Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախի բնաշխարհը/Կլիման և հողային ծածկույթը
Արցախի կլիման պայմանավորված է նրա դիրքով և բարդ ռելիեֆով։ Կլիմայական պայմանները հիմնականում մեղմ ու չափավոր են։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10°C: Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ միջին ջերմաստիճանը -1C°, ամենատաքը՝ հուլիս-օգոստոսը, միջին ջերմաստիճանը +21°C:
Արցախի դաշտային հատվածներում հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև ու մեղմ է, ամառը՝ տևական, շոգ, չոր, արևոտ եղանակների գերակշռությամբ։ Աշունը մեղմ ու տևական է։ Գարնան և ամռան ամիսներին հատկապես հաճախակի են ուժեղ ամպրոպները։ Ամռան սկզբներին հաճախակի են կարկտահարությունն ու սելավները, մանավանդ դա նկատելի է լեռնային հատվածներում։ Մթնոլորտային տեղումների քանակը տարեկան տատանվում է 220-900 մմ-ի սահմաններում։ Երբեմն ցուրտ օրերին անձրևի փոխարեն մանրագնդիկ կարկուտ է տեղում, որին ժողովուրդը բանջարբսուկ է անվանում։ Գարնանը և մանավանդ աշնանը հարթություններում ու նրանց շարունակությունը կազմող դաշտաբերանային հովիտներում պարզկա երեկոներին երբեմն հաջորդում են մառախլապատ գիշերները։ Արևի ջերմության ու քամու ազդեցության տակ մառախուղը հորձանք է տալիս դեպի լեռները, բայց ընդհանրապես չի հասնում մեծ բարձրությունների ու ցրվում է իր ընթացքում և անհետանում։ Տարվա տարբեր եղանակներին, տաք և սառը հոսանքների գոյության պայմաններում, երկրամասի տարածքում նկատելի է տարբեր ուժգնության քամիների առկայությունը։ Հաճախ գարնան ամիսներին մեղմ քամիների հոսանքին փոխարինում են ուժեղ քամիները, որոնց հետևանքով պոկվում են նույնիսկ տների տանիքներ կամ առանձին թիթեղներ:
Արցախի հողերի տեսակները պայմանավորված են երկրամասի գոտիականությամբ և ենթարկվում են ուղղահայաց գոտիականության օրինաչափությանը։ Չնայած լեռնային հողագոյացման տարաբնույթ պայմանները նպաստում են հողային ծածկույթի բարդ կառուցվածքի և տրոհվածության ուժեղ արտահայտվածությանը, այնուհանդերձ, լեռնաստորոտներից դեպի լեռնագագաթները հաջորդաբար փոխվում են լանդշաֆտային պայմանները և դրանց համապատասխան հողերի ծագումնաբանական տիպերը։
Ցածրադիր վայրերում հողերը կիսաանապատային, անապատատափաստանային, գորշ, բաց և մուգ շագանակագույն են։ Նախալեռնային և լեռնային վայրերում զգալի տարածություններ են գրավում լեռնային սևահողերը, իսկ անտառային վայրերում՝ մուգ դարչնագույն, պոդզոլային հողատեսակները։ Գետահովտային ցածրադիր մասերում բավական հզոր շերտերով զգալի տարածություն են կազմում այլուվիալ հողերը, որոնք բնութագրվում են բարձր բերքատվությամբ։ Լեռնային գոտիների արևկող լանջերի վրա հիմնական տիպերին միջանկյալ պատահում են սակավաջուր, կմախքային հողատեսակներ։