Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախի բնաշխարհը/Լեռնաշղթաները և լեռները
Հյուսիսից՝ Թարթառ գետի վերին հոսանքից մինչև Արաքս գետի հովիտը՝ Արցախի հարավային սահմանագիծը, ձգվում է Ղարաբաղի լեռնաշղթան։ Հյուսիսային հատվածում այն միանում է Փոքր Կովկասի լեռների հետ։ Այս լեռնաշղթայի բարձր գագաթներն են համարվում Մեծ Քիրսը (2725մ), Քառասուն աղջիկը (2828մ) և Դիզափայտը կամ Շաղախը (2480մ)։ Արցախի հյուսիսային մասում՝ արևմուտքից-արևելք, ձգվում է Մռավի լեռնաշղթան, որը Ղարաբաղի լեռնաշղթայից բաժանված է Թարթառ գետի հովտով։ Այս լեռնաշղթայի վրա են Արցախի ամենաբարձր լեռնագագաթները՝ Գյամիշը (3724մ) և Մռավը (3419մ)։ Սրա ճյուղավորությունն է կազմում դեպի հյուսիս-արևելք ձգվող Եզնասար լեռնապարը։
Սևանա լիճը հյուսիս-արևելքից եզերող Քաշաթաղ և Սոդք լեռնաշղթաների միացման վայրում բարձրանում է Ռմբասար գագաթը (3373մ)։ Հայտնի են նաև Սպիտակ քար (3300մ), Իծաքար (3125մ) գագաթները։
Լեռնաշղթաների նմանօրինակ դասավորությունը երկրամասին բերդի տեսք է տալիս։ Իրավացի է Արցախ աշխարհի զավակ, մեծ պատմաբան Լեոն. «Պատմությունը մեզ շատ փաստերով ցույց է տալիս, որ նվաճող ազգերի ահավոր հորձանքները գալիս ընդհարվում էին Ղարաբաղի լեռնաստանին, փշրվում էին ու ետ դառնում։ ...Առանց Ղարաբաղի լեռնաստանի անհնարին է երևակայել Հայաստանի սրտի՝ այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը հյուսիսային և արևելյան տափաստաններից։ Բացի դրանից, մենք տեղեկություններ ունենք, որ երբ Արարատյան երկիրը հարձակման էր ենթարկվում արևմուտքից և հարավից (օր. օսմանցիների կողմից), նրա բնակիչները պաշտպանություն էին գտնում, թողնելով իրենց գյուղերն ու տեղափոխվելով Ղարաբաղի լեռնային ամուր տեղերը։ Այնպես որ Ղարաբաղը ոչ միայն իր սահմաններին մոտիկ գտնվող տեղերի, այլև Հայաստանի նույնիսկ հեռավոր կողմերի համար էլ պահապան միջնաբերդի դեր էր կատարում։ Դժբախտության մատնված հայ մարդը գիտեր, որ վերջին ապաստան կարող է գտնել Ղարաբաղի թանձրախիտ անտառների մեջ»։
Պատահական չէ, որ վաղ միջնադարյան հայ պատմիչները Արցախը անվանում էին Արցախամուր աշխարհ։ Գեղատեսիլ և անտառածածկ են Արցախի լեռները։ Նրանց բարձրադիր մասերը հիմնականում ծածկված են երփներանգ ծաղիկներով՝ պարուրված խոտային բուսականությամբ։