Բանաստեղծության համար չեմ ասում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Աստվածամոր երազից)

Վարդան Հակոբյան

Պահը արճիճի

Աստվածամոր երազից ծաղկունքվել ես դու խոնարհ, -
Սիրտս հավքի կտուցին երկինք բերվող տաղիկ է,
Ընձյուղն ի վեր գեղուղեշ բուրվառում է հողը տաք,
Արեւի մեջ զրնգում, ծիլ է տալիս մի եղեգ
Եվ տունկանչի զանգերում հնչում են լեռ, վիշտ ու ձոր։

Կարոտները մշտաբորբ ճմլվում են աստղերով,-
Դու չես գալիս ոչ մի օր ու ոչ մի դար չես գալիս,
Ժայռը հոսում աղբյուրից ու ցրվում է ցավագար,
Թռչող վանքի թեւերում այն հավքե՞ր են, թե՝ խաչքար
Եվ ծոցիս մեջ սրտավեր բույն է հյուսում մի տատրակ։

Մատյանների նման հին իմ աչքերը ծաղկում են,-
Ծառը ելել, գնում է՝ կանչի վրա իր գետի,
Հորիզոնի լույսով թարմ ողողվել են ոտքերս,
Դեռ թռչում է բանալին եւ դեռ դուռը չի գտել,
Եվ հարցմունքը ճամփորդ է հազարամյա տխրության։

Տրտմության մեջ Տրտուի առավոտը վառվում է,-
Մարգարիտը ցավի մեջ որոնում է ձկնիկին,
Դու, վերջապես, գալիս ես սուրբ Սոսեի տանջանքով,
Մենք ելնում ենք միաբան, մեր լեռները բերում տուն,
Եվ հանում եմ աչքերս ու տալիս եմ ճամփեքին։