Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ՂԽԿ/Խամսան Ղարաբաղի խանության կազմում

ԽԱՄՍԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

Փանահ խանը հիմնավորվելով Շուշիում, Վարանդայի մելիք Շահնազարին դարձրեց իր կատարածուն։ Փաստորեն դրանով Ղարաբաղը երկատվեց, նրա հարավային թևը՝ Դիզակը կտրվեց Խաչենից, Ջրաբերդից և Գյուլիստանից։ Բնականաբար Խամսան թուլացավ և գահավեժ կործանման էր գնում։

Փանահը վարպետորեն օգտագործեց իր համար ստեղծված բարենպաստ պայմանները։ Փանահ խանը իր ողջ ուժով հարձակ­վեց Խաչենի մելիքության վրա։ Վարանդայի սպանված մելիք Հովսեփը Խաչենի մելիք Ալլահվերդու փեսան էր, որի մոտ էր գտնվում մելիք Շահնազարի եղեռնագործությունից միակ փրկված թոռը։ Վերջինս համարվում էր Վարանդայի մելիքության օրինական տերը։ Ահա թե ինչու օրախնդիր էր դառնում Խաչենի մելիքության վե­րացումը։ Մելիք Ալլահվերդուն հաջողվեց ջարդել Փանահի հրոսակներին։ Սակայն դաշտավայրում հետապնդելով թշնամուն անհաջողություն ունեցավ և պատսպարվեց Ուլուպապ բերդում։ Այստեղ էլ խաչենցիները նորից հաղթանակի հասան։ Դեռ ավելին հակառակորդը հուժկու հարվածների տակ փախուստի մատնվեց։ Հետապնդելով նահանջող թշնամուն ճակատամարտի վայր դարձավ հետագայի Խոջալլուի տարածքը։ Դարանակալ թշնամին պարտության մատնեց մելիք Ալլահվերդու զորքերին։ Այս պարտությունը կործանարար եղավ հայության և Հասան-Ջալալյաննների համար։ Փանահ խանը մելիքությունը նրանցից խլեց և հանձնեց Խնձրստան գյուղի գյուղապետ Միրզախանին։ Դրանով Փանահը հայերի շրջանից ավելացրեց իր դաշնակիցների թիվը։

Հաջորդ զոհը դարձավ Ջրաբերդի մելիքությունը։ Փանահ խանը հարձակվեց Ջրաբերդի վրա։ Մելիք Ալլահ-Ղուլի սուլթանը հետ մղեց թշնամուն։ Փանահ խանը տեսնելով, որ հայ մելիքին ուժով ընկճելը անհնարին է, դիմեց խարդավանքի։ Մելիք Ալլահ-Ղուլու զգոնությունը թմրեցնելու նպատակով Փանահը »բարեկամության« ձեռք մեկնեց նրան։ Մելիք Շահնազարի խորհուրդով Փանահի հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայ մելիքը ձերբակալվեց և մահախեղդ արվեց Շուշիի բանտում։

Նահատակ մելիքին հաջորդում է եղբայրը՝ Հաթամը (Ադամ)։

Պատերազմական գործողությունները նոր ընթացք ու թափ ստացան։ Անհավասար գոտեմարտում ուժերը խնայելու և հետագա պայքարը շարունակելու նկատառումով մելիք Ադամը նահանջում է Գյուլիստան և միանում իր դաշնակից մելիք Հովսեփին։ Արյունահեղ պատերազմական գործողությունները տեղափոխվեցին Գյուլիստանի մելիքության սահմանները։ Այն ընդհանում էր փոփոխական հաջողություններով, որը շարունակվեց նաև Փանահի հաջորդ Իբրահիմ խանի ժամանակ։

Ջրաբերդի և Գյուլիստանի մելիքություններին մահացու հար­վածներ հասցնելուց հետո Փանահը ամբողջ ուժով նետվեց Դիզակի մելիքության վրա։ Փանահը իր դաշնակցի՝ մելիք Շահնազարի հետ մեկտեղ, մի քանի անգամ պաշարեց մելիք Եսայու Տող բերդավանը, բայց խայտառակ պարտություն կրելով հետ է նահանջում։ Ճակատամարտերից մեկի ժամանակ Փանահ խանը վիրավորվեց բայց չընկճվեց։ Փանահ խանի օրեցօր աճող ու զորեղացող ուժի պայմաններում մելիք Եսային գերադասեց հաշտություն առաջարկել։ Պատերազմական գործողությունները դադար առան։ Մելիք Եսային շարունակեց իշխել մինչև իր մահը 1781 թվականը։

Փանահի հայակործան քաղաքականությունը շարունակեց նրա ժառանգ ու հետնորդ Իբրահիմ խանը։ Փանահի մահից հետո խանության համար պայքար սկսվեց Իբրահիմ և Միհրալի եղբայրների միջև։ Իբրահիմը դաշնակցեց Ավարիայի Օմար խանի, իսկ Միհրալին՝ Ղուբայի Ֆաթալի խանի հետ։ Ժառանգության համար ծագած վեճը, որը ներքին ուժեղ պատերազմներ էր պատրաստում, լուծվեց Իբրահիմ խանի օգտին։ Շուտով Միհրալին սպանվեց չբացահայտված հանգամանքներում։ Այնուհետև 1763թ. Իբրահիմը դարձավ Ղարաբաղի խանության միահեծան տերը։

Օգտագործելով հարևան խանությունների միջև հակամարտու­թյունը և Պարսկաստանի ներքին անկայուն կացությունը, Իբրահիմը ընդլայնեց խանության սահմանները։ Անգամ մի կարճ ժամանակահատված իրեն ենթարկեցրեց Շաքիի, Շիրվանի խանություննե­րը, գրավեց Ռեշտն ու Թավրիզը։

Դրանից հետո Իբրահիմ խանը իր գործողություններին ավելի ազատություն տվեց ։

Անսանձ բռնություններից մելիքների վիճակն այնքան էր ծանրացել, որ Գյուլիստանի ու Ջրաբերդի տերերը աստանդական էին դարձել և իրենց հպատակների հետ միասին հանգրվանել էին Գանձակի խանությունում ու Վրաստանում։ Շուրջ 8 հազար հայ ընտանիքներ նոր բնակավայրեր ստեղծեցին Լոռու Շուլավերի կողմերում, որտեղ առայսօր պահպանվում է Ղարաբաղյան բարբառը և բազմաթիվ բարքեր ու սովորություններ։ Պետք է նշել նաև, որ կատարվածը բացասական հետևանք ունեցավ արցախահայության ազգագրական պատկերի վրա։ Այս ամենի հետևանքով արագ հայաթափվեց հյուսիսային Ղարաբաղը։ Ստեղծված պարապը լցվում էր մահմեդական խառնամբոխով։ Սակայն այս աղետաբեր արտագաղթից հետո էլ Ղարաբաղը գերազանցապես հայաբնակ էր։ Կովկասում ռուսական զորքերի հրամանատար Ցիցիանովի արքունի­քին հղած զեկուցագրերից մեկում նշում է, որ 18-րդ դարի վերջերին Ղարաբաղում ապրում էր 40-ից 60 հազար հայ ընտանիք։ Եթե հաշ­վի առնենք, որ ամեն մի ընտանիքում կամ գերդաստանում ապրում էր 10-15 մարդ, ապա արցախահայերի թիվը կհասնի կես միլիոնի։

Ջրաբերդի և Գյուլիստանի տարագիր մելիքները Գանձակի խանությունում անգործության մատնված չմնացին։ Նրանք, դաշ­նակցելով մերթ Ուրմիայի Ֆաթալի խանի, մերթ էլ Գանձակի Շահվերդի խանի հետ, հարձակումներ էին գործում Ղարաբաղի Իբրահիմ խանի տիրույթների վրա։ Այս հանգամանքը անհանգստացնում էր Իբրահիմ խանին։ Մյուս կողմից էլ հայաթափելով գավառները Ղարաբաղի խանը զրկվում էր իր գանձարանը լցնելու հնարավոր տարբերակից։

Նման պայմաններում Իբրահիմը համոզեց հայ մելիքներին՝ վե­րադառնալ իրենց տիրույթները։ Մելիք Հաթամի և մելիք Հովսեփի վերադարձը Ջրաբերդ և Գյուլիստան որոշ չափով կայունացրին Խամսայի մելիքությունների քաղաքական կացությունը։ Սակայն այս անգամ էլ Իբրահիմ խանը փորձեց խաթարել մելիքների միաբանությունը Գանձասարի թափուր կաթողիկոսական աթոռին նոր թեքնածուի ընտրության հարցում։ Իբրահիմը մերթ հովանավորում էր օրինական կաթողիկոսին՝ Հովհաննեսին, մերթ էլ հակաաթոռ Գանձակում նստող և հետագայում Արցախ տեղափոխված Իսրայելին, ավելի էր խճճում Խամսայի մելիքների առանց այն էլ ոչ սովորական հարաբերությունները։

Դժվարին այս ժամանակաշրջանում Ղարաբաղ է գալիս Հովսեփ Էմինը։ Նա մեծ հույսեր էր կապում Արցախի մելիքների հետ, նրանց մեջ տեսնելով ապագա հայկական պետականության հիմնաքարը։ Իր ինքնակենսագրության մեջ նա ասել է. «Ես կարծում եմ, որ եթե լինեմ եվրոպական զինվորի նման, կգնամ իմ երկիրը, Լեռնային Հայաստանի հայերի մոտ, որոնք, լսել եմ, որ միշտ անհաղթ են ու քաջ և եթե ես նրանց կարողանամ սովորեցնել պատերազմի արվեստը, դա շատ մեծ օգուտ կտա»։ Հովսեփ Էմինը ականատես եղավ Արցախի հայերի քաջագործությանը։ 1767թ. Գանձակի Շահվերդի խանը փորձեց պատժել Գյուլիստան վերադառ­նալու մտադրություն ունեցող մելիք Հովսեփին։ Նա հանկարծակի հարձակվեց Գետաշենի վրա։ Հանկարծակի եկած գետաշենցիները մելիք Հովսեփի որդի Բեգլարի գլխավորությամբ 40 հոգով լեռնային կռիվներով հաղթեցին 4500 հոգուց բաղկացած հակառակորդի ուժերին։ Մի քանի օրից հետո պատերազմական գործողությունները նոր թափով շարունակվեցին։ Հայերին հաջողվեց ոչ միայն պաշտպանել Գետաշենը, այլ հալածելով թշնամուն, պաշարեցին Գանձակը։ Շահվերդի խանի խնդրանքով վրաց Հերակլ թագավորի միջնորդությամբ հակամարտությունը հարթվեց։

Հովսեփ էմինը, հյուրընկալվելով Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ, փորձեց միավորել մելիքների ուժերը, կազմել միասնական բանակ։ Այդ նպատակով նա հանդիպումներ ունեցավ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի հետ։ Սակայն շուտով կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրահրանքով, մելիքները Էմինին հեռացնում են Ղարաբաղից: Հետագայում նա Ղարաբաղի մասին գրել է հետևյալը. «Աշխարհում եղած ամեն բան ունի Ղարաբաղը, բացի մեկից, որը բոլորի թագուհին է՝ խոհեմ ղեկավարություն, որն ասես հրաժեշտ է տվել Ղարաբաղի բնակիչներին»։

Հովսեփ Էմինի գործունեությունը անհետևանք չանցավ։ Նրա ռուսամետ գաղափարները նոր ծիլեր արձակեցին՝ ոգևորելով ու­նայնության գիրկը մատնված մելիքներին ու Գանձասարի կաթողի­կոսին։

Հայ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի ռուսամետ քաղաքականությունը մտահոգիչ էր Իբրահիմ խանի համար։ 1787թ. նա Շուշիի բանտում սպանել տվեց Հովհաննես կաթողիկոսին։ Մինչ այդ, 1781թ. վախճանվել է Դիզակի մելիք Եսային, իսկ 1783թ. իրենց մահկանացուն կնքեցին Ջրաբերդի մելիք Հաթամն ու Գյուլիստանի մելիք Հովսեփը։

Դիզակի տեր դարձավ մելիք Եսայու որդի մելիք Բախտամը։ Մելիք Հաթամին հաջորդեց մելիք Մեժլումը, իսկ մելիք Հովսեփին՝ մելիք Աբովը։ Նրանց և Իբրահիմ խանի միջև պայքարը առավել կատաղի բնույթ ստացավ։ Իբրահիմ խանին հաջողվեց 1780-ական թվականներին մուսուլմանության դարձնել Դիզակի Մելիք-Ավանյանների տոհմակիցների մի մասին։ Ըստ էության Տողի նախկին ադրբեջանցիների մի մասը ուծացված հայեր էին։

Չնայած այդ դաժանություններին, Ջրաբերդի մելիք Մեժլումին և Գյուլիստանի մելիք Աբովին հաջողվեց ազատագրական պայքարը նոր ուղեծրի մեջ դնել։ Վերստին բացվեց ու աննախադեպ աշ­խուժացավ Ռուսաստանի հետ կապող դիվանագիտական ճանապարհը։