Արյունաքամ է արեւը լինում
պատուհանից դուրս նետված մանկան պես,
իսկ խաբկանքը իր ոստայնն է հինում,
երկինքը սարդի մի ցանց է ասես։
Ինքն իրեն բացեց կապանքը ստի,
ավարտվեց ամեն դիմակահանդես,
գայլը գայլն է նույն՝ բնույթով պատիր՝
գառան մորթու մեջ, թե որջում անտես։
Ատամը արյան համ առավ կրկին,
նորից երեւաց մռութը գայլի,
մգլոտ աչքերում վառվում է ուժգին
ենիչերական մոլուցքը վայրի։
Ժանիքը խրել կողերը դարի
իր սեւ նախճիրն է տոնում անարգել.
չի ոռնում սակայն, շեյթանավարի
վնգստում է սուտ մերձության խոսքեր։
Հողը դարձնենք բերդ... Եվ դուռ չբացենք՝
ինչ թաթ էլ ցույց տան դռան նեղ ճեղքից...
Սրբեք մամուռը, բառն ընթեռնեցեք,
արյուն է կաթում մեր ամեն խոսքից։
Մենք՝ որդիք Հայկի, արդար ու վսեմ,
դավ ու դառնություն այդ ե՞րբ չենք տեսել,
բայց ոչ մի անգամ, Աստված է վկա,
Արցախին հաղթող չի եղել, չկա...
Թող Քիրս ու Մասիս, թող Զանգու, Թարթառ,
զանգեն... լեզվակը քաշեցեք ամուր...
Մայրական, անուշ ձայնդ, Հայաստան,
մեզ համար, ներիր, եւ սեր է, եւ սուր...