ԱՐՑԱԽԱԿԱՆ


Մեր երկինքը՝ ծրար մի մեծ,
Քիրսը՝ հասցե այդ ծրարին.
Առավոտը՝ խոստում համեստ,
Աստծո սուրբ ծիր-ծիրանին։

Հավքեր ու ծառ՝ նամակներ են,
Սիրո խոսք է դաշտը համակ,
Բառերը մոմ-ծաղիկներ են,
Լույսը՝ գարնան խենթ երամակ։

Պահերը՝ բերդ, ճամփի վրա,
Սրերը՝ խաչ, ձիգ գմբեթին.
Զինվորյալ են գետեր ու քար՝
Մեկտեղ ասես ելած մարտի։

Խոտի ծայրին՝ արուն պուտ-պուտ,
Կաքավիկի երգ վիրավոր.
Բացվեց հեռվում ճամփան ամպոտ,
Ձորից ելավ մի ձիավոր։

Մեր երկինքը՝ ծրար մի մեծ,
Քիրսը՝ հասցե այդ ծրարին.
Արեգակը՝ խոստումի երգ,
Աշխարհակալ ծիր-ծիրանի...