Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Առանշահիկների թագավորության կազմավորումը Արցախում

ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Հինգերորդ դարի երկրորդ կեսի Արցախի հայության ազատատենչ ոգորումները անհետևանք չմնացին։ Աղվանից մարզպանության ներսում ձեռք բերեցին իրենց վարչաքաղաքական ինքնու­րույնությունը և ստեղծեցին պետական ձույլ մի միավոր, որը պատմությանը հայտնի է որպես Աղվանից թագավորություն անունով։

457թ. մեռնում է Պարսից Հազկերտ թագավորը։ Երկրում խռո­վություն է սկսվում։ Հանգամանքից օգտվելով՝ Վաչե Առանշահիկը պարսիկներին քշում է իր երկրից և Արցախում ու Ուտիքում իրեն թագավոր հռչակում։

Քննարկվող ժամանակաշրջանում բուն Աղվանքում ապրող ցե­ղերը միավորված չէին և չունեին կայուն քաղաքական ոչ մի միավոր։ Առիթից օգտվելով Վաչե Առանշահիկը իր իշխանությունը տարածել էր նաև Կուրի ձախափնյակի վրա։

Նոր թագավորության համար Մ.Կաղանկատվացու վկայու­թյամբ Վաչեն կառուցում է Պարտավ մայրաքաղաքը։

Սակայն երկրի ներքին անհանգիստ վիճակը և պարսից արքունիքի ճնշումներն ու բանսարկությունները Վաչեին չթողեցին շարու­նակել հայրենաշեն գործը, որի մասին առավել հանգամանալից խոսվեց վերևում։

Շուրջ երեսուն տարվա անիշխանությունից հետո Հայոց Արևելից աշխարհում թագավոր է դառնում Վաչեի եղբոր որդի Վաչագանը։ Վաչագանի Արցախի հայկական թագավորությունն իր մեջ ընդգրկում էր Արցախ և Ուտիք նահանգները, ինչպես և Կուր գե­տի ձախափնյա Կամբեճան գավառը։ Բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայու­թյան պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։

Պետության հիմքերը անսասան դարձնելու և երկրի հոգևոր կյանքը աշխուժացնելու համար Վաչագան թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցաշինությանն ու նախանձախնդիր ջերմեռանդություն ցուցաբերեց հայ դպրության տարածման գործում։

Մովսես Կաղանկատվացին գրել է. «Բարեպաշտ Վաչագանը Արևելքում տարվա օրերի թվով եկեղեցիներ շինեց»։

Վաչագան թագավորը լավ էր հասկանում, որ Պարսկաստանի կողմից վարվող հայերի ուծացման քաղաքականությանը կարելի էր դիմակայել հայոց եկեղեցու հիմքերի ամրապնդմամբ և քրիստո­նեական հավատքի տարածմամբ։ Վաչագան Բարեպաշտը իր ար­մատներին հավատարիմ՝ հետևելով հայոց արքա Արտաշես Ա-ին Բարեպաշտի մեծագործություններին, սրբացման առարկա էր դարձնում ազգային եկեղեցու այնպիսի գործիչների, ինչպիսիք են Գրիգոր Լուսավորիչն ու նրա թոռ Գրիգորիսը, Պանդալեոն բժիշկն ու Դիզափայտի նահատակները, Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները։ Նա միաժամանակ Արցախի Դարահոջ գյուղն է բերում Սուրբ Գրիգորի ու Հռիփսիմե և Գայանե կույսերի նշխարները։ Այս ամենի համար ժողովուրդը նրան տվեց Բարեպաշտ պատվատիտղոսը։

Վաչագան թագավորը ջերմեռանդ ձևով պայքարում էր հեթանո­սական սովորությունների ու հոռի բարքերի դեմ, որոնք հակասում էին համամարդկային արժեքներին։

Սկզբնաղբյուրների վկայությամբ քրմերը բռնում էին մարդկանց և կապում սրբազան շղթաներով ու մի ամբողջ տարի կերակրում, այնուհետև նրան օծում էին իբրև զոհի և զոհաբերում մյուս մատաղացու կենդանիների հետ։

Մովսես Կաղանկատվացին շարունակելով Ստրաբոնին ման­րամասնում է․ «մատնահատների աղանդը ծիսական մարդասպանությունը կատարում էր հետևյալ խորհրդավոր պայմանների մեջ։ Բռնվում էր մեկը սովորաբար պատանի հասակում, նրան տարածում էին գետնի վրա և նրա ձեռքերի ու ոտքերի չորս բութ մատները կապում էին գետնի մեջ տնկված չորս ցիցերի։ Այսպիսով կաշկանդ­վածին չէին խոցոտում և չէին սպանում, այլ նախ ողջ-ողջ քերթում էին նրա կաշին որոշված ձևով։ Առաջ կտրում էին աջ թևի բթամատը և նրա հետ մի շերտ կաշի, որ քերթում էին կրծքի վրայով մինչև ձախ ձեռքի ճկույթը, որ նույնպես կտրվում էր։ Այսպես էին վարվում զոհի ոտների հետ էլ։ Հետո նրան սպանում էին, իսկ կաշին «կազմելով» դնում էին սապատի մեջ։ ...Մարդասպանությունը հաճախ կատար­վում էր ավելի մեծ չափերով։ Քրմապետը հավաքված հավատացյալներին հրամայում էր բաժանվել երեք դասի և յուրաքանչյուր դասին -բռնել երեքական մարդ՝ մեր նկարագրած կերպով սպանելու համար»։

Վաչագան Բարեպաշտը իսպառ ջնջեց մատնահատների, խեղ­դողների, թունավորող-կուրացնողների աղանդները։

Քրմերի երեխաներին քրիստոնեական ոգի ներարկելու համար բացում է դպրոցներ, որտեղ դասավանդում էր նաև անձամբ ինքը՝ թագավորը։

Վաչագան Բարեպաշտի կառավարման ընթացքում երկիրը տնտեսական վերընթաց էր ապրում։ Ծաղկում էին արհեստները։ Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի (Վարընկաթաղ, Լյուլասազ, Կամարի) գյուղում եղել է գործատուն, որտեղ ընտիր կապույտ կտոր էին պատրաստում Վաչագանի արքունիքի համար։ Այս գոր­ծատունը և բնակավայրը կոչվել են կապտարար, այսինքն կապույտ կտոր արարողներ, կապույտ գործողներ։

Բարգավաճող երկրին անհրաժեշտ էր նաև շքեղաշուք մի մայ­րաքաղաք։ Այդ նպատակով Վաչագան Բարեպաշտը մի ոստան է կառուցել Տրտու գետի ափին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ։ Մատենագիտական աղբյուրներում այդ բնակավայրը հիշատակվում է Գյուտական և Դյութական ձևերով։

Վաչագան արքայի անվան հետ է կապված նաև Մարտակերտի շրջանի Դաստակերտ գյուղը։ Վաչագան թագավորը մի դուստր է ունեցել, որի մասին Մովսես Կաղանկատվացին գրում է. «Թագավո­րը Խնչիկ անունով մի փոքրիկ դուստր ուներ, որին չափազանց սի­րում էր նա և որի անունով կառուցել էր մի դաստակերտ»։

Հայոց Արևելից կողմանց քաղաքական ու տնտեսական կյանքը կանոնավորելու համար Վաչագան թագավորը Արցախի Աղվեն ամառանոցում (այժմյան Մարտակերտի շրջանում) 488թ. գումարեց հայ հոգևոր և աշխարհիկ տերերի մի ժողով, որտեղ քննարկվեցին և ընդունվեցին նորաստեղծ թագավորության օրենքներ։

Հայտնի է, որ մինչ Վաչագան Բարեպաշտի 21 կանոնների ընդունումը IV դարում Աշտիշատում և Շահապիվանում հայ Արշակունի թագավորները ընդունել էին հոգևոր, քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող օրենքներ։ Սակայն բուն մայր երկրում հայկական պետականության կորստի պայմաններում անհրաժեշտ էր ստեղծել օրենքների մի հավաքածու, փաստելու նոր իրողությու­նը՝ հայոց երկրի մի անկյունում ստեղծված թագավորության գոյությունը, որը հետագա խռովահույզ դարերում խորհրդանիշ պիտի դառնար արցախահայության չընդհատվող պետականության համար։

«Սահմանադրութիւն կանոնական»-ը Հայոց Արևելից կողմանց սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունների ուսումնասիրման համար բացառիկ արժեք է ներկայացնում։ Ըստ Աղվենի կանոնների պետական և եկեղեցական հարկերը պարտադիր էին հասարակության բոլոր խավերի համար՝ շինականներից մինչև ազնվական խավերի ներկայացուցիչները, նույնիսկ արքայական տոհմից սերվածները։

Հայ հասարակության բարոյական կերպը անխաթար պահելու համար ընդունված օրենքների համաձայն արգելվում էր մերձամուսնությունը, տղամարդու քմահաճ ամուսնալուծությունը, վհուկ­ներին ու կախարդներին դիմելը, հոգևորականների (քահանայից մինչև եպիսկոպոս) վատ վարքը՝ սովորական գայթանքից(մոլորվել, սխալանք թույլ տալ) մինչև գողություն ու անբարոյականությունը։ Թագավորի գերագույն իշխանությունը սրբագործելու համար «Սահմանադրութիւն կանոնական»-ը թագավորին էր վերապահում օրենքների սահմանումը և երկրի ներսում բոլոր ազատներն ու արքայազունները, հոգևորականներն ու աշխարհականները պարտավոր էին խոնարհաբար ենթարկվել արքունիքի ընդունած ամեն մի վճռին։

Աղվենի կանոնները պարտադիր նորմեր էր հասարակության բոլոր խավերի համար։ Այդ կանոնները վկայում են հայ հասարակության լիարյուն կենսագործունեության և օրենքի տառի ու ոգու գերակայության մասին։

Նկատենք, որ նմանատիպ օրենքներ եվրոպական երկրներում ընդունվեցին 10-12 դար հետո՝ ուշ միջնադարում։ Աղվենի ժողովից հետո երկիրն ապրում էր խաղաղ ու բարգավաճ կյանքով։

Վաչագան թագավորը երկրի խաղաղ վերընթացը ապահովելու համար վարում էր նպատակասլաց ու հավասարակշիռ արտաքին քաղաքականություն՝ հարևան երկրների հետ պահելով ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ։ Այդ նպատակով Վաչագան թագավորը իր աղջկան կնություն էր տվել Պարսից թագավորի եղբոր Աբլ-Աբաս որդուն։ Վերջինս քրիստոնեություն էր ընդունել և ապրում էր Մեծ Սյունյաց նահանգում, «երկրորդ Երուսաղեմ» կոչված վանքի մոտ։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ Վաչագան թագավորն իր փեսայի հետ դավադրաբար սպանվել է Սյունիքի Բարգուշատ(Քաշունիք) գավառում։ Նրա դիակը փոխադրվել և ամփոփվել է Մարտակերտի շրջանի Ջրվշտիկ կամ Եղիշե Առաքյալ վանքի կողքի մի մատուռում։ Ամենայն հավանականությամբ հին դամբարանը չի պահպանվել։ Երախտապարտ սերունդները հետագայում նրա դամբարանի տեղը մատուռ են կառուցել։ 1286թ. Վաչագանի գերեզմանի վրա նոր տապանաքար են դրել, վրան փորագրել. «Այս է հանգիստ Վաչագան թագավորին Աստված ողորմի Հայրապետայ և ոյր ծնողացն, որ շինեց զեկեղեցիս առաջնորդութիւն տէր Սիմոնի թիւ ՉԼԵ (1286) էր»։

Վաչագան Բարեպաշտի կարճատև գահակալությունը մի ամբողջ դարակազմիկ շրջան է հանդիսացել միջնադարյան Հայաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում։