ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

              Հորս՝ ուսուցիչ Սարգիս Հակոբյանին

Որն է, ահա, մեր սուրբ լեզուն,
մեսրոպատառ իմ մայրենին,
հայերենը...
Խորտակվողի մեկնած ձեռքին
              ձե՞ռք ես մեկնել,-
հայերեն է,
երամից ետ ընկած հավքի
        թե՞ւն ես մտել-
տարել մինչեւ հորիզոնը-
հայերեն է,
երբ որ գարնան կարոտանքով,
պաղատանքով հողը զարթնել,
կանչել է քեզ,
չե՞ս խնայել քո սերմացուն,
        նվիրե՞լ ես-
հայերեն է,
երբ որ խաղքի մեջ է մտել
ձին ճամփի հետ, հո չե՞ս ձգել
                սանձը նրա-
հայերեն է։
Երբ կապանք չեն դնում հոգուն,
չեն բռնանում բարու ոգուն-
հայերեն է-
բույն հյուսելիս, սովորական
        թռչունն անգամ,
թեկուզ մի ծեղ-շյուղի համար
ձեռք չի մեկնում ուրիշ բնի-
հայերեն է,
երբ քո վերջին պատառը դու
բաշխում ես քո ընկերներին
ու գրպանիդ ետեւն ընկած
վազ չես տալիս ամբողջ կյանքում-
հայերեն է,
ամենակոշտ, ամենաքար,
ամենաժայռ մարդը անգամ
հալվում, փափկում,
մռամոշ է դառնում սիրո
         մի ժպիտից-
հայերեն է,
երբ կարող ես հազար տարվա,
հազար դարու վերքի միջից
անքեն ժպտալ-
հայերեն է,
երբ քայլելիս Քիրս-Մասիսի
                փայլ կա դեմքիդ
ու մորմոք կա անմեկնելի-
հայերեն է,
երբ մայրենի բառի համար,
երբ մայրենի տառի համար
        տակից քառսուն
        ջաղացքարի
կարող ես դու վեր համբառնալ,
անգամ շունչդ ու հոգիդ տալ-
հայերեն է...
Որն է, ահա, մեր սուրբ լեզուն,
մեսրոպատառ հայերենը,
իմ մայրենին։