Արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման անհրաժեշտությունը Հայաստանում

Արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման անհրաժեշտությունը Հայաստանում








ԱՐՄԱՏԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ [1]

խմբագրել
(4 դեկտեմբերի, 1989 թ.)

Չպետք է, իհարկե, այն պատրանքն ունենալ, որ դեմոկրատիան ի վիճակի է լուծելու ժողովուրդների շահերը շոշափող բոլոր հարցերը, քանի որ ակնհայտ է, որ նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում, ինչ-պես Մեծ Բրիտանիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոտնահարվում են իռլանդացիների եւ սեւամորթների իրավունքները։ Սակայն մյուս կողմից չպետք է անտեսել նաեւ այն հայտնի միտքը, որ թեեւ դեմոկրատիան էլ մի բան չէ, բայց մարդկությունը դեռեւս դրանից լավ բան չի ստեղծել։

Մասնավորապես հայ ժողովրդի պատմությունը նկատի ունենալով՝ վերջին 70 տարիների նրա բոլոր դժբախտությունների պատճառը պետք է որոնել դեմոկրատիայի բացակայության մեջ։

Դեմոկրատիայի առկայության դեպքում Հայաստանի անկախ հանրապետությունը չէր ծվատվի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։

Դեմոկրատիայի առկայության դեպքում հնարավոր չէր լինի իրագործել հայկական գյուղի կոլեկտիվացման հրեշավոր ծրագիրը, որի կործանարար հետեւանքները դեռ մինչեւ օրս ծանրացած են մեր ժողովրդի ուսերին։ Դեմոկրատիայի առկայության դեպքում կբացառվեին ստալինյան բռնապետության սանձազերծած զանգվածային ոճրագործություններն ու անմարդկային հալածանքները։

Դեմոկրատիայի առկայության դեպքում աներեւակայելի կլիներ կոմունիզմի գաղափարակիրների լուսապսակով զարդարված բրեժնեւյան մաֆիայի՝ սուսլովների, ռոմանովների, ալիեւների, ռաշիդովների, գրոմիկոների, դեմիրճյանների գործունեությունը։

Դեմոկրատիայի առկայության դեպքում դժվար թե հանդուրժելի լիներ գաղութային բռնապետության այն ահավոր լուծը, որ փաթաթված է Հայաստանի վզին։

Եւ վերջապես, դեմոկրատիայի առկայության դեպքում բացառված կլինեին այսպես կոչված «վերակառուցման» ջատագովների ձեռնարկած ահաբեկչական գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ եւ նրա իրավունքների լկտի ոտնահարումը։

Ահա սրանք են այն իրողությունները, որոնք ակնհայտ են դարձնում Հայաստանում արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման անհրաժեշտությունը։

Այսօր միայն դեմոկրատիան է, որ ի վիճակի է ժողովրդական զանգվածների ահռելի քաղաքական ակտիվությունը մղելու դեպի ստեղծագործ, շինարար աշխատանքը, դեպի մեր հասարակության իրական վերակառուցումը, դեպի Հայաստանի քայքայված տնտեսության վերականգնումը, դեպի արգահատելի բարքերի մաքրումը եւ բարոյական սկզբունքների հաստատումը։

Այսօր միայն դեմոկրատիան է, որ կարող է հայ ժողովրդի համար կայուն երաշխիքներ ապահովել կենտրոնական իշխանությունների կամայականություններից եւ երկրի քաղաքական անցողիկ ելեւէջներից։ Այսօր միայն դեմոկրատիան է, որ մեր ժողովրդի հարստահարված զանգվածներին կարող է ազատել կուսակցական-պետական բյուրոկրատիայի քմահաճույքներից ու ոտնձգություններից։

Այս ամենով հանդերձ, արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացումն այսօր վճռորոշ նշանակություն ունի նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման խնդրի լուծման գործնական տեսակետից։ Միայն եւ միայն դեմոկրատական նախաձեռնությունների իրականացմամբ է, որ ադրբեջանական կողմի բռնության գործոնին եւ կենտրոնական իշխանությունների ահաբեկչական գործողություններին մենք կարող ենք հակադրել հայկական գործոնը։ Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ մենք կարող ենք անել այն, ինչ անում են ադրբեջանական իշխանություններից խրախուսվող մոլեռանդ տարրերը։ Հայ ժողովուրդն ընդունակ չէ կոտորելու անզեն մարդկանց՝ կանանց, ծերերի ու երեխաների, եւ փառք Աստծո, որ այդպես է, թեեւ միաժամանակ նա ընդունակ է անսահման վճռականության ու սխրանքի՝ ինքնապաշտպանության սրբազան գործում։

Միայն ու միայն նոր դեմոկրատական նախաձեռնությունների իրականացմամբ է, որ մենք կարող ենք կրկին դաշնակիցներ ձեռք բերել՝ հանձինս Խորհրդային Միության դեմոկրատական ուժերի եւ միջազգային հասարակական կարծիքի, որոնց համակրանքը մենք որոշ չափով կորցրել ենք անցյալ տարվա այս օրերի համեմատ։

Միայն ու միայն նոր դեմոկրատական նախաձեռնությունների իրականացմամբ է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հռչակագիրը մենք թղթից կարող ենք վերածել գործի, քանի որ դրանով մենք նոր շարժման մեջ կդնենք հայկական գործոնը, որն առողջ ցնցումների նույնպիսի շղթա կստեղծի ողջ երկրում, ինչպես այն ստեղծեց անցյալ տարի։

Եւ վերջապես, որ ամենակարեւորն է, միայն ու միայն նոր դեմոկրատական նախաձեռնությունների իրականացմամբ է, որ մենք կարող ենք ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի անվտանգությունը, քանի որ այդ դեպքում հայ ժողովրդի դեմ ձեռնարկվող ցանկացած բռնություն երկրի դեմոկրատական ուժերի եւ միջազգային հասարակական կարծիքի կողմից կդիտվի որպես բռնություն դեմոկրատիայի նկատմամբ։

Որո՞նք են դեմոկրատական այդ նոր նախաձեռնությունները։

Հայաստանը պետք է դառնա Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որտեղ պետք է իշխեն համամարդկային արժեքների, ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության սկզբունքները։ Հայաստանը պետք է դառնա Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որտեղ պետք է վերացվի կոմունիստական կուսակցության ապարատի մենիշխանությունը, եւ հաստատվի բազմակուսակցական համակարգ։ Կրկնում եմ՝ կոմունիստական կուսակցության ապարատի եւ ոչ թե կուսակցության, քանի որ իրականում 70 տարի շարունակ իշխել է ոչ թե կուսակցությունը, այլ նրա բռնապետական ապարատը, եւ շարքային կուսակցականների հսկայական քանակը նույնքան իրավազուրկ է եղել, որքան անկուսակցականները։

Հայաստանը պետք է դառնա Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որտեղ պետք է հաստատվի խոսքի, մամուլի, խղճի լիակատար ազատություն։

Հայաստանը պետք է դառնա Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որի նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական ուղղակի քվեարկությամբ։

Միայն ու միայն տվյալ խնդիրների իրականացումից է կախված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցի լուծումը, եւ սերունդները մեզ չեն ների, եթե մենք այսօր կորցնենք այս բախտորոշ հնարավորությունը։ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իր իրավունքի կենսագործմամբ ստեղծել է մի ռեալություն, որի հետ չեն կարող հաշվի չնստել կենտրոնական իշխանությունները, Հայաստանը եւս դեմոկրատական այս նախաձեռնությունների իրագործմամբ պետք է ստեղծի ռեալություն, որի հետ նույնպես չեն կարող հաշվի չնստել կենտրոնական իշխանությունները։ Անհրաժեշտ է թանկ գնահատել ժամանակը, որովհետեւ ազատ գործելու այն առիթը, որը մեզ տրված է այսօր, վաղը գուցե այլեւս չլինի, եւ այն, ինչ մենք կարող ենք նվաճել այսօր, վաղը թերեւս չկարողանանք նվաճել։ Ուստի հարկ է փութալ, թերեւս առանց ավելորդ հապճեպության, առավելագույնս օգտագործելու համար ստեղծված առիթը, քանի որ պատմական փորձը ցույց է տալիս, որ այն, ինչ դեմոկրատիայի բնագավառում նվաճում են ժողովուրդները, որքան էլ հետագայում քաղաքական հանգամանքները փոխվեն, այնուամենայնիվ դա մնում է նրանց անկորուստ սեփականությունը. որքան էլ բրեժնեւյան բռնապետությունը ջանաց արմատախիլ անել խրուշչովյան շրջանում դեմոկրատիայի ձեռք բերած նվաճումները, դա մինչեւ վերջ չհաջողվեց նրան։ Ժամանակը թանկ պետք է գնահատել նաեւ մի այլ նկատառումով. եթե մենք այսօր հանդես չբերենք դեմոկրատական հիշյալ նախաձեռնությունները, ապա տառացիորեն վաղը դրանք կիրականացնեն Խորհրդային Միության մյուս հանրապետությունները, եւ մենք կկորցնենք քաղաքական գործոնի կարեւոր պահը։

Նկատի ունենալով այս ամենը՝ Հայոց համազգային շարժման ղեկավար խորհուրդը պատրաստել է Հայաստանում արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացմանը նվիրված հռչակագրի նախագիծը, որն այժմ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։


ՀՌՉԱԿԱԳԻՐ [2]


Հայաստանում արմատական դեմոկրատական վերափոխումներ անցկացնելու մասին

- Նկատի ունենալով, որ երկրում ընթացող հակասական պրոցեսները՝ մի կողմից խորհրդային կարգերի դեմոկրատացմանն ուղղված միջոցառումները եւ մյուս կողմից՝ վարչահրամայական մեթոդներին հավատարիմ ուժերի ձեռնարկած հետադիմական քայլերը, ստեղծել են մի այնպիսի բարդ իրավիճակ, որ հղի է լայնամասշտաբ բռնությունների սանձազերծման վտանգով,

- ելնելով այն իրողությունից, որ վերջին երկու տարիների ընթացքում հայ ժողովուրդը կենտրոնական իշխանությունների թողտվությամբ բազմիցս ենթարկվել է ադրբեջանական իշխանությունների եւ խորհրդային բանակի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունների, որոնց նպատակն է բռնի ուժով ոտնա հարել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը,

- եւ համոզվելով, որ հայ ժողովրդի բնականոն զարգացումն ու նրա ազգային իղձերի իրականացումն ապահովելու համար պահանջվում են կայուն երաշխիքներ, որոնց առկայության դեպքում նրա բախտն այլեւս կախված չէր լինի անցողիկ քաղաքական հանգամանքներից ու հակամարտ ուժերի տեղաբաշխումից՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հաստատում է հանրապետությունում համամարդկային արժեքների, ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման անհրաժեշտությունը՝ այդ ուղղությամբ որպես առաջին քայլ հռչակելով հետեւյալ կարեւորագույն միջոցառումների իրականացումը.

1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխման հիման վրա, վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։

2. Հանրապետության Սահմանադրությունից հանվում է կոմունիստական կուսակցության ղեկավար դերին վերաբերող 6-րդ հոդվածը։ Հայաստանում թույլատրվում է տարբեր հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաեւ քաղաքական կուսակցությունների ազատ գործունեությունը։

3. Հանրապետությունում հաստատվում է խոսքի, մամուլի, խղճի լիակատար ազատություն, արվեստի, գրականության եւ հասարակական գիտությունների բնագավառում վերացվում է գրաքննությունը։

4. Բոլոր նախկին քաղբանտարկյալներին եւ քաղաքական նկատառումներով հալածված անձանց շնորհվում է լիակատար արդարացում՝ հատուցելով նրանց կրած վնասները։

5. Հանրապետության ընտրական օրենքում նախատեսվում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի եւ շրջանային ու քաղաքային խորհուրդների նախագահների ուղղակի համաժողովրդական ընտրություն, բացառվում է այդ եւ պետական-կուսակցական այլ պաշտոնների համատեղումը։ 6. Հայկական ԽՍՀ տարածքում գործում են ԽՍՀՄ այն օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք վավերացվում են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից։ 7. Հայկական ԽՍՀ-ում վերացվում է Կենտրոնից կուսակցական եւ պետական պաշտոնյաներ նշանակելու գաղութատիրական պրակտիկան։

ՀՀԱՆԱ, 12/04.12.89։ Բնագիր։ Մեքենագիր։
  1. Ելույթ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում 1989թ. դեկտեմբերի 4-ին. այս վերնագրով տարածվել է որպես թռուցիկ։
  2. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացված՝ ՀՀՇ-ի այս Հռչակագիրը քննարկումից երկու շաբաթ հետո հրապարակեց «Երեկոյան Երեւան» թերթը (20 դեկտեմբեր, 1989)՝ ընդառաջելով 12 պատգամավորների անունով ստացված միջնորդություններին, եւ, հավանաբար, դրանում որոշ փոփոխություններ կատարելու նախապայմանով։ Մասնավորապես՝ թերթային տարբերակում հանված է Հռչակագրի 1-ին կետն ամբողջությամբ եւ մեղմացված են որոշ որակումներ։ Ամբողջական տեսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ միասին, հրապարակվել է հետագայում (տե՛ս Վ. Դավթյան, Առասպելի եւ իրականի սահմանագծին, Լեւոն Տեր-Պետրոսյան. քաղաքացին եւ քաղաքագետը, Եր. 1996, էջ 102–106)։