Արևը գրություն է թողել վարդի թերթերում

Կրկնություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Արևը գրություն է թողել վարդի թերթերում)

Վարդան Հակոբյան

Վայրկյանները ծերանում են
ԱՐԵՎԸ ԳՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՎԱՐԴԻ ԹԵՐԹԵՐՈՒՄ


Մի ասա՝ ամառ է շոգ, ժպտա ուղղակի,
                ասա՝ ծիրանը հասել է, քաղելու մնաց,
                մի ասա՝ դեմքիդ վրա արեւը խոստովանություն է,
                ասա՝ սիրում եմ, իսկ երբ կողքիս ես՝ ինչի (լույս, ծաղիկ, ճանապարհ)
                նայում եմ, ինձ հետ խոսում են գույները։

Մի ասա՝ խոսքերը ապրում են անտանիք,
                ասա՝ թեպետ երազ է, բայց երազ չէ ամենեւին,
                մի ասա՝ վարդերը ամպոտ են,
                ասա՝ աչքերիդ մեջ մի տխուր մեղեդի եղանակում է
                հոգուս թրթիռները։ Եվ ամպերը մորաքույրերն են առուների։

Մի ասա՝ ինչու ես այսօր ուշացել,
                ասա՝ որքան սպասում եմ, այնքան գեղեցկանում ես,
                մի ասա՝ հայացքդ տաք է ու
                անհասկանալի,
                ասա՝ երբ խոսում ես դու, առուն ինձ բառ է թվում։

Մի ասա՝ ջրի կարկաչները հավաքում եմ,
                ասա՝ բառավորում եմ քո
                պարզությունը,
                մի ասա՝ մեղեդին թռչուն է հոգուս մեջ,
                ասա՝ նվագում ես ջութակի չունեցած լարերի վրա։

Մի ասա՝ խավար է ու մութը՝ համր,
                ասա՝ երբ հայտնվում ես երազիս մեջ, գիշերս դառնում է
                թխավարս,
                մի ասա՝ ամբողջ գիշեր սպասել եմ,
                ասա՝ մութը ծննդավայրն է լույսի։

Մի ասա՝ արեւը մեզ հիշել է,
                ասա՝ բիբլիական լեռն արեւին առաջնորդում է հին ու հինավուրց
                մի երկիր, ուր ապրում ենք ես, դու եւ աղբյուրները,
                մի ասա՝ առանց Արարատների երկինքը չէր կայանա,
                ասա՝ սիրո երգեր են մեր անզուգական քարերը։