— Մենք մժեղին կուտենք, — հարում է մեկը, ծիծաղելով: Ծիծաղում են և մյուսները: Զրույցը ուրիշ նյութի շուրջ է դառնում:
Մեկը, որ երկրներ է տեսել, բազմատեսակ ժողովուրդներ, սովի ու նեղության օրեր քաշել, հերթի կանգնել ամերիկյան օֆիսի առաջ՝ հացի փշրանք ստանալու, «Ազգային մարմնի» դռները մաշել, — պատմում է իր գլխով անցած նեղ օրերի մի պատմություն, թե ի՜նչպես հեռու մի երկրում առավոտից մինչև իրիկուն շալակով քար էր կրում, քարը ջարդում, խիճ անում, ի՜նչպես քարն ընկավ ոտքին, ուշաթափ ընկավ քարհանքում:
— Եսիրի նման էինք, Հեյդար, — ասում է և շարունակում պատմությունը:
Լուսինն արծաթ սինու պես ելավ ամպերի հետևից, լուսնի տակ Արարատը զույգ, գագաթը ձյունոտ: Ասես Լուսինն ու գագաթը ձյունոտ նույն մարմարից էին շինած:
Հեյդարը նայում էր կրակին, վերհիշում նման մի պատմություն:
Արմաշի մոտ, բլուրների վրա, Վեդիի խաների գերեզմաններն են, ամեն մինը քարապատ մի բուրգ: Այդ այն օրերին էր, երբ բուրգերի տակ թաղված խաները դեռ ողջ էին, Հեյդարի մեջքը ճկուն էր, ջահել, խանի ձեռքին եզան ճիլերից մի լախտ...