Արևելքից Արևմուտք

Հովհաննես Թումանյան

[ 333 ]

ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ

Սովորություն է մեզանում՝ Էջմիածնի միաբանությանը տեղի թե անտեղի նախատինք կարդալիս, ցույց տալ Մխիթարյան միաբանությունները և նրանց գրական-գեղարվեստտական, գիտական-բանասիրական գործերը։ Կարծիք կար, որ մինչև անգամ Էջմիածնի նոր սերունդը, Ռուսաստանի ու արտասահմանի միջին թե բարձր ուսում առած միաբաններն էլ չեն փոխելու այդ դրությունը։ Անկասկած պատմական-աշխարհագրական պայմանները և հայոց մայր աթոռի վարչական բնավորությունը կարող են այստեղ շատ առարկություններ թույլ տալ նրա միաբանությունն արդարացնելու համար, բայց այդօրինակ նախատինքից Էջմիածինը փրկելու են նոր միաբանները՝ իրենց գրական-գիտական գործերով և, ժամանակի ընթացքում, ամենայն հավանականությամբ, խլելու են Մխիթարյաններից առաջնության պատիվը այդ ասպարեզում։ Եվ բացի այն աշխատություններից, որ արդեն դրված են հրապարակ, միաբաններից շատերն այժմ զբաղված են զանազան մեծարժեք գործերով։

Մեսրոպ եպիսկոպոսն այժմ կազմում է Էջմիածնի, Երուսաղեմի և այլ տեղերի հայերեն ձեռագիրների մի այնպիսի հսկայական ցուցակ, որի տպագրությունը տասնյակ հազարներ է նստելու և մեծ նշանակություն է ունենալու մեր բանասիրական գիտության համար։

Սահակ վ<արդապետ> Ամատունին արդեն տպագրում է (Ղուկասյան ֆոնդի հաշվով) իր «Բառ ու բան» խոշոր աշխատությունը2, որի մեջ հավաքված են մեր կենդանի բարբառներից ու գրականությունից այն բոլոր ոճերն ու բառերը, որ չկան Հայկազյան բառարանում։

Տիրայր վարդապետը Օքսֆորդի ու Մանչեստրի հայ ձեռագիրների ցուցակն է պատրաստում և պարապում է միջնադարյան տաղարանների ուսումնասիրությամբ3։

Հանրածանոթ Կոմիտաս վարդապետը զբաղված է ժողովրդական երգերը գրի առնելով և հայկական հին եղանակները վերականգնելու նշանավոր գործով։ [ 334 ] Եվ ահա հ<այր> Գարեգին վ<արդապետ> Հովսեփյանը, որ հայտնի է իր մի քանի լուրջ աշխատություններով, այժմ գալիս է մի շատ կարևոր ուսումնասիրությունով — «Մանրանկարչության արվեստը հայոց մեջ4»։ Մի ուսումնասիրություն, որի նշանակությունը շատ է մեծանում իր հետևանքներով։

Շարունակ այն կարծիքն է եղել իշխողը, թե քրիստոնեական արվեստը իր սկիզբն առնելով հռոմեական կատակոմբներից, Արևմուտքից է եկել դեպի Արևելք և հայկական քրիստոնեական արվեստն էլ ազդված է նրանից բյուզանդականի միջոցով։ Հ<այր> Հովսեփյանը գալիս է ապացուցանելու, որ հակառակն է եղած, Արևելքից է գնացել դեպի Արևմուտք, ցույց է տալիս արվեստի և մանրանկարչության մի ընդհանուր հայրենիք, առաջավոր Ասիայի երկրներում, Պարսկաստանի գլխավորությամբ, որոնց շարքում Հայաստանը գրավում է ուրույն ու պատվավոր մի տեղ։

Նա ասում է, որ ինքը այդ ճանապարհով գնացել ու հաստատել է՝ առաջնորդ բռնելով այն ցուցմունքը, այն թելը որ տվել են գերմանական պրոֆ<եսոր> Ստրժիկովսկին3 և անգլիացի գիտնական Լեթըբի։ Ստրժիկովսկին5, որ մասնավորապես հայոց արվեստով է հետաքրքրվում, և Լեթըբի, որ ուսումնասիրել է քրիստոնեական ճարտարապետության պատմությունը Կոստանդին մեծից մինչև XIII դարի վերջերը, այն կարծիքին են, որ քրիստոնեական արվեստի ծագման և զարգացման գործի մեջ Արևելքը կատարել է առաջնակարգ դեր։ Նրանք ասում են, թե ռոմանական արվեստը և բյուզանդական ճարտարապետությունը շատ էլեմենտնետր ունեն յուրացրած արևելյան ճարտարապետությունից և արվեստից։ Քրիստոնեության հետ արևելյան արվեստի տարրերը շարժվում են դեպի Արևմուտք երկու ճանապարհով։ Մի ճանապարհը հյուսիսից՝ Հայաստանի վրայով, Բյուզանդիայով (Պոլսով) և սլավոնական երկրներով, մյուսը Հարավից, Պաղեստինից՝ Ասորիքով, Կիլիկիայով ու Միջերկրականի ափերով։

Եվ ահա հ<այր> Գարեգինը այս գիտական ենթադրության իրողությունը գտնում է հայկական արվեստի ուսումնասիրության [ 335 ] մեջ և հաստատում է, թե հիրավի, արևելյան արվեստը ունեցել է այդ ազդեցությունը։

Նա ասում է՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իր ոճով, իր մոտիվներով ազգակից է պարսկական ու ասորական ճարտարապետական արվեստին։ Այդ երևում է մանավանդ բազիլիկաներից, որոնք ասորական տիպի են և գոյություն ունեն բյուզանդական արվեստից շատ առաջ, և նրանց ամենաէական մի հատկությունից, մի գծից՝ պայտաձև կամարից, որ արաբներից 5—6 դար առաջ գործադրվում էր հայոց ճարտարապետության մեջ։ Նույնն է ցույց տալի և մանրանկարչության ուսումնասիրությունը։

Հ<այր> Գարեգինը հայկական մանրանկարչության զարգացումը բաժանում է երեք մեծ շրջանի։ Առաջին շրջանի՝ Մեծ Հայաստանի մանրանկարչությունը VI դարից մինչև XIII դ. նա գտնում է արևելյան՝ ավելի մոտ ասորականին և մասամբ կոպտականին (եգիպտական)։ Այդ բնավորությունը պահված է մինչև XIII դ. վերջերը, երբ թույլ կերպով սկսվում է բյուզանդականի ազդեցությունը։

Երկրորդը Կիլիկյան շրջանն է, որ ընդունում է բյուզանդական-արևմտյան և ավելի հեռավոր արևելյան արվեստի տարրեր և, այդ բոլորը միացնելով, ստեղծում է մի բարձր գեղարվեստ։

Երրորդը դարձյալ բուն Հայաստանումն է, երբ, թագավորության վերջանալուց հետո կաթողիկոսները Կիլիկիայից փոխադրվում են Մեծ Հայաստան։ Այս շրջանում նորից ծաղկում է մանրանկարչության արվեստը արդեն պարսից և արևմտյան, հատկապես իտալական ազդեցության տակ։ Բայց այս արդեն անկման շրջանն է։

Հ<այր> Գարեգինը այժմ այս վերին աստիճանի հետաքրքրական նյութի վրա դասախոսություններ է կարդում Թիֆլիսում և լուսաբանության համար ցույց է տալիս շատ գեղեցիկ զարդանկարներ և հայ թագավորների, թագուհիների, կաթողիկոսների, իշխանների, հին մատենագիրների ու նկարիչների պատկերներ, որ բնագրերից արտանկարել են նկարիչներ Թադեոսյանն ու Պոլտարացկին։