Պարում է նա, երազալուր արցախուհին...
Քողն արձակած ծաղկեփնջի նման բացվում,
տեսեք ոնց է շող ու շափաղ նետում չորս դին,
հետո ի մի բերվում, սակայն, մի հրաշքով
ու ձգում է ինքը իրեն՝ հանց մեղեդի։
Դեմքին նրա՝ խոնարհության լույս ծիրանի,
որ բեկվում է խայտանքի մեջ զույգ տատրակի...
Պարկանչ է, վեր... Ու շեղակի թեւերդ բաց
ու պարի մեջ հմայքներով կոտորակվիր,
բռնկվիր ու թող ալավիդ խաղը տեսնեմ։
Մրրիկ դարձիր... Սաթենիկի հայացքը պերճ
ծովի նման քեզ իր խորքը պիտի տանի,
այնտեղ ցավ կա մի անանուն - առ սրտիդ մեջ,
կա ելք փնտրող մի ցուրտ մորմոք, վիշտ՝ անմարմին,
պինդ կաց, ախպեր, պարդ հանկարծ չխաթարվի։
Դու պարելով գնա, գնա ու խորացիր
աչքերի մեջ, առաջ անցիր խոնարհապար,
խոնարհաբար մի վարագույր եւս բացիր...
Ի՞նչ կա այնտեղ - վագրակորով մի հին ցասում՝
խորթմայրության տրվածներին միայն հասու։
Այնպես ճկուն ու խոկուն է սահքը նրա՝
արեգնաթեժ, շարժվարժենի ու ոսկեձույլ...
Կայծակներ են ոտքերն ասես նոտագրում,
դա պար է մի անորսալի ռիթմ ու խաղով,
դա նմա՞ն չէ ցավի խորքից ծիծաղելուն։
Տառապանք կա այդ պարի մեջ կախարդաթով,
պոկիր ցավը պարից նրա ու ժպիտ դիր
վշտից մռայլ Մռով սարի սուրբ ճակատին,
եւ կտեսնես, որ արեւի սինուն դրած
Սիրտը պարով քեզ է բերում արցախուհին։
Արցախուհին... վանքի գմբեթ աստվածամերձ
եւ մատուռ է անմատչելի, լուսադավան...
Արցախաբույր իր այդ պարով ամենամեծ
լեռը ոտքի տակ կբերի նա՝ խոնարհման,
եւ հզոր է, եւ թույլ է նա, եւ սուրբ սակայն։
Տեսեք, ահա, ջրվեժում է լույսի նման,
ծիածանվում ու ցրիվ է գալիս մեկեն,
ծաղիկ ու բույր, շող ու շափաղ նետում չորս դին,
հետո ի մի բերվում, սակայն, մի հրաշքով
ու ձգում է ինքը իրեն՝ հանց մեղեդի։