Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՌԿՊ/Արցախի միացումը Ռուսաստանին

Քաղաքական կացությունը Արցախում 18-րդ դարի վերջերին Արցախի միացումը Ռուսաստանին

Վահրամ Բալայան

Արցախի միջնադարյան մշակույթը (4-18-րդ դարեր)
ԱՐՑԱԽԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

18-դ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին սկսվում է արցախահայության ազատագրական պայքարի և Ռուսաստանին միացման եզրափակիչ փուլը։ Արցախահայությունը ապրում էր թերևս իր պատմության ամենատագնապալից ու մղձավանջային օրերը։ Աղա Մուհամմադ շահի և Հյուսիսային Կովկասի խառնամբոխ ցեղերի պարբերաբար կրկնվող ասպատակությունները, Իբրահիմ խանի խարդավանքներն ու հայաջինջ քաղաքականությունը քամել էին Արցախի կենսատու ուժերը։ Այս ամենին գումարվեց երաշտն ու բնական մյուս աղետները։ Երկրամասում մոլեգնում էին սովն ու համաճարակ հիվանդությունները։ Ավանդությունները պատմում են, որ մարդիկ գերեզմաններից հանում էին նոր թաղած մեռելներին և ուտում, հարձակումներ գոր­ծում գերիներ խլելու և մորթելու համար, երեխաներից մի քանիսին մորթում էին՝ մյուսներին հանգստացնելու համար։ Գաղթականների հոծ զանգվածներ տեղափոխվելով Վրաստան մի կտոր հացի համար վաճառում էին իրենց երեխաներին։

Չնայած Իբրահիմ խանի դեմ անհավասար պայքարում մելիք­ների ուժերը հատվել էին, բայց պայքարը դադար չունեցավ։

Վարանդայի մելիք Ջումշուդը և նրա քրոջ որդի Գյուլիստանի մելիք Ֆրեյդունը, 1797թ. մեկնեցին Աստրախան՝ նպատակ հետապնդելով Հովսեփ Արղությանի միջնորդությամբ հանդիպել Պավել կայսրի հետ։ Միաժամանակ Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմեց կայսրին՝ հովանավորության տակ առնելու հայ ժողովրդին։ 1798թ. փետրվարի 26-ի կայսերական հրովարտակով իր նախորդների՝ Պետրոս I-ի, Եկատերինա I-ի և Եկատերինա II-ի նման հայոց կաթողիկոսին, հայ մելիքներին, յուզբաշիներին ու կառավարիչներին, ողջ հայ հաժողովրդին և առանձնապես Ռուսական կայսրության սահմաններում բնակվող հայերին, վերցնում է իր կայ­սերական ողորմածության ու պաշտպանության ներքո։ Չնայած այդ հավաստիացումներին, Պավել I-ը, ըստ էության, հրաժարվել էր Այսրկովկասում հայկական դուստր պետության ստեղծման զաղափարից, նպատակ հետապնդելով բռնազավթել երկրամասը։

Աստանդական դարձած մելիքները Աստրախանում երկար սպասելուց հետո 1799թ. մեկնեցին Պետերբուրգ և Հ.Արղությանի միջնորդությամբ ներկայացրին կայսրին իրենց աղերսագրերը։

Պավել կայսրը ընդունեց երկու մելիքներին ռուսաց հպատակության տակ։ Մելիք Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մի մասը, իսկ մե­լիք Ջումշուդը՝ Լոռին։ Գյուլիստանի մելիք Աբովը հաստատվեց Բոլնիսում։ Այս ճանապարհով Ռուսաստանը պիտի կորցներ արցախահայ պետության ստեղծման վերջին հնարավորությունը։

Բարեբախտաբար արցախահայությունը տուրք չտվեց իր մե­լիքների ցանկություններին՝ տեղափոխվել նոր տիրույթները։ Ժողո­վուրդը ամուր կառչած իր հողին շարունակեց պայքարը ազատու­թյան համար։ Աղա Մուհամադ շահի սպանությունից հետո նրա եղբորորդին՝ Ֆաթալի շահը, անցնելով իշխանության գլուխ, փորձեց Պարսկաստանի գերիշխանությունը նորից վերահաստատել Այսրկովկասում։ Առանձնակի եռանդ էր այս հարցում ցուցաբերում թագաժառանգ Աբբաս–Միրզան։ 1800թ. գարնանը նրա զորքերը մտան Արարատյան դաշտավայր և պաշարեցին Երևանը։ Բերդաքաղաքը գրավել նրանց չհաջողվեց։

Դեպքերի զարգացման ընթացքը ի նպաստ Ռուսաստանին դարձնելու համար Հերակլ թագավորի որդի Գիորզի XII–ի մահվանից մեկ տարի հետո՝ 1801թ. սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I–ի հրովարտակով վերացվեց վրաց թագավորությունը և Վրաստանը միացվեց Ռուսաստանին։ Ալեքսանդր 1-ի մանիֆեստով Ռուսաս­տանին միացվեց նաև հայկական Լոռին, Փամբակը, Շամշադինը և Հայաստանի հյուսիսային մի քանի այլ շրջաններ։

1804թ. հունվարին Գյանջայի գրավումով այստեղ բնակվող հայերը նույնպես անցան ռուսական հպատակության ներքո։ Այնուհետև ռուսական հրամանատարությունը սկսում է եռանդուն նախապատրաստություն տեսնել՝ գրավելու ռազմավարական կարևոր նշանակու­թյուն ունեցող Երևանի ու Նախիջևանի խանությունները և Շիրակը։

Ռուս-պարսկական խորացվող հակասությունները շուտով վե­րաճեցին 1804-813թթ. պատերազմի։

Հակառակորդների միջև առաջին լուրջ ճակատամարտը տեղի ունեցավ 1804թ. հունիսի 10-ին Փոքր Ղարաքիլիսա (Ազատան) գյուղի մոտ։ Ռուսական կորպուսի առաջապահ ուժերը գեներալ Տուչկովի հրամանատարությամբ հաղթանակ տարան։ Իր հերթին գեներալ Ցիցիանովը հունիսի 30-ին Քանաքեռում ջախջախում է Աբաս Միրզայի զորքերին և պաշարում Երևանը։ Ուժեղ տոթը, ռազմամթերքի ու պարենի խիստ պակասը, ինչպես նաև Վրաստանում տի­րող խռովահույզ վիճակը Ցիցիանովին հարկադրեցին սեպտեմբերի 3-ին դադարեցնել Երևանի պաշարումը և վերադառնալ Թիֆլիս։

Ռուսների վերջին հաջողություններից անհանգստացած Ղարաբաղի Իբրահիմ խանը որոշեց հարաբերություններ հաստատել նրանց հետ։ Պարսկաստանն էլ, Ղարաբաղը կորցնելու հեռանկարից խուսափելու նպատակով, 1805թ. հունվարին մեծաքանակ մի զորագունդ է ուղարկում Ղարաբաղ։ Դեռևս Շուշի չհասած, Դիզակում հայ կամավորները խայտառակ պարտության են մատնում պարսիկներին։

Իբրահիմ խանի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով Շուշի է ուղարկվում մայոր Լիսանևիչի գլխավորությամբ ռուսական մի ջո­կատ։

Իբրահիմ խանը ստիպված գնաց զիջումների։ 1805թ. մայիսի 14-ին, Գանձակից 30 վերստ հեռավորության վրա, Քյուրակչայ գետի մոտ, գեներալ Ցիցիանովը և Իբրահիմ խանը ստորագրեցին պայմանագիր։ Որպես շահագրգիռ կողմ հայերից ներկա էին Թիֆլիսի և Գանձակի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակիրը և Վարանդայի մելիք Ջումշուդ Սելիք-Շահնազարյանը։ Պայմանագրով Ղարաբաղը ընդունում է Ռուսաստանի հովանավո­րությունը, Շուշիում տեղակայվելու են ռուսական զորքեր, ռուս աս­տիճանավորների հսկողության տակ Ղարաբաղը ղեկավարվելու էր խանի կողմից։ Պայմանագրի առաջին հոդվածում ասված է. «Ես՝ Շուշու և Ղարաբաղի Իբրահիմ խանս, իմ, իմ ժառանգների և հաջորդների անունից հանդիսավորապես ընդմիշտ հրաժարվում եմ Պարսկաստանից կամ այլ պետությունից վասալական կամ առհասարակ ուրիշ որևէ տիտղոս ունեցող որևէ կախում ունենալուց և սրանով հայտարարում եմ ամբողջ աշխարհի առաջ, որ ես ինձ և իմ հաջորդների վրա չեմ ճանաչում ուրիշ մի ինքնակալություն, բացի նորին կայսերական մեծության համառուսական մեծ թագավոր կայսրին և նրա բարձր ժառանգների և համառուսաստանյան կայ­սերական գահի ժառանգների գերագույն իշխանությունը՝ խոստանալով նույն գահին հավատարմություն, ինչպես նրա հավատարիմ ստրուկը, որի համար և պիտի երդվեմ սուրբ Ղուրանի վրա»։ Ցարական կողմն իր հերթին խոստանում է, որ ցարի ու «նրա հաջորդների անունից շնորհն ու բարեխնամությունը Շուշու և Ղարաբաղի Իբրահիմ խանից ու նրա ժառանգներից, ինչպես և իրեն հավատարիմ հպատակից երբեք չէն խլվի..., նորին բարձրաստիճանության ու նրա ժառանգների ներկա կալվածների ամբողջականությունը պահ­պանված կլինի»388։

Փաստորե նայդ դաշնագրով ցարական Ռուսաստանը անսքող ցույց տվեց մերկապարանոց, շահախնդիր արտաքին քաղաքականության էությունը, հարազատ մնալով ծավալապաշտական նկր­տումներին, անտեսելով մինչև վերջ իրեն հավատարիմ մի ամբողջ ժողովրդի իր հայրենիքում ազատ ապրելու խնդրանքը, ամենակոպիտ ձևով ոտնահարելով Ղարաբաղի մելիքների հայրենասիրական իրավունքները։ Այս նույն ձեռագիրն ուներ նաև 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, 1921թ. հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի հայտնի որոշումը և «վերակառուցված» Ռուսաստանի ծնունդ Գորբաչովյան հայատյացությունը։

1805թ. գարնանը Աբաս-Միրզան մեծ բանակով անցնելով Արաքսը, մտնելով Ղարաբաղ՝ պաշարեց Շուշին։ Ռուսական կայազորը Լիսանևիչի գլխավորությամբ և տեղի հայ կամավորների օժանդակությամբ համառ դիմադրություն ցույց տվեց թշնամուն։

Իբրահիմ խանը չնայած իր երդմանը, որոշեց միանալ Աբաս Միրզայի զորքին, իր ընտանիքով գիշերը լքելով բերդը։ Լիսանևիչը և մելիք Ջումշուդը, իմանալով դրա մասին, հետապնդում են խանին և Խանեն բաղ կոչվող տարածքում՝ հասնելով սպանում են Իբրահիմ խանին և նրա ընտանիքի մյուս տղամարդկանց։

Շուշիի պաշտպաններին օգնելու համար Գանձակից գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ ուղարկվում է 500 հոգանոց մի ջոկատ՝ երկու հրանոթով։ Ասկերանի մոտ ռուսական զորքերին շր­ջապատում են պարսկական Փիր-Ղուլի խանի 10 հազարանոց բանակը։ Պարսից առաջապահ զորքերին օգնության է հասնում Աբաս Միրզայի 30 հազարանոց բանակը։ Գումարտակի ծանր վիճակի մասին Շուշիի կայազորին տեղյակ է պահում կուսապատցի Վանի Աթաբեկյանը։ Նրա օգնությամբ Կարյագինի գումարտակը Ասկերանից գաղտնի հեռանում և ամրանում է Շահ-Բուլաղ բերդում։ Աբաս-Միրզան փորձում է պաշտպաններին սովի մատնելով՝ հարկադրել անձնատուր լինել։ Ստեղծված կացության մասին Վանի Աթաբեկյանը իր եղբոր՝ Հակոբի միջոցով նամակ է ուղարկում Ելիզավետապոլ գեներալ Ցիցիանովին, իսկ ինքը հաց և այլ սննդամթերք­ներ հասցնում սովի մատնված զինվորներին։

Հույսը կտրելով օժանդակ ուժեր ստանալուց, հուլիսի 7-ին գիշերը, Վանի Աթաբեկյանի ուղեկցությամբ, Կարյագինի գումարտակը թշնամուց աննկատ հասնում է Մոխրաթաղ գյուղը։ Կուսապատում հոր տանը գտնվող ալյուրի պաշարները հանձնելով ռուս զինվորներին, նրանց բարեհաջող հասցնում է ռուսական հիմնական ուժերին։ Այս քաջագործությունների համար Ցիցիանովը Վանի Աթաբեկյանին նվիրեց իր արծաթե ժամացույցը։

Հետագայում Վանի Աթաբեկյանը 60 հայ կամավորների գլուխ անցած կռվում է ռուս-պարսկական ճակատի ամենաթեժ կետերում։ Արցախի հայությունը, նրա մելիքական ուժերը, երկիրը ազատագ­րելու նպատակով կռվում էին ոչ միայն հայրենի եզերքներում, այլև ուր անհրաժեշտ լիներ, ուր որ ռուսական հրամանատարությունը հարմար գտներ։

Երևանի 1804թ. պաշարման ժամանակ ռուսական զորքերին մեծ օգնություն ցույց տվեց Գյուլիստանի Մելիք-Աբովի որդի՝ Ռոստոմ բեկի գլխավորած հայկական հեծյալ ջոկատը։

Ռոստոմ բեկը անձնազոհության հրաշալի օրինակներ ցույց տվեց Բոլնիսում, Փամբակի ու Ապարանի մարտերում։ Անհավասար մարտերում ընկան Ռոստոմ բեկի ջոկատի մարտիկներից շատերը, իսկ ինքը՝ հրամանատարը, վիրավոր վիճակում գերվեց և շղթայակապ ուղարկվեց Թավրիզի բանտը, որտեղ և դաժան խոշատանգումներից հետո սպանվեց։

Ծերունի Մելիք Աբովը որդու հերոսական նահատակությունից հետո, գլխավորեց հայկական ջոկատը և արիության բազում օրի­նակներ ցույց տվեց։

1806թ. Ղարաբաղում պարսկական զորքերի դեմ մղվող մարտերում աչքի ընկավ Մելիք-Ջումշուդ Շահնազարյանի հեծյալ ջոկատը։ Ֆելդմարշալ Գուդուվիչը, բարձր գնահատելով հայորդու ցու­ցաբերած ծառայություններն ու հմտությունը, գլխավոր շտաբ էր ներկայացրել՝ Մելիք-Ջումշուդ Շահնազարյանին փոխգնդապետի աստիճան շնորհելու համար։ 1806 թվականից մինչև 1809 թվականը ռուս-պարսկական ճակատում հանգստություն էր տիրում։ Խրախուսվելով Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, 1809թ. Պարսկաստանը նոր ռազմական գործողություններ սկսեց։ Թուրքիայի և Պարսկաստանի դեմ երկու ճակատով կռվելուց խուսափելու նպատակով 1810թ. փետրվարին՝ Թավրիզում և ապրիլին՝ Ասկերանում Ռուսաստանը Պարսկաստանի հետ բանակցություններ սկսեց։ Սակայն Պարսկաստանը, ակնկալելով մեծ տերությունների աջակցությու­նը, ընդհատեց բանակցությունները և վերսկսեց պատերազմական գործողությունները։

1810թ. ամռանը գնդապետ Պ.Կոտլյարևսկու զորագունդը գրավեց Մեղրին, ապա, հանկարծակի գրոհելով Աբաս-Միրզայի ճամբարը, նրան պարտության մատնեց և հարկադրեց զորքերը դուրս բերել Ղարաբաղից ։

Անհջողության մատնվեց նաև 1811թ. ամռանը Աբաս–Միրզայի կողմից դեպի Ղարաբաղ կազմակերպված արշավանքը։

1812թ. հայրենական պատերազմի ծանր շրջանում պարսկական զորքերը հարձակման անցնելով՝ ցանկանում էին վերստին գրավել իրենց կորցրած տարածքները։ Ասլանդուզի և Լենքորանի ճակատամարտերում պարսկական զորքերի կրած ծանր պարտու­թյունները Ֆաթ-Ալի շահին հարկադրում են հաշտություն խնդրել։

Հայ ժողովրդի ջանադիր մասնակցությամբ ռուսական զենքի հաղթանակները ամբողջականացվեցին 1813թ հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ Այն ստորագրում են լիազոր՝ Ռտիշչևը և Պարսկաստանի ներկայացուցիչ՝ Միրզա Աբդուլ Հասան խանը։ Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի ու Արևելյան Վրաստանի, ինչպես և Գյուլիստանի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Թալիշի խանությունների միացումը Ռուսաստանին։ Ըստ պայմանագրի երկրորդ կետի այս տարածքների հետ Պարսկաստանը հրաժարվում էր նաև Արևե­լյան Հայաստանի՝ Ղարաբաղի, Լոռու, Փամբակի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագայլի գավառներից։ Պարսկաստանը զրկվում է Կասպից ծովում նավատորմ ունենալու իրավունքից:

Անկախ նրանից, թե ցարական իշխանությունները Այսրկովկասում ինչ նպատակներ էին հետապնդում, այն համապատասխանում էր Ղարաբաղի հայության ազատագրական ձգտումներին։

Գյուլիստանի պայմանագիրը մեր ժողովրդի համար պատմական անանցանելի իրողություն է։ Այն մի ավելորդ անգամ նորից վկայում է, որ Ղարաբաղը առանձին ազգային պետական միավորի կարգավիճակով է անցել Ռուսաստանի տիրապետության տակ։ Հետևաբար, ներկայիս Ադրբեջանը կազմող տարածքները, Դաղստանը, Վրաստանը, այնպես էլ Ղարաբաղը Ռուսաստանին են անցել հավասար իրավասուբյեկային կարգավիճակով։ Ուրեմն, եթե խորհրդային կայսրության փլուզումից հետո վերոհիշյալները իրենց իրավունք են վերապահում ստեղծելու ազգային պետականություն, այդ նույնից օգտվում է նաև Ղարաբաղը։ Գյուլիստանի պայմանագիրը կարող է քաղաքական ուղենիշ հանդիսանալ ԼՂՀ արդեն ձևավորվող արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզ­բունքների մշակման համար։ Այն, բացի քաղաքական պատճառաբանություններից, ունի նաև իրավական ամբողջացված դաշտ՝ մեր օրերի թելադրած տեսակետի առումով։ ԼՂՀ ճանաչման իրավական կողմի առաջնային քայլը անպայման պետք է կապել Գյուլիստանի պայմանագրի հետ։

Այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես երկրորդական դեմք։ Հիմնական կնճիռը Ղարաբաղ-Ռուսաստան կապի վրա է, որովհետև կամա թե ակամա Ռուսաստանը ինքը եթե հիմա կանգնած է իր պետականության կայացման ճանապարհին և այն փորձում է իրականացնել քաղաքակիրթ չափանիշներով, չի կարող խուսափել իր պատմության իրավապայմանագրային հիմունքներից։ Այ­սինքն՝ հաշվի նստելով այդպիսի հիմունքներից մեկի՝ Գյուլիստանի պայմանագրի հետ, Ռուսաստանը պիտի կողմնորոշվի ստացած ժառանգության նկատմամբ։ Իսկ պետաիրավական ժառանգությունը դա ոչ թե հպանցիկ երևույթ է, այլ տվյալ տերության գոյության ընթացքում մշակված պետական շահերի ամբողջություն։ Հետևաբար, եթե Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ինչ-որ չափով ինքնուրույնացված միավոր է Հայաստանի համար, ապա Ադրբեջանի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Գյուլիստանի պայմանագրի քաղաքական-իրավական ուժի արտահայտություններից մեկն էլ այն է, որ այդ պայմանագիրը պաշտպանության կարիք չունի։ Խուսափումը նրանից նրան առընչվող ցանկացած պետության կողմից ուղղված է հենց խուսափողի դեմ։ Որովհետև կիսատ-պռատ ուժեղ-մշտական պետություն չի լինում, այլ լինում է ուժեղ պետություն, որի կառուցման հիմքում դր­վում է քաղաքակրթության կողմից մշակված պետական-քաղաքական սկզբունքները ամբողջությամբ։

Ցարական Ռուսաստանը հայերի օգնությամբ տիրանալով Ղարաբաղին, ձեռնամուխ եղավ իր գաղութատիրական քաղաքականության իրականացմանը։ Ցարական կառավարության հրամանով վերացվեց մելիքական կարգը։ Նման քաղաքականության հիմքը պետք է փնտրել այն ինքնավարական ձգտումների մեջ, որոնց համար մարտնչել են Արցախի մելիքները։

Դրա փոխարեն պահպանվեցին թաթար խաների և բեկերի իրավունքները։ Քննարկվող ժամանակաշրջանում Կովկասի ազնվականների 41,53%-ը վրացիներ էին, ռուսները՝ 16,4%, թաթարները՝ 27,50%-ը, իսկ հայերը ընդամենը 5,46%-ը։ Այս գործում իր բացասական դերն է կատարել վրացական ծագում ունեցող հայատյաց Ցիցիանովը։

Իբրահիմ խանի սպանությունից հետո, ռուսաց կայսեր անունից խանի հետնորդ հայտարարվեց նրա ավագ որդի Մեհտի-Ղուլի խանը։ Վերջինս, չնայած իր հավատարմության երդումներին, նոր տերերի նկատմամբ նույնպես այնքան էլ բարեհամբյուր չգտնվեց։ 1822թ. Մեհտի Ղուլի խանի և նրա մերձավորների Պարսկաստան փախչելուց հետո, Ղարաբաղի խանությունը գեներալ Մադաթովի հրահանգով լուծարվեց և վերակազմվեց Ղարաբաղի նահանգի, որն անմի­ջապես կառավարվում էր ռուսական կառավարության կողմից։ Նահանգն իր հերթին բաժանվեց մահալների։ Վարչական պաշտոններից հեռացվեցին խանական շրջանի նախկին պաշտոնյաները, իսկ մահալների կառավարիչներ նշանակվեցին ռուս աստիճանավոր­ներ։

Քաղաքական այս գործընթացներով սկսվեց Ղարաբաղի պատմության նոր շրջանը։