Արցախյան խնդրի լուծման ուղին



[էջ]





ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆ [1]

խմբագրել
(13 նոյեմբերի, 1989 թ.)


Վերջին ժամանակներս մեր հասարակության տարբեր շրջանակներում սկսել է տարածում գտնել այն կարծիքը, թե իբր Արցախյան շարժումը մտել է փակուղի, քանի որ սպառվել են սահմանադրական պայքարի այն միջոցները, որոնց հետ էր կապվում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հույսը։ Այս կարծիքը տարածում են մի կողմից՝ արցախյան խնդրի արագ լուծման ակնկալությունից հուսախաբված եւ պայքարի երկարատեւությունից հոգնած անկեղծ մարդիկ, մյուս կողմից՝ Շարժումը վարկաբեկելու միտումով շահագրգռված ուժերը։ Որպես բնական հետեւանք՝ այստեղից էլ ծագում են Շարժումը սահմանադրական շրջանակներից դուրս բերելու ծայրահեղական ձգտումները, կամ ընդհակառակը՝ միջազգային ատյանների օգնությանը դիմելու հուսահատական կոչերը։ Այսինքն՝ արվում է այն, ինչին մեկուկես տարի ապարդյուն կերպով ձգտում էին կենտրոնական իշխանությունները, բայց մեր ժողովրդի բարձր գիտակցականության պատճառով չէին կարողանում հասնել,այն է՝ ժողովրդին հանել հավասարակշռությունից եւ պատրվակ ստեղծել ցանկացած բռնության դիմելու համար, որն այդ դեպքում կարդարացվի միջազգային հասարակական կարծիքի կողմից։
[էջ]
Մեկուկես տարի շարունակ Արցախյան շարժումը միջազգային իրավունքի եւ խորհրդային Սահմանադրության շրջանակներում ընթացող հետեւողական գործողություններով ի դերեւ հանեց միութենական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման դեմ ձեռնարկված բոլոր ծրագրերն ու ահաբեկչական միջոցառումները։Դրա հետ մեկտեղ այդ գործողությունների հետեւանքով Մոսկվան ստիպված էր քայլ առ քայլ, թեկուզեւ փոքրիկ, թեկուզեւ անբավարար զիջումներ կատարել Արցախի խնդրի լուծման ուղղությամբ։ Դրանք են՝ ԽՄԿԿ կենտկոմի եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988թ. մարտի 24-ի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մասին», ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988թ. ապրիլի 9-ի որոշումը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող հանձնաժողովի ստեղծման մասին, Ազգությունների խորհրդի մի նոր հանձնաժողովի ստեղծումը 1988թ. հուլիսի 18-ին կայացած ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստից հետո, 1988 թ. օգոստոս ամսին Լեռնային Ղարաբաղում ԽՄԿԿ կենտկոմի եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ներկայացուցչի նշանակումը եւ, վերջապես, Լեռնային Ղարաբաղում Հատուկ կառավարման կոմիտեի հաստատումը ս.թ. հունվարի 11-ին։ Հաջորդ զիջումն, ինչպես հայտնի է, սպասվում է նոյեմբերի 13-ին, որի հետ են ուղղակիորեն կապված վերջին շրջանում Ադրբեջանում սաստկացած հակահայկական ցույցերն ու բռնությունները, մասնավորապես Հայաստանի շրջափակումը։ Անկախ այն ակնհայտ իրողությունից, որ թվարկված միջոցառումները ոչ միայն շոշափելի արդյունքի չհանգեցրին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում, այլեւ ավելի խճճեցին ու բարդացրին այն, եւ նույնը պետք է սպասել նաեւ նոյեմբերի 13-ին կայացվելիք որոշումից, այնուամենայնիվ չի կարելի անտեսել կենտրոնական իշխանությունների կատարած զիջումների քաղաքական նշանակությունը։ Դրանց ձեռնարկմամբ նախ՝ Մոսկվան ակամա խոստովանեց Արցախի խնդրի առկայության եւ նրա լուծման անխուսափելիության փաստը, իսկ դրանց ձախողմամբ ակնհայտ դարձավ, որ այդ խնդիրը կարող է ունենալ միայն ու միայն մեկ լուծում, այն է՝ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։
[էջ]
Բոլոր նշված զիջումները ձեռք բերվեցին մեր ժողովրդի համառ պայքարի եւ սահմանադրական շրջանակներում ձեռնարկված հստակ եւ հետեւողական քաղաքական գործողությունների շնորհիվ, որոնցից գլխավորներն են՝ կազմակերպված ցույցերն ու միտինգները, համազգային գործադուլները, Լեռնային Ղարաբաղի Մարզային կոմիտեի, Մարզային եւ Ազգային խորհուրդների, ինչպես նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի հայտնի որոշումները, անցյալ տարվա նոյեմբերի 7-ի ապշեցուցիչ համաժողովրդական ցույցը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նույն ամսի 24-ին գումարված նիստը, Ղարաբաղի շրջափակման ճեղքումը շինանյութով բեռնված երկու ավտոշարասյունների կողմից, ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած ագրեսիայի կանխումը Խաչին-տափի նկատմամբ եւ այլն։ Արցախյան խնդրի լուծման ուղղությամբ տեղաշարժ կատարելու գործում վճռորոշ դեր խաղաց մանավանդ խոր ազգային-դեմոկրատական վերափոխումների իրականացումը Հայաստանում, որը որպես «հայկական գործոն» հակակշռեց բռնությամբ արտահայտվող «ադրբեջանական գործոնին»։ Հայաստանում իրականացված ազգային դեմոկրատական վերափոխումները՝ համաժողովրդական վերահսկողության սահմանումը իշխանությունների վրա, ընտրարշավների կազմակերպումը, Գերագույն խորհրդի վերածումը դեմոկրատական պառլամենտի եւ մանավանդ ազգային գաղափարաբանության հաստատումը հասարակական կյանքում, լայն արձագանք գտան ողջ սոցիալիստական համակարգում՝ կողմնակիորեն դառնալով արցախյան հարցի առաջխաղացման ուղղությամբ քաղաքական ճնշման ամենաազդեցիկ միջոցը։ Արցախահայության եւ Հայաստանի աշխատավորության համառ պայքարի ու զրկանքների գնով նվաճված զիջումների շնորհիվ Լեռնային Ղարաբաղն այսօր փաստորեն ձեռք է բերել իր անկախությունը եւ իրականում ոչ միայն պարզապես արտահայտել, այլեւ կենսագործել է ինքնորոշման իր իրավունքը։ Մեկուկես տարի է արդեն, որ Արցախում չեն կատարվում ադրբեջանական իշխանությունների բոլոր հրամաններն ու ձեռնարկումները, աստիճանաբար ամրապնդվում են Հայաստանի եւ Արցախի տնտեսական-մշակութային կապերը, աշխատանքներ են տարվում մարզի բնակչության ֆիզիկական գոյությունն ապահովելու ուղղությամբ։ Արցախի անկախության փաստն անելանելի վի
[էջ]
ճակի առջեւ է կանգնեցրել թե՛ կենտրոնական, թե՛ ադրբեջանական իշխանություններին, քանի որ արցախահայության ինքնորոշման իրավունքն այժմ արդեն հնարավոր է ոտնահարել միայն դիմելով մեծ մասշտաբի բռնության։ Սակայն այդպիսի բռնություն կարող է կիրառվել միայն խորհրդային ռեժիմի ընդհանուր խստացման դեպքում, իսկ դա առայժմ բացառվում է ե՛ւ միջազգային քաղաքական իրադրության, ե՛ւ երկրի դեմոկրատացման կենսական անհրաժեշտության տեսանկյունից։ Հայ ժողովրդի դեմ բռնություն գործադրելու հարցը շոշափում է երկրի լինել-չլինելու կամ նրա զարգացումը մի քանի տասնամյակով կասեցնելու խնդիրը։ Այնպես որ, բռնության գինն այնքան թանկ է, որ խորհրդային ղեկավարությունը դժվար թե առայժմ ցանկանա Արցախի խնդրով վտանգի տակ դնել երկրի ճակատագիրը։

Ինչպես տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար ներկայումս ստեղծվել են չափազանց նպաստավոր պայմաններ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ դրանով շահագրգռված են ինչպես երկրի բոլոր դեմոկրատական ուժերը, այնպես էլ բոլոր ինքնավար ազգային կազմավորումները։ Առաջիններն այդ հարցը դիտում են որպես վերակառուցման փորձաքար, իսկ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասի եւ մերձվոլգյան շրջանների մահմեդական եւ թուրքական ժողովուրդները՝ որպես սեփական նպատակների իրագործման օրինակ։ Սակայն միայն նպաստավոր պայմանները դեռեւս բավարար չեն Արցախի խնդրի լուծման համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Մոսկվան իր զիջումներով առայժմ մեզ տվել է միայն այն, ինչ մենք ինքներս ենք նվաճել, եւ այսուհետեւ էլ կտա միայն այն, ինչ մենք ինքներս կարող ենք նվաճել։

Ուրեմն անհրաժեշտ է ձեռնարկել նոր քաղաքական գործողություններ, որոնք կարող են առաջիկայում արմատական բեկում մտցնել Արցախի հարցի կարգավորման գործում։ Պարզ է, որ պայքարի այն միջոցները՝ ցույցերը, միտինգները, երթերը, գործադուլները, հացադուլները եւ այլն, որոնք այնքան ազդեցիկ էին անցյալ տարի, արդեն զգալիորեն կորցրել են իրենց քաղաքական նշանակությունը, քանի որ այժմ նման իրադարձություններ տեղի են ունենում երկրի բոլոր կողմերում։ Ուստի մեր պարտքն է հանդես գալ այնպիսի նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն տան հասնելու բաղձալի նպատակին։
[էջ]
Ակնհայտ է, որ այդ նոր նախաձեռնությունները պետք է ամփոփվեն խորհրդային Սահմանադրության եւ միջազգային իրավունքի այն նույն սահմաններում, որոնցում Արցախյան շարժումն ընթացել է մինչ օրս։ Այդ իմաստով անհրաժեշտ է լիովին ձերբազատվել հարցերի զգացական, անիրապաշտ ընկալումից եւ նրանց նկատմամբ հանդես բերել սառը քաղաքական-պետական մոտեցում։ Անժխտելի է, իհարկե, որ արցախյան խնդրի հիմքում ընկած է հայ ժողովրդի պատմական իրավունքի գաղափարը, եւ տվյալ առումով այն կազմում է Հայկական հարցի բաղկացուցիչ մասը։ Սակայն գործնական քաղաքականության տեսակետից՝ այդ խնդրի ձուլումը պատմական Հայաստանի մյուս տարածքների նկատմամբ հայ ժողովրդի ունեցած նույնքան արդար պահանջների հետ՝ այսօր ոչ միայն չի կարող նպաստել հարցի լուծմանը, այլեւ ավելի եւս կբարդացնի այն։

Արցախահայության ինքնորոշման իրավունքի կենսագործման փաստն արձանագրելով՝ Շարժումը կարողացավ ի դերեւ հանել ղարաբաղյան խնդիրը որպես ազգամիջյան եւ կրոնական առճակատում ներկայացնելու կամ Հայաստանի կողմից տարածքային պահանջ դիտելու փորձերը։ Արցախի ինքնորոշումը լիովին տեղադրվում է միջազգային իրավունքի սահմաններում եւ այդ առումով միանգամայն հասկանալի է ե՛ւ երկրի դեմոկրատական ուժերի, ե՛ւ միջազգային հասարակայնության համար։ Ուստի ակնհայտ է, որ մեր հաջորդ քայլերը նույնպես պետք է համապատասխանեն այդ պահանջներին։

Այս առումով, տվյալ քաղաքական հանգամանքներում միանգամայն խոցելի է այն տեսակետը, որով առաջարկվում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջիկա նիստերից մեկում Արցախը հայտարարել Հայաստանի անբաժան մասը, քանի որ դա արդեն կարող է ներկայացվել իբրեւ միջազգային իրավունք ի կոպիտ խախտում եւ հաստատել Հայաստանի տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ։ Քաղաքական տեսակետից նման որոշման կայացումը կլիներ անուղղելի սխալ, քանի որ դրանով կասկածի տակ կդրվեր նաեւ արցախահայության ինքնորոշման փաստի իրավացիությունը։

Միջազգային իրավունքի պահանջները եւ հասարակական կարծիքը բավարարելու տեսակետից, սակայն, կա Արցախի հարցի լուծման մի ավելի նուրբ եւ անխոցելի ճանապարհ։ Ո՞րն է դրա էությունը.
[էջ]
— Ինքնորոշված, անկախ Արցախի ինքնավար մարզը եւ Հայաստանի Հանրապետությունը, որպես Խորհրդային պետական կառուցվածքի երկու ինքնուրույն կազմավորումներ, պայմանագիր են կնքում իրար հետ, եւ այդ երկու կազմավորումները հայտարարում են միացյալ հանրապետություն։

Նման լուծումը թեեւ ըստ էության չի տարբերվում նախորդ առաջարկից, սակայն, ինչպես նշվեց, անխոցելի է միջազգային իրավունքի տեսակետից։ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների այդ համատեղ հայտարարությանը պետք է հետեւեն, անշուշտ, վերամիավորումն իրագործելու ուղղությամբ կատարվող գործնական քայլեր, որոնցից կարեւորագույնն է Հայաստանի Գերագույն խորհրդի դեպուտատների ընտրությունը Արցախի ընտրական տեղամասերից։ Ահա սրանք են այն գլխավոր քաղաքական խնդիրները, որոնց իրականացմանը պետք է ուղղվեն մեր բոլոր առաջիկա գործողությունները։ Այս խնդիրներն իրագործելու դեպքում կենտրոնական իշխանությունները, հայտնվելով շատ ավելի անելանելի վիճակի առջեւ, ստիպված պետք է լինեն վերջիվերջո հաշտվելու Արցախի եւ Հայաստանի փաստացի վերամիավորման մտքի հետ։

ՀՀԱՆԱ, 12/13.11.89։ Բնագիր։ Մեքենագիր։
  1. Ելույթ հանրահավաքում, որի՝ 1989 թ. նոյեմբերի 13-ով թվագրված մեքենագիր տեքստը հեղինակի ստորագրությամբ տարածվել է որպես թռուցիկ, ապա, մասնակի փոփոխություններով, նույն վերնագրով հրապարակվել «Ավանգարդում» (19 նոյեմբեր, 1989թ.)։