Բանաստեղծության համար չեմ ասում

***

Բանաստեղծության համար չեմ ասում...
Մեկ-մեկ թվում է Դավիթն եմ, վրաս՝
Քառսուն ջաղացքար -
Ձենով Օհանի ձենն է ինձ հասնում։
Մեկ-մեկ թվում է, թե Ավարայրի
Հողն է ոտքիս տակ,
Վարդանանց կռվի ձենն է ինձ հասնում։
Մեկ-մեկ թվում է, թե ճգնավոր եմ
Փակված մի վանքում -
Խալխի դուրս կանչող ձենն է ինձ հասնում։
Մեկ-մեկ թվում է՝ Սարդարապատում
Ընկած զինվոր եմ-
Հաղթանակի սուրբ ձենն է ինձ հասնում։
Մեկ-մեկ թվում է՝ Արցախի սրտից
Կաթած արյուն եմ-
Չմեռնող հույսի ձենն է ինձ հասնում...
                  Աչքովս տեսա,
Երկինք ու երկիր եւ Աստված վկա,
Բանաստեղծության համար չեմ ասում։
                                      31.12.87թ.