ՇԱԹՐԻԶ

Սյուսանի սարերը, Քարկուշատի տափարակին հասնելուց առաջ, խառնվել են իրար, խոր անդունդներ գոյացրել. ուղղաձիգ ժայռեր՝ պղնձագույն քարով, տեղ-տեղ բարձրացել, որպես սրածայր գագաթներ, որոնց վրա ամպերը նստում են, գագաթները թաղում թանձր մառախուղի մեջ:

Անտառապատ են սարերը, և որովհետև նեղլիկ կածաններով շատ քիչ են անցուդարձ անում, անտառները մնացել են կուսական, ձյունն ու քամին տեղ-տեղ արմատախիլ են արել փչակով կաղնիները, ձգել ժայռից ժայռ: Սյուսանի անտառներում վայրի վարազներ կան, պախրա ու սևամորթ արջ: Ընկած գերանների վրայավ ժայռից ժայռ անցնում են արջերը, որպես լարախաղը պարանով, և բրդոտ թաթը մեկնում ժայռի ճեղքում բուն դրած վայրի մեղվին: Շոգ օրերին անմատչելի բարձունքից ծորում է մեղրը, պսպղին տալիս արևի տակ, որպես ոսկու հալոցք, փայտահատը բերանբաց նայում է մեղրի փայլին և լսում, թե ինչպես են բզզում մեղուները պղնձագույն ժայռերի վրա:

Ձիերը փնչոցով բարձրանում են կածանն ի վեր: Թվում է, թե սմբակներ չեն, այլ մագիլներ, որոնցով ձիերն ամուր բռնում են կածանի սրածայր քարերից և մագլցում: Թփերն ու ծառերը խառնվել են իրար, պիտի կռացած բարձրանալ, ձիու բաշից բռնած, ձիուց թռնելուն միշտ պատրաստ, եթե սմբակը սայթաքի:

Ծառերի սաղարթը խիտ է, մճճվել են ճղներն իրար, և օրը ցերեկով մութ է թվում անտառում: Գիտես, որ հեռուներում կա արևոտ մի աշխարհ և լայն ճանապարհ, և երբ փակում ես աչքերդ, թվում է, թե հեռանում ես այդ աշխարհից, իջնում ինչ-որ անդունդներ, որոնք գուցե գետնի տակ են տանում, մթնած ձորեր, ուր սև արջերն իրենց համար որջեր ունեն քարերի տակ, ծառի փչակներում:

Մի ցանկություն է ծնում ներսդ՝ կանչել բարձր, ինչքան թոքերդ ուժ ունեն, գուցե ծառերի հետևից մեկը կանչիդ արձագանք տա: Եվ ինչ տարօրինակ է թվում ժամացույցը Սյուսանի անտառներում, այնքան թույլ են նրա զարկերը: Ժամանակն այստեղ ուրիշ ընթացք ունի, որի նվազ միավորը դարն է:

Մոռացվել էր համարքն անցած շղթաների, երբ մի բլրակի լանջին, անտառի մեջ կարծես հանկարծ ցցվեց խանգարված մի եկեղեցի: Ոչ մի գիր, ոչ մի քանդակ: Բեմի մեջտեղ հաստաբուն կաղնի էր բուսել, ճյուղերը տարածել պատերի վրա, ճյուղերը խորանի նեղլիկ պատուհանից դուրս հանել: Ավերակը կարծես մի պատյան լիներ, հագցրած կաղնու ճյուղերին, պատած բնի չորս կողմը: Ովքեր են ապրել դարեր առաջ այս ձորերում, գուցե գյուղ է եղել կամ մենաստան:

Ծիծաղել են, աշխատել, լաց եղել, ծնվել ու մեռել: Հասել է մի օր, երբ էլ չեն ծխացել օջախները, անտառը կլանել է ամեն ինչ, տները դարձել են խղճոճկ քարակույտեր, թոնրի փոսերում գայլեր են պառկել, խաղացել ձագերի հետ: Մնացել են քարակույտեր, եկեղեցու պատերը, մի խղճուկ խաչ և անտառ, անվերջ անտառ:

Վայրէջքով իջնելիս ներքի անտառից հաչոցի ձայն եկավ: Դժվար էր որոշել, շուն է հաչում, թե աղվես: Եվ ինչքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ մի քիչ հետո վայրի տանձիներ տեսանք, շուրջը ցանկապատ, ձորակում աղբյուր՝ առաջը նովդան, աղբյուրի մոտ ցորենի մի քանի հասկ, եզան, կովի թրիք:

Այստեղ կամ մոտիկ, շատ մոտիկ մարդիկ են ապրում, կենդանի մարդիկ: Ձիերն էլ ասես զգացին այդ և ասպանդակների զրնգոցով արագաքայլ իջան ձորը:

Մի բարձունք էլ, և հանկարծ ծառերի հետևից երևացին տներ, մարագներ: Զգացինք Քսենոֆոնի ուրախությունը, երբ նա ծովը տեսավ:

* * *

Ներքևից մեզ տեսան և քարացած մնացին: Ոմանք կալ էին կասում, մեկը ցանկապատն էր նորոգում, մի կին կտուրի վրա վայրի տանձ էր փռում՝ չորացնելու: Կալում եզներն էլ կանգ առան, որովհետև քշողի ճիպոտը ձեռին մնաց: Ցանկապատ նորոգողը մի պահ, փուշի կապը գրկին, նայեց մեզ և չիմացավ ո՜ւր դնի. կտուրի վրա կինը չոքած էլ մնաց, տանձի կիտուկն առաջին:

Առաջին տան ստվերում կանգ առանք: Հավաքվեցին՝ կալից, կտուրից, բակերից: Նրանք էլ էին զարմացել, ասես իրենց օրում դրսի մարդու երես չէին տեսել: Աչքիս ընկավ, թե ինչպես մի քանիսը շատ ուշադիր նայեցին մեր ձիերի սարք ու կարգին:

Շաթրիզ գյուղն ունի երեսուն ծուխ: Թուրքեր են. հիսուն տարուց ավել է, որ բնակություն են հաստատել այդ ձորում: Գյուղը նայում է Զանգիլանի դայրային: Ոչինչ չունեն, ոչ խորհուրդ, ոչ դպրոց, ոչ կոոպերատիվ: Ոչ մի գրագետ չկա: Իր օրում Շաթրիզը բժշկի երես չի տեսել:

Իզուր էինք քարտեզի վրա փորձում թեկուզ մոտավոր որոշել գյուղի տեղը: Գյուղացիք զարմացած նայում էին քարտեզին և երբ նրանք իմացան, որ գյուղի անունը չկա քարտեզում, հուզվեցին:

Մեկը հարց տվեց, թե ի՞նչ իրավունքով են հավաքում տուրք, եթե իրենց գյուղը չի նշված քարտեզի վրա: Եվ համարյա բոլորը միասին խնդրեցին նշանակել քարտեզի վրա Շաթրիզ գյուղը: Երբ խոսքն ընկավ հողերի մասին, հասկանալի դարձավ նրանց պահանջը:

Շաթրիզն առաջներում օգտվել է Ջիվանշիրի բեկերի հողից: Այդ բեկերը հիմա էլ մնում են և շարունակում են տիրել իրենց հողերին: Շաթբիզը հող չունի, օգտվում է առապար տեղերից: Բեկերը ջրարբի հողերն ուրիշներին են արենդով տալիս, հազար ու մի խորամանկ միջոցների են դիմում, հողերն իրենց ձեռքում պահելու:

Շաթրիզն ամենածանր պայմանով էլ խնդրում է բեկերից հող՝ կապալով մշակելու, բայց մերժում են, վախենալով, որ կապալի վարձը չեն տա: Դիմել են դայրային, ոչ մի պատասխան: Եվ երբ նրանք իմացան, որ քարտեզի վրա գյուղը չկա, հուսահատվեցին, նրանց այնպես թվաց, թե երբեք հող չեն ստանալու:

Շաթրիզի երեսուն տունը 10 եզ ունի, երկու էշ, մի քանի այծ: Ձի չունեն, շատերը քլունգով են փորում հողր, ցանում կորեկ: Ուտում են կորեկ հաց կամ կորեկին խառնում գարի: Անասելի աղքատություն կա: Քիչ է այդպես ասել: Վարազն անտառում ավելի լավ է ապրում, քան շինականը Շաթրիզում:

Տան ստվերում նստել, պատմում էին գյուղի կյանքից: Մարդիկ տարիներով թեյ չեն խմում, թեյը հիվանդի համար սրտի ուզելիք է: Կողքիս նստել էր մեկը, որի բրդե շալվարի ճեղքից երևում էին մսերը:

Չկար մեկը, որի հագուստը գզգզված չլիներ, կեղտոտ. կտորը կեղտից փտած, գունավոր թելերով կտորներն իրարից կապած: Քաղաքի աղբակույտերում ընկած հին լաթերը գուցե հարսանիքի շոր լինի Շաթրիզի համար: Խոսք ընկավ սապոնի մասին:

— Որ գյուղը կրակ տան, ասեն կես գրվանքա սապոն հանեք, չենք կարող: Շորերը մոխրաջրով ենք լվանում…

Զարմանալի տներ կան Շաթրիզում: Տան միայն մի պատն է երևում, ցածլիկ դռնակով: Երեք պատը հողից է, կտուրներին՝ թփեր, մասրենի, վայրի տանձ: Կարմիր քարից են տները, և երբ ներս ու դուրս են անում, անծանոթին այնպես է թվում, թե նրանք ժայռի փչակի մեջ են մտնում կամ գետնի տակ, մի աղվեսաբուն, կտուրից դուրս գալու համար: Նույն դռնից մտնում են եզն ու այծը: Տնից տուն շատ նեղ արահետ է, կողքերին փշի թփեր: Կարծես ամեն տուն առանձնացած է ապրում, հարևանի մոտ գնալու հարկը չունի, դրա համար էլ ճանապարհ չի շինել:

Տուրքը հավաքել են: Շաթրիզը հիմա էլ զարմացած է, թե ինչպես են իմանում հարկատուների անունները, ինչպես են հարկ որոշում: Հարկահանը երբ հասել է Շաթրիզի բարձր քարի գլխին, ցաքուտի ետև պահված տնակին, շները հաչել են, տան տերը վերից ձայն է տվել, թե ո՞վ է եկողը:

— Կառավարության մարդ է, շները պահիր, — պատասխանել են ներքևից:

— Կառավարությունն է՞լ հասավ էս քարին, — ձայն է տվել տան տերը և շներին բանտարկել գոմում:

— Շնորհակալ ենք շուրայից, որ էս ձորերում դինջություն է պահում: Բայց էլ ուրիշ լազաթ չենք տեսել:

Լսել են, որ կա շուրայի իշխանություն, դրա սարսափից են չքացել անտառի ավազակները: Բայց Շաթրիզում շուրա դեռ չկա, ոչ էլ համն են առել:

Շուրայի իշխանության միակ ներկայացուցիչը Շաթրիզի համար անտառապահ Շաֆի բեյն է, մի հին գայլ, որ իրեն այդ ձորերում նույնքան ազատ է զգում և ինքնիշխան, որքան արջն անտառի թավուտներում:

Հիմա էլ նա բեյ է, Շաթրիզը՝ ռահաթ: Բեյի ձին գարի պիտի ուտի և ափսոսանքով գարու տերը պիտի նայի ձմեռվա պաշարին: Ո՞ւմ գանգատվեն: Առայժմ Շաֆի բեյի թաթն ավելի մոտ է, քան մի ուրիշ ձեռք, որ մի օր սուր դանակով այդ թաթն արմունկից պիտի կտրի:

Նկատելի էր, որ երկյուղով են գանգատվում: Քաշվում էին սկզբում, հետո բացվեցին: Իրար սիրտ էին տալիս և հազար անգամ խնդրում մի ելք, մի միջոց, իրենց ձայնը լսելի անելու ձորերից դեն, հայտնելու, որ մի ամբողջ գյուղ խեղդվում է աղքատության ճիրաններում, մարդկային պատկերն է կորցնում, արնաքամ լինում, օրն ի բուն կռվում փուշի, քարի հետ, փշերն արմատախիլ անում, գարի ցանում, եզան հետ հավասար կալը ծեծում, կրում շալակով և բեռան տակ մտածում, թե ձմռանը սոված չպիտի՞ մնան կինն ու երեխան:

Մի տեղից ինքնաեռ ճարեցին: Գյուղում մի հատ կոտրած, ժանգոտած ինքնաեռ կա: Մի քանի անգամ լվացին, միջից սարդի ոստայն հանեցին: Երևի տարիներ առաջ մարդն առաջին ինքնաեռը հնարելիս նրան այդ կերպ է պատկերացրել մասերն անհամաչափ, անտաշ ու հաստ:

Կանայք փսփսոցով բաժակների հոգս էին քաշում: Մեկը կտուրից կտուր էր անցնում՝ թեյի բաժակ կամ պնակ ճարելու: Բոլորն էլ բոբիկ էին, երկար շրջազգեստով, թիկունքին տանը գործած բաճկոն, որի ծոպերից կախ էին արծաթ դրամներ, ապակու կտորտանք, ուլունքներ:

Քայլելիս զրնգում էին արծաթ ուլունքները, բարձրահասակ էին երևում և բարակիրան, կռանում էին, նայում ինքնաեռին, փչում: Թվում էր, թե սրբազան ծես են կատարում, ծունկ են չոքում ինքնաեռի պղնձե կուռքի առաջ և համբուրում նրա ժանգոտ ունկերը:

* * *

Հեռանում ենք, նորից են խնդրում հողի մասին: Ո՛չ, չեն խնդրում, աղերսում են: Հարկավոր չեն արցունքներ, համոզելու, որ աղերսն անկեղծ է և խորերից:

Վերջին տան առաջ, կտուրի շվաքում, պառկած է մի հիվանդ, գլխին կեղտոտ շոր, նույնքան կեղտոտ ու կարկատած վերմակի տակ: Գլխատակին խոտի խուրձ է, վրան գառան մորթի:

Հիվանդի ոտքին վերքեր կան, ծունկը չի կարողանում ծռի: Վեցերորդ ամիսն է՝ պառկել է անօգ, մտքում մահը, որ ավելի հեշտ է թվում, քան ձմռան սոված մնալու սարսափը, երբ եղունգներով էլ քերծի, Շաթրիզի քարերը մի բուռ կորեկ չպիտի տան: Անցնում են արևոտ օրերը, կտուրի շվաքից նա տեսնում է, թե ինչպես ամպ է նստում սարի գագաթին, ամպի հետ էլ աշնան սկիզբը:

Պատմում է վերքից, լաց է լինում, բայց աչքերը չեն թացանում: Կծկում է դեմքը, շրթունքները ծռմռոտում, արագ-արագ թարթում է արտևանունքները, բայց աչքերը ցամաք են:

Փոստի վրա, հիվանդի գլխավերև, նստել է դեղին մազերով մի մանուկ, թաշկինակի չափ՝ սպիտակ շապիկն ուսին: Զարմացած մերթ մեզ է նայում, մերթ հորը և ձեռքին բռնած ընկուզենու տերևներով քշում ճանճերը հոր դեմքից: Ահա մամը ոսկրացած դեմքով, աչքերը դեղին, ցամաքած շրթունքներով ցավի մասին է պատմում: Կողքին կանաչ մի շյուղ. մահվանն այնքան մոտ, և միամիտ, առանց հոգս:

Մեկը մեզ ճանապարհն է ցույց տալիս: Բարձրանում ենք մի անգամ էլ սարն ի վեր, իջնելուց, սարն իր ետև է առնում Շաթրիզը, բարձրահասակ կանանց, աղքատությունն ու երեխան, ընկուզենու տերևները ձեռքին: Նոր վերելք, նոր ձորեր և անվերջ անտառ:

Այժմ հեռու եմ Շաթրիզից: Գուցե Շաֆի բեյի ձին նորից է գարի ուտում Շաթրիզում, իսկ վերմակի տակ մի երեխա կրծում է կորեկ հաց և միտք անում, որ աշխարհը Շաթրիզի սարից դենը չի անցնում և այդ աշխարհում ամենից լավը հայրենական արջաբունն է և կորեկ հացը:

Եվ երբ հիշում եմ հեռու ձորերում ընկած Շաթրիզը, Սյուսանի անտառները, ինձ այնպես է թվում, թե դեղին մազերով մի մանուկ մոլորվել է անտառի թավուտում, ընկնում է, վեր կենում, բարակ մատներրվ բռնում փշերից, նորից քայլում:

Սև մի արջ, Սյուսանի բրդոտ մի արջ, ընկած կաղնու փչակից դուրս է եկել և փափուկ թաթերի վրա հետևում է մանկան, պատրաստվում թաթով բամփելու նրան:

Դրանից է, որ ուզում ես բարձր, շատ բարձր կանչել օգնություն: