Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արշակունիների հարստությունը և Արցախը

Հնագույն մշակույթը Արշակունիների հարստությունը և Արցախը

Վահրամ Բալայան

Քրիստոնեության տարածումը Հայոց արևելից գավառներում
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ

Արտաշեսյանների դինաստիայի անկումից հետո 1թ. մինչև 52թ. Հայաստանը հայտնվեց հռոմեա-պարթևական հակամարտության ոլորտում։ Հայ ժողովուրդը արմատներով մոտ լինելով պարթևնե­րին, այդ պայքարի ընթացքում առավել շատ հակված էր դեպի Արշակունիները և աջակցում էր նրանց։ Միաժամանակ Հայաստանում հռոմեացիների վարած քաղաքականության հետևանքով ծայրահեղ դժգոհություն էր տիրում նրանց դեմ։ Հենց այս հանգամանքներն էլ օգտագործեց Վաղարշ Ա Արշակունին։ Շուտով Վաղարշ Ա-ի եղ­բայր Տրդատը հայ-պարթևական միացյալ ուժերով Հայաստանից դուրս մղեց հռոմեացիներին։ 64թ. Հռանդեայում կնքված հաշտու­թյամբ Հռոմը ճանաչում էր Տրդատի գահակալությունը Հայաստանում։ Սակայն Արևելքում լիովին չհեղինակազրկվելու համար Ներոն կայսրը պայմանագրի մեջ կատարեց մի վերապահություն. այն է՝ Տրդատը անձամբ պիտի ներկայանար Ներոնին և նրանից ստանար արքայական թագ։ Տրդատը մեծ շուքով ընդունվեց Հռոմում և Ներոնի կողմից ստացավ թագ ու հանդերձանք։ Վերադառնալով Հայաստան՝ նա 66թ. Հայոց նախկին պետության աշխարհագրական սահմաններում հիմնադրեց հայ Արշակունյաց թագավորու­թյունը։

Հետաքրքիր է այն փաստը, որ Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քար­տեզում Արցախը դիտվում է որպես նոր պետության առաջատար նահանգներից մեկը։ Այս իրողությունը ժամանակին արձանագրել են Ք.ա. առաջին դարից մինչև Ք.հ . հինգերորդ դարն ապրած հույն և հռոմեացի մատենագիրները։

Ստրաբոնը վկայում է. «Հայաստանի ներսում կան շատ լեռներ և շատ լեռնադաշտեր, որոնց մեջ խաղողի այգին հեշտությամբ չի աճում. նաև շատ հովիտներ, ոմանք չափավոր, ոմանք էլ շատ բերրի, ինչպես Արաքսենի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչև Աղվանքի ծայրը և թափվում է Կասպից ծովը, և սրա հետ Շակաշենը՝ (Ուտիքը–Վ.Բ.) սահմանակից Աղվանքին և Կուր գետին, հետո Գուգարքը...»։

Պլինիոս Ավագը գրում է. «Աղվանները տարածված են Կովկասյան լեռների վրա և նրանց երկիրը ձգվում է մինչև Հայաստանի և Իբերիայի սահմանը հանդիսացող Կուր գետը»։ Իսկ Պտղոմեոսը գրում է. «...Կուրը, որ հոսում է ողջ Իբերիայով և Աղվանքով՝ նրանից անջատելով Հայաստանը»։ Դիոն Կասիոսը, նկարագրելով Պոմպեոսի արշավանքը, խոսում է ալբանացիների մասին, «որոնք ապրում են Կուրից վեր»։ Ստեփանոս Բյուզանդացին Կուրի աջափնյակը համարում է հայկական, հաստատելով նաև, որ «Օտինան(Ուտիքը) Հայաստանի նահանգն է»։

Հին Հայաստանի աշխարհագրության ամենանշանավոր երկը՝ Շիրակացու «Աշխարհացոյց»-ը, որը Արշակունյաց Հայաստանի իրական վիճակի նկարագրությունն է տվել, հայ-աղվանական սահ­մանի վերաբերյալ նշել է. «Աշխարհն Աղուանից, որ ընդ մեջս է գետոյն Կուրայ և Կովկաս լերինն»։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ներկայիս Ադրբեջանի 19-րդ դարի առաջին կեսի հասարակական գործիչ ու գիտնական Աբաս Կուլի-Աղա Բաբիխանովը, շարադրելով արևելյան Այսրկովկասի պատմությունը, եկել է հետևյալ եզրահանգմանը. «Դատելով զանազան հանգամանքներից ու աղբյուրների տեղեկություններից, կարե­լի է եզրակացնել, որ Կուրի աջափնյակը՝ մինչև Արաքսի հետ միախառնվելու տեղը կազմել է Հայաստանի մասը»։

Արշակունյաց հարստության շրջանում, ավատատիրական կարգերի սկզբնավորման և ժառանգական հողատիրության ինստի­տուտի ձևավորման ընթացքում պարարտ հող է նախապատրաստվում կենտրոնախույս ուժերի տարանջատման և գավառական իշխանությունների ու թագավորի միջև հակամարտության համար։ Արշակ Բ-ի կառավարման տարիներին (350–368թթ.) Արցախի Առանշահիկները հայոց մի շարք նահանգների նախարարական տների հետ միասին իրենց դուրս համարեցին Արշակունյաց գերագահության վարույթից։ Սակայն շուտով Պապի ժամանակ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը պատժեց անհնազանդ իշխաններին և հյուսիսում նորից սահման դարձրեց Կուր գետը՝ «ինչպես որ առաջ էլ եղել էր»։ Այս իրողություններն արտացոլվել են Հայոց արքունի­քում նախարարների պատվաստիճանն ու զբաղեցրած տեղերը վավերացնող պետական փաստաթղթում՝ «Գահնամակում» և նախարարների ռազմական ուժը ցույց տրվող «Զորանամակում»։ Ըստ վերջինի՝ Փայտակարանը հայ կենտրոնական բանակին տալիս էր 300 զինվոր և նրանց նախարարը գրավում էր արքունիքի 70 բարձերից իններորդ տեղը, իսկ Ուտիքի իշխանը նույն բանակին տրամադրում էր 1000 զինվոր։

Ճակատագրի քմահաճ բերումով Հայքը, սփռված լինելով արևելքից արևմուտք տանող տարանցիկ ճանապարհների խաչմերուկում, հզոր տերությունների համար հայակործան պատերազմների թատերաբեմ է եղել։ Մինչև 4-րդ դարի երկրորդ կեսը աշխար­հի չորս կողմերից Հայաստան խուժած հորդաները, դեմ առնելով հայ բազկին, հողմացրիվ էին լինում։

Մեծ Հայքի կործանման գործում առանձնակի ակտիվություն էին ցուցաբերում Սասանյան Պարսկաստանն ու Բյուզանդական կայսրությունը։

387թ. պարսկա-բյուզանդական համաձայնությամբ Մեծ Հայքի թագավորությունը ծվեն-ծվեն արվեց երկու բռնակալ տերությունների միջև։ Հայաստանի արևելյան հատվածը անցավ Պարսկաստանին, իսկ արևմտյանը՝ Բյուզանդիային։ Դեռ ավելին, հայ նախարարների դիմադրական ուժը լիովին կոտրելու նկատառումով «...նրանից էլ շատ գավառներ այս և այնտեղ խուզվեցին... և այն ժամանակ և այնուհետև հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեցավ, նվազեցավ, իր նախկին մեծությունից ընկավ․․․ և երկուսի աշխարհներից (խոսքը վերաբերում է Հայաստանի բյուզանդահպատակ մասի թագավոր Արշակին և պարսկահպատակ մասի թագավոր Խոսրովին-Վ.Բ.) մի փոքր մասը մնաց երկու թագավորներին»։ 387թ. բաժանման համաձայն՝ դեռևս 363թ. «ամոթալի դաշնագ­րից» մի քանի տարի անց անջատված Մեծ Հայքի ծայրամասերը, որոնք այնուհետև վերամիավորվել էին Պապի թագավորության տարիներին, կրկին անջատվեցին։ Դրանք էին Ուտիք, Բաղասական աշխարհները, ինչպես և «Մարաց ամուր աշխարհը» և Գուգարքի հյուսիսային գավառները։ 387թ. դաշնագրի համաձայն սրանց գու­մարվեցին բդեշխությունները՝ Աղձնիքը, Կորդուքը, Նոր–Շիրականը, Գուգարք նահանգն ամբողջովին, ապա հետագայում, Վարդանանց ապստամբությունից հետո, նաև Արցախ նահանգը։ Սրանք ծայրամասային, «եզրային» նահանգներ էին՝ 103359 քառ. կմ ընդհանուր տարածությամբ։

Այդպիսով՝ Մեծ Հայքն ընդմիշտ մասնատվում էր, մնում էր Միջ­նաշխարհը՝ Բարձր Հայք, Ծոփք, Ծոփք Մեծ, Տուրուբերան, Մոկք, Վասպուրական, Սյունիք, Տայք, Այրարատ նահանգները՝ 184916 քառ. կմ ընդհանուր տարածությամբ։ Միջնաշխարհն իր հերթին բաժանվում էր երկու մասի. նրա արևելյան մեծագույն մասը՝ 73%-ը (երեք քառորդից ավելին)՝ 134341 քառ. կմ տարածությամբ, ենթարկվում էր Սասանյան Իրանին, իսկ 27%-ը (գրեթե մեկ երրորդը), այն է՝ 50575 քառ.կմ, անցնում էր Հռոմեական կայսրությանը։

Արշակ Գ-ի մահից հետո հույներն իրենց բաժնում այլևս թագավոր չնշանակեցին։ Այդպիսով՝ Արևելյան Հռոմեական կայսրության հպատակ Արևմտյան Հայաստանը կորցրեց իր պետականությունը։ Հայ ժողովրդի համար սկսվեց մղձավանջային մի շրջան։

Նման անփառունակ վախճան պիտի ունենար նաև Արևելյան Հայաստանը։

Սակայն միառժամանակ դեպքերը զարգացման այլ ընթացք ունեցան։ Ուրիշ կերպարանք ստացավ քաղաքական կյանքը Արևե­լյան Հայաստանում։ «Հայաստանի բաժանմամբ նրա մեծագույն մասը դարձել էր Սասանյան Պարսկաստանից վասալական կախում ունեցող մի երկիր, որն արդեն ձևավորված նախարարական իրավունքի հիման վրա պահպանել էր իր ներքին ինքնավարությու­նը»։

Պարսից արքայից արքան, հայ նախարարական տների հզորությունը հաշվի առնելով, դեռևս չէր համարձակվում Հայոց երկիրը գահազուրկ անել։ Պարսկական բաժնում կախման մեջ դրված, ժամանակավորապես իր գոյությունը պահպանող Արշակունյաց թագավորությունը սկսում է ապրել իր հոգեվարքը և աստիճանաբար կորցնում ազգապահպանման գործում որոշակի դեր կատարելու իր վաղեմի ունակությունները։ Պարսկական արքունիքը, օգտագործե­լով քաղաքական, ռազմական ու տնտեսական լծակները, ամեն գնով փորձում է անդառնալիորեն կործանել Արշակունյաց թագավորության դարերով մշակված, համակարգված վարչական հաս­տատությունները, դրանով հայ ժողովրդի վզին փաթաթելով օտար վարչակարգ։ Նման ձևով են վարվում բոլոր ժամանակների բռնավորները, պարզ գիտակցելով, որ անիշխան ժողովուրդը վերջ ի վերջո դատապարտված է կործանման։ Այս պայմաններում էլ Արցախն ու Ուտիքը շարունակում են պահպանել իրենց հայեցի ոգին։

Հայերեն գրերի տարածմանը վերաբերող աղբյուրներում հանգամանորեն խոսվում է նաև Հայոց Արևելից կողմանց գավառների մասին։ Կորյունը վկայում է, որ Մ.Մաշտոցը Գարդմանքում (Ուտիք) ոչ միայն գիր ու դպրություն է տարածում, այլև զբաղվում է քարոզչական գործով։ Մաշտոցը լուսավորական լայն գործունեություն է ծավալում նաև Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր Փոքր Սյունիք։ Նույն նահանգի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում, ըստ ավանդության, Սեսրոպ Մաշտոցը բացել է առաջին դպրոցներից մեկը։

Վռամ Ե արքան, հայ նախարարների անհամերաշխությունից օգտվելով և նրանց մի մասի համաձայնությունը ստանալով, 428թ. գահընկեց արեց վերջին Արշակունի գահակալ Արտաշեսին։ Հայոց երկիրը դարձել էր Սասանյան պետության մարզերից մեկը։ Սասանյանները ունեին հեռուն գնացող նպատակներ. վերջնականապես իրենց ենթարկել Այսրկովկասը, այն դարձնել պարսից տերության մի մասը, ոչնչացնել հայերի, վրացիների և աղվանների քաղաքական ու մշակութային անկախությունը։

Այդպիսի հանգամանքներում ստեղծվում է նաև Աղվանից մարզ­պանությունը։ Վարչական այս նոր միավորի ծնունդը տարածաշր­ջանում առաջացրեց քաղաքական, սոցիալ-տնտեսական ու տարածքային նորորակ փոփոխություններ։ Որպես հետևանք Հայաստանից անջատվեցին ու Աղվանքին միացվեցին Արցախ և Ուտիք նահանգները և Աղվանք վարչաքաղաքական միավորի հարավային սահմանը առաջին անգամ հասցվեց մինչև Արաքս գետը։

Հարկ է նկատել, որ Սասանյանները նման գործ ձեռնարկեցին Արշակունյաց հարստության կործանումից անմիջապես հետո, սակայն Արցախի հայության անզիջում դիմադրության հետևանքով այդ ծրագիրը մնաց անկատար մինչև 450-ական թվականները։

Դրա մասին է վկայում նաև Եղիշե պատմիչի մի հաղորդում, ըստ որի մինչև Ավարայրի ճակատամարտը Վասակ Սյունին պառակ­տիչ գործունեություն էր ծավալում նաև «ամենայն կողմանս ամրականաց աշխարհին, ի Տմորիսն և ի Կորդիսն, յԱրցախ և յԱղուանսն, ի Վիրս և յաշխարհն Խաղտեաց»։

Այս քննությունից կատարելիք միակ եզրակացությունն այն է, որ Արցախն ու Ուտիքը հայոց մյուս նահանգների հետ միասին ճակատ հարդարելով շարունակում են պայքարը բոլոր այն արհավիրքների դեմ, որ, սկսած միասնական հայկական թագավորության անկումից(428թ.), բերում էին օտար բռնակալները։