***

Արյան տեղ, աղջի՛կ, քո մաքուր սերն է
Զարկերակում իմ անլուռ սրտի մեջ.
Սիրուց եմ կերտված:
Իսկ սիրել այսպես,
Սիրել ինձ նման, ասում են, իբր,
                        Վտանգավոր է
Եվ սրտի համար,
Եվ... սիրո՜ համար:
                Թող լինի այդպես,
Մեկ է, չեմ կարող չհալվել իմ մեջ,
Երբ քո կրծքի տակ թաքուն ծվարած
Ցանկության շնչից
Շիկնում ես վայրի նշենու նման,
                Մատնում ինքդ քեզ:
Երբ դու ժպտում ես,
Նայում այդքան պարզ ու անմեղ այդքան,
Կարծես, ի՞նչ ասեմ, մի պահ քո առաջ
Մեղավոր եմ ինձ զգում ակամա՝
Այսքան ուշացած իմ սիրո համար:
Ի՞նչ անենք հիմա...
Բայց գիտե՞ս, արի ոչինչ էլ չանենք,
Եթե կարող է,
Թող ինքը՝ սերը ձգվի մեր առաջ,
Մեզ առնի, տանի` որպես ճանապարհ: