Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Ներածություն
Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ կյանքն առանց ընդմիջման շարունակվել է հետագա բոլոր ժամանակաշրջաններում:
Արցախցի հայը ի վերուստ ամենազոր Արարչի տված անաղարտ ձիրքով ու շռայլ տաղանդով դարերին է կտակել ամենապարզ քարե գործիքներից մինչև մարդկային քաղաքակրթության Պառնասին հասնող գոհարներ՝ Ամարաս ու Գանձասար։
Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայի կերտած այդ հրաշքները օտարների աչքում միշտ փուշ են եղել։ Պատահական չէ, որ մեր տաճարներն ու վանքերը, խաչքարերն ու մագաղաթները ավերի ու ավարի են ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից:
Չբավարարվելով դրանով՝ խորհրդային տարիներին ադրբեջանցի «պատմաբանները», կեղծելով և եղծելով իրողությունը, ամեն կերպ փորձել են և այսօր էլ մի առանձնակի եռանդով շարունակում են սեփականացնել Հայոց Արևելից նահանգների պատմական ժառանգությունը։
Դարերի ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով հայրենի եզերքի հետ կապված հուշն ու պատմությունը։
Այս չընդհատվող շղթան ներկայացնող մի մասնիկն էլ սույն գիրքն է, որը պատմելու և ընթերցողին ներկայացնելու է արցախահայության հինգհազարամյա կենսագրությունը։ Մեծ Հայքի ընդհանուր ճակատագրի հետ մեկտեղ Հայոց Արևելից նահանգները՝ Արցախն ու Ուտիքը, ունեն նաև ինքնատիպ պատմություն ու զարգացման առանձնահատկություններ։ Պատահական չէ, որ Արցախի պատմությանն զուգընթաց, շարադրվել են ինքնության և ինքնուրույնության համար Ուտիքի հայության մաքառումները։
Ուժն է ծնում իրավունքը։ Այս անարդար, բայց իրատես բանաձևված «ճշմարտությունը» երկրագնդի ժողովուրդների բոլոր ժամանակների ուղեկիցն է եղել։ Եվ առավել շատ ճակատագիրը բացակայում է վերաբերվել նրանց նկատմամբ, ովքեր ավելի վաղ են ընկալել այս իրողությունը։
Արցախահայությունը, ճիշտ ընկալելով այս ճշմարտությունը, իր պատմական երկարատև կենսափորձի վրա հենվելով, կենաց ու մահու պայքար է մղել արտաքին ու ներքին բոլոր թշնամիների դեմ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Բայց դա արցախահայության իղձերի վերջնական սահմանը չէ։ Այսօր նա կցանկանար քարտեզի վրա ԼՂՀ-ն տեսնել Միացյալ անկախ Հայաստանի մի մաս։
Այսօր էլ արդիական է մեծ արցախեցու՝ Դավիթ Անանունի հայտնի խոսքերը. «Ղարաբաղը ամբողջական Հայաստանից դուրս՝ դա խոց է…։ Եթե Ադրրեջանում խելքը գլխին քաղաքագետներ լինեն՝ նրանք ամենից առաջ պիտի հրաժարվեին Ղարաբաղից։ Եթե Հայաստանում հայրենիքի հավաքման համոզված գործիչներ կան՝ նրանք օրն ի բուն պիտի խորհեն Ղարաբաղի մասին։ Ղարաբաղը՝ Հայաստանին»1։
Հայոց Արևելից նահանգների պատմության ուսումնասիրությունը պատմագիտության արդի խնդիրներից է և կոչված է օգնելու նրա շուրջ ծագած ներկայիս հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը։
Չհավակնելով Արցախի բազմադարյան պատմության մանրամասները շարադրել լիովին՝ մենք փորձել ենք հրապարակի վրա եղած սկզբնաղբյուրների և գիտական աշխատությունների հիման վրա ուրվագծել դրախտային այս աշխարհի հին ու նոր կենսագրության առավել հանգուցային դրվագները։