Բանն արաղի մեջ չէ, այլ…
— Յա՜, էս ի՞նչ բան է, էս ուսանողները փոխանակ դասախոսությունը լսեն՝ մի բերան հրհռում են,- ինքն իրեն մտմտաց պրոֆեսոր Ռուբեն Զաքարյանն ու դիմեց երկրորդ շարքի երրորդ նստարանի ուսանողուհիներից մեկին.
— Հապա մի կրկնի՛ր ասածս վերջին բառերը։
Ուսանողուհին կանգնեց ու... Ասես բերանը ջուր էր առել։
Վերջին նստարանի ուսանողուհիներից մեկն այլևս չէր կարողանում համբերել.
— Պարոն պրոֆեսոր ջան, պարոն պրո...
— Սո՛ւս կաց,- բոթեց կողքինը,- մի՛ ասա,- ու հրհռոցն ավելի աշխուժացավ։
Պրոֆեսոր Զաքարյանը նորից մտատանջության մեջ ընկավ. «Էս ուսանողներն ի՞նչ են լսել էսօր»։
Ու այդպես էլ, մինչև օրվա վերջը, ոչ մի բան կարգին գլխի չնկավ։ Դասերն էլ՝ «լավ-օսալ» վերջացրեց ու երեկոյան բռնեց տունդարձի ճանապարհը։
Ճանապարհին էլ՝ նկատում էր, որ մարդիկ ուրիշ ձևով են նայում իրեն, իսկ ծանոթներն էլ՝ «ծիծղըմ-ծիծղըմ» տալով բարևում-անցնում են, բան ասող չկա։
— Ա՛յ մարդ, էս ի՞նչ է պատահել սրանց,- անհանգստացած պրոֆեսորն ավելի արագացրեց քայլերը։ Վերջապես հասավ տուն։ Տան շեմին կոշիկները հանելիս միայն նկատեց, որ... կոշիկի մի «թայն» իրենը չի։
— Հաբա ո՞ւմն է,- նորից մտատանջության մեջ ընկավ։ -Հա՜, առավոտյան մտա քրոջս տուն, չլինի՞ էնտեղ են գլխիս «օյին» խաղացել։ Էլ ետ նորից հագնում է կոշիկներն ու, հայդա՝ քրոջ տուն։ Ճանապարհին էլ չէր կարողանում հանգստանալ.
— Այ մարդ, դե, ասենք, առավոտյան մտա տուն։ Նախաճաշում էին, ինձ էլ հրավիրեցին, նստեցի, դեռ էն տղին էլ մի գլուխ քարոզ էի կարդում, որ քիչ կոնծի, որ արաղ կոնծելով մարդ չեն դառնում։ Իսկ ես մի կում անգամ բերանս չառա։ Դուրս գալիս էլ, կարգին չեմ հիշում, կարծեմ՝ ուշանում էի, վռազ հագա կոշիկներս ու գնացի։
...Դուռը քրոջ տղան՝ Սեյրանը, բացեց.
— Հը՛, ո՞նց անցավ օրդ, քեռի՛ պրոֆեսոր ջան։ Հո կոշիկս ոտքդ չէ՞ր սեղմում։
— Սո՛ւս, խաղք ու խայտառակ դառա։
— Քեռի՛, էսքան տարի է՝ խմում եմ, լսած կա՞ս, որ կոշիկս թարս եմ հագել, կամ էլ՝ իմի փոխարեն հագել եմ ուրիշինը։ Դե՝ իմացիր, որ բանն արաղի մեջ չէ, այլ...
Կիսատ թողեց խոսքը, որ պրոֆեսոր քեռին հանկարծ չվիրավորվի.
— Դե՛, քեռի ջան, էլ գլխիս քարոզ չկարդաս, լա՞վ...
<<Մարտիկ>>, 21-27 հունվարի 1998 թ., թիվ 4 (249), էջ 8
<<Պըլը-Պուղի>>, թիվ 10, 2001 թ., էջ 2