Բացում եմ լույսի ծալքերը բոլոր

***

Բացում եմ լույսի ծալքերը բոլոր. -
Հողը բուրում է ծաղկի թերթերում,
Ժայռը երկնքից շատրվանում է,
Որքան էլ ուրցով հարբած ժիր մեղուն՝
Փեթակադուռը գալիս, գտնում է։

Բացում եմ գարնան ծալքերը բոլոր. -
Ճամփան ձգվում է իմ քայլերն ի վեր,
Հույսը սրտի մեջ ձագեր է հանում,
Առվում բեկբեկված շողերը, ահա,
թփից ներս՝ հավքի բնում խաղում են։

Բացում եմ օրվա ծալքերը բոլոր. -
Ջրի մեջ պոկված, չորացած ճյուղին
Ինչ-որ մի բողբոջ ճգնում է բացվել
Չմեռած հուշով... Եվ ծիտն այդ ճյուղին
Իջել, բացումն է օրհնում բողբոջի ։

Բացում եմ օրվա ծալքերը բոլոր. -
Ո՞վ է, տալիս է անունս, գնամ,
Օրն ու գարունը պահն են անհունի.
Թե ես քո ցավին տեր չեմ կանգնելու,
Գնամ Թարթառը ընկնեմ՝ ինձ տանի։