***

Ծառն իր տեսակի պտուղների մեջ
հասունացրեց երգեր արգելված,
եւ հավքերն, ահա, գիժ ու տաքգլուխ,
վրա են տալիս
այդ պտուղներին։

Լույսն իր տեսակի պտուղների մեջ
հասունացրեց օրեր արգելված,
եւ սրտերն, ահա, գիժ-սիրահարված
վրա են տալիս
այդ պտուղներին։

Սերն իր տեսակի պտուղների մեջ
հասունացրեց վերքեր արգելված,
եւ ցավերն, ահա, գիժ ու անհագուրդ
վրա են տալիս
այդ պտուղներին։

Հույսն իր տեսակի պտուղների մեջ
հասունացրեց ձգտումն արգելված,
եւ արեւն, ահա, գիժ ու դյուրաբորբ
վրա է տալիս
այդ պտուղներին։

Ես իմ տեսակի երազների մեջ
հասունացրի կարոտն արգելված,
եւ քարերն անգամ Արցախ աշխարհի
թեւեր են դարձել
ուսերիս վրա։