Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Մշակութային կյանքը 1800-1920 թթ
XIX սկզբներին Ռուսաստանի հետ Արցախի միացումից հետո աշխուժացավ մշակութային կյանքը։ Դրան նպաստեցին նաև կապիտալի նախասկզբնական կուտակմանը հատուկ երևույթները։ Կյանքը նոր խնդիրներ էր դնում մշակութային գործիչների առջև։ Լուսավորության տարածումը դժնդակ ժամանակներին դիմակայած ժողովրդին գրին ու գրականությանը հաղորդակից անելը դառնում էր հայ գործիչների առաջնահերթ խնդիրներից մեկը:
Նոր ժամանակը հրամայաբար թելադրում էր, որպեսզի մատաղ սերնդի կրթության գործը համապատասխանեցվի իր պահանջներին, այն է՝ աշխարհականացմանն ու ժողովրդականացմանը, մանկավարժական առաջավոր մեթոդների և կրթական միասնական համակարգի կիրառմանը։
Դարասկզբին Գանձասարի և ս. Հակոբա վանքերի ու Շոշի եկեղեցուն կից գործում էին դպրոցներ։ Առաջին երկու դպրոցներում բեղմնավոր գործունեություն էր ծավալել Հովսեփ վարդապետ Տեր Ավագյանը (Արցախեցի), որը հեղինակել է աստվածաբանական, ճարտասանական, քերականագիտական բնույթի աշխատություններ։ Նրա աշակերտներից էր Պողոս վարդապետ Ղարաբաղցին, որի մոտ սովորել են Մեսրոպ Թաղիադյանը և Ստեփանոս Նազարյանը։
Մ. Թաղիադյանը պատմում է, որ «իմաստասեր», «գիտնական», վարդապետ Հովսեփ Արցախեցուն և Պողոս Ղարաբաղցուն Շուշու հարուստները բերել էին տվել իրենց որդիներին ուսուցանելու համար։ Օրեցօր Շուշին դառնում էր ողջ Այսրկովկասի հայության տնտեսական ու մտավոր կենտրոններից մեկը։
Շուշի այցելած օտար ճամփորդները այն անվանում էին «Հայոց փոքրիկ Փարիզ»։
1862-63 թթ. մարդահամարի տվյալներով Բաքվում բնակվում էր 14897, Շուշիում՝ 19765 մարդ։ Բարգավաճող հայկական քաղաքը դեպի իրեն էր ձգում տարբեր ազգերի ներկայացուցիչների։
1823թ Շուշի են գալիս Բազելի «Ավետարանական քարոզչական ընկերության» ներկայացուցիչներ Ավգուստ Դիտրիխն ու Ֆիլիցիան Զարեմբան, որոնք 1827թ հիմնում են հայկական ուսումնարան(Լեմսի շկոլը), որը պատրաստել է մեծ թվով ուսուցիչներ և քարոզիչներ։
1830-ական թվականներին Արցախի թեմում գործում էին 25 հայկական դպրոցներ, ուր սովորում էր 252 աշակերտ։ Միայն Շուշի քաղաքում 1835թ. կար 3 հայկական դպրոց՝ 100 աշակերտով։
1837թ. ցարական կառավարության հրամանագրով արգելվեց Բազելի քարոզչական ընկերության գործունեությունը։ Նույն թվականին էլ կայսերական հրամանով Շուշի փոխադրված Ղարաբաղի թեմի կոնսիստորիայի նախագահ նշանակվեց ժամանակի նշանավոր քաղաքական-մշակութային գործիչ Հասան-Ջալալյան տոհմի շառավիղներից Բաղդասար Միտրոպոլիտը (1775-1854թթ.), որը մեծագույն նպաստ բերեց Արցախի կրթական-մշակութային կյանքի աշխուժացմանը։ Նրա ջանքերով էլ 1838թ. հիմնվեց Շուշիի թեմական դպրոցը։ Այն գործել է մինչև 1920թ. ողբերգական դեպքերը, երբ հրի մատնվեց քաղաքի հայկական թաղամասը։ Թեմական դպրոցի 75-ամյա հոբելյանին նվիրված մեծանուն շուշեցին՝ Լեոն գրել է »Պատմություն Ղարաբաղի Հայոց Թեմական հոգևոր դպրոցի«(1838–1913թթ.) հայտնի աշխատությունը։ Այն հրատարակվել է Թիֆլիսում 1914թ. նույն դպրոցի հովանավորությամբ։ Թեմականը ծաղկում ապրեց Պ. Շանշյանի, Խ. Ստեփանեի, Վ. Պապաջանյանի, Ղ․ Աղայանի տեսչության տարիներին։
Տարբեր տարիների այստեղ դասավանդել են հայ մշակույթի նշանավոր դեմքեր Պ. Պռոշյանը, Մակար Բարխուդարյանը, Ս. Մանդինյանը, Մ. Աբեղյանը, Լ. Մանվելյանը, Ե. Լալայանը, Ա. Կանայանը, Ստ. Դեմուրյանը, Վրթ. Փափազյանը, Հ. Աճաոյանը, Ա. Չիլինգարյանը, Նիկոլ Աղբալյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Լ. Թախտաջյանը(ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի հայրը), Ա. Տեր-Պողոսյանը, Հ. Մուսայելյանը, Խ. Սամվելյանը և ուրիշներ։ Նրանց շնորհիվ դպրոցներում փոխվել են ուսուցման, դաստիարակության հին ձևերը, կազմվել նոր ուսումնական պլաններ, ծրագրեր, դասագրքեր։
Թեմականի բազմաթիվ շրջանավարտներ իրենց կրթությունը շարունակելով արտասահմանյան բարձրագույն հաստատություններում դարձել են նշանավոր գիտնականներ, մշակութային, հասարակական, պետական գործիչներ՝ Սիմոն Հախումյանը, Կոստանդին Մելիք-Շահնազարյանցը (Տմբլաչի Խաչան), Լեոն, Մուրացանը, Արսեն Տերտերյանը, քիմիկոս Հակոբ Հովհաննիսյանը, Գաբրիել Ղուլիքեվխյանը և ուրիշներ։
Սկսած XIX դարի 50-60-ական թվականներից դպրոցներ են բացվում Արցախի մի շարք գյուղերում։ 1861թ. դպրոցներ են հիմնվում Երեք Մանկունք վանքում, Գտչավանքում, Նուխի գավառի Վարդաշեն գյուղում(Սուրբ Սահակյան հոգևոր դպրոց)։
Հայ հայրենասեր գործիչները մեծ ջանքեր են թափում նաև Արցախում աղջիկների կրթության և դաստիարակության գործը կազմակերպելու համար։
Շուշեցի մեծահարուստ Համբարձում Հախումյանի կնոջ՝ Մարիամ Հախումյանի կազմած ծրագրով և գործադրած եռանդի շնորհիվ 1864թ. ապրիլի 7-ին Շուշիի նրա բնակարանում բացվում է Օրիորդաց դպրոց, որի նպատակն էր պատրաստել «լուսավորյալ վարժապետուհիք և լուսավորյալ մայրեր»։ Այս դպրոցը պահպանվել է մինչև 1920 թվականը։ Դպրոցական այս ուշագրավ նախաձեռնությունը լայն արձագանք գտավ Հայոց Արևելից կողմերում։ 1880թ. Դիզակի Ներքին Թաղլար գյուղում բացվում է Ս.Մեսրոպյան օրիորդաց դպրոց, որտեղ սովորում էր 40 աշակերտ։ Երկսեռ դպրոցներ են բացվում Շուշի և Նուխի քաղաքներում։
1875թ. տվյալներով Արցախի թեմում գործող 52 հայկական դպրոցներից 18-ը իգական էր։ XIX դարի վերջերին Շուշիում բացվում է ռուսական իգական Մարինսկու դպրոցը, որի աշակերտների մեծ մասը հայուհիներ էին։ Այսպես, 1898թ. 257 աշակերտուհիներից 240 հայուհիներ էին, 14 հոգի՝ ռուս, 2-ը՝ թաթար և մեկ հոգի այլք։
Շուշեցի մեծահարուստ Պողոս, Արշակ, Հակոբ և Աբրահամ Ղուկասյան եղբայրները իրենց հանգուցյալ քրոջ հիշատակը հավերժացնելու նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոսի տրամադրության տակ են դնում երկու հարյուր հազար ռուբլի և Շուշիում գտնված իրենց սեփական տունը՝ «Մարիամ Ղուկասյան» անունով օրիորդաց դպրոց հիմնելու համար։ Դպրոցը բացվել է 1914-1915 ուս. տարում և ունեցել է լրիվ միջնակարգ դասընթաց։
Արցախահայության կյանքում կարևոր երևույթ էր 1881թ. Շուշու ռեալական ուսումնարանի բացումը։ Դպրոցը պետական էր, որտեղ ուսուցումը տարվում էր ռուսերեն լեզվով։
Հայերը կազմում էին ռեալականի 80 տոկոսից ավելին, թաթարները՝ մոտ 15 տոկոս, և ավելի չնչին է ռուս ու վրացի աշակերտների թիվը։
Շուշիում կրթական կյանքի նման պոռթկումը ենթադրում է ունենալ նաև հարուստ տպագրական և հրատարակչական բազա։
Հայ տպագրության գործը 1512թ. սկզբնավորվելով Վենետիկում, երկար ժամանակ զարգանում էր օտար ափերում։ 1771թ. Էջմիածնում հիմնվում է տպարան։ 1828թ. հայրենի հողում՝ Շուշիում Բազելի քարոզչական ընկերության կողմից ստեղծվում է երկրորդ տպարանը, որտեղ տպագրվում է մեսրոպատառ առաջին գիրքը «Պատմութիւն Սուրբ Գրոց» խորագրով։ Չբավարարվելով Շուշիում կատարած հրատարակություններով, Բազելի քարոզչական ընկե րությունը գրքերի մի մասը տպագրել է տալիս Մոսկվայում՝ Լազարյան ճեմարանի տպարանում։ 8 տարվա ընթացքում նրանք հրատարակեցին կրոնական, բարոյախոսական, գիտական և ուսուցողական բնույթի գրքեր։
Բազելցի քարոզիչները Շուշիից հեռանալուց հետո տպարանը գնում է Բաղդասար միտրոպոլիտը և ա յն վերանվանում «Հայոց հոգևոր տեսչության տպարան»։ 1837թ այստեղ հրատարակվեց Բայրոնի «Շիլոնյան կալանավորը» Մ. Զոհրաբյանի թարգմանությամբ, Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից» երկասիրությունը, ինչպես նաև կրոնական, գեղարվեստական և այլ բնույթի գործեր։
Բաղդասար միտրոպոլիտի մահվանից հետո (1854թ.) Վեհապետյանը հայ մեծահարուստների նվիրատվությունների հաշվին պահում է տպարանը այն անվանելով «Տպարան Սրբոյ էջմիածնի»։
1881թ. Շուշիում բացվեց Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի (Հակոբյան) տպարանը, որը գործեց շուրջ 25 տարի։ Այստեղ առաջին անգամ առանձին գրքով լույս տեսան Րաֆֆու «Խենթը», Մ.Աբեղյանի «Նմուշներ» բանաստեղծությունների ժողովածուն, «Դավիթ և Մհեր» ուսումնասիրությունը, Լեոյի «Վեպ թե պատմություն», «Վահան Մամիկոնյան», «Իմ հիշատակարանը»։ Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն»(1893), Ա. Դոդևի, Ջ.Վ.Դրեպերի և այլոց գործերը։
1905թ. հետո Շուշիում սկսեցին գործել Բագրատ Տեր-Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեությունն ընդհատվեց 1920թ. մարտի 23-ին՝ Շուշիի հայկական թաղամասի ավերման ժամանակ։ 1827-1920թթ. ընթացքում Շուշիի հինգ տպարաններում հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք։
1874թ. մինչև 1920թ. Շուշիում լույս է տեսել 21 անուն թերթ և հանդես, որից 19-ը՝ հայերեն, 2-ը՝ ռուսերեն։ Անդրանիկ պարբերականը «Հայկական աշխարհն» էր (1874), հրատարակիչ Խորեն Ստեփանյան, այնուհետև «Գործ» հանդեսը (1882-84), խմբագիր հրատարակիչ Սիմեոն Հախումյան, «Ազգագրական հանդեսը (1896, առաջին գիրք, խմբագիր հրատարակիչ Ե. Լալայան), «Ղարաբաղ» եռօրյա թերթը (1911-12, խմբագիր հրատարակիչներ Ն. Յարամիշյան, Սիմ. Տեր-Մինասյան), «Շուշինսկի լիստոկը» (1911, ռուս.) շաբաթաթերթը, «Շուշինսկայա ժիզն»-ը (1913-14 ռուս.), «Միություն» (1913), «Միրաժ» (1913-17), «Ծիծաղ» (1916) աշակերտական ամսագրերը, «Պայքար» քաղաքական թերթը (1914-17), «Փայլակ» շաբաթաթերթը (1915-17, հրատարակիչ Լ.Վարդապետյան, խմբագիր Խաչիկ Սամվելյան), «Ծիածան» ամսագիրը (1915-19, խմբագիր-հրատարակիչ Մ. Պետրոսյան), «Ապառաժ» (1917-1919) երկշաբաթաթերթը, խմբագիր Հ. Մուսայելյան), «Աշխատանք» լրագիրը (1917), «Ասպարեզ» թերթը (1917, խմբագիր Հ. Մուսայելյան), «Սրինգ» (1917), «Աշակերտ» (1912) աշակերտական թերթերը, «Նեցուկ» շաբաթաթերթը (1917, խմբագիր Ա. Հովհաննիսյան), «Եռանդ» (1917) թերթը, «Արցախ» շաբաթաթերթը (1919), «Ղարաբաղի սուրհանդակ» լրագիրը (1919, խմբագիր Ա. Քամալյան), «Նոր կյանք» շաբաթաթերթը (1919)։
Շուշիում հրատարակված պարբերականները հանդիսանում էին տարբեր հոսանքների գաղափարախոսներ, ունեին շեշտված դիրքորոշում հասարակական քաղաքական հրատապ հարցերի նկատմամբ, ինչպիսիք էին ագրարային հարցը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, ազգային մշակույթի ստեղծման, աշխարհաբար գրական լեզվի մշակման հարցերը և այլն։ Քննարկվող ժամանակահատվածում Արցախում բուռն զարգացում է ապրում հայագիտական միտքը։ Հանդես եկան նաև գեղարվեստական խոսքի մեծ վարպետներ։ Հրապարակ են գալիս բառարանագիտական և հայոց լեզվի քերականությանը նվիրված աշխատություններ։ 1829թ. Շուշիում լույս տեսավ Պողոս Ներսիսյանց Ղարաբաղցու «Համառոտ հայկական քերականութիւն», 1830թ. Հովսեփ վարդապետ Արցախեցու «Համառոտ բառագիրք ի գրաբարէ յաշխարհաբարն (ի պիտոյ համբակաց)» ուսումնասիրությունները և 1840թ. «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի տրամաբանութիւն» քերականության դասագիրքը։
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում XIX դ. առաջին կեսում ապրած դիզակցի Առաքել վարդապետի երկհատորյա մատենագրությունը, որը հայտնաբերել Րաֆֆին Գտչավանքից և պահ է տվել Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերության գրադարանում։ Առաքել վարդապետի ձեռագիրը արժեքավոր աղբյուր է հանդիսանում Արցախի մելիքությունների և նրանց հետ առնչվող հարցերի, առավելապես Արցախ-Ռուսաստան քաղաքական առնչությունների պատմության համար։ Առաքել վարդապետի երկու հատորների մեջ հետաքրքիր նյութեր են պարունակում նաև Լանկ-Թեմուրի արշավանքների մասին։ XIX դարի երկրորդ կեսին Շուշիում լայն գործունեություն է ծավալում Միրզա Ֆարուխը (Հարություն Ներսեսի Ղարաբաղցի)։ Ծնվել է 1798թ. Թաղուտ գյուղում։ 1805թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գերի է ընկնում։ Տիրապետելով արևելյան և եվրոպական մի շարք լեզուների՝ նրան պետական ծառայության են ընդունում, դառնում է Թեհրանի սարդարի քարտուղարը։ Պարսկական արքունիքում ստանում է Ֆարուխ անունը։ 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նրան հաջողվում է փախչել գերությունից և հիմնավորվել հայրենի քաղաքում՝ Շուշիում։ Նա, համագործակցելով Բազելի ավետարանական քարոզչական ընկերության ներկայացուցիչների հետ, հիմք է դնում գիտական֊ ուսումնական աշխատությունների հրատարակմանը։ Գրել է Ղարաբաղի պատմությունը «Թարիխ-Սաֆի» վերնագրով, որտեղ շարադրված է սկզբից մինչև 1820-ական թվականների իրադարձությունները։
Առանձնապես բեղուն կյանքով ապրեց Արցախը և հատկապես նրա կենտրոն Շուշին 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին։ Այստեղ ծնվել և ստեղծագործել են հայագիտության և հայ գրականության շատ երախտավորներ։
Հայ խոշորագույն պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ, Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932թթ.) ծնվել է Շուշի քաղաքում, ուսանել տեղի թեմական դպրոցում։ Նրա 60-ի հասնող կապիտալ աշխատությունների, հարյուրավոր բազմաբնույթ հոդվածների մեջ ամփոփված են հայոց պատմության և գրականության բազմապիսի հարցեր։ Լեոյի ուսումնասիրությունները գրված են հայրենասիրական շնչով և լեզվական հրապուրիչ բարձր ոճով։
Լեոյի աշխատությունների մի զգալի մասը՝ «Վեպ թե պատմություն» (1887), «Կույր աղջիկը», «Վահան Մամիկոնյանը» (1888), «Իմ հիշատակարանը», «Սպանված հայրը» (1891), «Թաթախման գիշերը» (1892) և այլն առաջին անգամ տպագրվեցին Շուշիում։
Պատմագիտական աշխատություններից հատկապես արժեքավոր են Լեոյի «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը(հրատ՝ 1917-47թթ.), «Հայկական տպագրություն» (հ. 1-2, 1901-02), «Ստեփանոս Նազարյանց» (հ.1-2,1902), «Գրիգոր Արծրունի» (հ․1-3,1902-1905), «Ս․ Մեսրոպ» (1904), «Հայոց հարցը» (1906), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (1946), Երևանի և Ղարաբաղի թեմական դպրոցների պատմությանը նվիրված մենագրությունները (1914)։
Հայագիտության բնագավառում կարևոր ներդրում ունի Վահան (Խաչիկ) Տեր-Գրիգորյանը-Դաղայանը (ծննդով Վարանդայի Զարդարաշեն (Վերին Թաղավարդ) գյուղից, 1863թ․), որը Արցախում հրատարակչական և գիտամանկավարժական լայն գործունեություն է ծավալել։ 1888 թ․ ձեռնադրվելով կուսակրոն քահանա՝ պաշտոնավարել է Արցախի Ս․Գրիգորիսի, Ս․ Հակոբի և Խութա վանքերում։ Այդ շրջանում հնագիտական պեղումներ է կատարել Առաջաձոր, Քոլատակ գյուղերի շրջակայքում և Սաղսաղան բերդում, միաժամանակ հավաքել է հայոց պատմությանը առնչվող բազմաթիվ վավերագրեր և հանձնել Ս․ Էջմիածին։ Նմանատիպ աշխատանքներ է կատարել Մակվում, Խոյում, Սալմաստում, Ուրմիայում, Բարանդուզում, Մարանդում։ Նրա անվան հետ է կապված Զվարթնոցի, Դվինի, Արմավիրի պեղումները։ Նա հավաքել է ժողովրդական, ազգագրական երգեր, գրի առել մեծ եղեռնի ականատեսների պատմածները։
1917-1923 թվականներին Արցախի պատմության հարցերին է անդրադարձել Միրզա Տեր-Սարգսյանի(Միտսարը)։ Նա ականատեսի և դեպքերի մասնակցի հավաստիությամբ ներկայացրել է մեր պատմության կարևոր, երբեմն վիճահարույց շրջանի մանրամասները։ Նրա գրչին է պատկանում «Կաթիլներ» խորագրով արձակ գործերի ստվարածավալ ժողովածուն, որ հրատարակվել է 1914թ․ Շուշիում։
Նոր շրջանի հայոց պատմության հարցերին է նվիրված Դավիթ Անանունի (1879-1943) «Ռուսահայերի հասարակական զարգացումը 19-րդ դարում» եռահատոր աշխատոււթյունը (հրատ․1916-1926)։ Այստեղ նա անդրադարձել է արևելահայերի հողային հարաբերությունների, գյուղական համայնքի, առևտրի և արդյունաբերության զարգացման, քաղաքական կուսակցությունների, հասարակական հարաբերությունների և մշակույթի պատմության հետ կապված ամենաբազմազան խնդիրներին։ Հայրենասիրական շնչով է գրված նրա «Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը(1913)։
Անգնահատելի է ականավոր ազգագրագետ, բանագետ ու հնագետ Երվանդ Լալայանի (1864-1931) դերը հայ ազգագրության և հնագիտության զարգացման բնագավառում։ Ժնևի և Լոզանի համալսարաններում հիմնավոր կրթություն ստանալուց հետո նա 1896թ. Շուշիում հիմնեց «Ազգագրական հանդեսը», իսկ 1900թ. Թիֆլիսում ստեղծեց Ազգագրական հրատարակչական ընկերությունը։ Իր շուրջը համախմբելով ժամանակի լուսավոր մարդկանց՝ Ե. Լալայանը նոր աստիճանի հասցրեց ազգագրական-մարդաբանական-հնագիտական աշխատանքների դրվածքը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասում։ Ընկերության և նրա անխոնջ ղեկավարի ջանքերի շնորհիվ ժողոված բազմապիսի նյութերը հիմք հանդիսացան Վրաստանի և Հայաստանի պատմության թանգարանների հիմնադրման համար։
Շուշիում ծնվել և մինչև 1878թ. ապրել է հայ արձակի խոշորագույն դասականներից մեկը՝ Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, 1851-1908)։ Նա լայն ընդգրկումների խոշոր գեղագետ է։ Մուրացանի կարծիքով ազգության, ինչպես և հայրենիքի պահպանման հիմքը գյուղացիությունն է։ Ուստի, նրա ստեղծագործությունների հիմնական թեման գյուղն ու գյուղացիությունն է։ Նա օժտված է պատմականության խոր զգացողությամբ։ Մուրացանը գրական ճանաչման արժանացավ իր «Ռուզան կամ հայրենասեր օրիորդ» (1881թ.) պատմական դրամայով, որի ներկայացմամբ էլ հենց 1891թ. բացվեց Շուշիի Խանդամիրյանների թատրոնի խաղացանկը։ Նրա ստեղծագործությունների գլուխ գործոցը դարձավ «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը։
Հայ երգիծաբանության մեջ իր ուրույն տեղն ունի Տմբլաչի Խաչանը (Կոստանտին Մելիք-Շահնազարյանը)։ Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Ղըլցէ կնանոց պընըրփեշակը», գրված հայրենի բարբառով, աչքի է ընկնում գունեղ պատկերներով, ժողովրդական իմաստություններով, աֆորիզմներով, թևավոր խոսքերով։ Տմբլաչի Խաչանին փառք բերեց «Զուռնա-տմբլա» ժողովածուն, որը լույս տեսավ 1908թ.՝ Վաղարշապատում։
Մելիք Շահնազարյանը գրել է նաև մանկական ստեղծագործություններ պիեսներ, կատարել թարգմանություններ, հավաքել ժողովրդական շատ խաղիկներ ու հեքիաթներ։
Արցախում հայ գրականության զարգացմանը նպաստում է թարգմանական գործի կազմակերպումն ու հրատարակումը։ Շուշիում առաջին անգամ հայերեն հրատարակվեց Գոգոլի «Տարաս Բուլբան», Ֆիրդուսու «Շահնամեից» «Ռոստոմ եւ Զոհրաբը», «Զոհրակ Բիւրասպի Աժդահակը» և այլն։ «Քնար խոսնակ» հանդեսի էջերում թարգմանաբար տպագրվել են Հայնեի, Գյոթեի, Շիլլերի, Բայրոնի, Պուշկինի, Լերմոնտովի, Դոբրոլյուբովի ստեղծագործությունները։
Շուշիի մշակութային եռուզեռի պայմաններում աշխույժ ու բեղմնավոր է եղել Շուշիի թատերական կյանքը։
1860-ական թվականներին Շուշիում գործում էին սիրողական թատերական խմբեր։ Դպրոցների բարձր դասարանների աշակերտների և ուսանողների ուժերով կազմակերպվում էին գրական-գեղարվեստական երեկույթներ, ցերեկույթներ, թատերական ներկայացումներ։
Պրոֆեսիոնալ թատրոն ստեղծելու ճանապարհին առաջին քայլը կատարվեց 1865թ., երբ Շուշի են գալիս Թիֆլիսահայ դերասաններ Գ. Չմշկյանը, Մ. Ամերիկյանը և Ս. Մանդինյանը և տեղական ինքնագործ ուժերի հետ միասին բեմադրում «Սամվել», «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ» և այլ ներկայացումներ։ Այս ամենը վարակիչ եղան Շուշիի թատերասեր հասարակության համար։ 1868թ-ից սկսած՝ Համբարձում աղա Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ։
1882 թ. ամռանը «Պեպո», «Խաթաբալա», «Ո՞վ է մեղավոր» ներկայացումներում հանդես եկավ հայ բեմի մեծ վարպետ Պետրոս Ադամյանը։ Ամենից առաջ ժողովուրդը նրան սիրեց Համլետի դերակատարման համար։
1880-ական թվականներին Շուշիում են լինում նաև Սաֆրազյան ամուսիները՝ տեղի սիրողների հետ խաղալով «Սամվել», «Շուշանիկ», «Երվանդ կամ Սանդուխտ կույս» և այլ պիեսներ։ Շուշիի թատերական կյանքը նոր հունով է տարվում, երբ 1891 թ. հիմնադրվում է «Խանդամիրյան» թատրոնը։ 350 տեղանոց պրոֆեսիոնալ թատրոնը իր գործունեությունը սկսեց «Ռուզան» պատմական դրամայի բեմադրությամբ։
Մինչ այդ հայ պրոֆեսիոնալ երկու թատրոն հիմնադրվել էր 1851թ.՝ Թիֆլիսում (Թամամշյանի) և 1861 թ.՝ Կոստանդնոպոլսում (Արևելյան թատրոն), որոնք գործում էին հայոց սահմաններից դուրս։
Խանդամիրյանի թատրոնը գործեց մինչև 1905 թ. ազգամիջյան կռիվները, որի արդյունքում այն հիմնավեր դարձավ։
Թատրոնի հիմնադիրը Մկրտիչ (Նիկիտա) Աբրահամի Խանդամիրյանն էր, որը թատերական կայուն գիտելիքներ էր ստացել Փարիզում։ Կարճ ժամանակում «Խանդամիրյան» թատրոնը անուն է հանում ամբողջ Կովկասում։ Ժամանակի մամուլը գրում է. «Ոչ միայն գավառում, այլ նույնիսկ Թիֆլիսում էլ անկարելի է մի ամսվա ընթացքում 10-12 ներակայացում տալ հայերի համար միայն, որպեսզի ամեն անգամ թատրոնը այսքան լիքը լինի և կամ թե համարյա թե լիքը»։
1891 թ. մինչեւ 1896 թ. բեմադրվել է 119 ներկայացում։ Հայ և ռուս դրամատուրգներից բեմադրվել են առավելապես Հ. Պարոնյանի, Շիրվանզադեի, Պուշկինի, Գոգոլի, Լերմոնտովի, Օստրովսկու, Նայդյոնովի, Չեխովի, Նեմիրովիչ Դանչենկոյի, արևմտաեվրոպական գրողներից՝ Իբսենի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի, Հյուգոյի, Ջիակոմետտիի, Զուդերմանի և այլոց ստեղծագործությունները։ Չնայած Խանդամիրյանի թատրոնը 1905թ. հրո ճարակ դարձավ, բայց և այնպես չէին դադարում բեմադրությունները Շուշիի թեմական դպրոցում, Մելիք Հայկազյանի տան դահլիճում, քաղաքային ակումբում։
Արցախում հյուրախաղերով հանդես են եկել հայ թատրոնի խոշորագույն դեմքեր Սիրանույշը, Գ. Պետրոսյանը, Հ. Աբելյանը, Գ. Ավետյանը, Հ. Զարիֆյանը, Վ. Փափազյանը, Ա. Մսկանյանը, Օ. Գուլազյանը։ Շուշիում են ծնվել հայ բեմի ականավոր գործիչներ Գրիգոր Ավետյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Վաղարշ Վաղարշյանը։
1910թ. Շուշիի դերասանական ամենասիրված խմբերից մեկը Ամո Խարազյանի ղեկավարած խումբն էր։ Թատերական կյանքը որոշ չափով աշխուժացել էր նաև Արցախի գյուղերում։ Ճարտար, Բալլուջա, Խանածախ, Դահրավ, Փրջամալ գյուղերում տեղացի սիրողների ուժերով բեմադրվում են ներկայացումներ։ Ժամանակի մամուլը գովեստով է խոսում նմանօրինակ ներկայացումների մասին։
XX դարի սկզբին թատերական կյանքը ծնունդ է առնում նաև Վարարակն գյուղաքաղաքում(Ստեփանակերտ)։ Տեղի միակ ակումբում բեմադրվում էին հայկական և ռուսական պիեսներ։
Շուշիի բնակչությունը ծանոթ էր նաև կրկեսային արվեստին։ 1848թ. քաղաքում տրվեց կրկեսային ներկայացում։ Նմանօրինակ հանդեսներ կազմակերպվել են նաև «Խանդամիրյան» թատրոնում։
Շուշիում ստեղծվել էին հայ ժողովրդական գուսանական և հոգևոր երաժշտության բարձրարվեստ գործեր։ Ղարաբաղը հայկական ավանդական հորովելի նշանավոր կենտրոններից է։ «Մաճկալ ես...» երգի մեղեդին հորինվել է Շուշիում՝ ինքնուս կոմպոզիտոր Եգոր Հասրաթյանի կողմից, իսկ «Մի լար բլբուլ» երգի մեղեդին ստեղծել է շուշեցի կոմպոզիտոր Եղիշե Բաղդասարյանը։ XVIII դարի վերջերից մինչև նորագույն ժամանակները հայ գուսանական արվեստին մի ամբողջ բույլ է տվել Մեծ Թաղլարեցի Չիթչյաննների տոհմը։ 1895 թ. այստեղ երգչախումբ են կազմակերպել և համերգներ տվել Գ. Միրզոյանը, Ս. Դեմուրյանը, որը 1916-17թթ. բեմադրել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Երկար տարիներ նրա ստեղծած երգչախումբը մասնակցել է քաղաքի եկեղեցիների պատարագներին։ Մինչև 1920թ. Շուշիում փողային նվագախումբը ղեկավարել է Հ. Իոաննիսյանը։ Շուշվա երաժշտական հարուստ ավանդույթների շարունակողներն էին թառահարներ Միրզա Սադղջյանը (1846-1902), Գրիգոր Մելիքովը (1895-1929), Բալա Մեյիքյանը(1888-1935), Սողոմոն Սեյրանյանը(1907-1974), քամանչահարներ՝ Ավանեսը, նրա աշակերտներ՝ Սաշա Օգանեզաշվիլին(1889-1932), Լևոն Կարախանը (1889-1937)։ Տարբեր ժամանակներում Շուշիում համերգներով հանդես են եկել հայ ճանաչված երգիչներ ու երգահաններ Կոմիտասը, Քրիստափոր Կարա Մուրզան, Արշակ Կոստանդյանը, Բեգլար Ամիրջանյանը, մեծ թատրոնի մեներգիչ Ներսես Շահլամյանը, Գրիգոր Սյունին(Միրզոյան), Դանիել Ղազարյանը, Նիկոլայ Թեյմուրազյանը, Եղիշե Բաղդասարյանը և ուրիշներ։
Քրիստափոր Կարա Մուրզան, շրջագայելով Ղարաբաղում հավաքագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր։
Իրավամբ Շուշին ժամանակակիցները անվանել են «Անդրկովկասի կոնսերվատորիա»։
19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբներին աննախընթաց զարգացում է ապրում հայ կերպարվեստի արցախյան դպրոցը։
Ստեփան Աղաջանյանը (1863-1940) ծնվել է Շուշիում, սովորել տեղի թեմական դպրոցում և ռեալական ուսումնարանում։ 1886 թվականից ուսումը շարունակել է Ֆրանսիայում և 1900 թվականին վերադարձել հայրենի քաղաք։ «Հոր դիմանկարը», «Մոր դիմանկարը», «Քրոջ դիմանկարը», «Մտորումները», «Մարիետա Շահինյանը» և այլ գործերով նա նոր որակի հասցրեց հայկական դիմանկարային արվեստը։ Ստեփան Աղաջանյանը կապող օղակ է եղել 19 և 20-րդ դարերի հայ գեղանկարիչների միջև։
Գեղանկարչության աչքի ընկնող դեմքերից էր Մարգարիտ Ալեքսանյանը (1858-1902)։ 1881 թ. Շուշիում նա հրատարակել է «Հայկական գեղանկարչություն» ալբոմը, որի մեջ արտացոլված հայկական բնաշխարհը և Ղարաբաղին առնչվող տարբեր թեմաներ։ Մ. Ալեքսանյանի ձեռագիր աշխատանքներից մեկը՝ Ավետարանը, այժմ պահպանվում է Էջմիածնի Մայր եկեղեցու թանգարանում։
Հայ նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը (1881-1948) ծնվել է Շուշիում։ Սովորել է Շուշիի և Մոսկվայի ռեալական ուսումնարաններում, 1907-10 թթ.՝ Փարիզի Ժյուլիան ակադեմիայում, ապա հաճախ էլ է Օ. Ռոդենի արվեստանոցը։ Նա ստեղծել է 300-ից ավելի աշխատանքներ՝ դիմաքանդակներ, այլաբանական, կրոնական, պատմական, դիցաբանական կերպարներ, անիմալիստական գործեր։ Առանձնապես հայտնի են Մ. Գորկու, Լ. Տոլստոյի, Ա. Շիրվանզադեի, Ֆ. Շալյապինի, Մ. Շիրվանզադեի, Վ . Դոբրովեյնի, Վ. Տերյանի, Գենրիետա Պասկալի դիմաքանդակները։ Ի դեպ, Գենրիետա Պասկալի դիմաքանդակը այսօր պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։ Արվեստագետի ստեղծագործության մեջ ինքնատիպ միահյուսվել են արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների լավագույն ավանդույթները։ Գյուրջյանի շնորհիվ հայ արձանագործությունը դուրս բերվեց համաշխարհային ասպարեզ։
Շուշիի արվեստասեր և ընթերցասեր հասարակությունը իրենց օրվա մի մասը անց են կացնում գրադարաններում, ընթերցարաններում, ակումբներում և կրթա-մշակութային այլ հաստատություններում։
Արցախում լայն գործունեություն է ծավալել հայկական բարեգործական ընկերության Շուշիի բաժանմունքը։ Ընկերության ջանքերով 1859թ. Շուշիում հիմնվում է այսպես կոչված «հասարակաց» գրադարան։ Լեոն գրում է, որ ընկերությունը գրադարան ընթերցարանը դարձրել էր «թանգարան վերածնության», բնակչության շրջանում տարածելով ռուսական և եվրոպական գրականություն։ Նույն ընկերության նախաձեռնությամբ Շուշիի քաղաքային ժողովարանի շենքում 1889թ. կազմակերպվեց գրադարան-ընթերցարան, որտեղ կար 4000 կտոր հայերեն և ռուսերեն գրքեր։ 1889թ. մարտի 10-ից մինչև 1896թ. հունվարի 1-ը գրադարանից օգտվողների 85 տոկոսը կազմում էին հայեր, 8 տոկոսը՝ ռուսներ, 4 տոկոսը՝ թուրքեր, 3 տոկոսը՝ այլազգիներ։
Նոր շրջանում Արցախում շարունակվեցին հայ միջնադարյան ճարտարապետության ավանդույթները։ Միաժամանակ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին քաղաքային նոր միջավայրում շինությունները կրում էին դասական ճարտարապետական ոճի դրոշմը՝ հիմքում շարունակելով պահպանել ազգայինը։
1813 թվականից հետո Շուշին արագորեն կառուցապատվում է կանոնավոր քաղաքաշինության սկզբունքով։
Մեսրոպ Թաղիադյանը, նկարագրելով 1820-ական թվականներին Շուշիում ծավալված շինարարությունը, նշում է, թե ինչպես նախկին փայտաշեն եկեղեցիների փոխարեն հայ մեծահարուստ ընտանիքների մեկենասությամբ կառուցվում են քարաշեն հոյակապ տաճարներ, երկհարկանի բնակելի տներ, հյուրանոցներ, խանութներ և կուլտուր-լուսավորական բազմաթիվ շենքեր։ Ելնելով քաղաքաշինության առանձնահատկություններից՝ քննարկվող ժամանակաշրջանում կազմվել և իրականացվել է Շուշիի կառուցապատման չորս գլխավոր հատակագիծ։
Շուշու հայաբնակ թաղամասերից յուրաքանչյուրն ունեցել է իր կենտրոնն ու եկեղեցին։ Դրանք են՝ Կուսանաց վանք(Անապատի) միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Ս. Աստվածածինը (կառուցված 1816, չի պահպանվել), նոր կամ վերին թաղի խաչաձև գմբեթավոր Ս. Հովհաննես Մկրտիչը՝ «Կանաչ ժամ» կամ ղարաբաղցոց եկեղեցի (1818), Ագուլեցոց Ս. Աստվածածին (1822), Մեղրեցոց Ս. Աստվածածին(1838) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը (1868-87)։ Վերջինս իր չափերով միայն զիջում է Երևանում կառուցվող ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն։
Հետաքրքիր կոթողներ են համարվում նաև Ամարասի նոր եկեղեցին, Թալիշի ս.Աստվածածինը, Գետաշենի եռանավ բազիլիկը, Առաքյուլի Մարիամ Աստվածածինը, Սարովի ս.Աստվածածինը, Գանձակի եկեղեցին և այլն։
Նկատենք, որ 1914թ. տվյալներով Հայոց եկեղեցու Ղարաբաղի թեմն ունեցել է 222 գործող եկեղեցի, 188 սպասավոր, 206 768 հավատացյալ, 224 հայկական գյուղ։
Շուշում, Հադրութում, Տողում, Մեծ Թաղլարում, Ճարտարում, Գիշում, Ավետարանոցում, Թալիշում, Գետաշենում, Հաթերքում կառուցվեցին քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, ղպրոցներ, ուսումնարաններ, ակումբներ, գրաղարաններ, խանութներ, հյուրանոցներ, դրանց մեծ մասը, մանավանդ Շուշիի կառույցները, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կործանվեցին։ Ուշագրավ են թեմական ղպրոցի, ռեալական ուսումնարանի, «Խանդամիրյան» թատրոնի եռահարկ ակումբի շինությունները։
Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Շուշիի հայկական թաղերի ժողովրղական բնակելի տների ճարտարապետությունը։ Բնակելի տները 2-3 հարկանի էին՝ շինված կոպտաշար կրաքարից, իսկ շենքի անկյունները, բացվածքների շրջանակները, քիվերը, հարդարանքի տարրերը՝ սրբատաշ, երբեմն էլ նախշազարդ քարից, միջհարկային ծածկերը՝ փայտից։
1903թ. Շուշիի մասին Հրաչյա Աճառյանը գրել է. «Գեղեցիկ էր Շուշի քաղաքը ... տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր, տաշած քարերով շինված։ Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ։ Կտորները ներկված են կարմիր, և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարան ունի առաջը»։ Այդ ամենին լրացնելով՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, 1955թ. լինելով հայրենի երկրամասի կենտրոնում՝ Շուշիում, նկատել է. «Բոլոր տները, առանց բացառության, կառուցված են նույն տիպարով։ ...Ստացվել է գեղեցիկ ու հետաքրքիր դասավորություն, որի շնորհիվ այդ քաղաքը բնավ չի կարող ձանձրացնել, չնայած բոլոր տները կառուցված են միևնույն «ճարտարապետությամբ»։ ... Դա բոլորովին չի խանգարել, որ Շուշին դառնա կոլորիտային, երփներանգ՝ իր կրկնություններով հանդերձ, ավելին, այդ կրկնությունները գունախաղ են ստեղծում տների տարբեր բարձրության ռելիեֆի հարստության որմնախորշերի ու պատշգամբների բազմազանության, փողոցների անսպասելի դարձերի շնորհիվ»։
Շուշիի բնակելի տները 19-րդ դարի հայկական ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշներ են, որոնց պահպանությունն ու վերականգնումը համայն հայության, և, առաջին հերթին, արցախահայության սրբազան պարտքն է համարվում։ Արցախահայության շինարարական գործունեությունն իր բազմապիսի դրսևորումներն ունեցավ նաև ամրոցաշինության բնազավառում։ Առանձնապես հիշատակելի են Շուշիի և Ասկերանի (Մայրաբերդ) բերդերը։
Շուշիի հին բերդը՝ Շիկաքար անունով, գոյություն ուներ դեռևս միջին դարերից և հիշատակվում է Կաղանկատվացու կողմից 821թ. հակաարաբական ընդվզումների կապակցությամբ։ 1720-ական թթ. Ավան հայրուրապետը, Շուշի բերդը դարձնելով իր ռազմական հենակետը, ամրացնում է նոր պարիսպներով։
Արցախի մելիքների դեմ պայքարելու նպատակով 1750-1752 թթ. Փանահ խանը, հայ վարպետների միջոցով վերակառուցելով, բերդը դարձնում է անմատչելի։ Շուրջ 370 հա տարածություն զբաղեցնող բերդի արևմտյան, արևելյան և հարավային հատվածները շրջափակված են բնական պատվարներով, ինչպես դիպուկ բնութագրել է Հակոբ սարկավագ Շուշեցին «...յԱստուծոյ էր ամրացրել»։ Մնացած հյուսիսային մասը,- նշում է նա,-շրջապատված էր 5000 կանգուն(2,5 կմ) ընդհանուր երկարությամբ պարսպապատերով, որոնց մեջ կա 50 աշտարակ և 4 դարպաս»։ Պարիսպները ունեն 7-8մ բարձրություն։ Բերդը ավելի է ամրացվել 19-րդ դարի առաջին քառորդում՝ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Շուշիի պաշտպանական հնարավորությունները մեծացնելու համար 1788-89 թթ. Կարկառի հովտում կառուցվում է 1,5 կմ պարսպագծով Ասկերանի նշանավոր բերդը։
Արցախում շարունակում է վերելք ապրել կիրառական արվեստը։ Դրական տեղաշարժեր կատարվեցին գորգագործության բնագավառում։ Լայնորեն արտադրվում էին պատկերագորգեր, ուղեգորգեր, օձագորգեր և այլն։ Կատարման որակով և զարդանկարների բարդությամբ արցախյան գորգերը, իրենց մեջ ներառելով հայկական գորգերին հատուկ կողմերը, ունեն նաև առանձնահատկություններ։
Աղբյուրները վկայում են, որ հատկապես Շուշու գավառում բավական զարգացած է եղել գորգագործությունը։ «Թեև առանձին գործարաններ չկային, բայց շատ տներում գործում են գորգ, կարպետ, ձիու չուլ և այլն»։
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ազգագրության բաժնում ցուցադրված են 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին պատկանող գորգեր, կարպետներ, խուրջիններ, մաֆրաշներ (անկողնապարկ), աղաման, ձիու չուլ, արցախցի կանանց ձեռքերով պատրաստած, գունային երանգների և զարդապատկերների բազմազանությամբ աչքի ընկնող ասեղնագործ իրեր։
Այսպիսով, փաստերն ու մեկնաբանությունները վկայում են, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին արցախահայ մշակույթը առաջընթաց քայլ է կատարում՝ իր մեջ ներառելով ժամանակաշրջանի առաջնային գաղափարները, հիմքում ունենալով ազգայինը։