Աւերակներուն Մէջ/Բանտարկյալները
ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
Անսահման վհատություն և հուսաբեկություն ամէնուն մեջ, հեգնությունով և դառնությունով կպատասխանեն մեր խրախուսող խոսքերուն:
- «Հետաշրջական շարժումին զոհերը եղանք, որովհետև վարժված էին մեր գլխուն զարնել, ամենեն ուժգին կերպով մեզի զարկին… Ոչ միայն մենք, այլ երկրին բոլոր ազատական տարրերը վտանգի մեջ էին, մենք բաժնեցինք երկրին տագնապը. ահավասիկ… այսպես բացատրենք Ադանայի աղետը»:
Հավաքված էինք Առաջնորդարանի սրահին մեջ, ուր եկեր էին օտար դառնությանց պատկանող եկեղեցականներ և ադանացի անձնավորություններ պատրիարքական երկրորդ պատվիրակությունը ողջունելու: Եվ մինչ Պոլսեն նոր եկող անձ մը կջանար այդ ուղղությամբ մխիթարել և խրախուսել տեղացիները, ձայն մը ականջս ի վար ըսավ.
- Բոլոր անոնք, որ չուզեցին մեռնիլ, բոլոր անոնք, որ ուզեցին իրենց կիները և տղաքները պաշտպանել, կամ բանտարկված են, կամ փախստական և կամ ապաստանած որևէ անկյուն մը:
Առտըվնե ի վեր մտատանջ էի հյուպատոսարանը ապաստանող երիտասարդներու մասին, առիթը պատեհ համարեցի անոնց վրա հարցնելու:
- Հուսահատական դրության մեջ են, անձնատուր պիտի ըլլան, ըսին ինծի:
Ուրիշներ ալ կմոտենային մեզի… շշուկներ, փսփսուքներ, տարակույսը և արհավիրքը կտարրալուծեր դեմքերը, տղաքը վտանգի մեջ էին, որովհետև ամէնուն հիշողությանը մեջ մղձավանջային պատկեր մը կար դրոշմված. - կախաղաննե՜րը:
Ուշ ատեն, Կարմիր Խաչի ընկերուհիի մը հետ գացինք իրենց այցելության. Անգլիո հյուպատոսն ընդունեց նախ մեզի, ու, երկար ատեն խոսեցավ այն անհրաժեշտությանը վրա, որ կա՝ ազատական ռեժիմին վստահության ցույց մըն ընելու, բանտարկյալներու կողմե, անձնատուր ըլլալով, ու մեր վրա պարտք դրավ այդ ուղղությամբ խոսելու ապաստանող ընկերներու:
Մտքերնիս դեդևած, խղճերնիս տանջված, բարձրցանք սանդուղքներեն վեր: Դեռ Պոլիս եղած ատեննիս լսել էինք իրենց մասին, և յուրաքանչյուրին անունները ու վարմունքները ծանոթ էին մեզի…:Ի՞նչ անձկալի անհամբերությամբ սպասեր էինք իրենց նամակին, որ եկած էր վերջապես ճշգրիտ տեղեկությունները հաղորդելով պատահած ահռելի դեպքերի մասին:
Սանդուղներեն բարձրանացած ատեննիս՝ իրարու հետ չէինք խոսեր, ու չէինք բանակցեր ու չէինք գիտեր, թե ի՞նչ խոստում կտանեինք օրերե ի վեր մեր այցելության սպասող ընկերներուս: Ինչպես ահաբեկած տեղացիներու մտքին մեջ, այնպես նաև իմ մտքիս մեջ կանգուն և բարձր կպատկերանար մղձավանջային պատկերը… կախաղանները: Ու բոլոր այն երկար միջոցին, որ առիթ ունեցանք զիրենք տեսնելու, նախ հյուպատոսարանի մեջ, հետո բանտը, անձկալի և հուսալի օրերու մեջ հավասարապես, իրենց և իմ մեջս անդադար ունեի այդ դժոխային պատկերը և անոր ընդմեջեն կտեսնեի իրենց յուրաքանչյուրին դեմքերը:
Ջղուտ և անհամբեր շարժումներով սեղմեցին մեր ձեռքերը ու նստեցան:
Ապաստանողներուն երկուքն ամուսնացած էին ու իրենց կիները և տղաքն իրենց հետ էին. հոն էին անոնք, որ ծառացան թշնամիին նենգավոր դավադրության դեմ. անոնք, որ չընկրկեցան՝ անհավասար պայքարեն ու կուրծք տվին… իրենց մեջ էր իր եղբորը հետ Տիգրան Պզտիկյանը, որ անհավատալի քաջությամբ մարտնչած էր անթիվ ոճրագործներու դեմ, անգիտակից վտանգին՝ իր երիտասարդ և վեհանձն կյանքը տրամադրած էր փրկելու համար քաղաքը բոլոր անոնց հետ՝ որոնց մեկ մասը նահատակված, իսկ մյուս մասը բանտարկված էր իբրև վտանգավոր մարդասպաններ: Վիրավորված թևը կուրծքին կռթնցուցած, ծալլապատիկ նստած էր մեր դեմ: Իր նայվածքին քաղցրությունը, իր համեստ լռությունը, իր գրեթե խուսափող խոնարհությունը՝ ապշություն կպատճառեր մեզի: Երբ ոտքի կելլեր, էնթարիին լայն ծալքերուն մեջ կբարձրնար պարթև հասակը. իր շարժումները հանդարտ էին և գրեթե դանդաղ ու կխորհեի, թե ի՞նչ թաքուն կատաղություն և զգացում բորբոքած էր այդ թիկնեղ երիտասարդն աղետի օրերուն մեջ: Երբ տեղեկություն հարցուցինք իր վերքին մասին, գրեթե անփույթ պատասխանեց մեզի, այլ սակայն այն վերքեն էր, որ գրեթե տարի մը ետքը գերեզման պիտի տաներ զինքը: Իր մեկ եղբայրն արդեն մեռած էր կռվի մեջ, ու երբ անոր խոսքը կըլլար, երկու եղբայրները խորունկ սուգով մը կանդրադառնային այդ վշտին վրա:
Հոն էին նաև ուրիշ երկու եղբայրներ, գրեթե պատանի, որոնց մեկը նույնպես կռված էր այն օրերուն: Երբ դիմադրելու, ամեն մի հույս այլևս կորսված էր, տասնյակ անգամներ կյանքը վտանգի դնելով՝ օգնած էր վիրավորյալներու, ծերերու, անկարներու փոխադրությանն օտար հաստատություններու մեջ, որոնք սակայն վերջ ի վերջո, իրենց կարգին հրո ճարակ պիտի դառնային:
Այն օրը, որ իրենց այցելեցինք, տարակույսը և վհատությունը գրավել էին զիրենք: Հյուպատոսը կպնդեր իրեն առաջարկության վրա. պետք էր անձնատուր ըլլային, ու իրենք երկու մասի բաժնված էին. ոմանք հիմարություն կհամարեին այդպիսի փորձ մը ընել, իսկ ուրիշներ համակարծիք էին հանձնվելու, հոգնած և զզված իրենց երկարատև և կամովին բանտարկութենեն:
Դեպքերեն հաջորդող առաջին օրերու բանտարկյալներեն ահռելի լուրեր եկած էին. տանջել ու չարչարել էին զիրե՜նք, անլուր խոշտանգումներու ենթարկվեր էին պարզ և անհիմն կասկածի վրա այնպիսի մարդիկ, որոնք արդեն շատ տառապած էին, այնպես որ մահը նախանձելի և բարերար խորհելով, սրտի անբացատրելի սեղմումով մը կանդրադառնայի բոլոր այն սոսկալի հավանականությանց վրա, որոնք կսավառնեին այդ երիտասարդ, հուժկու և արի գլուխներուն շուրջ:
Քանի մը օր այդպես տևեց, ու օրին մեկն ալ ամենքը համաձայն գտնվեցան. անձնատուր պիտի ըլլային, մենք կզգուշանայինք որևէ խոսքով կամ որևէ թելադրություններով կշռելու իրենց որոշումին մեջ: Մեր սրտերը հանգիստ չէին, հորիզոնը դեռ պարզ չէր, որոտալից և սև փոթորիկներ կսպառնային ամեն մեկուն: Այն իրիկունը գացինք՝ իրենց կիներն ու տղաքը տեսնելու և իրենց մոտ ըլլալու այդ դժվարին ժամերու մեջ: Կիներեն մեկը մթին և լուռ տխրությունով մը համակված էր, իսկ մյուսը կարտասվեր հեծեծագին: Տղաքը կճչեին մեռելի տան պես. ախուր էր հյուպատոսարանի այդ վերի հարկը, ու այնքան ատեն մեր ընկերները ապաստան և հյուրընկալություն գտեր էին: Մենք անկարող էինք մխիթարելու այդ երկու դժբախտ կիները. բառերը կմարեին ու իրենց իմաստը կկորսցնեին մեր շրթունքներուն վրա: Տղաքը կշարունակեին գոչել, մայրերնին կարտասվեին հորդառատ արցունքներով. ամեն րոպե կկարծեինք, թե այլևս արտասուքը պիտի սպառեր, թե կարող պիտի չըլլային շարունակելու այդպես… բայց այդ օրեն վերջն ալ քանի քանի անգամներ, սարսափելի ժամերու մեջ այդ աչքերը դեռ արցունք պիտի գտնային թափելու:
Մութը սկսավ իջնալ ավերակներու վրա: Հյուպատոսարանին վերնահարկեն կդիտեինք Ֆելլահ թաղին խճողված տանիքները… հեռավոր, անորակելի աղմուկ մը կբզզար ամեն կողմ, հեղձուցիչ տաքեն ետքը, իրկվան գաղջ խոնավությունն անշնչելի կդառնար. ֆիզիկապես և բարոյապես ճնշված` աչքերս կփակեի խուսափելու համար համառող մղձավանջեն.
- Կախաղաննե՜րը…
Այդ մասին մեր մեջ իսկ չէինք խոսեր նույնիսկ մեր ընկերական ամենեն մտերիմ վայրկյաններուն. կզգայինք սակայն, որ ամեն մեկերնուս մտքին մեջ այդ սարսափը կար, բայց կխուսափեինք այդ չարաշուք բառն արտասանելե, կարծես վախնալով մարմին տալ, իրական և կարելի դարձնել զայն: Շատ ավելի ուշ է, որ անիկա ինքնին պիտի գար սեղանի վրա. բանտարկյալներու մայրերը և կիներն էին, որ պիտի արտասանեին զայն մեզի:
Հետևյալ օրն իսկ շտապեցինք երթալ տեղեկություն առնել մեր բանտարկյալներեն ու մեր գիտցածը հաղորդել իրենց մայրերուն և կիներուն: Հակառակ մեր հոռետեսության` նույն ժամանակվան զինվորական հրամանատարին բարյացկամությանը շնորհիվ, կրցանք ոչ միայն տեղեկություն ստանալ, այլ նաև այցելել մեր ընկերներուն:
Պաշտոնատան մը սրահին մեջ հավաքված էին անոնք և բավական հանդարտ կթվեին. կհիշեմ նույնիսկ, որ իրենք եղան մեզի ամրապնդողը, մեզի հույս ու եռանդ ներշնչողը. գրեթե ուրախությունով դարձանք իրենց ընտանիքներում քով:
Կառավարչատան մյուս կողմը նախկին դպրոցի շենք մը վերածված էր նաև բանտի. ու մեր ստիպողական պարտավորություններեն մեկն ալ հոնտեղի բանտարկյալներուն այցելելն էր: Բոլորն ալ հայ էին. իսկ ուրիշ մաս մը հայ բանտարկյալներ կգտնվեին բուն իսկ բանտին մեջ, թուրքերու հետ: Առանց մեծ դժվարության, հաջողեցանք մուտք ունենալ հայ բանտարկյալներու սրահին մեջ:
Շենքը կբաղկանար երկու հարկե. ոչ միայն մուտքը, այլ նաև շրջակայքը պաշտպանված էին զինված զինվորներով, որոնք կփոխվեին երկու ժամն անգամ մը:
Հայերը հոն էին շաբաթներե ի վեր. իրենց մեջ կային ծերունիներ, երիտասարդներ, հիվանդներ և վիրավորվածներ: Իրենց անձկությունը և մտահոգությունը չափ ու սահման չուներ, որովհետև կտրված ըլլալով ամեն հարաբերութենե, չէին գիտեր, թե իրենց ընտանիքին ցրված անդամներն ի՞նչ եղած էին: Շատերը ծանր սուգով սգավորված էին և մահը ցանկալի կերևար իրենց: Ոմանք համրորեն կհյուծվեին և արդեն անջատված կթվեին աշխարհես: Հոն էր, որ ճանչցանք ընտանիքի դժբախտ հայր մը, որ իր կինը և զավակներեն մեկ երկուքը զոհ տալեն ետքը թշնամիին գնդակներուն, ամբաստանված էր ծանր հանցանքով, որովհետև իր տունեն քանի մը մետր հեռու իսլամի դիակ մը գտնված էր: Կհիշեմ իր քաղցր ծերունիի խոհուն դեմքը, պարզ ճակատը և ցավով ու արցունքով լեցուն աչքերը: Խեղճը բնավ չէր խոսեր. իրեն համար կըսեին, թե գրեթե հիմարացած է. և արդարև նշմարեցինք, որ մեքենական և համառ շարժումով մեյ մը մեկ, մեյ մը մյուս ձեռքով աներևույթ բան մը կհեռացներ իր ճակատեն: Հոն էր նաև, որ աոաջին անգամ ծանոթացանք նշանավոր Կյոքտերելյանին, որու մասին արտակարգ առասպելներ հյուսված էին և որուն շուրջը կար մասնավոր հսկողություն, սարսափած իր թաքուն զորութենեն և իրեն վերագրված ոճիրներեն…
Երբեք չպիտի մոռնամ իր հսկայի և ճշմարտապես առասպելական հերոսի տիտանյան հասակը, փառավոր մորուքը, մագնիսացնող աչքերը, որոնք ազդելու էին իսկ զինքը հսկելու կոչված պաշտոնյաներուն վրա: Բայց մեր ուշադրության մասնավոր առարկաները երկու հիվանդներն էին, մեկը տարեց և մյուսը երիտասարդ, որոնք կհյուծեին անողոք հիվանդութենե մը բռնված: Իրենց ջերմագին և բոցեղ նայվածքը կկառչեր մեզի, կպաղատեր մեզի: Անոնց հիշատակովը կտանջվեինք երկար ատեն:
Մեր տեսակցությունները կարճ էին ու անկատար, հարկադրված էինք թրքերեն խոսիլ և այդ ալ զապթիեն ներկայությանը: Երբեմն կնախընտրեինք բնավ չխոսիլ: Ու այդ անիրավված, այդ անարդար մարտիրոսության ենթարկված եղբայրներու վրա մեր նայվածքը կպտտցնեինք գթությամբ, ցավով և սրտագին զգացումներով:
Երբեմն մխիթարությունը փոխանակ մեզմե իրենց հասնելու, իրենցմե մեզի կուգար. երկու պողպատի պես պինդ և ճկուն բազուկները ծալած կուրծքին վրա, երիտասարդ մը կմոտենար մեզի և իր աչքերն անսահման գոհունակությամբ կժպտեին: Կզգայինք, որ մեկն իր պարտականությունը կատարած զինվորի հանդարտությունով պատրաստ էր խաղաղությամբ մեռնելու և անարդար դատաստանի մը բոլոր խստություններն անկարող էին իր հոգեկան անխառն երջանկությունը վրդովելու: Ոմանք տխուր, բայց հանդարտ էին, և ոմանց մեջ վրեժի զգացումը դեռ արծարծված և սաստիկ էր: Այս վերջիններուն դեմքերուն մկանունքները պրկված ու գալարված էին, աչքերնին լեցուն էր մթին թշնամությունով, բայց ինչ որ մեզ ամենեն ավելի դժվար դրության մեջ կդներ, ու չէինք գիտնար, թե ինչ դիրք պետք էր բռնեինք, իրենց հանկարծակի ըմբոստություններն էին, որոնք առաջ կբերեին պահապաններու կողմե խստություններու կրկնապատկում, և ատով մեր այցելությունները կդժվարանային չափազանց:
Օր մը, երբ զապթիեին ստիպումներուն վրա կաճապարեինք մեկնելու, հանկարծ անկյունե մը մեկը գոչեց.
- Գիտե՞ք՝ մենք ինչո՞ւ այս պալատին մեջ ենք… կեցցե՜ հուրիե՜թը…
Բազմաթիվ հեգնական քրքիջներ պատասխանեցին իրեն ու բազմաթիվ ձայներ կրկնեցին. «Կեցցե՜ հուրիե՜թը…»:
Զապթիեն կատաղած. մտրակը բարձրացուց և խելակորույս, փնտրեց այն, որ առաջին անգամ արտասանած էր հեգնական բացականչությունը: Բայց հանկարծ խաղաղությունն իջած էր ամենուն վրա. և այնպիսի արտահայտութենե զուրկ դիմակներ ստացած էին, որ անկարելի էր գուշակել իրենց մեջ եռուզեռող զգացումները: Մենք իսկ տարված էինք խորհելու թե սրահեն դուրս անցած էր այդ դեպքը:
Մեր խոսակցությունը բանտարկյալներու հետ մեկ քանի պայմանադրական երազներու մեջ կամփոփվեր. բայց ինչե՜ր չէինք ըսեր այդ սովորական խոսքերուն մեջ. մեր ձայնին շեշտը, մեր վանկերուն արտասանությունն ինքնին կստանային, գրեթե անգիտակցաբար, այն իմաստները, որ մտածումին մեջ էին:
- ճերմակեղենի պետք ունի՞ք… քինինը վերջացա՞վ. տենդ ունի՞ք…
Նայվածքնին հեռու, մտքերնին բացակա, ուղղակի չէին պատասխաներ և համակերպությունով կժպտեին:
Մեր ձայնը լսած էին և գիտեին, որ կուզեինք ըսել.
- Համբերեցեք և հուսացե՛ք. վերջ ի վերջո արդարություն պիտի ըլլա ձեզի, որ ձեր կրած բոլոր նվաստությունները պիտի փոխարինվին ձեր վեհանձնության և ձեր արիության արժանի գնահատումներով:
Ադանա եղած ատենս, մեր ձեռնարկած բոլոր գործերուն մեջ բանտի այցելությունն ամենեն դժվարն էր. ամենեն ավելի պաշարված խրթնություններով, բայց մյուս կողմե ամենեն սրտապնդողը և ամենեն ավելի մեզ եռանդ ներշնչողը. գոնե հոն` չէինք տեսնար զարնվածներ, պարտվածներ և հլուներ:
Բոլոր անոնք, որ զենք ի ձեռին գտնված էին կամ նշմարված էին աղետի օրերուն մեջ, բանտն էին: Բոլոր անոնք, որ իրենց կուրծքը դարձուցած էին թշնամիին, հոն էին. երիտասարդու կյանքով լեցուն, աչքերնին վառված կենսական եռանդով և պատրաստ` իրենց արձակվելու առաջին օրեն իսկ վերստեղծելու կյանքը և խանդավառությունն այդ ավերակ դարձած քաղաքին մեջ: Ի՜նչ խանդաղատանքով և ի՜նչ գուրգուրանքով կհսկեինք իրենց ճակատագրին վրա: եկած ամեն մեկ լուր փոխն ի փոխ հույսով և դողով կլցներ մեզի, և երբ լավ լուր մը ունենայինք հաղորդելիք, անտեսելով բոլոր դժվարությունները, կդիմեինք իրենց ու միշտ դաժան զապթիեին ներկայության, կջանայինք մեր հույսը, մեր դույզն հույսը ներշնչել անոնց:
- Ո՞վ ճերմակեղենի պետք ունի…:
Մեր ձեռքերը կդողդողային անուններ արձանագրած ատեննիս, մեր աչքերը կժպտեին և անոնք կհասկնային ու միշտ՝ սև, խորունկ ու տխրագին նայվածքներու մեջ, ուրախությունը կծագեր արշալույսի նման:
Ավելի դժվար էր այցելել այն բանտարկյալներուն, որոնք կգտնվեին թուրքերու հետ, բայց գիտեինք նաև, որ անոնք ամենեն դժբախտները և ամենեն ճնշվածներն էին. և այդ իսկ պատճառով մեր նպատակներեն մեկն ըրինք մինչև իրենց հասնիլ:
Առաջին անգամ տպավորությունը սոսկալի էր. երկար ատեն հարկադրվեցանք սպասելու բանտապետին խցիկին մեջ, որպեսզի պատերազմական ատյանեն գա մեր տեսակցության հրամանը: Բանտապետն ածիլված գլխով, սև տարածված մորուքով մարդ մը, ծալապատիկ նստած էր դպրոցի մը առաջք, որուն վրա բացված կմնար խոշոր և ստվար տետրակ մը, բանտարկյալներու արձանագրությանց տետրակը հավանաբար: Երբեմն բանտապահներ, ստահակ երևույթով, սև և չոր դեմքերով, ձեռքերնին զինված մտրակով մը, կմտնեին ու կելնեին, գրեթե ամենքն ալ ածիլված գլուխներ ունեին և գագաթներուն վրա միայն մազի փունջ մը երկար թողված, ծոպի պես կիյնար մինչև ճակատնին: Պզտիկ ու հարաշարժ բիբեր, անվստահությունով և կասկածով անհանգիստ, չէին հանգչեր ոչ մեկ կետի վրա: Դժոխային բան մը կար մթնոլորտին մեջ, և այդ մարդիկը դյուրավ դահիճի համեմատություններ կստանային ինծի համար, անոնք դաժան և տխուր էին առհասարակ և դեմքերնին ծամածռած դժգոհություններով:
Այդ խցիկին մեջ, այդ անգամ և ուրիշ անգամներ ալ, անմոռանալի ժամեր անցուցած ենք: Երկար սպասումեն մեր սրտերը կճզմեին, մեր լսածներն ու տեսածները կվերադառնային մեր մտքին ավելի մթին գույներով, աշխարհը կսևնար ու գերեզմանի պես կարծես կգոցվեր մեր վրա: Երբեմն բանտապահներ կամ պատահական այցելուներ կուգային կխառնվեին նույն խցիկին մեջ. ծուխեն և գարշահոտ շնչառություններեն օդը նողկալի կդառնար: Առհասարակ մեր ներկայությունը մեծ զարմացում և հետաքրքրություն կներշնչեր և մինչև իսկ կդիզվեին դռան առաջքը, դիտելու համար մեզի: Բայց այդ վայրագ, գրեթե անասնային մարդիկը, նույնիսկ դուրսեն անցնող անցորդները, որ կկենային՝ ակնածանքով և հարգանքով կվարվեին մեզի հետ. այդ պարագան մեծ չափով դյուրացուցած էր մեր գործունեությունը:
Դեռ խցիկին մեջ՝ դուրսեն կլսեինք անանուն ժխոր մը, որուն մեջ երբեմն կորոշեինք հայհոյալի բացականչություններ, շղթայի ձայներ և ծխնիներու կռինչը: Քայլ մը անդին բանտին երկաթյա ցանկապատն էր, և, գառագեղի մեջ արգելված գազաններու պես, հոծ բազմություն մը ոճրագործներու դիզված էր ետին:
Այդ հրեշներուն, այդ մարդակերպ արարածներուն մեջ էր, որ վերջապես կգտնեինք մերինները: Անոնք կառաջանային, կմոտենային ցանկապատին և հոդ կտեսակցեինք: Սրտաճմլիկ անձնվիրություններով վեհանձն անձնազոհություններու ականատես եղած ենք այդ նույն երկաթյա ցանկապատին առաջքը: Հոն էր, որ բանտարկյալ պատանի մը իրեն տրված դրամական նպաստը մերժելով, տվավ իր քովը կեցող տժգույն և վտիտ բանտարկյալի մը ըսելով, թե ինքն առողջ ըլլալով, օրապահիկ հացեն զատ բանի պետք չունի, հոն էր, որ տեսանք, թե ինչպես կռնակնուն շապիկը կտային ավելի կարոտ ընկերոջ մը. և հոն էր, որ դարձյալ լսեցի ուրիշ նորահաս երիտասարդի մը բերնեն.
- Իմացա, որ ծնողքս շատ են աշխատել ու շատ դրամ ծախսել ինծի համար, գացեք գտեք զիրենք և ըսեք, թե զուր տեղն է. թող իմ տեղս սա՛ մարդն ազատել աշխատին, ընտանիքի հայր է:
Ու մատովը կցուցներ անդին, անկար, սրունքներուն վրա դեդևող մոխրագույն մազերով և մորուքով մարդ մը, որ չէր հաջողած մինչև մեզի հասնիլ:
Չեմ գիտեր, թե ի՞նչ եղած են և ի՞նչ էին այդ թանկագին խառնվածքները դեպքեն առաջ և հիմա: Ամեն պարագայի՝ դժոխային դժբախտություններու և գերմարդկային տառապանքներու այդ խառնարանեն՝ իրենցմե շատերուն հոգիները զտված և մաքրված դուրս եկած էին ոսկիի պես:
Օր մը դիպվածավ բանտ գացած ըլլալով՝ մեր սովորական այցելաթյունն ընելու, իմացանք, որ դատապարտված հայեր պիտի մեկնին Փայաս: Ամեն ջանք ըրինք զիրենք տեսնելու և հարկ եղած օգնություններն ընելու:
Կացությունը ճնշիչ էր, կարելի չէր երևակայել ավելի սարսափելի պատկեր մը: Բանտին երկաթյա ցանկապատին ետևեն հարյուրավոր ոճրագործներու գլուխներ կերևային և անհամար աչքեր, արյունի մեջ խեղդված բիբեր կբոցավառեին ու հետաքրքրությամբ մեզի կնայեին: Վերջապես, այդ քստմնելի ամբոխին մեջեն ճանչցանք մերինները,- դատապարտվածները, և անոնք պետք չունեցան ինքզինքնին անվանելու. մեր աչքերը ճանչցան զիրար: Այդ դատապարտվածներու շարքեն էին Կաղոզի Միհրան, քաջ որսորդ, որուն համար կըսեին, թե հինգ հարյուր հոգիի կյանք փրկած է Նազար Ինճյան, որ մեզի հանձնարարեց իր երկու տղաքը, որոնք հիվանդանոցը կգտնվեին, և ուրիշներ:
Այդ մարդիկը, որոնց մեկ մասը բոլորովին անմեղ էր և մյուս մասն ինքնապաշտպանության բնազդեն մղված՝ հարյուրավոր կյանքեր ազատած էին, ավելի բախտավոր պարագաներու մեջ իբրև հերոսներ պիտի ներկայանային: Իրենք կսպասեին թերևս, որ ճառագայթող ճշմարտության դեմ բոլոր քսությունները, բոլոր զրպարտություններն անզոր պիտի ըլլային ու իրենց քաջ քաղաքացիի արարքները պիտի վարձատրեին:
Այլ սակայն, դատապարտված և շղթայակապ կպատրաստվեին երթալ Փայաս, այս թուրքերուն հետ, որոնց հետ դեմ առ դեմ գտնվեցան կռվի օրերուն: Իրենց վաստակաբեկ ու վշտով ազնվականացած դեմքին վրա ոչ դառնություն կար, ոչ հուսաբեկություն, ոչ ջլատում:
Իրենց պարզ հոգեբանությունը չէր տանջվեր բնավ, ու հավատք ալ ունեին, թե մեկ օրեն մյուսը պիտի ճշտվեր իրենց դերին մեծությունը և այն մարդիկը, որ շղթա կանցնեին իրենց ոտքերուն, օր մը թերևս իրենց կուրծքը պիտի զարդարեին պատվանշաններով:
Մեզի կարելի չէր երկար խոսիլ իրենց հետ, բայց յուրաքանչյուրին դեմքը տպավորված էր անջնջելի կերպով մեր միտքերուն մեջ: Բան մը կար, որ կներդաշնակեր մեր մտածումներուն հետ, և ատ ալ տառապանքին հպարտությունն էր:
Դուրսը ցավագին ամբոխ մը կվրդովեր փոթորիկե բռնված ծովու պես. կանացի աղիողորմ ձայներ կխառնվեին տղու ճիչերու հետ: Հայ կիներ էին, որ եկած էին իրենց սիրելիները տեսնելու վերջին անգամ մը: Իրենց ետևը կկենային քանի մը թուրք կիներ ալ լռին ու անկարեկիր երևույթով: Երբ իրենց մոտեն կանցնեինք, սև կամ կարմիր յազմային տակեն իրենց սև նայվածքին ճառագայթը կսևեռեր մեր վրա: Հայ կիները կուլային անմխիթարելի վիշտով և չէին ուզեր մտիկ ընել որևէ բառ, որ ամոքեր իրենց ցավին սաստկությունը: Ոստիկանները կզայրանային, կկատղեին այդ տառապանքի պատկերին դեմ, անհանգստացած՝ տղու հեծեծանքներեն և կիներու արտասուքեն: Եվ ահա մտրակը բարձրացավ շառաչելով, ինկավ կիսամերկ կուրծքերու վրա, ահագին խուճապ մը շփոթություն ձգեց այդ հոծ բազմության մեջ. ոստիկանները միշտ կզարնեին և ամբոխը կընկրկեր. կցրվեր:
Լացի ձայները միշտ կային սակայն. որովհետև հայ դատապարտվածներու մայրերը, կիներն ու տղաքը՝ ամուր կեցած մտրակի հարվածներուն տակ, չէին հեռացած ու կհամառեին բողոքել, աչքերնին հառած բանտի դռան՝ որուն ետև խռնված ոճրագործներու ոհմակի մը մեջ կտեսնեին իրենց սիրելիներեն մեկը կամ մյուսը:
Բնական էր, որ հաճախակի մոտության մեջ ըլլալով թուրք բանտարկյալներու հետ, հետաքրքրվեինք իրենց հոգեբանությունով ու նաև իրենց վիճակով, մանավանդ, որ հետզհետե մեր այցելության միջոցներուն՝ մեր շուրջը հսկողությունը թուլցած ըլլալով, ավելի երկար կրնայինք խոսիլ հայ բանտարկյալներուն հետ, և այդ առիթով էր, որ տեղեկացանք, թե թուրք բանտարկյալներու մեջ ալ անմեղներ կան: Այս պարագան մեզ հարկադրեց շահագրգռվիլ իրենց վիճակով, ջանալ ամոքել իրենց նյութական վիճակը և հավասարապես դիմումներ ընել անոնց ազատ արձակման համար: Առաջին իսկ փորձին` լուրջ և անհաղթելի դժվարության հանդիպեցանք. և այդ պատճառով երկար ատեն մեզի կարելի չեղավ նաև մերձենալ իրենց մոտ գտնվող հայ բանտարկյալներուն:
Այդ միջոցին արդեն մեր բանտարկյալներուն մեծ մասը մեկնած էր այլ և այլ աքսորավայրեր, և մեկ քանին տեղափոխված մյուս հայ բանտարկյալներու շենքին մեջ:
Որքան ալ հարևանցի ըլլային մեր հարաբերությունները, այդ առիթով տեղեկացանք, թե թուրք բանտարկյալները ջլատված վիճակի մեջ էին. հանցավորները սարսափած, և անմեղները գրգռված էին: Ընդհանրապես ամենքն ալ չարաչար կցավեին պատահածներուն վրա և սրտերնին այրած, կգոչեին.
-Վա՜խ, վա՜խ… սխալեցա՜նք:
Օր մը մեծ հուզում կտիրեր շրջանակներու մեջ. նույնիսկ թույլ չտվին մոտիկանալ բանտարկյալներու շենքերուն: Թուրք կիներ խեռ աչքով և այրեր զայրույթով կնայեին մեզի: Տուն վերադարձին միայն իմացանք, որ լուր կա, թե երկու ոճրագործ կիներ պիտի կախվին. քիչ առաջ մունետիկ մը ազդարարած էր, որ բոլոր այրերը քաշվին իրենց բնակարանները: Այդ կիները հրեշային ոճրագործներ էին, բայց մենք տանջված մեր ներքին զգացումներուն մեջ՝ գացինք տեսնելու, նշանակված հրապարակին վրա կախաղանները չկային. երկու ժամու չափ քաղաքը զանազն զգացումներով անձկալի՝ սպասեց. գրգռությունը մեծ էր թուրք թաղերու մեջ: Վերջապես կերևի, թե հաջողեցան հետաձգելու կամ պատիժը թեթևցնելու: Երբ մենք ալ վերահասու եղանք, թե այդ մղձավանջային պատիժը չպիտի կատարվեր, կարծես թե այդ մեծ ճնշումե մը ազատեցանք, և ամոքված զգացինք ինքզինքնիս. իրարու չէինք խոստովաներ հոգեկան թուլությունը, բայց հայտնի էր, որ գոհ էինք:
Նույն օրը թուրք բարձրաստիճան պաշտոնյա մը մեզի կըսեր՝ մեր հիվանդագին հետաքրքրութենեն կռահելով մեր բուն զգացումը.
- Ձեր դյուրազգացությունը զարմանալի է, այդ կիները մարդկային սեռին անարժան հրեշներ են. ինչպես թունավոր օձերու՝ պետք է իրենց վտանգավոր գլուխները ջախջախել:
Այդ կիներեն մեկն էր Քերիմ աղային քույրը, Սինեմ, որ Գայրլը գյուղին մեջ երկու սայլակ վիրավոր, անկար մարդիկ ու տղաքներ հավաքելով խարդախությամբ՝ Սիհուն գետը նետել տված էր: Երկրորդն այն ճիվաղն էր, որ Ապտօղլուի մեջ Պաղտատօղլու Կարապետ աղային ագարակին մեջ թափաոած ատեն, տեսնելով, թե քանի մը ամսու տղեկ մը իր մորը դիակին վրա դեռ ողջ մնացած է, գետնեն քար մը վերցուցած և անով ջախջախած էր խեղճ երեխան:
Օրեր, շաբաթներ կանցնեին, և, հակառակ եղած խոստումներուն, պաշտոնական և անպաշտոն ագդարարություններուն, մեր բանտարկյալները բանտը կմնային: Օր մըն ալ, չարաբաստիկ օր, լուր ելավ, թե իրենցմե հինգը կախաղանով պիտի պատժվին…:
Առտուանց, արշալույսին, սարսափած կիներ և մայրեր եկան մեզ մոտ.
- Հոգերդ առնեմ, չըրի՞ն, չկախեցի՞ն հայեր, այդպես ալ նորեն պիտի կախեն:
Իզուր կջանայինք զիրենք մխիթարել, համբերություն և կորով ներշնչել:
- Մահեն սաստիկ է այս սարսափը, - կըսեր խելակորույս մայր մը իր երկու տղոցը համար դողալով: Մահեն սաստիկ էր, ճշմարիտ է, մեր մեջ ալ հետզհետե կասկածը կմտներ, ժողովրդական տրամաբանությունն անողոք է. չէ՞ մի որ կախած էին արդեն անմեդ հայեր:
Լուրը հասած էր նաև բանա, մեր բանտարկյալներուն. և ի՞նչ սրտի ճնշումով է, որ մոտիկցանք իրենց: «Որո՞նք են այդ հինգ ընտրվածները» կխորհեի միտքես. ու մեկիկ-մեկիկ կնայեի անոնց: Բայց իմ իսկ մտածումես կարծես սոսկալով, աչքերս կդարձնեի գետնին, հանցավորի նման:
Բանտարկյալները, սակայն, հանդարտ էին և չէին կորսնցուցած իրենց լրջությունը: Լուրը ստույգ էր, և այդ միջոցին գրեթե հույս չկար այդ չարաշուք որոշումը բեկանելու: Բայց կարծես տրամաբանական հետևանքը մարտ 31-են ի վեր պատահած դեպքերուն' իրենք պատրաստ էին նաև այդ մահվան:
Երբեք չեմ կրնար բացատրել, թե ինչ խորունկ տպավորություն թողաց իմ վրաս իրենց անտարբերությունը: Ամենքն ալ գրեթե երիտասարդ էին և ոմանք ընտանիքի հայր. կյանքը կբացվեր յուրաքանչյուրի համար հույսերով, երազներով, նպատակներով լեցուն. բայց ոչ մեկն իրենցմե չունեցավ ամենադույզն տկարություն մը. իրենց ըմբոստությանն այդ լուրին հանդեպ անանձնական բան մը ուներ, զուտ սկզբունքի խնդիր էր: Երբեմն մեկը կամ մյուսը կհուզվեր և ձայնը դողդոջուն կդառնար: Այդ պահերուն կխոսեին իրենց մորը, կնոջը կամ տղաքներուն վրա:
Երբեմն ալ մեզմե յուրաքանչյուրը տարված ըլլալով հատուկ մտածումներե, ծանր լռություն մը կտիրեր մեր մեջ. գլուխնիս խոնարհած, աչքերնիս գետնին հառած, կզգուշանայինք իրարու նայելու. որովհետև կկարծեինք, թե շատ տեսանելի, գրեթե շոշափելի կերպով պիտի տեսնեինք մղձավանջային պատկերը կախաղանային, մեր մեջ կանգնած էր չարաշուք խոյանքով:
Թեև բանտարկյալները թվով շատ էին և միայն հինգ հոգի կար մահվան դատապարտված, բայց յուրաքանչյուրը և յուրաքանչյուրին ընտանիքն ինքզինքնին կկարծեին գտնել այդ հինգին մեջ: Ասկե զատ բոլոր արկածյալներուն վերքերը կրկին բացված էին կարծես: Ընդհանուր վհատությունը և դառնությունն այնքան խորունկ էր, որ երբ կփորձեինք համբերություն և հույս ներշնչել իրենց՝ մեզի դեմ իսկ կթշնամանային…:
Օրվան մեջ քանի մը անգամ տրամադրությունները կփոխվեին, առավոտուն հուսահատությունը մեծ կըլլար, այդ ժամուն է, որ ընդհանրապես դահիճները կգործեն: Արևը ծագելեն առաջ, կիներ ու տղաքներ արցունքներու մեջ խեղդված, խելակորույս և թափառական, կերթային քաղաքին մեկ կետեն մյուսը: Հանկարծ չես գիտեր, ինչպես լուր կծագեր, թե այսինչ կամ այնինչ կետին վրա կախաղաններ կան: Իրենց մոլորուն երևակայությանը մեջ կտեսնեի՞ն արդյոք իրավամբ չարագուշակ մահվան գործիքը, չեմ գիտեր: Քանի՞ անգամներ ընդոստ արթնցած ենք մեր քունեն, և, քանի՞ անգամներ դատապարտվածներեն ավելի տժգույն, մեր կարգին խելակորույս, դիմած ենք դողահար, նշանակված կետին: Ոչինչ, ինչպե՞ս կրնային խաբված ըլլալ, ոմանք կպնդեին տեսած ըլլալնին, զարմանալի չէ. ադ օրերուն ամենքն ալ խենթի պես էին, ու իրենց մղձավանջները կշփոթեին իրականության հետ:
Հետո կդրդեին մեզ երթալ բողոքելու, խնդրելու, պաղատելու ի հարկին. կիներ մազերնին կփեթտեին, մայրեր լալեն կկուրնային, ու մենք հարկադրված, գրեթե տարված ամբոխին հիվանդագին հոգեբանութենեն, կդիմեինք կառավարչատուն: Շնորհիվ նորընտիր վալիի անսահման համբերության ու բարյացակամության, նոր ուժ և նոր սիրտ առած, կդառնայինք վրդովված ամբոխին մոտ: Մինչև իրիկուն այդ ազդեցության ներքև կմնայինք: Կեսօրե ետքը կերթայինք տեսնելու մեր բանտարկյալները, որոնք օրե օր անհամբերցած և ջղագրգռված՝ մեկ բան մը կցանկային.
- Ինչ որ պիտի ըլլա, շուտ ըլլա՜…: Դեմքերը հետզհետե ավելի տժգույն էին, աչքերը տենդագին, մահ կսավառներ իրենց վրա… ու այսպես օրերով, օրերով:
Ու ամեն անգամ, որ իրենց ձեռքերը կսեղմեինք, կկարծեինք, թե վերջին անգամն էր:
Խուճապ և սոսկում… այրիներ ու որբեր խեղանդամներ ու վիրավորներ կուզեն փախչիլ, հեռանալ չտեսնելու համար, կցրվին շրջակա այգիներու մեջ… խելակորույս փախուստ մըն է, որ կուրվագծվի:
Մեզ կհանդիմանեին մեր լավատեսության համար, մեր ներշնչած հույսերուն համար, և կխուսափեին մեզմե իբրև օտար՝ իրենց զգացումներուն:
Օ՜հ, այդ արշալույսը… հավատքը խախտած էր նաև մեր մեջ և գիտեինք, որ բանտարկյալներն ալ այն գիշերը սպասած էին դահիճին այցելության… Մինչև առավոտ հսկեցինք անէացած մահասարսուռ մտածումներով, ու երբ վերջապես հոգնած ու ընդարմացած մեր արտևանունքը պիտի փակեին, արթնցանք կատղած ծովու պես մռնչող ամբոխին աղմուկեն: Սեր շուրջն առարկաները տժգունել էին. լույսը տմույն և ճերմակ կսողոսկեր փեղկերեն ներս… դո՜ւրսը… ո՜վ արև, ի՞նչ տեսար այս առավոտ…:
Հետո լռություն, շարան-շարան, քողերնին երեսնին ծածկած այրիները կերթային ավերված քաղաքին ամեն ուղիներեն. տանիքները պարապ են, եկեղեցիին զանգակատունը թափուր: Մենք, առանց աջ ու ձախ զբաղելու, կդիմենք բանտ, որո՞նք բացակա պիտի գտնանք արդյոք:
Ամենքն ալ հոն են, քիչ մը ավելի տժգույն այն աոավոտուն, ամբողջ գիշերվան ընթացքին, ամեն մեկ շշուկին կարծեր էին, թե ժամը հնչած էր: Հիմա տխրորեն կժպտեին և կպատրաստվեին թերևս նման գիշերներ անցնելու:
Վերադարձին, հազիվ թե անցանք զինվորական հսկողության շրջանակեն, կիներ, պառավ թե երիտասարդ, շրջապատեցին մեզ…
- Հոն են, հոն են, մենք մեր ալքերովը տեսանք:
Այս բառերով կարծես կյանք կբաշխեինք դիակնակերպ արարածներու.խլրտեցան, շարժեցան, և ահա ցրվեցան, ուրիշներու ավետիս տանելու:
Արևը ծագած էր արդե՜ն… ինչ վեհանձն է և շողշողուն, արև՜, կյա՜նք, ջերմությո՜ւն… արտակարգ ավյունով մը այդ բառերը գոչելու փափագ ունեի' կարծես անոնց իրականությունը հաստատելու համար. որովհետև, հակառակ տաքին, ես ու ընկերուհիս կդողդղանք ջերմե բռնվածներու պես: