Բավականին պարզ ու անաղարտ են
այս ծաղիկները,
դերասանություն չանելու համար -
գոնե այն պահին, երբ որ լալիս են.
իսկ ծիծաղելիս, ինչպես ասում են,
ընդառաջ կերթան արեգակներին...
Այս ծաղիկնե՜րը...
Նրանք ուզում են մի օր դուրս ելնել
ծաղկամաններից,
իրենց հարազատ վայրերում շրջել,
իրենց հարազատ քարերում շրջել,
վայրի աղբյուրի ջրերով թրջվել
եւ կայծակների ճայթյունները շեկ
տեսնել ու լսել ո՛չ պատուհանից...
Ես սարսռում եմ նրանց հայացքից,
երբ ինձ նայում են... Այնպե՜ս են նայում,
ինչպես, որ ասենք, ծաղկի ամանին։
Էլ վե՛րջ։ Ջարդում եմ ծաղկամանները
եւ ծաղիկներին ինձ հետ դաշտ տանում։