ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՐԸ


Այսօր հյուրն ես դու քո մանկության։
Վայրի, մամռաթաց աղբյուրի ակում
տերեւ առ տերեւ,
ծաղիկ առ ծաղիկ
եւ խոտ առ ծղոտ ի մի հավաքված
անտառի դեռ թարմ համեմունքներում
շուրթերդ տեղ են բացում համբույրի.
Դու համբուրվում ես մանկությանդ հետ։
Ի՜նչ անուշ օր է։
Խոնարհ ըմպում ես
գարնան հովերով տարված աշունը
ու լուռ համարյա,
խոսք չգտնելով, քաշվում ես մի կողմ։
Որտեղից որտեղ ահա մի թռչնակ,
Որին խաբում է
աղբյուրի ակում բեկված ծղոտը՝
        շող ձեւանալով,
գալիս
աներկյուղ, հպարտ, անարգել,
զույգ ոտիկներով կանգնում ակի մեջ,
մի կտուց ջրով երկինքը օրհնում
եւ ապա խավոտ կուրծքն է լվանում
խայտանքով թեթեւ։
Քո մանկությունը շոյում է նրան,
իսկ երբ ինքդ ես փորձում մոտենալ
        կարոտով անհուն,
հավքը վախեցած
ոստնում է, թռչում...
Դու ծերանալուց չէիր վախենում,
դրանից էիր վախենում, ահա՛...