Արմատներն ու տերևները

Տերևները ծառի ծերին
Ասում էին զեփյուռներին.
— Բա էս հովտի արդն ու զարդը
Մենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,
Ի՞նչ կլիներ ծառի հալը,
Թե չլիներ մեր հով տալը:
Ամռան շոգին,
Ամռան տաքին
Էս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,
Թե որ չտանք մենք հով ու զով:
Արշալույսին,
Վերջալույսին
Մեր մեջ սոխակն երգ չէր ասի,
Դուք, զեփյուռնե՜ր,
Համասփյուռնե՜ր,
Մեզ հետ անուշ չէիք խոսի:
— Բաժին չունե՞նք այդ պարծանքից, —
Ձայներ եկան ծառի տակից:
— Ո՞վ է, — ասին տերևները:
— Այդպես բազմած վերևները,
Բա դուք իսկի չե՞ք ամաչում,
Որ մեզ երբեք չեք ճանաչում:
Ձեր ծնունդը՝
Ձեր սնունդը՝
Գարուն գալիս
Ո՞վ է տալիս:
Մենք այս ծառի արմատներն ենք,
Ձեր ու ծառի գլխի տերն ենք:
Ինչ եք, ինչ չեք,
Կանչեցեք,
Բայց այս բանը լավ իմացեք.
Տերևներն են գնացական,
Արմատները մնացական,
Արմատները որ չորանան,
Ծառ ու տերև ո՞ւր կմնան: