Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԼՂԻՄ-ը 1921-40 թթ/ԼՂԻՄ-ը ՆԷՊ-ի տարիներին
1917-20թթ. թուրքական հրոսակների զավթողական անընդմեջ արշավանքները, անգլիացիների ստոր ու լկտի քաղաքական խաղերը, նորաստեղծ խորհրդային Ռուսաստանի անդրկուլիսյան հայակործան դավերը գրեթե իսպառ քայքայել էին Արցախի ժողովրդական տնտեսությունը, իսկ առանց այն էլ հուսալքված ու հուսախաբված բնակչությանը հասցրել էին օրհասական դրության։ Եթե այս ամենին ավելացնենք Խոսրով Բեկ Սուլթանովի անփառունակ կառավարումը, նրա սանձազերծ կամայականությունները, անիմաստ և անխոհեմ ազգամիջյան կռիվները, երկրամասում տիրող անարխիան, մուսավաթական արյունախում բանդաների ավազակային ամբողջ գործունեությունը, ապա Արցախի մղձավանջային իրավիճակի պատկերը կլինի ամբողջական ու լրիվ։ Նման խառնակ պայմաններում 11-րդ կարմիր բանակի ճնշման տակ, համաշխարհային հեղափոխության մոլուցքով տարված, հայ բոլշևիկների ջանքերով Լեռնային Ղարաբաղում հաստատվեցին խորհրդային կարգեր։ Երկրամասի հայությունը իր գալիք ապագան միամտորեն կապեց նոր կարգերի հետ և հոգու ջերմությունն ու աշխատանքային ավյունը անմնացորդ նվիրաբերեց խորհրդային կարգերի ամրապնդմանը։
1920 թվականին և 1921թ. սկզբներին Լեռնային Ղարաբաղում վարվող ռազմական կոմունիզմի քաղաքականությունը հիմնովին կործանեց ժողովրդական տնտեսությունը։ 1913թ. համեմատ 1921թ. հացահատիկային մշակաբույսերից 2 անգամ ավելի քիչ բերք ստացվեց։ Այգիները գտնվում էին անխնամ վիճակում, գրեթե լրիվ դադարել էր տեխնիկական մշակաբույսերի ցանքսը, շարքից դուրս էին եկել ջրանցքներն ու քյահրիզները։
1920թ. վերջին Ղարաբաղի արտակարգ կոմիսար Ալի Հեյդար Շիրվանին Ադրհեղկոմին ներկայացրած զեկուցագրում, նկարագրելով Ղարաբաղում ստեղծված կացությունը, նշել է. «գյուղերում ավելանում է քաղցած, ոտաբոբիկ և մերկ գյուղացիների թիվը, ռազմական գործողություններ տեղի ունեցած շրջաններից... ահաբեկված տասնյակ հազարավոր փախստականներ քաոսի ձևով թափառում են Ղարաբաղի շրջաններում՝ սննդամթերք և տաք հագուստ որոնելու համար։ Հողը քիչ է, մեծ մասը գտնվում է չքավորների ձեռքին, բայց սերմերի և բանող անասունների բացակայության պատճառով մնում է անմշակ։ Այս տարի հացահատիկը մթերվել է միայն բանակի համար։ Հացահատիկը տեղափոխելու համար չկան միջոցներ, որի հետևանքով Շուշիի գավառում սովի են մատնվել ոչ միայն գյուղացիները, այլև բանվորները, զինվորները, հիվանդանոցների և սովետական հիմնարկությունների աշխատավորները»։
Նման կացություն էր ստեղծված ողջ խորհրդային տարածքում։ Ժողովրդական մասսաների դժգոհության ալիքը մեղմելու և տնտեսության գահավեժ կործանման գործընթացը կանխելու նպատակով ՌԿ(բ)Կ X համագումարը 1921թ. մարտին ընդունեց պարենմասնատրումը պարենահարկով փոխարինելու և ռազմական կոմունիզմից նոր տնտեսական քաղաքականությանն անցնելու որոշումը։
Գյուղատնտեսությունն ամբողջապես արագ վերականգնելու համար անհրաժեշտ էր առաջին հերթին սկսել հողագործությունից։ 1920թ. մայիսի 5-ից մինչև 1921թ. նոյեմբերը Լեռնային Ղարաբաղում ազգայնացվեց 117560 դեսյատին վարելահող, ևս 42764 դեսյատին արոտավայրեր և տրվեց գյուղացիությանը։ 1921թ. մայիսի 15-ի դեկրետով ազգայնացվեց Լեռնային Ղարաբաղում գտնվող շուրջ 140 հազար դեսյատին անտառներ։ Բայց այս որոշումներն էլ իրագործվեցին կիսատ-պռատ ձևով՝ նորից ոտնահարելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները։ Այսպես, ըստ օրենքի, լեռնային շրջաններում մեկ շնչին պետք է տրվեր երեք դեսյատին, իսկ հարթավայրային շրջաններում՝ մեկ դեսյատին հող։ Ղարաբաղում ստացվեց դրա միանգամայն հակառակ պատկերը։ Հարթավայրային շրջաններում՝ որտեղ ադրբեջանաբնակ գյուղերն էին գտնվում, տրվեց հինգ դեսյատին հող, իսկ լեռնային շրջաններում՝ կես դեսյատինից փոքր ինչ ավելին։ Բացի այդ, բազմաթիվ տնտեսություններ էլ մնացին առանց հողի։
ՆԷՊ-ի քաղաքականության սկզբունքները կյանքում իրագործելու նպատակով 1921թ. ապրիլի 21-ին Շուշիում հրավիրվեց Ղարաբաղի գավառների կուսակցական պատասխանատու աշխատողների կոնֆերանս, որտեղ որոշվեց թույլատրել բոլոր տեսակի մթերքների և արդյունաբերական ապրանքների ազատ առևտուրը, ապրանքների արտահանում գավառից գավառ, վարձակալության կարգով տալ եկամուտ չբերող կամ անգործության մատնված արդյունաբերական ձեռնարկությունները, առաջին հերթին մետաքսագործական ֆաբրիկաները։ Կոնֆերանսի որոշման համաձայն՝ Դիզակի և Խաչենի շրջաններում ազգայնացված մետաքսագործական ֆաբրիկաներից տասնմեկը վարձակալման կարգով հանձնվեց մասնավոր մարդկանց։ Շուտով մետաքսաարդյունաբերության բնագավառում հաջողությունները ակնառու էին։ Համառ աշխատանքի շնորհիվ արդեն 1922թ. գործի դրվեցին հինգ ֆաբրիկա, որոնցից մեկը պետական էր, չորսը՝ վարձակալված։ Գործարանների պարապուրդը կանխելու նպատակով բոժոժը ներմուծվում էր Ադրբեջանի և Վրաստանի շրջաններից։ Ֆաբրիկաները որակյալ բոժոժով ապահովելու նպատակով 1924թ. Հադրութում հիմնադրվեց իտալական Չիչե հունդային ընկերությունը։ 1925թ. շերամապահության զարգացումը մարզի գյուղացիական տնտեսությունների ավելի քան 45 տոկոսին հնարավորություն էր տալիս ստանալ մեծ քանակությամբ շահույթ։
ԼՂԻՄ մետաքսակարժական ֆաբրիկաների պետական տրեստը՝ Ղարմետաքսարդյունաբերությունը ստեղծվեց 1925թ. օգոստոսին։ Այն նոր հնարավորություններ ստեղծեց մարզի մետաքսաարդյունաբերության հետագա զարգացման համար։ Ղարմետաքստրեստը ամեն կերպ ձգտում էր վերացնել աշխատանքի պրոցեսում գոյություն ունեցող տնայնագործությունը, արմատավորել աշխատանքի առաջավոր ձևերը, պլանավորել արտադրանքի իրացումը և Ստեփանակերտում կառուցել նոր ֆաբրիկա։ 1929թ. սեպտեմբերի 20-ին շահագործման հանձնվեց Ստեփանակերտի ֆաբրիկայի առաջին մասնաշենքը։
Շերամապահության զարգացման նպատակով 1926թ. մարզում ստեղծվել էր փորձնական տնտեսություն, որի ջերմոցներում աճումէր 600 հազար թթենի։
Բավականաչափ բարելավվեց մետաքսագործարանների բանվորների սոցիալական վիճակը։ Նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատությամբ 1931թ. բանվորների աշխատավարձն աճեց 17 անգամ։
Շոշափելի էին նաև հաջողությունները հողագործության և անասնապահության բնագավառում։ 1921թ. ԼՂԻՄ 17220 դեսյատին ցանքսի դիմաց 1922թ. կատարվեց 28000 դեսյատին, իսկ 1925թ. 33270 դեսյատին և ստացվեց 852 հազար փութ հացահատիկ, որը կազմում էր նախապատերազմյան շրջանի 92,2 տոկոսը։ Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը հրամայաբար պահանջում էր, գյուղատնտեսության էքստենսիվ զարգացմանը զուգահեռ, արագ թափով տնտեսության այդ ճյուղն առաջ տանել ինտենսիվացման ուղիով։ Այդ խնդրի լուծման համար կարևոր նշանակություն ուներ հին, ավերված ոռոգման համակարգերի վերականգնումն ու նորերի կառուցումը։ ԼՂԻՄ-ում անբարենպաստ բնակլիմայական պայմաններում, որտեղ մթնոլորտային տեղումները սակավ ու անհամաչափ են, հողի որակը և հազարավոր հեկտարներ անջրդի հողային տարածությունների առկայությունը, ջրաշինարարական աշխատանքները դարձնում էին հրատապ ու անհետաձգելի։ Լեռնային Ղարաբաղում ընդամենը կար 10777 դեսյատին ջրովի վարելահող, որը կազմում էր բոլոր վարելահողերի 17,1 տոկոսը։
1921թ. մայիսից մինչև 1922թ. մայիսը միայն Շուշիի գավառում նորոգվեց 45 քյահրիզ։ 1924թ. մարզում գործում էր 61 քյահրիզ։ Շատ գյուղերում գյուղացիների նախաձեռնությամբ փորում էին հորեր և ջրանցքներ։ 1925թ. փետրվարի 23-ին մարզկոմի ընդլայնված նիստը, քննարկելով մարզի ջրանցքների օգտագործման հարցը, որոշեց անհապաղ սկսել Թալիշի, Մադաղիսի, Փրջամալի և Ուզուն Թալինի ջրանցքների նորոգման աշխատանքները։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 1925թ. վերջին բավականին ավելացան մարզի ջրովի տարածությունները։
1930-ական թվականներից սկսած՝ մարզում ջրանցքների վերանորոգումն ու մանավանդ նորերի կառուցումը ինչ-ինչ պատճառներով ընդհատվեց, որից ստացված վնասներն առայսօր զգալի են։
Հողագործության ինտենսիվ զարգացումը և նրա հետագա վերելքը անհնարին է պատկերացնել առանց գյուղատնտեսության մեքենայացման և ագրոմիջոցառումների իրականացման։ 1925թ. ստեղծվեցին հողը մշակող մեքենաների և գործիքների վարձակետեր, որտեղ գյուղացիները ժամանակավոր օգտագործման համար վերցնում էին սերմազտիչներ, սրսկիչներ, գութաններ և գյուղատնտեսական այլ գործիքներ ու մեքենաներ։
1925թ. մաքրվեց մարզի հացահատիկային սերմացուի գրեթե 65 տոկոսը։ Տեղական իշխանության մարմինները գյուղի աշխատավորների լայն շրջանում տարբեր ձևերով ու մեթոդներով գյուղատնտեսական գիտելիքներ էին տարածում։ Կազմակերպվում էին գյուղատնտեսական դասընթացներ, խրճիթ-ընթերցարաններին կից խմբակներ, ցուցադրական դաշտեր, ստեղծում գյուղատնտեսական ցուցահանդեսներ: 1923-1924թթ. ԼՂԻՄ բոլոր շրջաններում բացվեցին ագրոկետեր։
Որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին նաև անասնապահության վերականգնման և զարգացման բնագավառում։ 100 ընտանիքին ընկնող անասունների քանակի տեսակետից Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի խորհրդային հանրապետության բոլոր շրջանների համեմատությամբ, բռնում էր վերջին տեղը և մոտ երկու անգամ ցածր էր հանրապետության միջինից։
Անհրաժեշտ էր ոչ միայն վերականգնել անասունների գլխաքանակը, այլև բարելավել ցեղայնությունը։ Այդ նպատակով 1925թ. Լիսագորում՝ թթու ջրի մոտ, կազմակերպվեց լեռնաալպիական անասնաբուծական ֆերմա։ Այդ ֆերման հետագայում վերածվեց պետական տնտեսության և 1930թ. անվանվեց համամիութենական ցեղային անասնաբուծական սոլխոզ։ Այն մեծ դեր խաղաց ոչ միայն մարզի, այլև նրա հարևան շրջանների անասունների ցեղայնությունը բարելավելու, անասնապահական մթերքների մշակման նորագույն ձևերը և անասունները խնամելու առաջավոր մեթոդները գյուղացիներին ուսուցանելու գործում։
Լավ աշխատանքի շնորհիվ արդեն 1925թ. 1921թ. համեմատությամբ կրկնապատկվեց բոլոր տեսակի անասունների գլխաքանակը և հասավ 201,3 հազար գլխի, իսկ 1928թ. այդ ցուցանիշը գերազանցեց 1913թ. մակարդակը։
ԼՂԻՄ-ում այգեգործության զարգացումը նպաստեց սպիրտի և խմիչքների արտադրության վերականգնմանը։ Այդ տարիներին մարզի գյուղացիական տնտեսությունների 30 տոկոսից ավելին զբաղվում էր սպիրտի և տարբեր տեսակի խմիչքների արտադրությամբ և տարեկան տալիս մինչև 640000 ռուբլու արտադրանք։ Սպիրտի արտադրությունը արդյունաբերական եղանակով իրականացնելու նպատակով 1925թ. կառուցվեցին Ասկերանի, իսկ 1927թ. Կարմիր շուկայի թորման գործարանները։ Դրա հիմքերի վրա 1927թ. ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի գինու և սպիրտի տրեստը (Ղարգինտրեստը)։
Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ նոր տնտեսական քաղաքականությունը արդարացված էր։ Մեծացավ ապրանաքաշրջանառությունը, աշխուժացավ տնտեսությունը, բարձրացավ աշխատավորների նյութական մակարդակը։ Կյանքը մտնում էր բնականոն հունի մեջ։