Իմ քայլերը թողել եմ ճամփաներին չբացված, -
մութ երկինքը աղում է արցունքները մանկության,
մայրս ընկել է ձորերը, իմ շուշանն է որոնում,
վերադարձս խլել քամին՝ թերթերիս մեջ վայում է
եւ ափիս մեջ վառվում է աստվածաբուռ մի աշխարհ։
Մթնժորված սարերում ճարճատում է գիշերը, -
կաթուկ տվող խնձորից պայթեց հողը ականված,
ձեռքերի մեջ Հակոբի Ղոշարխաջը ծոցվորվեց,
վերքը ծածկվեց ծմակի տերեւներով մոշենու
եւ ելնում է ցավն ի վեր աստվածատուր մի աշխարհ։
Մագաղաթված դեմքերին ածխագիր է օրն ասես, -
բռունցքներում երկնքված հենակներ են վեր հառնում,
Վարդան, Վազգեն ախպերքը դուռն են ջարդում քարայրի,
հողն Արցախա վրեժվում, որդոց շիրմին մխում է
եւ լողում է հեղեղում աստվածալուր մի աշխարհ։
Երազները բերդվել են հայացքի տակ Մռովի, -
Եխծաձորի գետակը խոսք է խլում դարերից,
տաճարվում է թթենին, շեմին՝ հույսը, ձեռքին՝ թուր,
Սուրբ Սարգիսը - հայրս սուրբ, մեր սարերի սուրբ ոգին...
եւ բացվում է, Տե՜ր Աստված, աստվածադուռ մի աշխարհ։
11.11.92թ.