Բացել գլխավոր ցանկը
Ավերակներուն մեջ

Զապել Եսայան

[ 6 ]

Բ․

ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԵՋ

Վեհանձն ու շլացուցիչ արևին տակ կտարածվի քանդված քաղաքը՝ անծայրածիր գերեզմանի մը պես. ավերա՜կ ամեն կողմ…: Բան մը չէ խնայված, բոլոր եկեղեցիները, բոլոր դպրոցները ու բոլոր բնակարանները անձև ու խանձված քարի կույտերու վերածված են, որոնց մեջեն ասդին - անդին շենքերու կմախքները կցցվին: Արևելքեն մինչև արևմուտք ու հյուսիսեն մինչև հարավ, մինչև հեռավոր սահմանները թուրք թաղերուն, աններող և դաժան ատելությունը հրդեհեր ու փչացուցեր է ամեն բան: Ու այս մեռելային ամայության, այս ընդարձակածավալ մոխրակույտերու մեջեն երկու մինարեներ անեդծ մնացած՝ կկանգնին խրոխտությամբ:

Արյունոտ և արցունքոտ ցնցոտիներով ծածկված այրիներու, որբերու և ծերերու ամբոխ մը կներկայանա մեզի, իբրև մնացորդը Սադանայի բնակչության, մեծ փոթորիկե մը ետքը խաղաղացած ծովու, մոայլ հանդարտությունը ունի անիկա, իր խորքերուն մեջ ծածկված է ցավը ու անմխիթարելի վիշտը ու այդ ցավը երբեմն մակերեսը կբարձրանա, ապրելու, վերածնելու հույսը սպանված է իրենց մեջ, և եթե Անոթությունն ու Ծարավը չզարթնեցներ զիրենք այդ ընդարմացումեն՝ կյանքը միանգամ ընդմիշտ մարած կըլլար արդեն:

Անոնք լուռ կմնան երկար ատեն, կարծես հետևելով իրենց հիշատակներու շարքին, հակառակ իրենց մղված անոնց քստմնելի ընթացքեն ու սրտագին հառաչանքներ կարծես կուրծքերնին պատռելով կարձակվին՝ «Ամա՜ն…»

Երբեմն ալ կուլան հեկեկալով, երեսնին ողողված մեկ րոպեի մեջ այնպիսի արտասուքի հորդ ժայթքումով մը, որ գանգատի ու տրտունջի խոսքերը կխեղդվին. ու դեմքերը, արևի տակ աշխատութենեն թխացած ու չորացած դեմքեր, կակոսվին դժնդակ խորշոմներով, ահավոր ծամածռություններով ու ամբողջ ամբոխը բռնված իր անմխիթարելի վշտի տագնապեն՝ կգալարվի հուսահատորեն: Ու կարելի [ 7 ] չէ երևակայել, թե մեն մի անհատը այդ ամբոխին, ցավի ի՜նչ գումար մը կներկայացնե:

Արդարև, կարելի չէ ըմբռնել և զգալ մեկ անգամեն ահավոր իրականությունը. անիկա մարդկային երևակայության սահմանեն դուրս կմա. անոնք, որ ապրած են զայն՝ չեն կարող նաև պատմել իր ամբողջությանը մեջ. ամենքն ալ կթոթովեն, կհառաչեն, կարտասվեն և կցկտուր եղելությունները կներկայացնեն միայն: Հուսահատությունն ու սարսափն այնքան մեծ եղած էր, որ մայրերն իրենց զավակները չէին ճանչնար, անդամալույծ և կույր պառավներ մոռացվեցան հրդեհված տուներու մեջ. վայրագ և արևին ծարավի խուժանի մը դիվային քրքիջները մտիկ ընելով՝ մարդիկ մեռնելե առաջ կխելագարվեին, կտրտած անդամներ ու տղու մարմիններ դեռ ցավով ու կյանքով բաբախուն ոտքերու տակ կճզմվեին, մեկ կողմե հրացանի, մյուս կողմե կրակի մեջ բռնված՝ դպրոցներն ու եկեղեցիներն ապաստանող խելակորույս տղաքը, կիներն ու վիրավորները իրարու փաթթված՝ կածխանային…:

Ո՛չ այս պատմությունները սակայն, ո՛չ այդ մոխիրներուն մեջ խլրտացող տարտամ հայությունը, ո՛չ ցավոտ և շվարուն աչքերով ու սարսափի արբեցութենեն դեռ չի սթափածի երևույթով որբերը, ոչ անմխիթարելի կորուստով գալարված մարմիններն այրիներուն, ո՛չ դեռ արյունոտ և ցավագին վերքերն անդամահատվածներուն, չեն կարող մեզի պատկերացնել տալ իր իսկական ու մռայլ մեծությամբ ինչ որ պատահած է այդ դժոխային օրերուն մեջ:

Անձկալի ու արհավրալից աչքերու մեջ է որ, երբեմն, մեկ րոպե կկարծեմ ընդնշմարել զայն. ո՜հ այդ աչքերը․ կան, որ կուրացած և հրաժարած կթվին ընդմիշտ արևին ուրախութենեն ու անհատակ վիհի մը պես պարապ կերևին. կան, որ կնային քեզի ու չեն տեսներ, որովհետև անջնջելի կերպով մեկ պատկեր դրոշմած է իրենց տեսողության սահմանին մեջ. կան, որ պահած են քստմնելի բոցերուն ռիթմն իրենց նայվածքին մեջ ու կան, որ հարաշարժ բիբերով արյունի և կրակի տեսարաններու հաճախումեն տանջված բիբերով, կարծես կուրնալու և խաղաղության կտենչան:

Այդ ամբոխին մեջ է, որ երևեցավ ինծի ցավատանջ երևույթը՝ Միսաքի [ 8 ] մորը, որ կախված տղան մղձավանջեն հալածված, կուրծքը ծեծելով, ցնցոտիները պատռելով՝ գովասանքը կըներ իր նահատակված տղուն ու արցունքի ծարավի կգոչեր. «Աչքերս չորցած աղբյուր դարձան… տղաքնե՜րս… սրտիս կրակեն չորցա… տղաքներս… ամա՜ն…»:

Հոն տեսա մայրեր, որ իրենց գավակները խեղդած էին՝ անոնց մանկական ճիչերեն չմատնվելու համար իրենց թաքստոցին մեջ, հոն տեսա կիներ, որ անդամալուծված, լեզունին շրթներուն վրա կախված, անկարող էին իրենց սրտին ցավը գոչելու, հոն տեսա խելագարվածներ, որ փոխանակ մոռնալու, սոսկալի վայրկյանը կապրեին շարունակաբար, տեսա, որ հալածված էին իրարու ետև ընկնող սիրելիներու հիշատակով ու չգիտեին, թե որո՞ւ վրա լան… «Շուտով դրին հոն, քովե քով, ու զարկին, զարկի՜ն, զարկի՜ն ու ամենքն ալ սանկ երերացին մեկ մը ու ինկա՜ն… ու անոնք իմ հայրս, իմ ամուսինս ու տղաքներս էին, և ես հիմակ մենակ եմ, վերաններու վրա մնացած բուին պե՜ս… ախ…»:

Երբեմն անտարբեր կթվին, կարծես քարացած իրենց վշտին սաստկության մեջ. հանդարտ դեմքով մը՝ որուն վրա նյարդ մըն իսկ չի շարժիր՝ կպատմեն ահավոր եղելություններ, իրենց յուրաքանչյուր բառը՝ հոսած արյուն է. ու հանկարծ կկենան, աչքերնին կբոցավառի հիմարական փայլով մը, ի՞նչ կպատկերանա իրենց մտքին… ու կպոռան ինքզինքնուն ելած՝ կառչելով մեր հուզմունքին, օգնություն խնդրելով մեր արցունքներեն, մեր զգացումներու մերձավորութենեն…

Ավերակ քաղաքին մեջ… ավերակ սրտերուն մեջ… ամեն բան փչացած է. հիմարացած գեղջկուհիի մը շարժումը կուրվագծվի մտքիս մեջ, որ համադրելով բոլոր իրենց գեղին պատահածը, ձեռքովը լայն շարժում մը կընե ու կըսե, կկրկնե մեքենաբար. «Կուզես հավատա՛, կուզես մի՛ հավատար, ամեն բան մաֆ է, մա՜ֆ…»:

Ու ինչ-որ անկանգնելի ու անդարմանելի կթվի այս անսահմանելի աղետին մեջ, մոխրացած տուները, քանդված այգիները չեն, ոչ ալ մեռնողներու թվին մեծությունը, այլ այն ջլատիչ ներքին զգացումը, որ կծածանի ամենուն աչքերուն մեջ, ողորմելիորեն, հուսահատորեն [ 9 ] և այդ՝ ոտքի տակ գացած, բիրտ ներբաններու տակ ճզմված ժողովուրդի մը զգացումն է: Այն գլուխները, որ լույսի և ազատության ծարավի, պահ մը բարձրացած էին մարդկորեն, ջախջախված են հիմա աններող անգթությամբ մը: Այս մտածումովը տանջված կնայիմ քանդված քաղաքին վրա՝ որուն մոխրակույտերն ահավոր և տարբեր նշանակություն մը կստանան ու ահավասիկ սակայն այս չարաբաստիկ ամլության ու հուսահատության մեջ հույսի ժպիտ մը կծաղկի…:

Ավերակներու մեջ, կես մը փլած պատերու շուքին տակ կիներ ապաստանած են ու օրորան մը՝ մեկ պատեն մյուսը ձգված, կտատանի մեղմորեն: Ո՞վ գիտե. ինչ-որ մեր ցավի սաստկությունը անկարելի կներկայացնե՝ թերևս կարելի ըլլա ժողովուրդի վերածնության անխոնջ ու անգիտակից հանճարին համար: Որովհետև այդ թշվառ տղու անշուք օրորանը, ընդհանուր ու մեծ դժբախտությանն անտարբեր՝ կյանքի անհաղթելի ձգտումովը զորավոր, կտանի այս հսկայական գերեզմանի վրա՝ արհամարհելով թե՛ գետնաքարշ թշվառությունը նահատակված Ժողովուրդին, թե՛ ճիվաղային բրտությունը ոճրագործներուն: