ԱՐՓԱԳՅՈՒՂԱԿ


Քո պատերից քարերն ընկան արցունք-արցունք,
օրվա սարոտ հայացքի մեջ մանկություն է,
Ցուրտ աղբյուրը հանդում լքված կրծքի մանուկ,
ճամփաները՝ դեմքի վրա փակված դռներ.
կորցրել եմ ինձ, կորցրել եմ ինձ ու չեմ գտնում։

Երկինքը քո հայացքի դեմ՝ ավերված հուշ,
իմ օրոցքի տեղում այս ի՜նչ ծառ է ծաղկել,
այնպես անխիղճ ձեռ է առնում իմ բախտը ինձ,
վայրի մեղուն փչակներ է փնտրում ինձնում.
կորցրել եմ ինձ, կորցրել եմ ինձ ու չեմ գտնում։

Խարսխված են օրերս ձեր ցավի վրա,
այսպես, ախր, ո՞նց է լինում, ո՞նց կլինի՝
տունը չկա, պատեր չկան, չկա ձեղուն,
բայց շունը կա, բայց մնում է լույսը դեռ վառ...
Կորցրել եմ ինձ, կորցրել եմ ինձ, օգնիր գտնեմ։