Բարձրագույն... թվաբանություն

Բարձրագույն... թվաբանություն
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք երկրորդ, Երևան, 2019, էջ 188-190։

Գիտնականների ղարաբաղյան ասոցիացիայի (ԳՂԱ) մամուլի քարտուղար Մուկուչ Թոփալյանը վերջերս հույժ կարևոր տեղեկատվությամբ հանդես եկավ լրագրողների առաջ։ Բանն այն է, որ ասոցիացիայի հերթական գիտաժողովի «թիրախ» էր դարձել բարձրագույն... թվաբանությունը։

«Թվաբանական չորս գործողությունները և դրանց նշանակությունն առօրյա կյանքում» թեմայով հրավիրված գիտաժողովին ներկայացել էին ոչ միայն արցախցի գիտնականներն ու լրատվական դաշտի ներկայացուցիչները։ Ներկա էին նաև գիտնականներ, միջազգային դիտորդներ ու լրագրողներ` մերձավոր ու հեռու արտասահմաններից։

Գիտաժողովի կազմակերպման գործն իր վրա վերցրած ԳՂԱ-ի աշխատակազմն ամեն կերպ պատրաստվել էր թվաբանության առկա դրությունը բարձրագույն կարգավիճակի հասցնելու համար։ Այդ առումով ուսումնասիրվել է գիտնականների միջազգային մի շարք ասոցիացիա-ների առաջավոր փորձը, տրվել ղարաբաղյան հակամարտությանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածներում թվաբանության դերի ու նշանակության իրական գնահատականը։

Հիմնական զեկուցումով հանդես եկավ ասոցիացիայի գլխավոր քարտուղար Արմանք Զարմանքյանը։ Նա ասաց, որ ետխորհրդային ժամանակահատվածում թվաբանության դերն զգալի աճել է։ Բանն այն է, որ մարդիկ վերջապես հասկացել են, թե ինչպես կարելի է քիչ ջանքերի շնորհիվ մեծ եկամուտներ ձեռք բերել` հակադրելով երկրի տնտեսական շահը անձնական շահին։

Եթե խորհրդային տարիներին կոլտնտեսության ֆերմաներում յուրաքանչյուր կթան կովի ստիպում էին օրական տալ առնվազն 5600-6000 կգ կաթ, հիմա այդ կաթն առատորեն կարելի է ստանալ առանց կովերին չարչարելու։ Այստեղ օգնության է գալիս Նորին Վսեմափայլություն Քիմիան, որի դերը նույնպես, որպես գիտություն, խորհրդային տարիներին, մեղմ ասած, զգալիորեն նսեմացված էր։ Հիմա քիմիայի անձնվեր ծառայության շնորհիվ կարելի է ստանալ գյուղատնտեսական գրեթե բոլոր մթերքները, առանց դաշտ ու վերամշակման գործարան մտնելու։ Պարզապես գտնում ես քո ուզած ուտեստի կամ ըմպելիքի քիմիական ֆորմուլան և ազատ կարող ես սննդի խնդիր ընդհանրապես չունենալ։

Սա` ի միջի այլոց։ Հիմնական զեկուցողը վերադարձավ խնդրո առարկայի դաշտ։ Ինչպե՞ս անել, որ թվաբանության դերը հասցվի բարձրագույն մաթեմատիկայի մակարդակին։ Քանի որ շատերն այսօր, մեղմ ասած, չեն ուզում գլուխ տրաքացնել, բայց բարձրագույնի դիպլոմ անպայման ձեռք բերելու մոլուցքով են տարված` որոշել են այնքան էլ չխորանալ բարձրագույնի գիտություններում, այլ` գոնե որոշ չափով կատարելագործել դպրոցական կարողությունները։

Թվաբանության օրինակով պրոֆեսոր Արմանք Զարմանքյանը բավականին լուրջ առաջարկություններ ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին։ Նա գտնում է, որ արդեն հնարավոր է քիչ ջանքերի գնով մեծ հաջողությունների հասնել։ Այդ գործում անհատ ձեռներեցների մեծագույն աջակիցը Նորին Վսեմություն Թվաբանությունն է` իր չորս պարզ ու հասարակ գործողություններով։ Գումարում ես, հանում ես, բաժանում ես, և որ ամենակարևորն է` վերջում բոլորը բազմապատկում ես ու դառնում...

Բայց ամեն ինչ` հերթով։ Կարևորը` ձեռներեց ու խաբելու որոշակի հմտություններ ունենաս, կարողանաս աշխատատեղերի բացման գլխավոր նպատակաուղղվածություն (թեկուզև` կեղծ) ունեցող ֆիրմա ստեղծել և աշխատողներ հավաքել, գումարել իրար, հանել արածը, բաժանել մի չնչին մասը, մնացածը կրկին բազմապատկել ողջ ունեցածով։ Արդյունքը` հասկանալի է։ Հարակից զեկուցումներով հանդես եկած գիտնականները ևս ի հարկե նշեցին թվաբանության դերն ու նշանակությունը հանրային կյանքում, մատնանշեցին հատկապես այն կարևոր հանգամանքը, թե ինչպես կարելի է կատարել աշխատաժամանակի բաշխումը, տնտեսումը` օգտագործելով ի շահ տնտեսվարողի։

Շատերն, իհարկե, չեն հասկանա, հասկացողներն էլ կլռեն, չէ՞ որ կարող են զրկվել աշխատանքից, հետո՞ ինչ պիտի անեն։ Ինչքան ասես` ստիպված կլինեն աշխատել, վերջում էլ դեռ շնորհակալ պիտի լինեն, որ աշխատանք ու աշխատավարձ ունեն։

Զեկուցողներից մեկը նույնիսկ այսպիսի մի պատկերավոր օրինակ բերեց։ Ասաց, որ մի քանի ժամերի հանում-գումարումից էլ նույնիսկ կարելի է շահույթ ստանալ։ Մի քանի ժամերի հանում-գումարումից ոչինչ էլ չի փոխվի, հասարակ թվաբանություն է չէ՞, 4 ժամ (աշխատանք) + 1 ժամ (ընդմիջում) + 4 ժամ (աշխատանք) - 1 ժամ (եսիմ` ինչ) = է 7-ժամյա աշխատանքային օրվա։

Ճաքես, տրաքես` չես կարա գլուխ հանես։ Կամ էլ` հակառակն ապացուցես։ Համ էլ` գլխի ընկնո՞ղն ով է, ստուգո՞ղն` ով, որ չկարողանան «գնել»։ Մեռնեմ բարձրագույն... թվաբանությանը։ Ամենակարող չէ` ի՞նչ է։

30.11.2012, Ստեփանակերտ