Արևի ճառագայթները
Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա։
Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա։ Արտույտը թփրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն.— ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ, ճիլի-վիլի, ճիլի-վիլի. վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ. ճը՜ռռ...
Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ, նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկելով մտավ ցողաթաթախ կանաչկուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով։
Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ։ Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց ծուղրուղո՜ւ... Ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ։ Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտյան նախաճաշիկն անեն։
Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել։
Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ։ Մեղուները տաքացան և դուրս ընկնելով դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդն ստանան։
Հինգերորդ ճառագայթն ընկավ մի ժիր մանուկի անկողնու վրա և սկսեց նրա աչքերը ծակծկել․ նա վեր թռավ տեղից և շտապով պատրաստվեց ուսումնարան գնալու։